Monday, May 13, 2013

Գաղթականության հարցը խորհրդարանում

Ներկայացնում է Իզաբելլա Խանզրատյանը:
Ավագ դպրոց-վարժարանի 11-3 դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:

Նախաբան

Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության մասն է կազմում։ Նախ և առաջ փորձենք հասկանալ, թե ե?րբ և ինչպե?ս են ձևավորվում գաղթօջախները, ովքեր են գաղթականները: Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը` տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր։ Գաղթողները նույն գաղթականներն են, կամ այլ կերպ ասած` վտարանդիները, պանդուխտները: Իսկ ահա գաղթել, ինչպես հասկացաք, կնշանակi ծննդավայրը թողնել, հեռանալ, լքել ու ուրիշ երկիր գնալ: Գաղթումը կարող է լինել կամավոր և հարկադրաբար: Բազմաթիվ գաղութներ են ստեղծվել Եվրոպայում (Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆրանսիա, Անգլիա, Ղրիմ), ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Սիրիայում և այլն: Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ կրկնվող ներքին կռիվների հետևանքով Անդրկովկասում հայկական գյուղերը ավերվել էին, բնակչությունը պակասել, մահմեդականների թիվը մեծացել էր: Վերջիններիս տիրապետության տակ գտնվող հայ բնակչությունն ուրախությամբ ընդունեց գաղթելու առաջարկը: Պարսկահայերի գաղթը տեղի ունեցավ 1828թ. գարնանը: Մի քանի ամսվա ընթացքում Թավրիզի,Մակուի, Սալմաստի, Խոյի և այլ շրջաններից շուրջ 40 հազար հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան: Նրանք բնակություն հաստատեցին Երևանի, Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Արևմտահայերի գաղթը կազմակերպվեց 1829-1830 թվերին: Հիմնականում Էրզրումի, Կարսի և Բայազետի փաշայություններից գաղթեցին ավելի քան 80 հազար հայ բնակիչներ: Էրզրումից գաղթողները հաստատվեցին գերազանցապես Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, իսկ բայազետցիք՝Սևանա լճի ավազանում՝ հիմնելով Նոր Բայազետ անունով բնակավայրը: Մի քանի տարվա ընթացքում արևմտահայերի և արևելահայերի ներգաղթը խոշոր նշանակություն ունեցավ գյուղատնտեսության, արհեստների զարգացման համար: Մոտավերապես, 85-90 տարի հետո  հայտնվեցին նոր գաղթականներ: Այս անգամ խնդիրն այլ էր: Գաղթականությանը կարելի էր բաժանել արևմտահայերի և արևելահայերի: Արևելահայ գաղթականներին կարելի է անվանել նաև փախստականներ: Ըստ «Հոսանք» թերթի հրապարակած տվյալների՝ առկա ողջ գաղթականներից 180 հազարը արևելահայ էին, իսկ 170 հազարը՝արևմտահայ: Արևելահայ գաղթականները հիմնականում ներկայացնում էին 1918թ.-ի թուրքական արշավանքի և արևելահայ մի շարք շրջանների՝ Կարսի, Ալեքսանդրապոլի, Շարուր-Նախիջևանի, Սուրմալուի, Թալինի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի և այլնի բռնազավթման հետևանքով իրենց բնակության վայրերից արտագաղթածները, որոնք դարձել էին փախստական-գաղթական: Գաղթականների հարցը կրկնակի սրվեց և հայտնվեց խորհրդարանի օրակարգում: 
Սույն հետազոտությունն իր բուն իմաստային առումով նվիրված է վերջին նախադասությանը: Այն մի շարք հարցերի կծիկ է, որին փորձել եմ անդրադառնալ: Այն  կազմված է երկու մասից: Առաջին մասում ներկայացված է «Խորհրդարան+վիճակ» բանաձևը, իսկ երկրորդ մասում՝«Խորհրդարանական որոշումներ+վերլուծություն» բանաձևը: Առաջինը մասնավորապես պատմում է երկրի վիճակի, հաշվարկների, մի շարք խնդիրների մասին, ինչպես նաև գաղթականության հարցը խորհրդարանում: Երկրորդն արդեն խորհրդարանի որոշումների մասին է, որոնց փորձել եմ նայել այլ տեսանկյունից և վերլուծել: Երկու մասերի ընդհանրական պատկերը հիմնված է փաստերի վերլուծության, չոր հաշվարկների, կանխատեսումների և իրականության հողի վրա: Դատե՛ք ինքներդ:

Մաս I

Մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Արդյունքում «խայտառակ պայմաններով» ձեռք բերեցինք անկախություն: Եթե սկսենք վերլուծել մեր երկրի վիճակն այդ ժամանակներում, կհասկանանք, որ սա իրենից մի տխուր պատկեր է ներկայացնում, ինչպես նաև ձախորդությունների մի պարկ: Սա կարևոր հանգամանք է նաև հենց գաղթականության պարագայում: Արևելյան Հայաստանում էին ապաստանել եղեռնից մազապուրծ մոտ 300 հազար արևմտահայեր։ Մի հոսք էլ առաջացավ Ադրբեջանի Հանրապետության տարածքից։ Ենթարկվելով թուրք-թաթարական բռնությունների ու կոտորածների՝ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան։ Պաշտոնապես արձանագրված 330 հազար հոգուց շտապ օգնության կարիք ունեին 10.000 որբեր, 25.000 անճարներ, 1000 հաշվանդամներ, 26,5 հազար մասնակի օգնության կարիք ունեցողներ: Գաղթականության հարցը մշտապես գտնվել է խորհրդի ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով ստեղծվել էր առանձին «Գաղթականության հարցերի հանձնաժողովը»: Գաղթականության խնդրով էին զբաղվում նաև Նախարարների խորհրդի խնամատարության և Ներքին գործերի նախարարությունները: Եթե նայենք ռեալ, ապա ինչ կարող էր անել մի հանձնաժողով, որ գտնվում էր նոր անկախացած, իրականում՝ չանկախացած երկրում: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմից առաջ է գալիս գաղթականների կենցաղային պայմանները: Խորհրդում պարբերաբար լսվել են գաղթականության վիճակի, տեղաբաշխման, պարենավորման, խնամքի ,աշխատանքի և այլ հարցեր: Հենց այդ պատճառով ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնց մասին կխոսեմ 2-րդ մասում:

Մաս II

1918 թ. սեպտեմբերի 1-ին նիստում գաղթականության խնդրի շուրջ հագամանալի զեկուցով հանդես եկավ պատգամավոր Ռ. Տեր-Մինասյանը: Այստեղ 31 կողմով անցնում է սոց. – դեմ. խմբակցության առաջարկած բանաձևը, որով պահանջվում էր շուտափույթ օգնություն հասցնել որբերին և կազմակերպել գաղթականությանն աշխատանքի մեջ ներգրավման գործը: 1918 թ.սեպտեմբերի 28-ին խորհուրդն ընդունեց ևս մի օրենք «Կարիք ունեցող գաղթականների խնամատարության մասին»: Համաձայն այս օրենքի`աշխատունակ գաղթականներին տրվելու էր աշխատանք, իսկ անաշխատունակներին՝նպաստ: Բացի այդ (թիվ 15 օրենքով)՝յուրաքանչյուր գաղթական ընտանիքի, պետական ազատ, լքված ու անտեր հողերի հաշվին, տրվում էր հողակտոր աշխատող ձեռքերի թվի համեմատ և այլն: Մեկ այլ օրենքով (08.10.) նախատեսվում էր գաղթական կանանց համար բացել պետական ջուլհականոցներ, որոնք պետք է ապահովեին համապատասխան բամբակաի հումքով ուսարքավորումներով: Գաղթականների սոցիալական պաշտպանվածության համար որպես նվազագույն չափաբաժին յուրաքանչյուր շնչին տրվում էր կես ֆունտ ալյուր (200 գրամ): 1918թ. Հոկտեմբերի 1-ից մինչև 1919 թ.հունվարի 1-ը գաղթականությանը ցույց տրվելիք օգնության ծախսերը, ըստ կառավարության տվյալների՝ կազմել էին 13մլն ռուբլի: Սկիզբը, որտեղ նշվում է հանրապետության վիճակի մասին, իհարկե իզուր չէր: Հայաստանն իր վատ դիվանագիտության կամ իսպառ դրա բացակայության պատճառով մի շարք խնդիրներ էր կուտակել: Հայաստանի տնտեսությունը թույլ էր զարգացած։ Իզուր չէ, որ այն ժամանակին համարվում էր Ռուսական կայսրության հետամնաց մի երկրամաս։ Աշխարհամարտի և թուրքական ներխուժման հետևանքով առանց այն էլ թույլ տնտեսությունը կազմալուծվել էր։ Թուրք–թաթարական շրջափակումների հետևանքով կտրվել էր արտաքին կապը, չկար ապրանքների կանոնավոր արտահանում և ներմուծում։ Եվ այս պարագայում երաշխավորում էին: Նրանք հաշվի չէին առել մի կարևոր հանգամանք ևս՝ բնականաբար անխուսափելի էին սովը և դրան ուղեկից համաճարակային հիվանդությունները՝ տիֆը և խոլերան։ 1918–1919թթ. ձմռանը հանրապետության մեկ միլիոնանոց բնակչության շուրջ կեսը մատնված էր սովի։ Արդյունքում՝ մի քանի ամսվա ընթացքում սովը, ցուրտը և համաճարակային հիվանդությունները խլեցին շուրջ 180 հազար մարդու կյանք, որոնց մեծ մասը գաղթականներ էին։ Համաճարակ հիվանդությունից մահացավ նաև Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը։ Բացի օրենսդրական ակտեր ընդունելուց՝ խորհրդարանը ժամանակ առ ժամանակ շրջաններ էր գործուղում հանձնախմբեր՝ տեղում մոտիկից ծանոթանալու գաղթականության վիճակին ու խորհրդարանին համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ ներկայացնելու համար: Այսպես, 1918թ. դեկտեմբերին խորհրդարանական հանձնախմբեր գործուղվեցին Սուրմալուի և Ղամարլուի շրջանները, ուր գաղթականության դրությունը շատ ավելի ծանր էր: Խորհրդարանի փոխնագահ Գ.Տեր—Խաչատրյանի(ՀԺԿ) առաջարկով որոշվում է Սուրմալու և Ղամարլու գործուղվող պատգամավորական հանձնախմբերին լիազորել` տեղում անել կարգադրություններ կառավարության միջոցող գաղթականության վիճակը բարելավելու համար: Թշվառ գաղթականությանը շուտափույթ և անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար 1918թ. երկրորդ կեսից ՀՀ տարածքը բաժանվել էր տասը գաղթական շրջանների: Հայաստանում և Կովկասում գտնվող հայ գաղթականության թվաքանակի վերաբերյալ եղած տվյալները հաճախ տարբեր են: Դրա հիմնական պատճառն այն է, որ արևմտահայ գաղթականն ու արևելահայ փախստականը, ըստ քաղաքական հանգամանքի, գտնվել են անընդհատ տեղաշարժերի մեջ, էլ չենք հաշվում այն, որ գաղթականության առանձին խմբեր էլ արտագաղթել են Անդրկովկասից կամ ներգաղթել այնտեղ: Դրա համար էլ հաշվառող մարմինները հնարավորություն չեն ունեցել գաղթականության թվաքանակի վերաբերյալ ստույգ և հաստատուն տվյալներ տալ: Խնամատարության նախարարության 1918թ. դեկտեմբերի 6-ի թվագրած թիվ 1 բյուլետենի համաձայն՝ Հայաստանի տարածքում առկա գաղթականության թիվը կազմել է մոտ 350հազար մարդ.

  1. Երևանում (իր արվարձաններով)՝ 75 հազար գաղթական
  2. Աշտարակի շրջանում՝ 30 հազար գաղթական
  3. Ախտա-Ելենովկա՝ 22 հազար գաղթական
  4. Բաշ Գառնիի՝ 15 հազար գաղթական
  5. Նոր Բայազետ՝ 36 հազար գաղթական
  6. Դարալագյազի՝ 36 հազար գաղթական
  7. Բաշ-Ապարանի՝ 35 հազար գաղթական
  8. Էջմիածնի՝ 70 հազար գաղթական
  9. Ղարաքիլիսայի՝ 16 և 10 հազար գաղթական
  10. Դիլիջանի՝ 13 հազար գաղթական:

1918թ. հոկտեմբերի 11-ի նիստում ընդունված օրենքով, գաղթական որբերի խնամքը և դաստիրակությունը պետությունը վերցնում է իր վրա: Որբանոց էին ընդունվում մինչև 15 տարեկան ծնողազուրկ երեխաները: Նշենք, որ գաղթականների խնամատարության նախարարն էր Ալ. Խատիսյանը և մի շարք ծրագրեր էր մշակել, որոնց հավանություն է տրվում 1918թ.-ի դելտեմբերի 11-ի նիստում: Որբերին ու գաղթականությանը օգնության ձեռք էին մեկնում արտասահմանյան բարեգործական կազմակերպությունները։ Դրանցից առավել աչքի ընկավ Ամերիկյան օգնության կոմիտեն (ԱՕԿ)։ 1919թ. մայիսից Ամերկոմը հիմնականում իր վրա վերցրեց որբ երեխաների խնամակալության գործը։ Միջոցներ ձեռնարկվեցին որբերին արհեստներ սովորեցնելու, իսկ հասակավոր գաղթականներին՝ աշխատանքով ապահովելու:
1919թ. մայիսի 1-ի խնամատարության նախարարության ենթակայության որբանոցներն իրեն ավելի քան 14 հազար որբերով ու կահավորանքով հանձնվում են ԱՕԿ-ին: 1919թ. դեկտեմբերին արդեն երկրորդ խորհրդարանի հաստատած մի օրենքով, խնամատարություն և աշխատանքի նախարարության միջոցով, նախատեսվում էր 255 որբերի համար բացել 35 արհեստանոց, 7-ը՝ հյուսնության, 8-ը՝ կոշկակարության, 8-ը՝ կարուձևի, 4-ը` ձեռնարվեստի, 3-ը՝գուլապայագործության և 5-ը՝ ջուլհականոցի: Առայժմ այստեղ կանգ առնենք: Սրանք հիմնականում փաստեր էին և ուրիշ ոչինչ: Այժմ խնդրին նայենք մեկ այլ տեսանկյունից: Միթե՞ իր վատ պայմաննեում կառավարությունը չէր կարող կանխել ներգաղթը: Իհարկե կարող էր, բայց ավելին նաև խրախուսում էր, որի հետևանքով ամայանում էին իրենց հայրենի տարածքները և լցվում էիր Հայաստանից արտագաղթած թուրք-թաթարներով: Սա կարելի էր անվանել փոխանակում, քանի որ հայերը Հայաստանում շատ դեպքերում տեղավորվեցին թուրք-թաթարների կողմից լքված տարածքներում, իսկ թուրք-թաթարները նորից տեղավորվեցին հայկական տարածքներում, այս անգամ տիրոջ հոգեբանությամբ: Սա նորմալ գործընթաց էր մեր կառավարության դեպքում: Ինչպես գիտենք շատ այլ գաղթականներ գաղթել էին նաև այլ երկրներ: Պետությունը չլուծելով իր ներսում գաղթականների հարցը, նա նոր հույսեր էր ներարկում օտար երկրում հաստատված հայերին. հույսեր՝ հայկական հարցի ճանաչման և հայրենիք վերադառնալու մասին:
Ինչպես հասկացաք, խնդրի նախնական լուծումը ես տեսնում եմ զանգվածային ներգաղթները կանխելու և նորմալ հարաբերություններ հաստատելու մեջ: Բայց ինչպես ասում են,ինչ եղել է՝արդեն եղել է: 350 հազար գաղթականներ, Հայաստան ու մարզեր: Հիմնականում որոշումներ ընդունվեցին որբերի մասին: Որբերի հարցը իհարկե կարևոր էր, բայց չպետք է մոռանալ այլ մարդկանց մասին: Օգնություն էր ցուցաբերվում նաև հաշվանդամներին, լավ, դաէլ մի կողմ: Իսկ աշխատունակ կանայք և տղամարդիկ: Իհարկե, նրանց փորձում էին աշխատանք տալ: Մի քանի կարուձևի կենտրոններ, հողեր ու.....ու ոչինչ: Կարծում եմ տվյալ պարագայում կարելի էր համախմբել ժողովրդին համախմբել և ստեղծել նոր հայություն: Պետք չէր տարաբաժանում դնել. «Դու գաղթական ես կամ փախստական»: Նրանք արդեն Հայաստանում էին և վերջ: Հողակտորները քիչ-քիչ, ամեն մեկին մի քիչ բաժանելու փոխարեն կարելի էր ընդհանրական տարածքներ բաժանել՝ ենթադրենք 5 անդամ ունեցող ընտանիքին այսքան հող ո ւնախնական սերմնացուի ու գործիքների համար գումար: Արդյունքը բաժանվում էր 4/5 հարաբերությամբ, 1/5պետությունը վերցնում էր և տալիս ավելի աղքատներին, կամ նրանց, ովքեր հող չէին ստացել: Ամերկոմի փոխարեն կնախընտրեի օգնությնուն ստանալ արդեն կազմավորված սփյուռքից: Համայքները, որ շատ դեպքերում ստեղծվել էին վաղ անցյալում, կարող էին ինչ-որ քայլեր ձեռնարկել: Դա բավականին իրատեսական է, հաշվի առնելով այնհանգամանքը, որ շատերը հարուստ էին, հայտնի գործարանատերեր, պաշտոնավորներ էլ կային և այլն: Իսկ արդեն որբանոցների պարագայում պետք է ոչ թե որբերի համար աշխատատեղր բացեին, օրինակ արհեստանոցները, այլ հասուն փախստականների, որոնք կարող էին աշխատել և ստանալ համապատասխան արդյունք: Ապագայում արդեն կարելի էր նայել՝ որբերին աշխատանքի տեղավորելու հարցն այլ ոլորտներում:

Վերջաբան

Խորհրդային Հայաստան առաջին հայրենադարձվողները եղան վասպուրականցիները (շուրջ 9000 մարդ) 1921–1922թթ.։ 1923թ. հայրենադարձություն տեղի ունեցավ Թուրքիայից, Իրանից և այլ երկրներից, 1924թ.՝ նույն երկրներից, ինչպես նաև Սիրիայից, Ֆրանսիայից։ Հայաստանի կառավարությունը 1926թ. որոշեց դադարեցնել զանգվածային ներգաղթը՝ նկատի ունենալով ներգաղթածների տեղավորման դժվարությունները, ինչպես նաև տեղի ունեցած Շիրակի երկրաշարժը։ Հայրենադարձության գործընթացում որոշ բեկում կատարվեց 1930-ական թվականների սկզբին։ 1931թ.նախատեսվեց կազմակերպել նոր զանգվածային ներգաղթ։ Այդ կապակցությամբ արտասահման մեկնեց կառավարության նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը, հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Գալուստ Կյուլպենկյանի հետ՝ ակնկալելով միության օժանդակությունը։ Ի կատարումն 1931թ.հիշված որոշման՝ 1932–1933թթ. Հայաստանն ընդունեց շուրջ 8000 հայրենադարձ՝ Հունաստանից, Սիրիայից և այլերկրներից։ Հայրենադարձության հաջորդ, ընդ որում վերջին՝ մինչև 1946թ., ձեռնարկն իրականացվեց 1936թ.։ Ֆրանսիայից ժամանեցին 1800 հայրենադարձներ: 1920–1930-ական թվականներին Խորհրդային Հայաստան վերադարձավ շուրջ 42 հազար մարդ։ Շատ ավելին էր հայրենիք վերադարձել ցանկացողների թիվը։ Սակայն Խորհըրդային Հայաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ էին։ Երկրում ծայր առած քաղաքական բռնաճնշումների պայմաններում 1937թ. դադարեցվեց հայրենադարձության գործընթացը։ Վերացվեց ՀԽՍՀ կառավարությանը կից ներգաղթի կոմիտեն, ապա նաև այդ խնդիրներով զբաղվող Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)։
Այժմ բազմաթիվ համայքներ կան, նրանք այժմ էլ փորձում են օգնություն ցույց տալ հայաստանյան մանկատներին, ծերանոցներին և այլ կազմակերպությունների: Մեծ մասն իր ներուժն օգտագործում է Հայկական հարցի ընդունման համար, սակայն մենք ունենք ներկայիս մի Հայաստան, որն իրոք ավելի շատ օգնության կարիք ունի սարսափելի վիճակից դուրս գալու:

Օգտագործած գրականության ցանկ

1. Ա. Հակոբյան- <<Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920>>
2. Հայոց պատմության 11-րդ դասարանի դասագիրք
3.http://armhistory.ru/publ/hayastani_ar'ajin_hanrapetowt'yowny'/hanrapetowt'yan_social_tntesakan_krt'amshakowt'ayin_kyanqy'/gaght'akanowt'yan_vitwaky'_nergaght'i_xndiry'/145-1-0-417
4. http://www.findarmenia.com/arm/history/21/354/355
5. http://www.findarmenia.com/arm/history/27/565/568

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic