Tuesday, March 19, 2013

Արմենուհի՝ Չարենցի հրապուրանքներից հերթականը

Վիկա Մարկոսյան
Եղիշե Չարենց: Նրան բնորոշելու հարցում չեմ կարող չկրկնվել, քանի որ Չարենցն իսկապես հայ գրականության վառ կերպարներից է: Եթե հարցին սուբյեկտիվորեն մոտենամ, ապա՝՝ ամենավառը: Հայ ժողովուրդը նրան ճանաչում է «Ես իմ անուշ Հայաստանի…»-ով, ու հենց այս բանաստեղծության տարածված լինելն արհեստականորեն կարծիք է ձևավորում, թե Չարենցը ստեղծագործել է միայն «հայրենիք» թեմայով: Մինչդեռ նա ունի մի շարք բանստեղծություններ, նվիրված տարբեր կանանց: Այս նյությում կանդրադառնամ այն բանաստեղծություններին, որոնք Չարենցը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին՝ ավելի շատ կենտրոնանալով իմ ամենասիրելի շարքերից մեկին` «Էմալե պրոֆիլը Ձեր»-ին:

Այս շարքը, ինչպես արդեն նշեցի, նվիրված է Արմենուհի Տիգրանյանին, ում, չնայած մի շարք խանգարող հանգամանքներին, սիրում էր Չարենցը: Կինն ամուսնացած էր, Չարենցից մեծ էր տասը տարով, հետևաբար՝ շարունակ մերժում էր նրան, չնայած իր փոխադարձ սիրուն: Վերջինիս պատճառով էլ Չարենցը շարքը անվանեց «Էմալե պրոֆիլը Ձեր»: Իսկ մենք գիտենք կամ իմացանք, որ էմալը նյութ է, որի բարակ շերտով պատում են մետաղյա իրերը, դրանք պաշտպանելու համար: Իսկ հեղինակը «էմալե պրոֆիլ» ասելով նկատի ունի Արմենուհի Տիգրանյանին, ով ինքն իրեն «էմալապատել» էր ու չէր թողնում Չարենցին հասնել իրեն: 
Այնուամենայնիվ, Չարենցը Արմենուհի Տիգրանյանի հանդեպ իր սերը արտահայտում է այս բանաստեղծությունների շարքով, որտեղ ենթատեքստում դնում է իր մեծ սերն ու Արմենուհու արհեստական վերաբերմունքը: Իր սերն արտահայտվում է, օրինակ, այստեղ. 
«Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։ 
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝ 
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել…» : 
Կամ՝ 
«Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր 
Էմալե պրոֆիլը Ձեր, 
Ձեր հակինթ աչքերը բիլ»:
Ենթադրելի է, որ Արմենուհին բավականին նուրբ կին էր: Չարենցը նրա մատները նմանեցնում է ապակու, դեմքը «ինչ-որ հեռու արեգակի»: Թվում է, թե նա շատ էր օգտագործում գլխարկներ, որոնք և Չարենցը համարում էր Արմենուհուն բնորոշող իրեր ու ասում. 
«Գիտե՞ս, որ գլխարկիդ համար 
Ու լենտի համար գլխարկիդ 
Կարող եմ ես զոհվել հիմա_ 
Գլխարկդ կարող է ինձ փրկել» (Այս բանաստեղծությունը «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքից չէ, չնայած՝ նվիրված է Արմենուհի Տիգրանյանին):
Սակայն ի՞նչն է Չարենցին դրդում գրել.
«Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի թերթեր —
Ու թիթեղից շինած 
Դիակառքի վարդեր»:

Ուշադրություն դարձրեք ընդգծված արտահայտություններին և կտեսնեք, թե ինչպիսի հակադրությամբ է ցույց տալիս կնոջ գեղեցկությունն ու արհեստականությունը: Օրինակ ասում է «ջինջ, մաքուր ապակիներ », որից ընթերցողի մոտ առաջանում է դրական տպավորություն, ու անմիջապես հետո հավելում «կորած» բառը, որը նախ տպավորությունը ավելի բացասական է դարձնում, հետո՝ նկարագրում արհեստականությունը։
Նույնն է նաև «Կապույտ ծովի փրփուր՝ (որպես դրական, հանգիստ, խաղաղ) փխրուն գիպսից փորած (որպես արհեստական, արհեստածին, անշունչ)»: Իսկ վերջին երկու տողը առանց հակադրության ցույց է տալիս թախիծ, տխրություն, կրկին արհեստականություն ու էլ ավելի տպավորիչ դարձնում բանաստեղծությունը:
Բանն այն է, որ Արմենուհին սիրում էր Չարենցին, բայց ամուսնացած լինելը խանգարում էր նրան բարձրաձայնել այդ մասին: Հետևաբար՝ նա իր ու Չարենցի հարաբերություններում մտցնում էր արհեստականություն ու «էմալ», խեղդում էր իր սերը։
Արդեն նշեցի, որ Չարենցը 10 տարով փոքր էր Ա. Տիգրանյանից, և այդ փաստը, ենթադրելի է, որ հաճախ էր շահարկվում Արմենուհու կողմից: Իր փոքր լինելու, բայց իրենից մեծ կնոջը սիրելու մասին էլ է անդրադարձել այս շարքում, ասելով.
«Ես այնքան փոքր եմ դեռ,
Երեխա եմ կարծես,- 
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ու ջինջ երգերը Ձեր»:
Երևի Չարենցին այս կնոջ վրա մեջնրա ուշադրությունը հատկապես գրավել էր այն փաստը, որ նա ևս բանաստեղծ էր: Չնայած նրան, որ Արմենուհի Տիգրանյանը այսօր այդքան էլ հայտնի չէ իր ստեղծագործություններով, այդուհանդերձ, նա դեռևս 1914 թվին Մենուհի գրական կեղծանունով նա Թիֆլիսում հրատարակել էր իր բանաստեղծությունների իր ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը, արժանացել Հովհաննես Թումանյանի ուշադրությանն ու խրախուսանքին: Իսկ Չարենցը սիրում էր նրա ստեղծագործություններն ու գովում նրան: Ստեղծագործությունները սիրում էր, քանի որ սիրում էր դրանց հեղինակին: Մի գուցե, եթե չսիրեր Արմենուհուն, չսիրեր նաև նրա ստեղծագործությունները: Սակայն դրանց անդրադառնում է հետևյալ տողերով.
«Առել եմ գիրքը Ձեր
Ու նայում եմ նրան:
Ձգվում են բիլ գծեր
Գրքից՝ հոգուս վրա:
Նայում եմ թերթերին 
Եվ սպասում եմ, որ
Երգերը թրթռան
Որպես լույսի օրոր…» և այլն:
Արմենուհուն է նվիրված նաև «Գալանտ երգեր» շարքը և մի քանի շարքերից դուրս բանատսեղծություններ, որոնցից մեկում ասվում է՝ .
«Եվ ես, պոետ մի անտուն,
Կյանքում, օրերի միգում, 
Փնտրում եմ մի վերջին խնդում, 
Որ կարող ես ինձ տալ միայն դու»:
Ենթադրվում է, որ այսպիսի բանաստեղծություն գրող մարդը (հատկապես Չարենցը, ով միայն հանգի համար այսպիսի մտքեր չէր գրի) չի կարող հիասթափվել այս կնոջից: Ի վերջո նրա բանաստեղծություններից ու խոսքերից տպավորված, միևնույն ժամանակ սիրելով Չարենցին, Արմենուհի Տիգրանյանը բաժանվում էիր ամուսնուց՝ դատախազ Վարդգես Ահարոնյանից: Ու Չարենցը ամուսնանում է… Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, մենակ ու լքված թողնելով Մենուհուն: Նրան մինչև կյանքի վերջ դավաճանության համար չներեց նաև Վարդգես Ահարոնյանը: Հետագայում Մենուհին Չարենցի մասին գրում է (չնայած՝ մինչ այդ էլ էր գրում, պարզապես անունը չէր հիշատակում: Այստեղ շեշտում է անունը, խոսքն ուղղում նրան).
Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic