Saturday, March 2, 2013

Երկու պատմվածք

Դինո Բուցատի

Աշխարհի վերջը

Մի առավոտ, մոտ ժամը տասին, մի հսկայական բռունցք հայտնվեց երկնքում`քաղաքի վրա. հետո դանդաղորեն բացեց ճանկերն ու այդպես մնաց անշարժ` ինչպես մի ահռելի չարագույժ ամպհովանի: Թվում էր քարից էր, ու քար չէր, մսից էր, ու միս չէր, նաև թվում էր, թե ամպ էր, բայց ամպ էլ չէր: Դա Աստծու ձեռքն էր, ու աշխարհի վերջը:
Մի շշնջոց, որ հետո տնքոցի վերածվեց, իսկ հետո`գոռոցի ու տարածվեց թաղամասերում, մինչև որ դարձավ հավաք ու ազդու մի ձայն, որը բարձրանում էր շեշտակի, շեփորի նման:

Լուիզան ու Պյետրոն այդ պահն գտնվում էին մի փոքրիկ հրապարակում, որը շրջափակված էր ֆանտաստիկ շենքերով, մասամբ էլ` պարտեզներով: Երկնքում, մի անսահման բարձրությունից կախվել էր ձեռքը: Լուսամուտները լայնորեն բացվում էին`կանչերի ու սարսափի գոռոցների միջև, մինչդեռ սկզբնական ձայնը քիչ առ քիչ սսկեց: Ազնվազարմ երիտասարդ օրիորդները կախ էին ընկնում պատուհաններից աշխարհի վերջը տեսնելու համար:
Մարդիկ էին դուրս գալիս տներից, մեծ մասաբ վազելով. շարժվելու կարիք էին զգում, ինչ-որ բան անելու կարիք, սակայն չգիտեին ուր խփեին իրենց գլուխները: Լուիզան սկսեց հեկեկալ.
-Գիտեի, ախր…-մրմնջում էր նա հեկեկոցների միջև,-որ այսպես պիտի վերջանար…երբեք Եկեղեցի չգնացինք, երբեք աղոթք չարեցինք…զգում էի, որ վերջը սա էր լինելու…
Եվ ի՞նչ կարող էր Պյետրոն ասել նրան որպես մխիթարանք: Ինքն էլ սկսեց լաց լինել ինչպես մի մանուկ: Նաև մարդկանց մեծ մասն էր լաց ու կոծը դրել, հատկապես կանայք:
Միայն երկու միաբան-եղբայրներ, երկու աշխույժ ծերուկներ, անսահման ուրախ տրամադրության մեջ էին:
- Հիմա ճարպիկ խաբեբաների վերջը եկա՜վ,-բացականչում էին այդ կայտառ ծերուկները` հրճվելով ու անցնորդներին դիմելով;
- Իսկ դուք երբևէ հրաժարվեցի՞ք ճարպիկ խաբեբաներ լինելուց: Հիմա մենք ենք ճարպիկները: Ու չարախնդում էին:
- Մենք միշտ տխմար եղանք, միշտ հիմար կարծեցին մեզ. դե հիմա կտեսնենք, թե ով էր մեզնից ավելի ճարպիկ:
Դպրոցականների պես քրքջալով` նրանք անցնում էին այդ աճող խառնաշփոթի միջով, որը նայում էր նրանց չար աչքով, չհամարձակվելով սակայն հակազդել: Արդեն մի քանի րոպե էր, ինչ նրանք անհետացել էին ինչ-ոչ նրբանցքով, երբ մի պարոն, ասես բնազդային մղումով, սկսեց նրանց հետապնդել, ասես ձեռքից մի թանկարժեք առիթ էր բաց թողնում:
-Տե՛ր Աստված, -գոռում էր նա`խփելով իր ճակատին,-բայց չէ՞ որ նրանք կարող էին մեզ խոստովանեցնել:
-Գրո՛ղը տանի,-հաստատում էր նրա ասածը մեկ ուրիշը,- ի՜նչ ապուշն ենք: Նրանք մեր քթերի տակ էին, ու թողեցինք, որ գնան:
Բայց էլ ո՞վ կարող էր հասնել արագաշարժ միաբաններին:
Կանայք ու նաև անպատկառ տղամարդիկ այդ պահին վերադառնում էին Եկեղեցուց, հայհոյելով, հիասթափված ու հուսալքված: Լավագույն խոստովանահայրերն անհետացել էին,-ասում էին, հավանաբար, իշխանավորներն ու օլիգարխներն էին նրանց իրենցով արել: Չափազանղց տարօրինակ էր, բայց փողը, դեռևս մի հրաշքով, պահպանում էր իր որոշիչ դերը, թեև աշխարհի վերջն էր վրա հասել.ո՞վ գիտե, գուցե համարում էին, որ իրենց տրամադրության տակ դեռևս կային րոպեներ, ժամեր, գուցե և` մի քանի օր:
Ինչ վերաբերում է մնացյալ խոստովանահայրերին, Եկեղեցում մի այնպիսի զարհուրելի խիտ հերթ էր գոյացել, որ էլ չասած: Խոսում էին լուրջ միջադեպերի մասին, որ տեղի էին ունեցել մարդկային այդ հոծ բազմության պատճառով. որոշ խաբեբաներ, հոգևորականի զգեստի տակ ծպտված, առաջարկում էին իրենց ծառայությունները`խոստովանություններ կորզելու համար, նաև տներում, պահանջելով առասպելական գներ: Երիտասարդ զույգերը հախճեպորեն առանձնանում էի`առանց այլևս ամոթխածության որևէ նշույլի, մեկնվելով այգիների խոտածածկ գետնի վրա` ևս մի անգամ սիրով զբաղվելու համար: Իսկ երկքնից կախված ձեռքը հողի գույն էր ստացել, չնայած արևը փայլում էր. և ուրեմն, ավելի շատ էր զարհուրանք պատճառում:
Սկսեց շրջանառվել մի լուր, թե աղետը անխուսափելի էր. ոմանք ասում էին, որ այն վրա էր հասնելու կեսօրից առաջ:
Այդ ընթացքում, ինչ-որ շենքի նրբաճաշակ ոճով կառուցված մի պատշգամբում, խճուղուց մի քիչ բարձր (այնտեղ կարելի էր բարձրանալ աստիճաններով), տեսան մի երիտասարդ քահանայի: Գլուխն ուսերի միջև` նա առաջանում էր հապճեպով, ասես շտապում էր հեռանալ: Տարօրինակ էր քահանան այդ ժամին, այդ հոյակապ տան մեջ:
-Քահանա՜, քահանա՜,-գոռացին այս ու այն կողմից: Կայծակի արագությամբ մարդիկ կտրեցին նրա դեմը` նախքան կահասցներ ծլկել:
-Խոստովանեցրո՛ւ մեզ, խոսոտովանեցրո՛ւ մեզ, -գոռում էին նրան:
Քահանան գունատվեց.նրան տարան այն փոքրիկ կրպակի մոտ, որը դուրս էր ելնում օթյակից`ինչպես ծածկված ամբիոն.թվում էր, հենց այդ նպատակով էլ սարքվել էր:
Տղամարդիկ ու կանայք անմիջապես հերթ կանգնեցին տասնյակներով`իրար հրշմշտելով, սուզվելով, զարդանախշերի ելուստներով մագլցելով, կառչեով սյուներից ու ճաղաշարքից. ասենք, բարձրությունն այնքան էլ մեծ չէր:
Քահանան սկսեց լսել խոստովանությունները: Շատ արագ լսում էր անձկալի խոստովանություները անծանոթ մարդկանց (որոնք այլևս չէին մտահոգվում, թե ուրիշները կարող էին իմանալ դրանք, թե ոչ):Դեռ չէին ավարտել, , քահանան աջ ձեռքով խաչակնքում էր, թողություն էր տալիս ու անմիջապս անցնում հաջորդ մեղավորին: Բայց որքա՞ն էր նրանց թիվը: Քահանան շվարած չորսբոլորն էր նայում, մեղքերի այդ աճող մակընթացությանը, որոնց պիտի թողություն տրվեր: Մեծ ջանքերի գնով, նաև Լուիզան ու Պյետրոն կանգնեցին դրա տակ. հասավ իրենց հերթը, ու նրանց հաջողվեց իրենց լսել տալ:
-Երբեք չեմ գնում պատարագի, սուտ եմ խոսում,-փութկոտորեն ասաց երիտասարդ աղջիկը` վախենալով , թե չի հասցնի`նվաստացման մոլեգնության մեջ,-և հետո, բոլոր մեղքերը, որ ուզում եք…բոլորը խոստովանում եմ…Ու վախից չէ, որ այստեղ եմ, հավատացե՛՛ք, լոկ Աստծուն մոտ լինելու ցանկությունից, երդվո՛ւմ եմ Ձեզ…”, ու համոզված էր, որ անկեղծ էր խոսում:
-Ես քեզ թողություն եմ տալիս…,-մրթմրթաց քահանան ու անցավ Պյետրոին:
Բայց մի անասելի տագնապ էր ալիքվում մարդկանց շարքերում:Ինչր-որ մեկն հարցրեց.
-Ինչքա՞ն ժամանակ է մնում Ահեղ Դատաստանին: Մեկ ուրիշը, որ լավ տեղեկացված էր, նայեց ժամացույցին.
-Տաս րոպե,-պատասխանեց հեղինակավոր տոնով:
Դա լսեց քահանան ու փորձեց հեռանալ: Բայց անկշտում մարդիկ նրան պահեցին: Նա ասես տենդի մեջ լիներ. պարզ էր, որ խոստովանությունների աղմուկը նրան էր հասնում որպես անիմաստ, խառնիճաղանջ գվվոց: Նա խաչակնքում էր` մեքենայորեն կրկնելով.
-Ես քեզ թողություն եմ տալիւս:
-Ութ րոպե,-զգուշացրեց մի ձայն ամբոխի միջից:
Քահանան բառացիորեն դողում էր, ոտքերը խփում էր մարմարին չարաճճություն անող երեխաների պես:
-Իսկ ե՞ս, ե՞ս,-սկսեց աղաչել հուսահատորեն: Այդ անիծյալները ( սատանա՛ն տաներ դրանց) իրեն զրկում էին հոգու փրկությունից: Բայց ինչպե՞ս ազատվել, ինչպե՞ս հոգ տանել ինքդ քո մասին: Մի քիչ էլ, ու պիտի լաց լիներ:
-Իսկ ե՞ս, ե՞ս,- հարցնում էր հազարավոր այդ մարդկանց` դրախտի այդ թեկնածուներին, որոնք դիմում էին իրեն:
Բայց ոչ ոք չէր լսում նրան:

Ընկերները
Լյուտնահար Ամեդեո Տորտին ու իր կինը պատրսատվում էին սուրճ խմելու: Երեխաներն արդեն գնացել էին քնելու:
Ամուսինները լռում էին, ինչպես որ հաճախ լինում է, ու մեկ էլ, կինն ասաց.
-Ուզու՞մ ես մի բան ասեմ…ամբողջ օրը մի տարօինակ զգացում ունեմ…Ասես այս երեկո մեր տուն է գալու Ապախերը:
-Էդպիսի բաներ մի ասա, թեկուզ`կատակով,-պատասխաեց ամուսինը նեղվելով:
Տոնի Ապախերը`ջութակահարը, որ իր վաղեմի մոտ ընկերն էր, մեռել էր քսան օր առաջ:
-Գիտեմ, գիտեմ, որ սարսափելի է, -ասաց կինը,-բայց այդ մտքից ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել:
-Է՜, երանի՜…շշնջաց Տորտին մի աղոտ մտահոգությամբ, սակայն չուզենալով խորացնել այդ խոսակցության նյութը: Լուռ թափահարեց գլուխը:
Դարձյալ լռեցին:Ժամը տասին քառորդ էր պակաս: Հնչեց դռան զանգը: Երկար, համառորեն:
-Տեսնես ո՞վ է այս ժամին,-ասաց կինը: Նախասրահում լսվեց Ինեսի քարշ եկող քայլերի, հետո բացվող դռան ձայնը, հետո մի հապճեպ խոսակցություն: Աղջիկը շատ գունատված`ներս մտավ փոքրիկ ճաշասենյակ:
-Ինե՞ս, ո՞վ է,-հարցրեց տիկինը:
Աղախինը դարձավ տանտիրոջը`շշնջալով.
-Պարոն Տորտի, մի րոպե դուք եկեք այստեղ…Եթե իմանայի՜ք:
-Բայց ո՞վ է, ո՞վ,-ջղայնացած հարցրեց տիկինը, թեև արդեն կռահում էր, թե ով էր:
Ինեսը կռացավ, ինչպես մեկը, ով գաղտնի բաներ ունի ասելու:
Խոսքերը նրանից դուրս ելան մի շնչով:
-Պարոն…պարոն…պարո՛ն Տորտի.եկե՛ք…մաեստրո Ապախերն է վերադարձել:
-Ի՞նչ ես ասում,-ասաց Տորտին`նեղսրտած այդ բոլոր խորհրդավոր բաներից, ու ասաց կնոջը.
-Ես գնամ տեսնեմ…դու մնա՛ այստեղ:
Դուրս ելավ խավար միջանցք, խփվեց ինչ-որ կահույքի, միանգամից բացեց նախասրահ տանող դուռը:
Այնտեղ, իր մի քիչ երկչոտ տեսքով, կանգնած էր Ապախերը:
Առաջվա Ապախերին այնքան էլ նման չէր. ուրվապատկերի լղոզվածության պատճառով նա մի տեսակ, պակաս նյութական էր թվում:
Ուրվակա՞ն էր: Գուցե դեռևս ոչ: Գուցե դեռևս ոչ լրիվ էր ազատվել այն բանից, ինչը մարդիկ անվանում են նյութ: Ուրվական, բայց մի որոշակի նյութականության մնացուկով: Իր սովորության համաձայն` գորշ գույնի զգեստ էր հագել, կապույտ զոլերով վերնաշապիկ, կարմիր – կապույտ փողկապ, իսկ թաղիքե փափուկ գլխարկը նյարդայնորեն ճմրթում էր ձեռքերրի մեջ (Հասկանալի է, զգեստի ուրվական, փողկապի ուրվական, և այլն):
Տորտին տպավորվող մարդկանցից չէր: Ընդհակառակը: Սակայն մնաց տեղում կանգնած, առանց ծպտուն հանելու: Հո հանաք բան չէ՞ր տեսնելը, թե ինչպես է տանդ մեջ հայտնվում վաղեմի ու սիրելի ընկերդ, ում քսան օր առաջ են գերեզման դրել:
-Ամեդեո,-սկսեց խեղճ Ապախերը, ասես ցանկանալով իմանալ, թե ինչ է դիմացինը մտածում:
-Դու՞, դու՞, այստե՞ղ,-գրեթե հարձակվեց Տորտին, քանզի հակադարձ ու խռովահույզ զգացմունքներից իր մեջ ծնվում էր, ով գիտե ինչպես, միայն զայրույթի պոռթկում: Մի՞թե մեծ մխիթարություն չէր կորցրած ընկերոջը գտնելը:
Այդպիսի հանդիպում իրական դարձնելու համար, մի՞թե Տորտին կամովին չէր տա իր միլիոնները: Այո, անշուշտ, ինքն այդպես կաներ`առանց մի րոպե վարանելու: Ցանկացած զոհողության պատրատս էր: Բայց այդ դեպքում, ինչու՞ հիմա այդ երջանկությունն ինքը չէր զգում: Ինչու՞, դրա փոխարն, զգում էր մի տեսակ նեղվածություն: Այնքա՜ն ապրումներից հետո, այնքա՜ն ողբերից հետո, այդքա՜ն գլխացավանքներից, որ պարտադրում են այսպես կոչված պայմանականությունները, հիմա պետք էր վերսկսել սկզբի՞ց: Բաժանման օրերի ընթացքում, կորցրած ընկերոջ պատճառած ցավը լրիվ անցել էր, ու հիմա, դրանից չէր մնացել ոչինչ:
-Դե այո, ես եմ,-պատասխանեց Ապախերը`ավելի ճմրթելով ֆետրե գլխարկը: Բայց ես…լավ գիտես, մեր միջև հաճոյախոսություններ չեն կարող լինել…գուցե նեղությու՞ն եմ պատճառում…
-Նեղությու՞ն: Սա դու անվանում ես նեղությու՞ն,-վրա բերեց Տորտին`զայրույթի պատճառով արդեն ափերից ելած: Վերադարձել ես, չեմ ուզում անգամ իմանալ որտեղից, ու այս իրավիճակում….դեռ խոսում ես նեղությունի՞ց: Ա՜յ համարձակությո՜ւն: Հետո, ինքն իրեն, խիստ նյարդային հնչերանգով ասաց.
-Հիմա ի՞նչ անեմ:
-Լսի՛ր, Ամեդեո,-ասաց Ապախերը,- մի՛ վրդովվիր…Ի վերջո, սա իմ մեղքով չէ….Այնտեղ էլ (նրա ձեռքը մի անորոշ շարժում արեց) բավական խառնաշփոթ է տիրում…մի խոսքով, ստիպված եմ մնալ այստեղ ևս մոտ մեկ ամիս…Մեկ ամիս, ոչ ավել… գիտես չէ՞, իմ տանն հիմա նոր բնակիչներ են մնում….
-Ուրեմն, ուզում ես ասել, մնալու ես ինձ մոտ գիշերելու՞:
-Գիշերելու՞…ես այլևս չեմ քնում…Խոսքը գիշերելու մասին չէ…Ինձ համար բավական կլիներ մի փոքր անկյունը….չեմ ձանձրացնի, ես ոչ ուտում եմ, ոչ խմում այլևս, ու ոչ էլ…մի խոսքով, այլևս զուգարանի կարիք չունեմ…Գիտե՞ս, լոկ գիշերները թրև չգալու համար, գուցե և անձրևին…
-Բայց անձրևը քեզ թրջու՞մ է որ:
-Թրջելը չի թրջում, բնականաբար,-ասաց Ապախերն ու հազիվ լսելի ծիծաղեց,-բայց միշտ գլխացավանք է պատճառում:
-Ուրեմն, գիշերն անցկացնելու ես այստե՞ղ:
-Եթե թույլ տաս…
-Եթե թո՞ւյլ տամ…չեմ հասկանում…Խելացի անձնավորություն ես, վաղեմի ընկեր…մարդ, ում կյանքն այլևս անցյալում է…այդ ինչպե՞ս քեզ հաշիվ չես տալիս: Հա՛, ասենք, դու երբևիցե ընտանիք չես ունեցել:
-Ներիր, կարծում էի…և հետո, խոքը միայն մի ամսվա մասին է…
-Դու ինձ չես ուզում հասկանալ,-ասաց Տորտին գրեթե վիրավորված: Իմ մասին չէ, որ մտածում եմ…երեխաները….երեխաները….ի՞նչ կլինի, երբ երևաս երկու անմեղ երեխաներիս, որ դեռ տաս տարեկան էլ չկան: Ի վերջո, պիտի հաշիվ տաս քեզ այն վիճակի մասին, որի մեջ գտնվում ես: Ների՛ր կոպտությանս համար, բայց դու…դու ուրվական ես…իսկ որտեղ իմ երեխաներն են, այնտեղ ես թույլ չեմ տա, որ որևէ ուրվական հայտնվի, թանկագինս….
-Ուրեմն, ո՞չ:
-Ուրեմն, թանկագին բարեկամ, չգիտեմ ինչ ասել…
Խոսքը մնաց բերանում: Ապախերը հանկարծակի անհետացել էր: Միայն լսվում էին ձայներ ներքևում, գահավիժող աստիճանների վրա:
Արդեն կեգիշեր էր, երբ մաեստրո Մարիո Տամբուրլանին`երաժշտանոցի տնօրենը, համերգից տուն վերադարձավ: Հասնելով իր բնակարանի դռանը, արդեն բանալին պտտեցրել էր փականի մեջ, երբ ետևում լսեց մի շշնջոց. “Մաե՛ստրո, մաե՛ստրո”:
Կտրուկ շուռ եկավ, տեսավ Ապախերին:
Տամբուրլանին գիտեր դիվանագիտություն խաղալ, հնարամիտ էր, խորաթափանց միտք ուներ, ու կյանքում կարողանում էր ամեն ինչի տակից դուրս գալ.արժանիքներ կամ թերություններ, որ նրան շատ ավելի մեծ հաջողություններ էին բերել, քան իր համեստ ընդունակություններ էին թույլ տալիս իրեն: Մտքի մի փայլատակումով`կողմնորոշվեց ստեղծված իրավիճակում:
-Օ՜, սիրելի՛դ իմ,- քաղցր-մեղցր քրթմնջաց նա, գորովալի ձայներանգով, ու ձեռքերը պարզեց ջութակահարին, սակայն, մոտ մեկ մետր հռու կանգնելով նրանից:
-Օ՜, սիրելի՛դ իմ, եթե իմանայիր, որ քո պակասությունը….
-Ի՞նչ, ի՞նչ ես ասու՞մ,-ասաց Ապախերը, որ բավական խլացել էր, քանզի ուրվականների զգայությունները բթանում են:
-Մի քիչ բա՛րձր ասա, հիմա էլ առաջվա պես չեմ լսում…
-Օ՜, հասկանում եմ, թանկագին բարեկամ….Բայց հո չե՞մ կարող գոռալ: Ադան քնած է այնտեղ, և հետո…
-Ներիր, չէի՞ր կարող ինձ ներս թողնել:Արդեն ահագին ժամանակ է, ինչ ոտքի վրա եմ…
-Չէ՛, չէ՛, ի սեր Աստծո, հանկարծ Բլիցը կարթնանա:
-Ի՞նչ: Ի՞նչ ես ասու՞մ:
-Բլիցը`շունս, դու նրան տեսել ես, չէ՞…այնպիսի աղմուկ կբարձրացնի, որ…պահակն անմիջապես կարթնանա…և հետո, ով գիտե….
-Ուրեմն, չե՞մ կարող մի քանի օրով…
-Ապրել այստե՞ղ:
- Օ՜, թանկագին Ապախե՜ր, իհա՜րկե, իհա՜րկե…Քեզ նման ընկերոջը կարելի՞ է մերժել… Սակայն ների՛ր, ի՞նչ անենք շանս հետ:
Այդ առարկությունը Ապախերին շվարեցրեց: Ադժամ փորձեց հուզել նրան…
-Չէ՞ որ լաց էիր լինում, մաե՛ստրո, լաց էիր լինում մի ամիս առաջ, գերեզմանատանը, երբ ճառ ասացիր`նախքան հողը վրա շաղ կտային…հիշու՞մ ես: Ես զգում էի քո հեկեկոցները:
-Օ՜, սիրելի՛դ իմ, մի՛ ասա այդպես…այստեղ այնպիսի ծանրություն եմ զգում(ու ձեռքը տարավ կրծքին)…Աստվա՛ծ, իմ, ինձ թվում է, Բլիցը….
Իսկապես, բնակարանի ներսից մի խուլ գռմռոց էր լսվում:
-Սպասի՛ր, սիրելիս, մի րոպե մտնեմ սաստեմ այդ անտանլի կենդանուն….Միյայն մի՛ րոպե, սիրելիս:
Օձաձկան պես ճարպիկ`ներս սողոսկեց ու դուռը փակեց իր ետևից`այն ամուր կողպելով ներսից: Հետո` լռություն:
Ապախերն սպասեց մի քանի րոպե: Հետո շշնջաց.
-Տամբուրլանի, Տամբուրլանի:
Դռան ետևից պատասխան չլսվեց: Այդ ժամանակ նա թույլ բախեց իր մատներով:
Քար լռություն:
Քայլում էր գիշերվա մեջ: Մտածեց գնալ Ջաննայի մոտ, որ թեթևաբարո ու բարեսիրտ մի կին էր, որի հետ նա շատ անգամներ էր եղել: Ջաննան ապրում էր երկու փոքր սենյակների մեջ, մի շենքում, որն հեռու էր գտնվում: Երբ հասավ այնտեղ, արդեն ժամը գիշերվա երեքն անց էր: Բարեբախտաբար, ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, մուտքի դուռը կիսաբաց էր: Ապախերը դժվարությամբ բարձրացավ հինգերորդ հարկ: Այլևս ոտքի վրա չէր կարողանում կանգնել:
Հեշտությամբ գտավ դուռը, չնայած թանձր խավար էր տիրում: Կամացուկ թակեց: Ստիպված էր շարունակել թակել, նախքան կյանքի նշաններ կերևային:Հետո քնաթաթախ կնոջ ձայն լսվեց.-Ո՞վ է, ո՞վ է այս ժամին:
-Մենա՞կ ես: Բա՛ց արա…ե՛ս եմ`Տոնին:
-Այս ժամի՞ն,-կրկնեց Ջաննա առանց ոգևորության, բայց իր սովորական, հնազանդ խոնարհությամբ.
-Սպասի՛ր…հիմա կգամ:
Հողթափերի ծույլ քստքստոց, լույսի կոճակի ճտտոց, պտտվող բանալի:
-Այս ժամին ինչու՞ ես եկել:
Ու դուռը բացելով`Ջաննան վազեց իր ննջասենյակը, հյուրին թողնելով դուռը փակելու գործը, քանզի Ապախերի տարօրինակ տեսքը ցնցեց նրան: Քիչ հետո, ապշած նրան էր նայում, ու միայն այդ ժամանակ քնատության մշուշից վեր ելավ սարսափազադու հիշողությունը:
-Բայց դու…բայց դու…բայց դու…
Ոիզում էր ասել “Բայց դու մեռած ես, նոր հիշեցի”: Սակայն քաջություն չունեցավ: Ետ-ետ գնաց` ձեռքերն առաջ պարզելով, նրան վանելու համար, եթե բան է, հանկարծ իրեն մոտենար:
-Բայց դու… բայց դու…
Հետո մի տեսակ ոռնոց արձակեց.
-Դո՜ւրս, դո՜ւրս գնա, ի սե՜ր Աստծո,-աղաչում էր` սարսափից աչքերը չռած: Իսկ Ապախերը.
-Խնդրում եմ, Ջա՛ննա…ուզում էի միայն մի քիչ հանգստանալ:
-Ո՜չ, ո՜չ, դո՜ւրս: Ինչպե՞ս կարող ես նման բան մտածել…ուզում ես, որ խելքս թռցնե՞մ…Դո՜ւրս, դո՜ւրս: Ուզում ես, որ ողջ շենքն արթնանա՞:
Քանի որ Ապախերը հեռանալու նշաններ ցույց չէր տալիս, աղջիկը, առանց աչքերը նրանից հեռացնելու, բուֆետի վրա, իր ետևում, խարխափելով փնտրեց ու մի մկրատ գտավ:
-Գնո՛ւմ եմ, գնո՛ւմ,-ասաց Ապախերը ապակողմնորոշված, բայց կինը, հուսահատի քաջությամբ, արդեն իր ծիծաղելի զենքը սեղմել էր նրա կրծքին. և, երկու սայրերը, դիմադրության չհանդիպելով, մինչև վերջ խրվեցին ուրվականի մեջ:
-Օ՜, Տո՜նի, ների՜ր, ես չէ՜ի ուզում,-ասաց աղջիկը սարսափած:
-Ո՜չ, ո՜չ, խուտո՜ւտ ես տալիս, խնդրում եմ քեզ, խուտո՜ւտ ես տալիս: Ու հիստերիկորեն սկսեց հռհռալ ինչպես մի խելագար: Դրսում, բակի կողմից մի լուսամուտի փեղկ չխկոցով փակվեց: Հետո մի կատաղած ձայն լսվեց.
-Կարելի՞ է իմանալ, թե ինչ է կատարվում: Ժամը գիշերվա գրեթե չո՛րսն է: Խայտառակությո՜ւն է, գրո՛ղը տանի:
Ապախերն արդե փախչում էր քամու արագությամբ:
Էլ ո՞ւմ մոտ փորձեր: Սան Կալիստոյի քահանայի, որ քաղաքի ծայրամասում էր ապրում: Գուցե Դոն Ռայմո՞նդոյի, որ գիմնազիայի իր դասընկերն էր եղել, որ մահվան մահճում բաշխեց նրան կրոնական վերջին գոտեպնդումները:
“Չքվի՛ր, չքվի՛ր ատանայի տեսիլք”,-ահա այսպիսին եղավ արժանապատիվ կրոնավորի ընդունելությունը, երբ տեսավ ջութակահարին:
-Բայց ես Ապախերն եմ, ինձ չե՞ս ճանաչում…Դո՛ն Ռայմոնդո, թույլ տուր պատսպարվեմ քեզ մոտ, քիչ անց ույսը կբացվի: Ինձ ոչ մի շուն չի ուզում տեսնել….ընկերներս հրաժարվեցին ինձ ընդունել: Գոնե դու…
-Չգիտեմ ով ես,-պատասխանեց քահանան թախծոտ ու հանդիսավոր ձայնով: Կարող է, սատանա ես, կամ էլ, զգայություններիս խաբկանքը, ի՞նչ իմանամ: Բայց եթե իսկապես Ապախերն ես, նե՛րս եկ, ահա՛ մահճակալս, մեկնվի՛ր դրա վրա ու հանգստացի՛ր….
-Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, դո՛ն Ռայմոնդո, ես գիտեի, որ …
-Մի՛ մտահոգվիր,-շարունակեց քահանան քաղցրաձայն: Մի՛ մտահոգվիր այն բանի համար, որ ես եպիսկոպոսի աչքին արդեն կասկածելի անձ եմ…Մի՛ մտահոգվիր, աղաչում եմ քեզ, եթե քո ներկայությունն այստեղ կարող է տեղիք տալ լուրջ բարդությունների…մի խոսքով, ուշադրություն մի՛ դարձրու ինձ վրա: Եթե ուղարկվել ես այստեղ ինձ կործանելու համար, ի՛նչ արած, ուրեմն այդպիսին է Աստծու կամքը: …Էս ի՞նչ ես անում: Հեռանո՞ւմ ես:

Ահա ինչու, ուրվականները (եթե որևէ դժբախտ հոգի համառորեն մնում է երկրի վրա) չեն ուզում ապրել մեզ հետ, այլ ապաստանում են լքված տներում, հինավուրց աշտարակների ավերակների մեջ, կորսված մատուռներում, մենակյաց խութերի վրա, որոնք քայքայվում են հետզհետե` անընդհատ իրենց զարնվող ծովի ալիքներից:

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը:
Աղբյուրը՝ Երկու պատմվածք

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic