Monday, March 18, 2013

«Գրական հայերենը», հայատառը և այդ գրողի տարած ԱՄՆ-ն

Վիտալի Գրիգորյան
Մեզանում տարածված արտահայտություն կա «գրական հայերեն», «գրական խոսենք» և այլն… ո՞րն է այդ գրական հայերենը: Յուրաքանչյուր ոք, ով կպատասխանի այս հարցին, կպարզի, որ պատասխանը մյուսի համար կարող է անընդունելի լինել: Հետևաբար, եկեք ընդունենք, որ գրական հայերեն ասվածը հարաբերական է և այն տարբեր կերպ կարող են մեկնաբանել: Այո, ես ուրախ եմ, որ այն կարող են տարբեր կերպ մեկնաբանել:


Չէ՞ որ եթե մի բան ունենում է իր հստակ սահամանումը, միշտ էլ այդպես կմնա՝ որպես քառակուսի, որպես մի անպետք բան և հեշտ մոռացվող:Մարդկանց մի խմբի համար գրական հայերենը այն լեզուն է, որը տարբերվում է ժարգոնից, մյուսների համար այն լեզուն է, որով խոսում են հիմնականում խելացիները, մտավորականները, մեկ ուրիշի համար այն լեզուն է, որով խոսում են ցնդածները կամ, այլ կերպ ասած, «դոձիկները», մեկ ուրիշի համար այն լեզուն է, որով գրված են բանաստեղծությունները, չնայած սա էլ իր հերթին հարաբերական է: Կան բանաստեղծություններ, որոնք գրված են ժարգոնով և այլն: Օրինակները բազմազան կարող են լինել, անթիվ և անհամար: Պետք չէ վախենալ այն բոլոր քննարկումներից և քննադատումներից, որոնք արվում են լեզվի նկատմամբ, քանի որ հենց դրանց շնորհիվ է զարգանում լեզուն: Ես չեմ ընդունում այն միտքը, թե լեզուն ինչպես կա, այնպես էլ կմնա: Եվ չեմ բացառում, որ վաղը գրական հայերեն ասվածը կարող է լինել այսօրվա ժարգոնը կամ« latinatar grely»: Այն լեզուն, որը բազմազան է և իր մեջ պարունակում է բոլոր հնարավոր օգտակար հանածոները, որոնք անհրաժեշտ են խոսելու և ասածը մի քանի ձևով մեկնաբանելու համար, ապա կարող եմ վստահ ասել, որ այդ լեզուն չի մեռնի, և նրանով խոսողների թիվը կավելանա: Չնայած, ինչպես Անտաշյանն է ասում, գրական լեզվաշերտն «update» անելու գործում կարևոր է չափի զգացումն ու զուտ գրողական ինտուիցիան, որովհետև վերջիվերջո ցանկացած լեզվաշերտ վաղեմության ժամկետ ունի: Այո, պետք է զգույշ վերաբերվել լեզվին, եթե անզգույշ լինենք ապա հեշտությամբ կարող ենք կորցնել և միանալ այլ լեզուներին, բայց պետք էլ չէ վախենալ ու նրան պաշտպանել այնպես, ինչպես խանդոտ ծնողն իր երեխային է «պաշտպանում» մեծանալուց: Լեզվի զարգացման գործում կարևոր դեր ունի այդ լեզվով խոսող հասարակության գիտակցական մակարդակը: Եվ հասարակությունը պետք է պաշտպանի իր լեզուն և զարգացնի այն, այլ ոչ թե որոշ հաստագլուխ չինովնիկներ մի քանի ամերիկյան դոլարների օգնությամբ:

Հասարակության մասն եմ կազմում նաև ես և հայերենը պաշտապնելու և այն զարգացնելու գործում իմ համեստ ներդրումն եմ անում այդ գործում՝ հայատառ գրելով: Չնայած շատ տխուր վիճակում է համացանցում հայատառ գրողների քանակը, սակայն վերջին տարիներին աճ է գրանցվել, սա փաստում է այն, որ հասարակությունը սկսել է գիտակցել մեր առջև ծառացած խնդրի լրջությունը: Բացի այդ նաև հարմարության խնդիր է: Ինչ կլիներ ձեր վիճակը, եթե ես այսքան տեքստը լատինատառ գրեի: Այդ մասին խոսելն անգամ ավելորդ է:

Կա նաև այսպիսի վատ տեսակետ և անլուրջ ցանկություն՝ ի՜նչ լավ կլիներ, որ բոլորը մեկ լեզվով խոսեին: Այստեղ կանգ ( ստոպ բառը չօգտագործեցի, սա ևս լեզուն պաշտապնելու ջանք է ): Սա մեկ մարդու կամ երկու մարդու ցանկություն չէ: Սա ԱՄՆ-ի ցանկությունն է, որը մենք անգիտակցաբար իրականցնում ենք: Ո՞ր երկրի լեզուն է հիմա ամբողջ աշխարհը սովորում, ո՞ր երկրի մշակույթն են ամենաշատը ուսումնասիրում և ո՞ր երկիրը մեծ կշիռ ունի միջազգային հարաբերություններում: Իհարկե պատասխանը միանշանակ է՝ ԱՄՆ-ն: Սրանում նաև մեղավոր ենք մենք: Միացյալ նահանգները ցունամիի պես քշում տանում է մյուս լեզունե՞րը, չեմ կարծում: Բայց ինչու՞ անգլերենը: Ոչ, որովհետև Ամերիկան է ստիպում, այլ որովհետև աշխարհն է ձգտում դրան: Երբ դու անգլերեն գիտես, դու կարող ես ունենալ լավ աշխատանք, քո սեղանին դրված կլինի լավ ուտելիք և կկարողանաս վճարել երեխաներիդ ուսման վարձը: Էլ ի՞նչ է պետք լավ ապրելու համար, եթե ոչ անգլերենը: Ահա ամբողջ չարիքը: Եվ վերջում մենք կանգնում ենք երկընտրանքի առջև՝ հայոց լեզվի՞ն լավ տիրապետել, թե՞ անգլերենին:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic