Tuesday, October 29, 2013

Կյանք...

Ներկայացնում է Սոնա Գրիգորյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կյանք բառը շատ իմաստներ ունի, շատ փոխհարաբերություններ, շատ համեմատություններ, և տարեցտարի յուրաքանչյուրիս համար այդ բառը ավելի մանրամասնանում է ու բացատրվում: Մեր կյանքը կազմված է ժամանակից, ինչպես անցկացնենք այդ ժամանակը, այդպես էլ կանցնի մեր կյանքը։ Կյանքը պայքար է ոչ թե թշնամիների դեմ, այլ ինքդ քո, որպեսզի հանկարծ ինքդ քեզ չխորտակես ճահճի մեջ և օգնություն խնդրես դատարկ օդից, որի մեջ չկա ոչ մի շունչ...
Համեմատությունների շարան և փոխաբերություններ, որոնք հազարավոր խատուտիկներից յուրաքանչյուրին դարձնում են մեկ մարդու կյանք, և քամու ուժեղ հարվածից դառնում ընդամենը մի սովորական կանաչ խոտ: Անցյալ, ներկա և ապագա։ Եվ ամբողջ կյանքի ընթացքում մենք հիշում ենք մեր անցյալը, վերլուծում ներկան, և երբեմն էլ ամբողջ ներկային հատկացված ժամանակը տրամադրում ապագան կանխագուշակելով։
Հասկացել եմ, որ ապագան ու միտքս իրար հետ միշտ կռվում են, մարմինս շպրտում են ներկայում եղած մի աթոռի վրա ու ինձ թողնում հեռանում են, խորանում կռվի մեջ, ու մոռանում, որ ներկայում կար մի աթոռ ու աթոռի վրա մի մարմին, իսկ էդ մարմինը անշարժ իրենց է սպասում...
Յուրաքանչյուրս ունենք կյանքի իմաստ, ժամանակի ընթացքում մենք բոլորս էլ գտնում ենք այն, և ընդհանրապես պարտադիր չէ, որ այն անպայման լինի թանկարժեք մի բան։ Մեկի կյանքի իմաստը մեկ անձ է, մյուսինը իր ընտանիքը, մեկ այլ ուրիշինը փողը, իսկ մյուսինն էլ կարող է լինել ընդհամենը մի ծառի ճյուղ, վարդի թերթիկ, մի կոնֆետի թուղթ և այլն․․․
Երբ սկսում եմ շատ խոսել այս բառի մասին, ներսումս շտապողականություն է առաջանում, այն անտանելի շտապողականությունը, երբ վախենում եմ իզուր տեղը կորցնել ամեն մի վայրկյանս։ Ժամանակը վազում է, և հենց այդ ժամանակն էլ մեզ միշտ շտապեցնում է, հենց այդ ժամանակն է, որ մեզ երբեմն մոտեցնում է ցանկացած հայելու մոտ և ստիպում ծիծաղել ինքներս մեզ վրա, ծիծաղել նույնիսկ մեր ծիծաղի վրա, երբեմն էլ զգացնել տալիս մայրամուտի գեղեցկությունը, միաժամանակ նրա նողկալիությունը, երբ տեսնում ենք այն նույն ժամանակը, որը մեզ լքել և արդեն խտացել էր արևի մեջ ու նրան կարմրացրել․․․
Մարդիկ ծնվում են, սնվում և խմում, սովորում կամ դառնում ավելի հիմար, արթնանում և մահանում, կամ քնում, բայց հավերժ: Անիմաստ մի շղթա, որի ավարտը դատարկություն է, իսկ սկիզբը նոր ծնունդ դեպի մահ...


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic