Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց. - Դե, ո՞նց է քեզ համար այստեղ: - Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ: - Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց. - Դե, իսկ հիմա ո՞նց է: - Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ: Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ Աստված հայտնվում է մարդուն և հարցնում. - Դե, հիմա լա՞վ է: - Իսկ հիմա վերևից անձրև է տեղում: Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի: Հետո դարձյալ հայտնվեց նրան: - Դե, իսկ հիմա ո՞նց է: - Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է: Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորիցնոր բողոքում է. - Ինքս քաղցած նստած եմ, և կնոջս էլ տալու բան չունեմ: Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է. - Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի: Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:
Կնոջ արարումը
Մի անգամ կինը վիճեց սատանայի հետ: Այդժմ Աստված ուղարկեց սուրբ Պետրոսին` վեճը հանդարտեցնելու: Իսկ սուրբը կտրեց նրանց երկուսի գլուխներն ու վերադարձավ: Աստված նրան հարցնում է. - Դու ի՞նչ արեցիր, Պետրոս: - Քանի որ նրանք չկամեցան հաշտվել, դե, ես էլ նրանց գլուխները կտրեցի: Աստված նրան ասում է. - Ես քեզ չեմ հրամայել դա անել, գնա և նրանց գլուխները տեղը դիր: Սուրբ Պետրոսը գնաց գլուխներն իրենց տեղերը դնելու և սատանային դրեց կնոջ գլուխը, իսկ կնոջը` սատանայի գլուխը: Ահա թե ինչու կանայք ադքան չարաբաստիկ գլուխներ ունեն:
Արևն ու լուսինը
Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակն, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց: Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:
Քամին
Ասում են, հնում քամին շրջում էր երկրի երեսին մարդու կերպարանքով: Մի անգամ նրան պատահեց մի կին: Նա գլխի վրա ցախով լիքը տոպրակ էր տանում: Փչեց չարաճճին ու ողջ ցախը շաղ տվեց ճանապարհի վրա: Կինը հարձակվեց նրա վրա, սկսեց նզովքներ լցնել նրա գլխին: Այդժամ քամին բողոքեց Աստծուն կնոջից: Իսկ նա ասաց. - Տեղն է քեզ, սրանից հետո կփչես այնպես, որ քեզ չտեսնեն:
Ռուսերենից թարգմանեց՝ Վարդան Ֆերեշեթյանը
Աղբյուրը՝ Պոտրուգալական լեգենդներ և առակներ
0 comments:
Post a Comment