Thursday, October 31, 2013

Չունևորների համար և չունևորների հաշվին հորինված բիզնես

Սուրեն Պարսյան, տնտեսագետ, իրավաբան, 
ՀՊՏՀ  միկրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ

Ձեր ծանոթներից ստացած կլինեք  <<համագործակցության>> առաջարկ կամ լսած կլինեք արագ ու շատ փող աշխատելու հնարավորության մասին, որի համար պետք է ընդամենը 500-1000 ԱՄՆ դոլարի չափով ապրանք կամ ծառայություն ձեռք բերել միջազգային բիզնեսի մասը դառնալու համար: Առաջին անգամ այդ <<բիզնես>> համակարգի մասին լսել էի տարիներ առաջ,
երբ իմ բարեկամին առաջարկել էին ձեռք բերել 600 ԱՄՆ դոլարով շվեյցարական ժամացույց  սեփական օգտագործման կամ վերավաճառելու նպատակով: Իր պատմածից ելնելով, իր հնարավորությունները իմանալով՝ խորհուրդ տվեցի հեռու մնալ այս <<բիզնեսից>>: Մի քանի օր առաջ իմ ծանոթներից մեկը (ում երկար ժամանակ չէի տեսել, իր մասին չէի լսելառաջարկեց համագործակցել <<բիզնես պլանի>> մշակման հարցում, բայց պարզվեց բախտ է վիճակվել անմիջականորեն ծանոթանալ այսպես կոչված <<ցանցային մարքետինգի>> հետ: Պետք է շնորհակալություն հայտնեմ, իրոք, շատ հետաքրքիր և անհրաժեշտ տեղեկություն ստացա:


Ինչպես արդեն նշել եմ, այս համակարգ մտնելու, <<ներկայացուցիչ>>  դառնալու համար պետք էսեփական օգտագործման կամ վերավաճառքի համար ձեռք բերել նվազագույնը 500-1000 ԱՄՆ դոլարի չափով տվյալ կազմակերպության ապրանքներից կամ ծառայություններից(այսուհետ՝ Ապրանք), դրանք կարող են լինել՝ զարդեր, ժամացույց, դեղորայք, սննդային հավելումներ, սարքավորումներ, ուղեգրեր, ուսուցում և այլն: Թե ինչքանով է այդ միջազգային կազմակերպության Ապրանքը համապատասխանում այդ գնին դժվարանում եմ ասել, հատկապես՝ երբ <<եվրոպական ապրանք>> վաճառողի գլխամասային կենտրոնը գտնվում է ասիական երկրներից մեկում: Ապրանքի որակի հարցին ապրանքագետները ավելի ճշգրիտ կարող են պատասխանել:
 Ենթադրենք այդ Ապրանքը ձեռք ես բերում վերավաճառքի համար, մեծ  խնդիր է առաջանում՝ դու կարո՞ղ ես արդյոք ոչ վստահելի ծագումով, թանկարժեք Ապրանքը վաճառել Հայաստանում, երբ աղքատությունը պաշտոնական տվյալներով կազմում է 35 տոկոս: Կարծում եմ՝ կհամաձայնվեք նաև՝ գնողունակ, ունևոր սպառողները այդպիսի թանկարժեք Ապրանքները ձեռք կբերեն միայն բրենդային խանութներից՝ բացառելով կեղծիքը, և ոչ <<ձեռի վրից>>: Ի դեպ ապրանքի գնումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով, Հայաստան առաքումից հետո Ապրանքի արժեքի 32 տոկոսի չափով պետք է մաքսավճար և ԱԱՀ վճարել, արդյունքում՝ քո ձեռք բերած Ապրանքի արժեքը 32 տոկոսով ավելանում է(Օրինակ`  600$ (Ապրանքը)+600$*32% =792$):
2-րդ տարբերակը՝ Ապրանքը ձեռք ես բերում սեփական օգտագործման նպատակով: Արդյո՞ք բիզնես սկսողը իրեն կարող է թույլ տալ անձնական կարիքների համար ձեռք բերել թանկարժեք ապրանքը, արդյո՞ք դրա կարիքն ունի, և դա տրամաբանակա՞ն է… Միանշանակ ոչ, բայց պարզվում է, որ այդ Ապրանքը ձեռք բերելով՝ Դուք կդառնանք <<ներկայացուցիչ>> , Ձեր առջև կբացվի փող աշխատելու լավ հնարավորություններ, իսկ այդ հնարավորությունը կայանում է նրանում, որ կարողանաք Ձեր նման, նույն ակնկալիքներով մարդկանց դարձնեք <<ներկայացուցիչ>>, այսինքն՝ իրենք իրենց հերթին պետք Ապրանք ձեռք բերեն և իրենց ներդրումը ունենան: Ձեր գումար վաստակելը կախված է լինում Ձեր կողմից համակարգ բերված անձանց թվով և նրանց ներդրած գումարների չափով: <<Ներկայացուցիչներ>> հավաքագրելու համար Դուք հնարավորություն կունենանք (հիմնականում վճարովի) դասընթացներ անցնել, մասնակցել միջազգային հավաքների և այլն: Ոչ տնտեսագետի կամ քիչ տեղեկացված անձի համար կարող է համոզիչ և տպավորիչ թվալ <<ցանցային մարքետինգ>>, <<էլեկտրոնային առևտուր>>, <<ժամանակային և գումարային լոմեր>>, <<բիզնես պլան>>, միջազգային կազմակերպությունների անվանումներ և այլ անծանոթ բառերը, սակայն այս համակարգի, ինչպես նաև ցանկացած ֆինանսական համակարգի հիմքում ընկած է անձնական ագահությունը, երբ համակարգի կայունությունը, քո փող աշխատելու հնարավորությունը պայմանավորված է <<նոր ներկայացուցիչների>> մուտքով: Սա նման է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգին, որը 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անկում ապրեց, քանի որ պարտքը պարտքով փակելով ձևավորված ֆինանսական բուրգը <<նոր>> գումարներ չհոսելու դեպքում ուղղակի փլուզվում է:
Մտահոգիչ է հանդիսանում այն փաստը, որ այս <<ցանցային մարքետինգ>> համակարգի մեջ հաճախ ներգրավվում են երիտասարդները իրենց արագ ու շատ հարստանալու մոլուցքով: Երիտասարդներից շատերը, հարազատներից ու ծանոթներից պարտք անելով իրենց համար պատկառելի գումար(500-1000ԱՄՆ դոլար և ավելի), մտնում են <<խաղի մեջ>>, այնուհետև՝ փորձում իրենց շրջապատի անձանց ներգրավվել այս համակարգ, հակառակ դեպքում՝ իրենց ներդրած գումարը անտեղի կլինի, կկորի: 

Սա 21-րդ դարի բիզնես է, չունևորների համար և չունևորների հաշվին հորինված բիզնես….


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic