Saturday, April 20, 2013

Դատաստանատունը

Օսքար Ուայլդ
Թարգմանությունը՝ Միսաք Մեծարենցի


Լռություն տիրեց Դատաստանատան մեջ, և Մարդը՝ մերկ՝ երևցավ Աստուծո առջև:
Եվ Աստված բացավ Մարդուն Կյանքին Գիրքը:
Աստված ըսավ Մարդուն.- Դուն գեշ կյանք մը ունեցար, անգութ գտնվեցար անոնց հանդեպ, որ օգնության կը կարոտեին, և անոնց, որ օժանդակության պետք ունեին. դաժան ու կարծրասիրտ եղար: Աղքատները քեզի կը դիմեին, ու դուն չէիր լսեր, և ականջներդ գոց կը մնային Իմ վշտահարուս աղաղակին: Որբերուն ժառանգությունը յուրացուցիր ու դրացինիդ այգիներուն մեջ աղվեսներ արձակեցիր: Մանուկներուն հացը առիր և շուներուն կերցուցիր. ու պողոտաներուն վրա ետևեն ինկար իմ բորոտներուս՝ որ ճահիճներու մեջ կ'ապրեին և որոնք հանգստավետ՝ զիս կը գովեին. և Իմ երկրիս վրա՝ ուրկե շինվեցար՝ շատ մը խողխողանքներ ըրիր:
Ու Մարդը պատասխանեց.- Ըրի՛ այդ ամենը:
Աստված բացավ կրկին Մարդուն Կյանքին Գիրքը:
Եվ ըսավ Աստված Մարդուն.- Դուն գեշ կյանք մը վարեցիր ու փնտռտկեցիր Գեղեցկությունը՝ զոր աչքիդ առջև դրի. ու չկրցար պահել Բարին՝ զոր ծածկեցի: Սենյակիդ պատերը պատկերներով նկարեցիր ու սիրնգներու ձայնով ելար պղծության անկողինեդ: Յոթը սեղաններ կանգնեցրիր այն մեղքերուն՝ որոնց համար մեռա, ու կերար բաներ՝ զոր ուտելու չէիր, և հանդերձանքիդ ծիրանին ամոթի երեք նշաններովը բանված էր: Կուռքերդ ո՛չ ոսկի էին, ո՛չ ալ արծաթ՝ որոնք կը տևեն, այլ միսե՝ որ կը մեռնի: Անոնց վարսքը անուշույքով կ'օծեիր ու նուռեր կը դնեիր անոնց ձեռքերուն մեջ: Անոնց ոտքերը քրքումով կը լվայիր ու գորգերդ կը փռեիր անոնց առաջին: Անոնց թարթիչները ծարիրով կը ներկեիր ու զմուռսով կը ծեփեիր անոնց մարմինները: Անոնց առաջին կը ծնրադրեիր ու կուռքերուդ գահերը արևին տակ կը բարձրանային: Արևին ամոթ՝ և լուսինին շամբշանք ցուցուցիր:
Մարդը պատսխանեց.- Ըրի՛ այդ ամենը:
Երրորդ անգամ մըն ալ Աստված բացավ Մարդուն Կյանքին Գիրքը:
Եվ Աստված ըսավ Մարդուն.- Կյանքդ չարիք եղավ: Բարիին չարիք ըրիր ու վնաս հասցուցիր քեզի բարիք ընողներուն: Վիրավորեցիր ձեռքերը՝ որ քեզ սնուցին և անգոսնեցիր ստինքները՝ որ քեզի կաթ տվին: Քեզի ջուրով եկողը ծարավ ետ դարձավ և արշալույսեն առաջ մատնեցիր քեզ իրենց վրաններուն մեջ պահող տարագիրները: Որոգայթի մեջ ձգեցիր թշնամիդ՝ որ քեզ խնայեց, ու դրամով ծախեցիր քայլակից բարեկամդ ու քեզի Սեր բերողներուն փոխարեն Զեղխություն տվիր:
Մարդը պատասխանեց.- Ըրի՛ այդ ամենը:
Աստված գոցեց Մարդուն Կյանքին Գիրքը և ըսավ.- Վստահա՛բար քեզ Դժոխք պիտի խրկեմ. Դժոխք խրկել կ'ուզեմ քեզ:
Մարդը պոռաց,- Չե՜ս կրնար:
Աստված ըսավ Մարդուն.- Ինչո՞ւ համար և ի՞նչ պատճառով չեմ կրնար եղեր քեզ Դժոխք խրկել:
- Որովհետև Դժոխքի մեջ անցուցի կյանքս, պատասխանեց Մարդը:
Ու լռությունը տիրեց Դատաստանատան մեջ:
Վայրկյան մը հետո Աստված խոսեցավ ու ըսավ Մարդուն.- Քանի որ քեզ Դժոխք չեմ կրնար խրկել, ապահովաբար քեզ Երկինք պիտի խրկեմ. Երկի՛նք խրկել կ'ուզեմ քեզ:
Մարդը պոռաց.- Չե՜ս կրնար:
Եվ ըսավ Աստված Մարդուն.- Ինչո՞ւ համար և ի՞նչ պատճառով չեմ կրնար քեզ Երկինք խրկել:
- Քանզի երբեք և ոչ ուրեք կարող եղած եմ Երկինքը երևակայելու, պատասխան տվավ Մարդը:
Ու լռությունը տիրեց Դատաստանատան մեջ:

Թարգմանությունը՝ բնագրից


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic