Monday, April 22, 2013

Ապրիլի 23: Գլոբալ օրակարգն ու ազգային տեսլականը

Բազում դրական որակներ ձեռք բերելուն զուգահեռ, Դաշնակցության շարքերն անցնելու արդյունքում, ես վերջապես ձերբազատվեցի ապրիլի 24-ի ծանր ժառանգությունից

***

Լավ կրթության դեպքում, վիճակարգությունը փաստում է բարձր վարձատրվող աշխատանք գտնելու մեծ հավանականության մասին: Այդպիսի աշխատանքի դեպքում ինքնաբավ տնտեսական կարգավիճակն առավել հավանական է: Այն կարող է իր հերթին ապահովել առանձնատուն ձեռքբերելու և երեխաներին առողջությունից մինչև լավ կրթություն երաշխավորելն ու հնարավորությունների նշված շղթան վերարտադրելը պատմական նոր շրջափուլում: Նման տրամաբանությամբ է գործում նաև զրկանքների շրջափուլը, միայն թե ապրանքից փող, ապա և փողից կապիտալի անցման փոխարեն, այս դեպքում հնարավոր են այլ դրևորումներ` արտագաղթից մինչև ահաբեկչություն:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Նացիստական Գերմանիայի կողմից Ռուսաստանի զավթված տարածքներում հրեաների բնաջնջումները ըստ հետազոտությունների բացասական տնտեսական և քաղաքական ազդեցություն են ունեցել այդ երկրի վրա[1]: Այն քաղաքները կամ շրջանները, որտեղ բնաջնջումները առավել ինտենսիվ բնույթ են կրել, ամենաքիչ տնտեսական աճն են արձանագրել և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, ինչպես նաև միջին աշխատավարձով հայտնվել են վերջին տեղերում: Ավելին, Սովետական Միության փլուզումից հետո այդ քաղաքներում ու շրջաներում կոմունիստ թեկնածուները առավել մեծ թվով ձայներ են ապահովել: Հեղինակների պնդմամբ սա սոցիալական կառուցվածքի խարխլման արդյունք է: Բացի այդ, ինչպես պնդում են հետազոտողները, պատերազմից առաջ հիմնականում միջին խավին հատուկ աշխատանքներում զբաղված ռուսական հրեաների բնաջնջման արդյունքում Ռուսաստանի նշված հատվածներում այդ խավի անհամեմատ փոքր թիվը ևս չի ապահովում սոցիալական ինքնաբավ կառուցվածքի ճարտարապետություն` հանգեցնելով հետընթաց զարգացումների:

Փաստորեն, բնաջնջումները մարդկային տվյալ ճակատագրի ու այդ աշխարահագրական տարածքի և տնտեսության համար անդառնալի ու ծայրահեղ բացասական տնտեսական ու քաղաքական հետևանքներ են առաջացնում:

Հավանաբար ժամանակն է Հայկական Ցեղասպանությունը դիտարկել այս տեսանկյունից: 21-րդ դարի գլոբալ անվտանգության ու հակամարտությունների կանխարգելման տեսանկյունից այս օրակարգն առավել կարևոր է: Այն նաև կարևոր է հակամարտությունների հանգուցալուծման փոխադարձ օգտակարության ու պատասխանատվության, ինչպես նաև Հայ Դատի արժեբանական վերաձևակերպման հրատապությունից:

Ակնհայտ է, որ հնարավոր չէ երկարարտև պայքարի մեջ միավորել մարդկանց, նրանց տրամադրելով բացասական հավաքական տեսլական, ինչպիսին է Ցեղասպանության ճանաչման օրակարգը: Հանուն ու՞մ և ինչի՞: Այս հարցերին պատասխանած չլինելով հայերս կանգնած ենք մի վտնագի առաջ, երբ Հայ Դատը միջոցից կարող է վերածել նպատակային հայեցակարգի` լավագույն դեպքում մեզ թողնելով առանց ազգային գաղափարախոսության, եթե Թուրքիան և աշխարհը ճանաչեն փաստը կամ էլ դատապարտելով իռացիոնալ-հուզական պայքարի: Այսպիսի իրավիճակում օրակարգից օտարումը կարող է ավելի մեծ թափ ստանալ, իսկ գլոբալացող աշխարհում առավել շարժունակ հային դրդելով էլ ավելի արագ օտրավել հայկական ինքնությունից: Մինչդեռ Հայ Դատի նպատակայինից միջոցահենք օրակարգի փոխակերպումն ու դրա հստակ ձևակերպումն ակադեմիական, փորձագիտական ու քաղաքական մակարդակներում կարող է Հայաստանին դարձնել տարածաշրջանի անվտանգության երաշխավորողներից մեկը, իսկ հայերին շարժել ինքնության վերականգնման ուղղությամբ:

Մոտ 100 տարի առաջ տեղ գտած ոճրագործությունը երկու հարթության վրա խորքային ու պայթունավտնագ հետևանքներ է առաջացրել, որոնք մինչ օրս ազդում են տարածաշրջանի կոնֆլիկտածին գործընթացների վրա: Հետևաբար, եթե ուզում ենք խոսել հակամարտությունների հանգուցալուծման մասին, ապա պետք է վերականգնենք սոցիալական վնասված ցանցային կառուվածքները, որոնք էլ կարող են վերացնել տնտեսական ու քաղաքական բացասարկան հետևանքները:

Դիտրակելով ժամանակակից Թուրքիայի անկայուն քաղաքական վիճակն ու ոչ համաչափ տնտեսական զարգացումը, պարզ է դառնում մեկ բան. Ռուսաստանի նմանությամբ ժամանակին արմատախիլ արված սոցիալական կառուցվածքներն ու դրանց կրող անհատներին այդ երկրի որոշ հատվածներ դատապարտված են հարաբերական զրկվածության (relative deprivation): Տարօրինակ չէ, որ այդ հատվածները մեծամասամբ համընկնում եմ Արևմտյան Հայաստանի տարածքների հետ: Տնտեսական զրկվածության փակ շրջանը կամ զրկանքների շրջափուլը հնարավորություններին հակադրվող տրամաբանությամբ ծնում է ավելի քիչ տնտեսական միջոցներ և ապակայունացման առավել մեծ ռիսկ: Թուրքիան 80-ականներից ի վեր ներպետական կոնֆլիկտների թատերաբեմ է դարձել: Քրդական զինյալների պայքարը սպառնում է էլ ավելի աղքատացնել երկրի արևելյան տարածաշրջանները և խարխլել Թուրքիայի պետականության հիմքերը: Սա ստիպելու է Թուրքիային էլ ավելի ագրեսիվ ու հարձակողական քաղաքականություն դրսևորել` մերկացնելով առանց այդ էլ բաց ու տեսանելի աքիլլեսյան գարշապարը: Տարօրինակ չէ, որ Թուրքիան «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսի ներքո սեփական երկրի անվտանգության համար ստիպված է ներգրավվել ծավալապաշտական ավանտյուրաներում` վերջնականապես սպառելով առանց այն էլ սահմանափակ վստահության պաշարները: Այս պայմաններում նման պետությունը տարածաշրջանային անվտանգության ու խախաղության օրակարգում դերակատարություն ունենալ չի կարող: Սակայն, այս տարածաշրջանում կայունության երաշխավորողները հույժ անհրաժեշտ են: Հետևաբար, հայերը կարող են Հայ Դատի օրակարգը վերածել ահաբեկչության դեմ պայքարի ու տարածաշրջանային կայունության ապահովման գործում առանցքային դերակատարություն ունեցող հայեցակարգի:

Հայ Դատի հայեցակարգի ներքո կարելի է հիմնավորել քաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու նպատակադրումը, պնդելով որ այդպիսով կարելի է տարածաշրջանում նպաստել ժողովրդավարացմանն ու լիբերալիզացմանը: Հայ Դատը մարդու իրավունքի ու տնտեսական կայուն զարգացման երաշխավոր կարգելով, հայերը ստանձնում են «պաշտպանելու պատասխանատվություն» (responsibility to protect) ունեցողի հայեցակետ ու այդպիսով հավակնում են դառնալ տարածաշրջանի Արևմտամետ վստահելի գործընկեր ուժ հանդիսացող Իսրայելի, փոխլրացնող, Ռուսամետ ու վստահելի գործընկեր հանդիսացող հակակշիռը: Հայ Դատի օրակարգը մեզ ծառայելուց զատ և առավել պիտի ծառայի մարդկությանն ու սպասարկի գլոբալացող աշխարհի տասրածաշրջանային շահերը:

Միայն այս մեծ համատեքստում է, որ հայերը կարող են Հայ Դատի օրակարգը ծառայեցնել նաև փոխհատուցման նպատակին, ինչը թեև զուգահեռաբար պետք է ընթանա առաջինի հետ, բայցևայանպես պետք է ածանցված ու հետևաբար, ստորադասված լինի առաջնային նպատակին` ծառայությանը գլոբալ խախաղությանը, տարածաշրջանային անվտնագությանն ու կայուն զարգացմանը:

Երկորդային նպատակի շրջանակներում, կարծում եմ, հնարավոր է հաշվարկել այն տնտեսական կորուստները, որոնք հետևանք են արմատախիլ արված սոցիալական ցանցերի, բնաջնջված մարդկանց քանակի ու նրանց բացասական վերարտադրման գործակցի, գլոբալ տնտեսության կապիտալիզացիայի ընթացքում հայերին այդ պատմական փուլում թատերաբեմից հեռացնելու արդյունքում անդարձելի ռեսուրսային ու գումարային կորուստների և այլն: Կարելի է մեծ վստահությամբ ենթադրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության ինքնաբավության ցածր մակարդակն ու արտագաղթը նաև ունեն պատմական արմատներ և սերտորեն կապված են հայրենազրկման հետ: Իսկ որպեսզի Հայաստանը կարողանա այս տարածաշրջանում ստանձնել պահանջված հավասարակշռողի դերը, ապա Հայ Դատի ռազմավարական հաստատմանը զուգահեռ պետք է հետամուտ լինել մարտավարական նպատակներին` հայրենազրկման արդյունքում կրած նյութական և կապիտալի կորուստների հատուցմանը:

Հարկավոր է վերանայել պատմության իմաստավորման տեսանկյունն ու բառարանը, Հայ Դատը դարձնելով աղքատության հաղթահարման ու մարդու իրավունքների վերականգնման գլոբալ հայեցակարգ: Այն միայն հայերիս սեփականությունը չէ, այլ պատկանում է աշխարհին և սպասարկում է «պաշտպանելու պատասխանատվության» միջազգային եզրույթը: Վերջապես, նման վերաձևակերպումը կարող է դառնալ հայության վերամիավորման ու վերաիմաստավորման այն դրական հարթակը, որից կծնվի նաև 21-րդ դարին համարժեք ու մրցունակ ազգային իդեան, որը մեզ կվերադարձնի իրական կյանք ու թույլ կտա նվաճել «ժամանակակցի» տիտղոսը, ինչը հայերը կորցրել են 8-րդ դարից ի վեր:

Լացելու ու հայի բախտը ողբալու փոխարեն ժամանակն է ստանձնել գլոբալ հավաքականությանն արժանի պատասխանատվություն ու շարժվել առաջ: Մենք ենք մեր ճակատագրի տերը, բայց եթե գիտակցենք մարդկության առջև որոշակի պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը:


[1] Acemoglu, D., Hassan, T. A., & Robinson, J. A. (2011). Social Structure and Development: A Legacy of the Holocaust in Russia*. Quarterly Journal Of Economics, 126(2), 895-946.

Հեղինակ՝ Նվարդ Մանասյան, կրթության փորձագետ:
Աղբյուրը՝ Ապրիլ 23

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic