Thursday, April 4, 2013

Արձա՞կ Անտաշյան, թե՞ չափածո

Բարև, Անտաշյան: Ուզում եմ անդրադառնալ Ձեր գրականությանը: Կանդրադառնամ, բայց սկզբում ասեմ, որ վերջերս էնքան եմ կարդացել Ձեր գրածները, որ թվում է, թե ոչ թե պատրաստվում եմ Ձեզ հետ հանդիպման, այլ տասնյակ անգամ հանդիպել եմ:
Լավ, սկսե՞նք հայտնի Անտաշատից: Սկսեցինք:
Ես էդտեղ էի, Ձեր քաղաքում, էնտեղ տանող միակ ճանապարհ-հրավերի օգնությամբ (էն որ 2009-ին լույս տեսավ ու էն որ «Անտաշատ» են ասում): Երևի զերծ մնամ մեկնաբանություններից, որովհետև կարծում եմ՝ ժամանակակից գրողներին քննադատելը վատ է: Մի բառով կասեմ՝ չսիրեցի: Կամ մի գուցե չհասկացա՞: Չի բացառվում ու անգամ հավանական է: Մի քանի տարի հետո էլի կգամ Ձեր քաղաք ու արդեն զերծ չեմ մնա մեկնաբանություններից: Հիմա մտածում եմ, որ չհասկանալու, չընկալելու հավանականությունը մեծ է: 

Ու էդպես Անտաշյանին չհասկացած հիմա էլ եկա Ձեր բլոգ: Էլ «Պոեզիա» բաժինը չգրավեց, չկարդացի: Փոխարենը բացեցի «Արձակ» բաժինը: Կարդացի, հետո մտածեցի, թե արդյո՞ք էս նույն Անտաշյանն է, որ ինձ համար էդքան անհասկանալի էր ու վատը: Չէ, արձակից բողոքել չի ստացվի, ախր հավանում եմ: Եթե արձակ գործեր չունենայիք, ես կկարդայի չափածոյի վերնագրերը միայն, դրանք իրոք գրավում են, հետաքրքիր են ու անսպասելի: Բայց լավ է՝ չհանգավորած գործեր էլ ունեք: Էդ չհանգավորածը հավանում եմ, մանավանդ «Սերը Ծիրանի ժամանակ»-ը, «Վերաբերյալ»-ը, «Հեքիաթ կանաչ ոգիների մասին»-ը, «Ոճի հումանիզմը», «Երթուղային Թրաֆիքինգ»-ը, «Անվերջանալի նամակ որդուցս»-ը: Ամենաշատը երևի «Վերաբերյալը» տպավորվեց: Մանավանդ՝ «…այնպիսի կապվածություն եմ զգում իր հանդեպ, այնպիսի խորը կապվածություն, որ նրան գրկելու ու կրծքիս ամուր սեղմելու կարիք եմ զգում, հասկանում եմ Բուդդային, Քրիստոսին, փափուկ սեր հորդացող մնացած պինդ տղերքին, բայց չեմ գրկում, սիրո խոստովանություն էլ չեմ անում, ոչինչ չեմ անում – միայն վերանայում եմ մեկնակետս և շարունակում ճանապարհս` քթիս տակ ժպտալով անհասցե և շնորհակալ» հատվածը: Հիմա կասեն՝ վերլուծիր: Ի՞նչը վերլուծեմ, վերլուծած է, էլի:
«Ասույթներ դպրոցական ծրագրի համար»-ն էլ լավն է, 3-րդ թողարկմանն եմ սպասում:
Ասացի՝ Ձեր գրած չափածոյից ինձ միայն վերնագրերն են դուր գալիս ու մոռացա միակ բացառության մասին. «Պապենական գլխացավ»: Փորձեցի ամենալավ տողերը առանձնացնել, չստացվեց, շատ կան: Որոշեցի  ուղղակի ասել, որ էդ բանաստեղծության մեջ ինքնահեգնումը հավանում եմ: Նույն ինքնահեգնումը, որ կար արձակի դեպքում: Արձակում նաև դրա հետ խառնված հումորը: Հենց հումորը խառնվեց, մի քիչ ինքնահեգնեցիք, ուրեմն լրացրիք առաջացած դատարկությունը: Դրա միջոցով շատ մարդկանց հավաքական կերպար ստեղծվեց, հետևաբար՝ շատ կարդացվեց տվյալ գործը: Օրինակ «Սերը Ծիրանի ժամանակ»-ի Ծյուշի ու Բիբիի կերպարը մեր շրջակայքում ապրող շա՜տ-շատերի կերպարից դետալներ է պարունակում իր մեջ, ու ինչքան էլ ստեղծագործության գաղափարը այլ լինի՝ ավելի բարձր ու խորը, միևնույն է, մարդիկ կկարդան հենց Ծյուշի ու Բիբիի համար, որովհետև էնտեղ իրենցից մի մաս կա:
Օ՜ բառապաշար ու գրելաոճ: Մոռացա դրան անդրադառնալ: Էն չսիրված բանաստեղծությունների օրինակով ասեմ, որ դրանք կարդում էի մինչև վերջ, մտածելով, որ հիմա էլի մի «փախած» բառ գրված կլինի: Էնպիսի բառ, որ մեր պատկերացումներում ասոցացվում է միայն «բիսետկայում» հավաքված տղաների հետ: Ու երբեք չենք պատկերացնի, որ ասենք «ախպերս» բառը կօգտագործվի գրական որևէ գործում:  Այս դեպքում Դուք առաջինը չեք, բայց այս «մեթոդի» ակտիվ կիրառողն եք: Ինձ վերջերս գրականության անմիջականությունը սկսել է դուր գալ, հետևաբար՝ այդ «մեթոդը» ևս:
Ես ոնց որ թե վերջացրի: Ու վերջում որոշել էի անդրադառնալ Կարեն Անտաշյան լուսանկարչին: Ա՜յ էս է իսկական Անտաշատը, այ էս է խորը ու ուրիշը: Էս է, որ ինձ ամենաշատը գրավեց, չնայած նրան, որ գրականությամբ ավելի շատ էի հետաքրքրվում, քան լուսանկարչությամբ: Լուսանկարներ կան, որ մտածում եմ՝ Անտաշատից են: Արժեր «Անտաշատում» լուսանկարներ էլ ներառել ավելի ամբողջական դարձնելու համար (եթե իհարկե 2009-ին դրանք արդեն նկարված էին):
Հա, ու մի խոստում. Երեք տարի հետո մի անգամ էլ կգամ Անտաշատ: Մեծերն ասում են՝ խորն եք ու լավ եք գրում:
Վիկա Մարկոսյան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic