Monday, April 29, 2013

Հայկ և Բել. Առասպե՞լ, թե՞ իրապատում


Բարձրացված խնդիրը քննարկելու համար օգտագործել ենք հայոց դյուցազներգության մասին վաղ միջնադարյան պատմիչների` Խորենացի, Սեբեոս, պատառիկների տեսքով մեզ հասցրած գրառումները, ինչպես նաև վերջին տարիների հնագիտական հայտնագործությունները, որոնք կոչված են լրացնելու և նորովի լուսաբանելու խորը հնադարում տեղի ունեցած պատմական իրադարձությունների ազդեցությամբ ձևավորված ավանդապատումը:
Հայոց հնագույն և ամենանշանավոր վիպերգերից է Հայկի և Բելի պատերազմի հերոսապատումը, որն առավել սիրված ու հոգեհարազատ է մեր ժողովրդին: Ինչպես բազմաթիվ հնագույն զրույցներ, Հայկի և Բելի վիպազրույցի ատաղձը նույնպես, մեր կարծիքով, պետք է ունենար իր կոնկրետ պատմական հենքը, որը հետագայում հերոսականացվել և դարձել է ժողովրդական վիպերգ: Դարեր ու հազարամյակներ բերնեբերան երգվելով և պատմվելով այս ավանդապատումը հասել է ասորի իմաստասեր Մար Աբաս Կատինային, որի «Նախնյաց պատմություն» մատյանից օգտվելով` գրառել են Մովսես Խորենացին և Սեբեոսը՝ Անանուն պատմիչին վերագրվող ներածական գլխում, տեքստում կատարելով իրենց խմբագրումները և լրամշակումները[1]: Ըստ Բաբկեն Հարությունյանի` Մովսես Խորենացին քիչ, իսկ Սեբեոսը մեծապես օգտագործել են ժողովրդական ավանդազրույցները[2]: Դրանից բխում է, որ Հայկի և Բելի զրույցը շարունակվել է շրջանառվել նաև վաղ միջնադարում:
Փորձենք ձևակերպել այս հերոսապատումի էությունը, քանզի տարբեր գիտնականներ այն սահմանել են տարբեր տերմիններով: Այստեղ գերակայողը առասպել հասկացությունն է, որից էլ բխում է ավանդազրույցի մտացածին և հայոց սկզբնական պատմության և կրոնի հետ մասամբ կապված լինելը[3]:
Առասպել (միֆ) հասկացությունը ծագում է հունարեն mytos բառից, որը թարգմանաբար նշանակում է «առած», «մտացածին պատմություն»[4]: Օքսֆորդի անգլերեն լեզվի համառոտ բառարանում միֆ՝ առասպել հասկացությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Մտացածին պատում, որտեղ գործում են գերբնական հերոսները, գործողություններն ու դեպքերը, որոնք մարմնավորում են այս կամ այն գաղափարը` կապված բնության կամ պատմական երևույթների հետ»[5]:
Ասք (լեգենդ) հասկացությունը ծագում է միջնադարում` լատիներեն Legenda բառից, որը թարգմանաբար նշանակում է «կարդալու ենթակա ինչ որ բան»: Ժամանակակից հասկացությամբ նշանակում է. «Հանրաճանաչ պատմություն )պատում), որը մեզ է փոխանցվել հնուց, և որի իսկությունը հնարավոր չէ հավաստել»: Ասքը բանավոր կամ գրավոր ձևով մեզ փոխանցված պատմություն է, որտեղ գերբնականը գերակայում է, և որի իրական լինելը դժվար է հիմնավորել գիտականորեն` պատմական կամ հնագիտական փաստերով, քանզի իրական դեպքերը բարդացված և ոճավորված են[6]: Ըստ Գ.Ա. Լևինտոնի` ասքում պատմվող դեպքերը, որոնք հիմնականում կապված են սրբերի գործունեության հետ, տեղի են ունեցել խոր հնադարում՝ առասպելական և պատմական ժամանակների սահմանագլխին: Ասքին բնորոշ է նաև տոհմի ծագումնաբանության թեման[7]:
Ավանդապատումը (ավանդազրույցը) ճշմարտապատում է, որը հյուսվել է աշխարհիկ իրադարձությունների, իրական, պատմական դեմքերի կատարած հերոսական արարքների մասին, և այստեղ հրաշապատումը պարտադիր տարր չէ: Որպես պատմական հիշողություն` սրանք բանավոր փոխանցվում են սերնդից սերունդ: Ի տարբերություն առասպելի և ասքի` ավանդապատումների դեպքերը տեղի են ունենում միայն պատմական ժամանակաշրջանում[8]:
Վաղ իրապատում հասկացության ներքո մենք պատկերացնում ենք կոնկրետ պատմական իրադարձությունների մարմնավորումը հերոսականացված վիպերգերի տեսքով, որտեղ իրականն ու անիրականը փոխշաղկապված են միմյանց, սակայն հնարավոր է դրանցից զատորոշել գերակայող պատմական ատաղձը, հենքը, քանզի այն վաղնջական ժամանակներում կատարված պատմական իրողություն է: Բացի այդ` հնագիտական հայտնագործություններն ի զորու են անուղղակի կամ ուղղակի իրեղեն վկայություններով լրացնել իրապատումներում նկարագրված դեպքերը, ծեսերն ու սովորույթները: Այս պատումներում առասպելը թեև դեռևս արտացոլվում է, սակայն հիմնական պատմական թեմայում չունի էական դերակատարում և միայն ոճական տարր է[9]:
Այսպիսով` առասպելի, ասքի, ավանդազրույցի և վաղ իրապատումի միջև, որոնք սերտորեն փոխշաղկապված են միմյանց հետ և հաճախ բխում են մեկը մյուսից, առկա են նուրբ, սակայն էական տարբերություններ: Նշված տերմինների ճիշտ կիրառումը կանխորոշում է դրանց ընկալումը և ներկայացվող թեմայի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Այժմ քննարկենք մեզ հասած հայոց հնագույն ավանդազրույցի դրվագները և փորձենք բացահայտել նրա էությունը՝ առասպելից մինչև իրապատում:
Հայոց հին դիցարանի առանցքային կերպարներից է հետմահու աստվածացված Հայկ նահապետը, որը «լուսատու» էր, քաջ որոսորդ, անհաղթահարելի ռազմիկ, ազգ սերող նախնի: Ըստ առասպելական պատումների` նա հետմահու դարձել է պայծառ ու գեղեցիկ աստղ` իր համաստեղությամբ[10]: Այստեղ հստակ դիտարկվում է հզոր նախնու` նահապետի, արքա-առաջնորդի հետմահու աստվածացման գաղափարը, որը հավաստվում է Հայաստանի բրոնզի դարի վերնախավի թաղման ծիսակարգում[11]:
Որոշ գիտնականների կարծիքով Հայկի և Բելի ճակատամարտն իրավամբ եղել է հայ ժողովրդի կազմավորման, իր պատմական հայրենիքում պետականության հիմնման պատմականորեն վկայված իրադարձություն: Այս տեսակետի կողմնակիցները վիպերգին անդրադարձել են բազմիցս, նույնիսկ փորձել վերակազմել իրադարձությունների ժամանակը: Այսպես` ըստ Ղևոնդ Ալիշանի տոմարագիտական հաշվարկների` Հայկի և Բելի (Նեմրովդ) ճակատամարտը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թվականին: Ժամանակագրական այս վերակազմության համար նա օգտագործել է այն հայտնի փաստը, ըստ որի 428 թ. Նոր Տարին` Նավասարդի 1-ը, հայկական արեգակնային շարժական օրացույցով համընկել է հուլյան տոմարի օգոստոսի 23-ին (այժմյան օրացույցով օգոստոսի 11-ին): Հայոց բուն տոմարի մեկ տարին բաղկացած է 12 ամսից` յուրաքանչյուրը 30 օր և հինգ հավելյալ (Նոր Տարին տոնելու) օրերից, որոնց յուրաքանչյուր չորս տարին մեկ գումարվում էր ևս մեկ հավելյալ օր: Նավասարդի 1-ը, ինչպես և մյուս տոները, դրա հետևանքով դառնում են շարժական և կրկնվում 1460 տարին մեկ, ինչը համապատասխանում է աստղային համակարգում արևի մեկ լրիվ շրջապտույտին: Հաշվի առնելով աստղագիտական այն դիտարկումը, ըստ որի` «Հայկական ցիկլը» կամ աստղային համակարգում արևի մեկ լրիվ շրջապտույտը կրկնվում է 1460 տարին մեկ, և ընդունելով այն, որ Հայկի և Բելի ճակատամարտից հետո, մինչև 428 թ. անցել էր երկու շրջապտույտ, նա ճշգրտորեն որոշել է Հայկի և Բելի միջև տեղի ունեցած ճակատամարտի տարեթիվը` 1460 – 428 Ք.հ. = 1032 թ. Ք.ա. + 1460 = 2492 թ. Ք.ա. կամ 1460 X 2 – 428 = 2492 թ. Ք.ա.: Ըստ Ալիշանի` Ք.ա. 2492 թվականը որպես Բելի պարտության և մահվան թվական ընդունել են նաև հին հույն պատմիչներ Աֆրիկանոսն ու Եվսեբիոսը[12]:
Այսօր հրապարակում կա ևս մեկկարծիք, որը նույնպես աներկբա ընդունում է օրացույցային հաշվարկների հիման վրա Հայկի և Բելի ճակատամարտի ժամանակի սահմանման հնարավորությունը: Սակայն դրա կողմնակիցները Հայկի և Բելի ավանդազրույցի հենքը համարում են Ասորեստանի և Վանի թագավորության միջև տեղի ունեցած երկարատև հակամարտության արձագանքը` դրանով իսկ ժամանակագրական առումով իրադարձությունները տեղափոխելով բոլորովին այլ միջավայր[13]: Զարգացնելով այս թեզը` Բաբկեն Հարությունյանն առաջ է քաշում մի տեսակետ, ըստ որի` տոմարագիտական հաշվարկների համար հիմք ծառայող 428 թ. մինչև Հայկի և Բելի միջև տեղի ունեցած ճակատամարտը պետք է անցած լիներ ոչ թե երկու, այլ մեկ արեգակնային շրջափուլ, հետևաբար պատմական այդ կարևորագույն իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. 1032 թ.: Որպես մեկ շրջափուլի տեսակետի հիմնավորում` նրանք առաջ են քաշում այն թեզը, ըստ որի` Հայկյան Արամը իրական դեմք է, որը Վանի թագավորության Արամե արքան պետք է եղած լիներ, հետևաբար բնական է եզրակացնել, որ Հայկից մինչև Արամը կարող էր անցած լինել մի քանի դար և ոչ թե մեկ և կես հազարամյակ[14]:

Այժմ քննարկենք պատմական սկզբնաղբյուրները` ինչպես գրավոր, այնպես էլ հնագիտական` այս խնդիրները լուսաբանելու համար:

Գրավոր սկզբնաղբյուրներ

ՏԵՂԱՆՔԸ: «… Իսկ Արամանեկայ առեալ զամենայն բազմութիւն` խաղայ յարևելս հիւսիսոյ, և երթալ իջանէ ի խորին դաշտավայր մի, ի բարձրագագաթանց պարսեալ լերանց, գետոյ կարկաջասահի յարևմտից ընդ մէջ անցանելով: Եւ զդաշտն արևելից գոգցես ոմն իբրև որսայսեալ, ձիգ յարեգակն կոյս զերկայնութիւն. և առ ստորոտովք լերանցն բազումք ականակիտ բղխեալ աղբիւրք, որք ի գետոց եկեալ հաւաքումն հեզաբար: Առ սահանօք նոցա, ծնիւք լերամբք և եզերօք դաշտին` պատանիք ոմանք իբր առ երիտասարդուհեօք ճեմիցին, այլ հարաւայինն արեգակնաճեմ լեառն, սպիտակափառ ունելով գագաթն, ուղղորդ յերկրէ բուսեալ, երեքօրէիւ, որպէս ասաց ոմն ի մերոցն, աջագօտւոյ առն շրջապատեալ ճանհապարհաւ, և առ փոքր փոքր ի շեշտումն անկեալ, ծեր ոմն արդարև լեառն ի մեջ երիտասարդացեալ լերանցն: Յայսմ խորութեան դաշտի բնակեալ Արամանեկայ` շինէ զմասն ինչ ի հիւսիսոյ կողմանէ դաշտին, և զոտն լերինն ի նոյն կողմանէ, և զլեառնն անուանէ յանկագոյն յիւր անուն Արագած, և զկալուածս` ոտն Արագածոյ»[15]: Նկարագրությունից կարելի է վերակազմել, որ Արամանյակի կայանատեղին Արարատյան դաշտի հյուսիսային մասում է` Արարատի հանդիման` Արագած լեռան հարավային ստորոտում` Արաքս գետի ձախ ափին: Արաքս գետի անունն այստեղ չի հիշատակվում, սակայն դատելով աշխարհագրական տեղանքի վերլուծությունից և գետի կարկաջասահ (Խորենացի) և հորդահոսան (Սեբեոս) անվանումներից, և այն փաստից, որը գետը կտրում է լեռների մեջ գտնվող դաշտավայրը` որոշակի է, որ խոսքը այս տարածքի ամենամեծ գետի՝ Արաքսի մասին է: Սեբեոսը վկայում է, որ հարավ-արևմուտքից դեպի հյուսիս շարժվող Արամանյակը կտրում անցնում է գետը. «Ապա Արամենակ աւելի հյուսիս գնաց եւ իջաւ բարձրաբերձ լեռներու մէջ գտնուող դաշտավայր մը, որուն մէջէն յորդահոսան գետ մը կտրելով կանցնի, որուն մէջէն Արամենակ անցնելով բնակեցաւ հոն եւ այդ լեռնոտ եւ առապար շրջանը շէնցուց, որպէս իր ժառանգութեան բաժինը»[16]: Եվ իրավ, Արամանյակը, գետը (Արաքսը) կտրելով, կհայտնվեր Արագած լեռան ստորոտում, որտեղ մինչ այժմ դիտվում են բազմաթիվ հրաբխային քարակարկառներ (լեռնոտ և առապար շրջան): Պատմահայրը նաև նկարագրում է լեռների ստորոտից բխող աղբյուրներից առաջացող գետերը, որոնք հեզաբար հոսում են դաշտավայրով: Այս տեղանքում հայտնի են Քասախ, Շաղվերտ և Անբերդ գետակները: Սրանցից Ամբերդի և Քասաղի ակունքները բավականին հեռու են Արագածի հարավային ստորոտից, և, բացի այդ, այս գետակները հայտնի են բուռն հոսանքով: Ի հակադրություն դրանց` Շաղվերտ գետակը սնվում է Ղազարավան և Փերսի (այժմ` Բազմաղբյուր) գյուղերի մերձակա, լեռան ստորոտից բխող քաղցրահամ աղբյուրներից, ունի հեզաբարո ընթացք և մինչև Օշականի սարահարթին հասնելը հոսում է «լեռնոտ եւ առապար» սարահարթով:
Քարտեզ 1


Աշխարհագրական տեղանքի այս ճշգրիտ նկարագրությունը ենթադրում է, որ Հայկյան առաջին զարմի ներկայացուցիչը հաստատվել է այստեղ: Եթե այդպես է, ապա տեղում պետք է պահպանվեին նաև նրա և նրա ժառանգների գործունեության հետքերը: Շաղվերտ գետակի ձախափնյա քարքարոտ սարահարթում տարածվում են Վերին Նավեր և Ներքին Նավեր կոչվող ընդարձակ դամբարանադաշտերը, իսկ փոքր-ինչ դեպի հյուսիս Բազմաղբյուրի, Նազրվանի և Փերսիի բերդշեներն են: Մեկ այլ ամրոցի ավերակներ նշմարվում են Շաղվերտ գետակի ափին: Նշված դամբարանադաշտերում հասարակ համայնականների հարյուրավոր դամբարանների մեջ առանձնանում են առաջնորդ-արքաների՝ նահապետների հսկա դամբանաբլուրները, որոնք աչքի են ընկնում ոչ միայն մեծությամբ, այլև` արքայական թաղման ծեսին բնորոշ զոհաբերություններով և թաղման ճոխ ընծաներով[17]: Այսպիսով` կարող ենք փաստել, որ գրավոր աղբյուրների հաղորդումը տեղանքի վերաբերյալ, այս դեպքում Հայկի և Բելի ճակատամարտին հաջորդած իրադարձությունների համատեքստում, համընկնում է պատմաաշխարհագրական միջավայրին և հավաստվում նահապետների կամ առաջնորդ-արքաների դամբարաններով, որոնք կենտրոնացված են հենց այն վայրում, որտեղ, ըստ պատմիչների, հաստատվել է Արամանյակը:

ԺԱՄԱՆԱԿԸ: Այս դեպքերի քննական վերլուծության համար գերկարևոր է ժամանակի բացահատումը: Ինչպես արդեն նշեցինք, տոմարագիտական ճշգրիտ հաշվարկները Հայկի և Բելի ճակատարտի հավանական ժամանակը սահմանում են Ք.ա. 2492 թ. (արեգակնային երկու շրջափուլի դեպքում) կամ Ք.ա. 1032 թ. (արեգակնային մեկ շրջափուլի դեպքում): Այս երկու տեսակետներից մեկի ճիշտ լիները, ինչպես նաև վիպերգի իրական լինելը մեծապես կախված է Վերին Նավերի և Ներքին Նավերի նահապետների` առաջնորդ-արքաների դամբարանների թվագրությունից, թաղման ծեսի և դրանցում զետեղված գույքի պատմագիտական վերակազմումից: Միանգամից նշենք, որ այս հսկայական դամբարանադաշտերում վաղ երկաթի դարի` Ք.ա. XI-IX դդ. վերնախավի դամբարաններ չեն փաստվել: Հետևաբար մեկ շրջափուլի գաղափարը հնագիտական պեղումների համատեքստում իր հիմնավորումը չի գտնում: Դրա փոխարեն ինչպես պատմահամեմատական, այնպես էլ ռադիոածխածնային տարրալուծման տվյալները այս տարածքում փաստում են Ք.ա. XXIII-XV դդ. ավելի քան 15 դամբարան: Ժամանակաշրջան (Ք.ա. XXIII-XV դդ.), որը միանգամայն համահունչ է արեգակնային երկու շրջափուլի ընդունման դեպքում Հայկյանների` այստեղ բնակվելուն և մահվանից հետո սրբացված այս վայրում թաղված լինելուն: Այսպես` ըստ պատմահամեմատական վերլուծության` Ներքին Նավերի N4 դամբարանը համաժամանակյա է բեդեն-ալազանիի վաղագույն դամբանաբլուրներին և թվագրվում է Ք.ա. XXV-XXIII դարերով[18]: Ներքին Նավեր դամբարանադաշտի NN 1, 2, 3, 5, 7 և 9 դամբարաններից հայտնաբերված փայտածխի ռադիո-ածխածնային տարրալուծման արդյունքները, որոնք կատարվել են Գերմանիայում և ԱՄՆ-ում, վկայում են, որ այս դամբարանները կառուցվել են Ք.ա. III հազարմյակի երկրորդ և II հազարմյակի առաջին կեսին, ավելի ճիշտ` Ք.ա. XXIII-XVIII դդ.[19]: Ուշագրավ է, որ սրանցից ընդամենը 1-1.5 կմ հյուսիս-արևելեք` Վերին Նավեր դամբարնադաշտի «Արքաների հովտում», 2011-2012 թթ. պեղումների արդյունքում հայտնաբերվեց երեք մեծ դամբանաբլուր, որոնցից ամենամեծի պեղումները մեզ պարգևեցին ոսկյա թիթեղով երեսապատված արքաների հինգ դիմաքանդակ (նկ. 1):
Նկ. 1. Վերին Նավերի IB արքայական դամբարան. արքա-առաջնորդի դիմաքանդակ  (Ք.ա. 16-15-րդ դարեր)
Նկ. 1. Վերին Նավերի IB արքայական դամբարան. արքա-առաջնորդի դիմաքանդակ (Ք.ա. 16-15-րդ դարեր)
Դիմաքանդակները կետված են ամենայն մանրամասնությամբ, հին արևելյան կանոնիկ ոճով: Դիմահայց պատկերները ներկայացնում են կենտրոնից դեպի կողք սանրած ալիքաձև մազերով, որոնք ավարտվում են քունքերից կախված հյուսքերով, նշաձև, մեծ աչքերով, կանոնավոր քթով, հյութեղ շուրթերով, փարթամ, ալիքաձև սանրած մորուքով, տիրական դիմագծերով տղամարդկանց: Չնայած ոճական ընդհանրությանը, դիմաքանդակներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, որոնք բնորոշում են դրանց անհատական բնույթը և, թերևս, վկայում պատմական իրական կերպարների մասին: Սրանցից մեծը եզերված է կենաց ծառերի երկու կողմում նստած վայրի խոյերի՝ արխարների կրկնվող քանդակներով: Եվ թեմատիկայով, և ոճական առանձնահատկություններով այս դիմաքանդակների միակ զուգահեռն առ այսօր փաստված է հին Պարսկաստանում՝ Էլամի միջին թագավորությանը վերագրվող պատահական գտածոներում[20]: Հայաստանի և Էլամի գտածոների ընդհանրությունն ակնհայտ է ոչ միայն դիմաքանդակների կերտման ընդհանուր սկզբունքով, այլև արխարների և կենաց ծառի ընդհանրական պատկերներով: Վերին Նավերի գտածոներն առ այսօր միակն են ողջ առաջավորասիական հնագիտական ժառանգության համատեքստում, որոնք հավաստվել են անխախտ դամբարանում, in situ դիրքով: Առաջավորասիական հնագույն ռելիեֆների հետ համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ այս շքեղ դիմաքանդակներով զարդարված է եղել արքայական թագը: Դամբարանի վիթխարի չափերը, կոթողայնությունը, մարտակառքը, անձնական կնիքը, պերճանքի ճոխ առարկաները, տարբեր երկրներից՝ Հարավային Միջագետք, Բաբելոն, Սիրիա, Չինաստան և այլն, ներմուծված իրերը և հատկապես թագի մանրամասները կասկած չեն թողում, որ այստեղ կատարվել է արքայի թաղում, որի դին, ըստ հնդեւրոպական ծեսի, դիակիզվել էր:
Այսպիսով` կարող ենք ընդհանրացնել, որ մեր պեղումներով հետազոտված դամբարանները ոչ միայն բացարձակորեն համընկնում են Հայկի անդրանիկ որդու` Արամանյակի կալվածքներին, այլև անմիջականորեն առնչվում են Հայկյան ժամանակաշրջանին:
Այժմ քննարկենք այն հարցը, թե դամբարաններից հայտնաբերված սպառազինությունը համապատասխանու՞մ էարդյոք գրավոր աղբյուների հաղորդած տեղեկություններին:

Նկ. Ներքին նավեր, N 3 արքայական դամբարան. բրոնզե սուսեր:
Նկ. 2. Ներքին նավեր, N 3 արքայական դամբարան. բրոնզե սուսեր:

ԶԵՆՔԵՐ: Ըստ Մովսես Խորենացու` Բելը զինված էր երկսայրի սրով. «… յահեկէ զսուրն երկսայրի», նիզակով. «…և նիզակ անարի ի ձեռին իւրում աջոյ», կրում էր երկաթե սաղավարտ, մեջքին և կրծքին ուներ պղնձե տախտակներ, ձախ կողմում` վահան: Նույն պարբերությունում հայոց քաջերին նա բնորոշում է որպես հմուտ նետաձիգներ և սուսերակիրներ. «… զի արք կորովիք էին յաղեղն և ի սուսեր»: Այստեղ որոշակիորեն հիշատակվում են երկսայրի սուրը և սուսերը, նետ ու աղեղը և նիզակը: Նշենք, որ Ներքին Նավերի առաջնորդ-արքաների՝ նահապետների դամբարաններում հայտնաբերվել են նշված բոլոր տեսակի զենքերը՝ հիանալի մշակած վանակատե նետասլաքներ, բրոնզե սուսեր և նիզակ (տեգ), երկսայրի սուր (դաշույն):
Դատելով այս վկայություններից` սուրը և սուսերը ընկալվել են որպես տարբեր տիպի զենքեր: Նախնական հայտնագործությունների արդյունքում զենքի այս ինքնատիպ տեսակը` սուսերը, գիտական շրջանակներում հայտնի է միկենյան տիպի սուսեր անունով: Նախնականորեն ենթադրվում էր, որը այս զենքի հայրենիքը Հունաստանն էր, որտեղից այն տարածվելով հասել էր Հայաստան[21]: Սակայն վերջին տարիների հետազոտությունները վկայում են, որ այս զինատեսակի հայրենիքը Հայաստանն է ու Հարավային Կովկասը, որտեղից այն արտահանվել է Միկենք և հայտնաբերվել Միկենյան արքաների դամբարաններում` Ք.ա. XVI դարում:

ՆԵՏԱՍԼԱՔՆԵՐ: Ոչ միայն Ներքին և Վերին Նավերում, այլև Հայաստանի միջին բրոնզի դարի մյուս դամբրաններում համատարծ են նետասլաքները, որոնք վկայում են Ք.ա. III-II հազարամյակներում այս զինատեսակի լայն տարածվածության մասին: Ըստ արիացիների հավատալիքների` կշատրիաներն ահռելի հզորության զենքերի են տիրապետել, սակայն առավել շատ հիշատակվում է նետերի օգտագործումը: Սակայն դրանք հասարակ նետեր չէին: Կշատրիաները բրահմաններից մանտրաներ` հատուկ աղոթքներ էին ստանում, որոնց շնորհիվ նրանց նետերը օժտվում էին գերբնական հզորությամբ: Ընդամենը մեկ նետով կշատրիան կարող էր ոչնչացնել մի ամբողջ բանակ[22]: Արդյոք պատահական զուգորդություն է այն, որ Հայկը Բելի վիթխարի բանակի հետ ճակատամարտի ելքը որոշում է մեկ նետահարումով` դրանով իսկ փաստորեն ոչնչացնելով աշխարհակալ բռնակալին և նրա բանակը: Սա արդյո՞ք նույն արիական պատկերացումների հիման վրա ստեղծված զրույց չէ:
Նկ. 2. Վերին Նավերի IB արքայական դամբարան Վանակատե և հասպիսե 64 նետասլաք
Նկ. 3. Վերին Նավերի IB արքայական դամբարան Վանակատե և հասպիսե 64 նետասլաք

Վերին Նավերի IB դամբանաբլրից հայտնաբերվեց կարմիր կայծքարից և թափանցիկ ու ծխագույն վանակատից պատրաստված 62 նետասլաք[23], որոնք կշռում են 0.5.-0.7 գ. (նկ. 3):Դրանք զարմանալի սուր, բացառիկ համաչափ, մեծ վարպետությամբ պատրաստված նետասլաքներ են, որոնք լցված են եղել մարտակառքի թափքին ամրացված կապարճների մեջ և, դատելով քաշից, նախատեսված են եղել մերձակա մարտի համար: Կառքի մեջ նստած մարտիկը, թշնամու շարքերը ներխուժելով, կարկտի պես տեղացել է նետասլաքները` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ և առաջացրել խուճապ, գուցե և դրանով վճռել մարտի ելքը: Ուշագրավ է, որ Հայկը նույնպես Բելին խոցում է մոտ տարածքից` խիստ մոտենալով նրան: Վերին Նավերի նույն Մեծ դամբանաբլրի ներոք կառուցված IA դամբարանում հայտնաբերվեց մի գավաթ, որի վրա հորիզոնական երեք շարքով դաջված էին նետասլաքներ:Այս եզակի անոթը նույնպես վկայում է նետերի նկատմամբ հին Հայաստանում եղած բացառիկ վերաբերմունքի մասին:

ԵՐԿԱԹԵ ԶԵՆՔԵՐ: Բելը կրում էր երկաթե սաղավարտ. «Եւ ինքն գլխանոց ագուցեալ երկաթի…»: Այս վկայությունը առաջին հայացքից կարծես թե հակասում է Հայկի և Բելի ճակատամարտը Ք.ա. XXV դ. վերագրելուն, քանզի երկաթի կիրառումը, ըստ հնագիտական տվյալների, սկիզբ է առնում Ք.ա. XII դարում: Սակայն հնագիտական նորագույն հայտնագործությունները վկայում են, որ երկաթը կիրառվել է դեռևս Ք.ա. III հազարմայակի երկրորդ կեսին: Այսպես` երկաթե դաշույններ են հայտնաբերվել Դորակի և Ալաջա Հույուկի` Ք.ա. III հազարամյակի II կեսով թվագրվող դամբարաններից: Երկաթե սանձ է հայտնաբերվել Ներքին Նավերի N 1 դամբարանից, երկաթե մանգաղաձև զենք` Վերին Նավերի IB արքայական դամբարանից և այլն:
Նկ.Բրոնզե սուսեր Հայաստանից
Նկ. 4. Բրոնզե սուսեր Հայաստանից
Երկաթե զենքեր և գործիքներ հավաստվել են նաև Հայաստանի ուշ բրոնզի դարի այլ դամբարաններում նույնպես: Բերված փաստերը վկայում են, որ երկաթը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին թեև չուներ լայն տարածում, սակյան հայտնի էր, գնահատվում էր շատ թանկ, ավելի թանկ, քան նույնիսկ ոսկին, և միայն հզոր արքաները և վերնախավի ներկայացուցիչները կարող էին ունենալ երկաթե զենքեր:
0017 Վանաձորի արքայական դամբարան.  ոսկյա գավաթ` արռյուծների բարձրաքանդակներով
Նկ. 5. Վանաձորի արքայական դամբարան. ոսկյա գավաթ` արռյուծների բարձրաքանդակներով
ՀԵԾԿԱՆՆԵՐ: Այն մոտեցումը, որ Հայկի ու Բելի ճակատամարտից հետո անցել է ոչ թե մեկ, այլ երկու արևային շրջափուլ, մեր կարծիքով, հիմնավորվում է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության հետևյալ դրվագով: Նկարագրելով Բելի արշավանքը դեպի Հայաստան` Խորենացին նշում է. «Ապա զորաժողով լինլ ի վերայ նորա Տիտանեանն Բէլ ամբոխիւ հետևակա զօրաց…»: Պատմահայրը կարծես կանխազգալով իր հաղորդման կարևորությունը, հատուկ շեշտել է զորքի հետևակ լինելը: Հետիոտն էր նաև աշխարհակալ Բելը: Խորենացու վկայությունից հետևում է, որ Բելի զորքը չի ունեցել հեծելազոր, ինչը պայմանավորված կարող էր լինել միայն նրանով, որ նկարագրվող դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Միջագետքում ձին դեռևս ընտելացված չէր կամ առնվազն չէր կիրառվում ռազմի նպատակներով: Մարտնչող կողմերից և ոչ մեկը չուներ կառամարտիներ և հեծյալներ, մինչդեռ Ք.ա. 1032 թ., ինչը համապատասխանում է արևային մեկ շրջափուլին, մարտակառքերն ու հեծելազորը լայնորեն տարածված էին Հին Արևելքում, և բոլոր կարևոր մարտական գործողությունները կատարվում էին ձիու օգտագործմամբ: Իսկ արքաները մարտի էին մեկնում մարտակառքերով, ինչի մասին անուղղակի վկայում են Ք.ա. II հազարամյակի կեսով թվագրվող` վերնախավի դամբարաններում փաստված մարտակառքերը և բրոնզե սանձերը: Սեբեոսի պատմությունում հաղթանակից հետո ձեռք բերված ավարում ձիերի հիշատակումը կամ հետագայի լրացում է, և կամ ընդամենը վկայում է գումակի կազմում` այլ գրաստների թվում, նաև ձիերի` որպես տրանսպորտային միջոց օգտագործման մասին:

Ներքին նավեր. արքայական դամբարանաբլուրների շարքը (Ք.ա
Նկ. 6. Ներքին նավեր. արքայական դամբարանաբլուրների շարքը (Ք.ա. 24-20-ր դարեր)
ԴԱՄԲԱՆԱԲԼՈՒՐՆԵՐ: «Իսկ զբլուրն, ուր քաջամարտկօքն անկաւ Բէլ` անունաեց Հայկ Գերեզմանս, որ այժմ ասին Գերեզմանակք: Բայց զդիակն Բէլայ պաճուճեալ դեղովք, ասէ, հրամայէ Հայկ տանել ի Հարք, և թաղել ի բարձրավանդակ տեղւոջ, ի տեսանիլ կանանց և որդւոց իւրոց»: Այս պարբերությունից բխում է, որ Հայկյան շրջանում տարածված է եղել դամբարանադաշտերի տեղանքը գերեզմաններ կոչելը, ինչպես և կոչվում են Ներքին և Վերին Նավեր դամբարանադաշտերը[24]: Այս պարբերությունում արտահայտված է նաև դիակները մշակելու և երևացող տեղում թաղելու սովորույթը Հայկյան ժամանակաշրջանում:

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: Հին աշխարհում տարածված էր խորհրդանշական մի թիվ, երբ ստվարաքանակ թշնամու բանակներին հաղթում էին նահապետների կամ հերոսների առաջնորդած երեք հարյուր քաջերը: Դրանցից վաղագույնը Հայկի և Բելի ճակատամարտի նկարագրությունն է, որտեղ աշխարհանվաճ Բելի դեմ ապստամբում է Հայկը` իր երեք հարյուր մարդկանցից կազմված գերդաստանով. «Որում ոչ կամեցեալ հնազանդ լինել Հայկայ, յետ ծնանելոյ զորդի իւր զԱրամանեակ ի Բաբելոնի` չու արարեալ գնայ յերկիրն Արարադայ, որ է ի կողմանս հիւսիսոյ, հանդերձ որդւովք իւրոք և դստերօք և որդւոց որդւովք, արամբք զօրաւորոք, թուով իբրև երեքհարիւր, և այլովք ընդոծնօք և եկօք յարեցելովք ի նա և բոլոր աղխիւ”[25]:

Նկ. 5. Վերին Նավեր I A դամբարանի ընդհանուր տեսքը արևելքից
Նկ. 7. Վերին Նավեր: I A դամբարանի ընդհանուր տեսքը արևելքից
Հիմք ընդունելով ասսուրա-բաբելական սեպագիր աղբյուրների հաղորդած տեղեկությունները[26], ըստ որոնց «Հյուսիսային Միջագետքում, Վանա և Կապուտան լճերի շրջակայքում բնակվող խուրրի-ուրարտական ցեղային առաջնորդների և «թագավորական տների» (ընտանիքների) անդամների թիվը հասնում էր 120-260-ի» Հ. Ա. Մարտիրոսյանը եզրակացնում է, որ Խորենացու այս տեղեկությունը ներկայացնում է նահապետական ընտանեկան մեծ համայնքի քանակական կազմը, որի մեջ մտնում էին մեկ հորից սերվող մերձավոր բարեկամների երեք-չորս սերունդ` իրենց կանանցով, երեխաներով, երբեմն նույնիսկ օտարամուտ մարդկանցով[27]:
«Աստ ուշիմ և խոհեմ սկայն, քաջագանգուրն և խայտակնն, աճապարեալ հաւաքէ զորդիս իւր և զթոռունս, արս քաջս և աղեղնաւորս, թուով յոյժ նուզ (նշվածից դատելով` երեք հարյուր հոգի – Հ.Ս.), և զայլսն ևս որ ընդ իւրով ձեռամբ”[28]:
0022Քարաշամբի արքայական դամբարան. արծաթե  (էլեկտրիումե) գավաթ` վեց ֆիգուրներով, որոնք պատկերում են հնագույն անցքերից մեկը
Նկ. 8. Քարաշամբի արքայական դամբարան. արծաթե (էլեկտրիումե) գավաթ` վեց ֆիգուրներով, որոնք պատկերում են հնագույն անցքերից մեկը

318 հոգով է Աբրամը հաղթում ազգերի արքա Թարգաղին և նրա դաշնակիցներին. «Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին (տոհմում ծնված ծառաների զավակներին), ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամակոսի ձախ կողմում է գտնւում»[29]:
Երեք հարյուր հոգով է հաղթում մադիամացիների անթիվ բանակին նաև Գեդեոնը. «Այն երեք հարիւր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ կփրկեմ եւ մադիամացիներին քո ձեռքը կմատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնա, ամէն մէկն իր տեղը»[30]:
Այս պատումներում հաղթող կողմի մարդկանց քանակը խիստ հեռու է իրական լինելուց: Հին արևելյան տեքստերի վկայությամբ` Ք.ա. III հազարամյակում արդեն ձևավորվել էին հազարավոր արհեստավարժ զինվորներից բաղկացած մշտական զորաջոկատներ, որոնք ծառայում էին արքային: Աշխարհակալ Բելի բյուրավոր բանակին 300 զինվորներով դիմակայելը առնվազն արկածախնդրություն էր: Այստեղ անկասկած է թշնամու բազմապատիկ ուժերին փոքրաթիվ զինուժով հաղթելու փաստը, սակայն նման անհամամասնությունը հետագա հերոսպատման արդյունք է:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏ: Պատմագրության մեջ բազմիցս են վկայությունները, երբ, թշնամու արքային կամ զորահրամանատարին սպանելով, կարելի էր վճռել պատերազմի դեպքը: Հիշենք թեկուզ այս դեպքերից բավականին ուշ տեղի ունեցած Գավգամելայի ճկատամարտը, որտեղ Դարեհի երկնչելը և փախուստը խուճապ առաջացրեց և կանխորոշեց պարսից գերակա ուժի ջաղջախումը: Հենց այս էր նկատի ունեցել հայոց նահապետը, որը իր ողջ ռազմավարությունը կառուցել էր Բելին սպանելու ծրագրով:
Պահի տակ արագ կողմնորոշվելու, ճիշտ որոշում կայացնելու և ժամանակին այն կիրառելու հմտությունը փաստորեն կանխորոշեց Հայկի հաղթանակը: Եվ իրավ, ավանդավեպում ամեն ինչ առավել քան իրական է ներկայացված: Նախ` Հայկը Խոշաբի ճակատամարտին նախորդած ընդհարումներից մեկում անհաջողության է մատնվում և գերի չընկնելու համար նահանջում է. «Հայկ Բէլ արքային դէմ ճակատեցաւ, բայց չկրցաւ դիմակալել սպառազէն հսկայ մարդոց բազմութեան: Հոն, Հայկ Բէլին դեպ ճակատեցավ. Բէլ ուզեց զայն բռնել եւ իր ձեռքին մէջ ունենալ: Հայկ խոյս տուաւ անոր ձէռքեն եւ փախաւ. Բէլ իր զինակրին հետ միասին յամառօրէն հետապնդեց զայն»[32]: Ասքերում հերոսը եթե անհաջողության է մատնվում, ապա միայն դավադրության, խաբեության կամ դավաճանության արդյունքում: Բաց մարտում անհաջողություն կրելը և թշնամուց խույս տալու դրվագը անհամատեղելի է հերեսականացված առասպելի սկզբունքի հետ: Սա բնորոշ է լոկ իրապատումներին: Նույնքան իրական է ներկայացված նաև վճռական Ճակատամարտը: Նախորդ հաղթանակից ոգեւորված թշնամին, վստահ իր գերակշռող ուժին, թույլ է տալիս ճակատագրական սխալ: Բելը փաստորեն անզգուշաբար առանձնացել էր հիմնական բանակից և արշավում էր միայն փոքրաթիվ, թեև ընտիր ջոկատով: Այս դրվագը բխում է ՀինԲացառիկ ուշագրավ է հայկական զորաջոկատի հարձակողական կառուցվածքը, որը թերևս սեպի կիրառման հնագույն վկայությունն է. «Եւ տեսեալ Հայկին զՏիտանեանն կուռ վառեալ, և զարս ընտիրս ընդ նմա աջինս և ահեկանիս` կարգէ Զարամանեակն երկու եղբարբք ընդ աջմէ, և Կադմոս և զայլս երկուս յորդւոց իւրոց ի ձախմէ, զի արք կորովիք էին յաղեղն և ի սուսերն. և ինքն առաջի, և զայլս հրոսակին զկնի իւր կարգեաց. երեքանկիւնի իմն կարգեաց ձևով, հանդարտ յառաջ մատուցեալ”[31]: Սեպի կիրառման մասին է վկայում նաև եռանկյունաձև շարված հայկական զորաջոկատի հանդարտ ընթացքի նկարագրությունը, որը առաջին հայացքից թվում է ոչ այնքան էական: Մինչդեռ հայտնի է, որ արագ քայքի կամ վազքի դեպքում զորաջոկատի սեպաձև կուռ կառուցվածքը կխախտվեր, և այն կկորցներ իր մարտավարական թափը:
Նկ. 10. Ներքին Նավերի N 1 արքայական դամբարան. ոսկյա ուլունքներով և ագաթե կախիկով վզնոց. Ք.ա. 23-րդ դար
Նկ. 10. Ներքին Նավերի N 1 արքայական դամբարան. ոսկյա ուլունքներով և ագաթե կախիկով վզնոց. Ք.ա. 23-րդ դար

Արևելքում տարածված նորմերից, երբ արքան ինքը պետք է ցուցաբերեր իր քաջությունն ու ուժը և դրանով իսկ ապացուցեր ամեն բնագավառում իր անզուգական լինելը: Հիշենք հին Արևելյան բազմաթիվ աղբյուրներ, երբ թագավորն իրեն համարում էր լավագույն ռազմիկ, միայնակ որոշում էր ճակատամարտի ելքը, հաղթում անհամար թշնամուն և այլն: Այժմ, երբ ռազմուժի հսկայական գերակայության պայմաններում ճակատամարտի ելքը կարծես կանորոշված էր, և հայերը սարսափած պետք է խուճապահար նահանջեին, Միջագետքի տիրակալը փորձում է հաղթանակի դափնիներն անձամբ վաստակել` դրանով իսկ ամրապնդել իր հեղինակությունը հպատակների աչքում: Այսպես կարելի է բացատրել Բելի նման անզգուշ պահվածքը, երբ նա, չսպասելով հիմնական ուժերի համախմբմանը, սկսում է ճակատամարտը և թույլ է տալիս երկրորդ ճակատագրական սխալը` ցած է իջնում ամրացված բլրից: Սակայն, ի զարմանս նրա, հայոց փոքրաթիվ ջոկատը ոչ միայն խուճապի չի մատնվում ու դիմում փախուստի, այլև նախահարձակ է լինում: Սարսափած պատերազմի դաժան տեսարանից` Բելը փորձում է նահանջել, ամրանալ բլրի վրա` մինչև հիմնական ուժերի ժամանումը և, ապա, անցնել հարձակման: Հայոց ուշիմ նահապետը որսում է ակնթարթը և օգտագործում ճակատամարտը շահելու միակ պատեհ առիթը, որը բաց թողնելու դեպքում պարտությունն անխուսափելի էր: Նա համարձակորեն առաջ է նետվում և նետահարում նահանջող թշնամու արքային: Սրանով էլ, փաստորեն, որոշվում է պատերազմի ելքը: Հնում մարտնչող կողմերից մեկի արքայի մահն ընկալվում էր որպես ողջ մարտական գործողությունների ձախողում: Զորքը կռվում էր արքայի հրամանով և արքայի համար: Գլխատված բանակը կամ փախուստի էր դիմում կամ ենթարվում հաղթողին: Հենց այս էլ նկատի ուներ հայոց քաջարի նահապետը, որը նետի մի հարվածով որոշում է ճակատամարտի ելք: Նկարագրված դեպքերն այնքան իրական են և հեռու հերոսապատումից, որ կասկած անգամ չի մնում երկմտելու և վիճարկելու դրանց պատմական լինելը:
Եզրակացություններ

Հայկի և Բելի հերասապատումը ոչ թե առասպել է, այլ` ավանդապատում կամ վաղ իրապատում:
Հայկի ժառանգների բնակեցումը Արագածոտնում հավաստվում է իրեղեն փաստերով՝ հնագիտական հոտազոտություններով և տեղանքի վերլուծությամբ:
Վերին Նավեր և Ներքին Նավեր դամբարանադաշտերում պեղված մեծ դամբարանները պատկանում են առաջնորդ-արքաներին, որոնք ժամանակագրական առումով համընկնում են Հայկից անմիջապես հետո ընկած ժամանակաշրջանին, իսկ տեղագրորեն համընկնում են Հայկյան Արամանյակի կայանման վայրին:
Ուշագրավ է, որ Վերին Նավեր դամբարնադաշտի «Արքաների հովտի» ամենամեծ դամբանաբլուրների պեղումները մեզ պարգևեցին ոսկյա թիթեղով երեսապատված հինգ արքաների դիմաքանդակներ, որոնք իրենց ոճով խիստ նման են հին Պարսկաստանից՝ Էլամից հայտնաբերված հերոս արքաների դիմաքանդակներին[33]:
Այս դամբարանի արքայական ծեսի մասին են վկայում՝ արքայի դիակիզումը, մարդկանց և կենդանիների, այդ թվում` ձիու զոհաբերությունները, Աքքադից, Բաբելոնից, Նեմրութ լեռից և Չինաստանից ներմուծված իրերը, սարդիոնե, ագաթե, նռնաքարե, արծաթե, բազմագույն ապակուց պերճանքի առարկաները, ձիու պատկերով հասպիսե կնիքը, երկաթե զենքը, կայծքարե և վանակատե 60-ից ավելի նետասլաքները, կենցաղային և պաշտամունքային շքեղ կավանոթների հավաքածուն, երկձի մարտակառքի բրոնզե մանրամասները՝ թափքը զարդարող հարյուրավոր գամեր, թռչնի արձանիկ, սանձի 2 երախճան, սանձափոկերի 2 ուղորդիչ: Սա Հայաստանում բրոնզի դարում եղած թագավորության անառարկելի վկայություն է:

Օգտագործած գրականություն

[1] Մովսէս Խորենացի, 1991: Պատմութիւն Հայոց, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, գլուխ Ժ և ԺԱ; Պատմութիւն Սեբիոս եպիսկոպոսի, 1990: Անթիլիաս, գլուխ Ա:
[2]Հարությունյան Բաբկեն, 2012: Հայկի և Բելի պատմության, հայ ժողովրդի կազմավորման, Ւ>Յ հնչյունափոխության և մի քանի այլ հարցերի շուրջ: <<Հայկազունիներ. Առասպել և պատմություն>> միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ: Երևան, էջ 22:
[3]Հայժողովրդիպատմություն,Հայաստանընախնադարյան-համայնականևստրկատիրականկարգերիժամանակաշրջանում, հատորI, 1971: ՀայկականՍՍՀԳԱհրատարակչություն, Երևան, էջ 479:
[4] Мифы народов мира, том 2, 1988. Левинтон Г.А. Легенды и мифы. Энциклопеидя. Москва, с. 45; Википедиа, 1, с. 21.
[5]Википедиа, 1, с. 21-22:
[6] Նույն տեղում, с. 21.
[7] Мифы народов мира, том 2, 1988, с. 45-46.
[8]Мифы народов мира, том 2, 1988. Левинтон Г.А. Предания и мифы, Энциклопеидя. Москва, с, 45, 332-333.
[9]Мифы народов мира, том 1, 1987. Топоров В.Н. История и мифы, Энциклопеидя. Москва, с. 573.
[10]Բ. Ն. Առաքելյան, 1941: Հայկ-Օրիոն, “Տեղեկագիր”ՍՍՀՄԳԱհայկականֆիլիալի:Երևան, N 8,էջ29-36:
[11]А. Симонян. 2010. Древнеарийские традиции в погребальном ритуале Армении эпохи бронзового века //В кн.: На пути открытия цивилизации. Сборник статей к 80-летию В. И. Сарианиди. Труды Маргианской археологической экспедиции, Санкт-Петербург, с. 621-638.
[12] ԻՂեւոնդէՄ. Աշիշան, 1921: Հայկայշրջանտօմարեւթուականհինհայոցհայադիր:Յուսիկքհայրենեացհայոց: IIտպագրութիւն, իՍ. ՂազարՎենետկոյ, էջ 72-97.
[13] Հայժողովրդիպատմություն, հատորI, 1971:Հայաստանընախնադարյան-համայնականևստրկատիրականկարgերիժամանակաշրջանում,Երևան, էջ 480; Հայկականսովետականհանրագիտարան, հ. 6, 1980, էջ 166:
[14] Հայժողովրդիպատմություն, հատորI, 1971, էջ 480:ՀարությունյանԲ. 2005:ԹորգոմաերկիրըևՀայկյանները, «ԱստվածաշնչյանՀայաստան», Երևան, էջ 128-145:Իրմյուսաշխատությունումհարգելիգիտնականըգրումէ. «ՀայժողովրդիկազմավորմանգործումվճռականդերկատարեցՀայկիթոռԱրամայիսիկողմիցմ.թ.ա. 1032 թ. ԱրմավիրքաղաքիհիմնադրումըևՀայկականպետությանհիմնումը», տե’սԲ. Հարությունյան, 2012, էջ 22: Թերևսկարելիէկռահել, որԱրմավիրիհիմնադրումըՔ.ա. 1032 թ. նահիմնավորումէնույնտոմարականհաշվարկներով: Նշենքմիայն,որմիևնույն 1032 թ. միդեպքում`ՀայկիուԲելիճակատամարտի,մյուսդեպքում`Արմավիրիհիմնադրմանտարեթիվհամարելըհակասականէ, քանզիՀայկը,ըստՄովսեսԽորենացու, ճակատամարտից հետո «…կեցեալևայլևսամսոչսակավ՝մեռանի,հանձնառնելովզբովանդակազննԱրամանյակորդւոյիւրում»:ԱրամանյակըՀայկիմահիցհետոէտեղափոխվումԱրագածոտն,որտեղևսերումէԱրամայիսորդուն. «ԱյսԱրամանեակկեցեալամս՝ծնաւզԱրամայիս.ևյետոյկեցեալամսշատ՝մեռաւ:ԻսկորդինորաԱրամայիսշինէիւրտունբնակութեանիվերայոստոյմիոյառեզերգետոյն,ևանուանէզնայիւրանունԱրմաւիր»( գլուխԺԲ):ՔանիորԱրամայիսըմիայնգահակալելուցհետոկարողէրհիմնելիրանվամբքաղաք,որոշակիէ,որՀայկիևԲելիճակատամարտիցմինչևԱրմավիրքաղաքիհիմնադրումըպետքէանցածլիներմիքանիտասնամյակ` առնվազն 30-40 տարի, քանզիճակատամարտիցհետոՀայկը(«այլևսամսոչսակավ») ևԱրամանյակը («ծնաւզԱրամայիս.ևյետոյկեցեալամսշատ՝մեռաւ») ապրելէինբավականերկար:
[15]Մովսէս Խորենացի, 1991,էջ38-39:
[16] Պատմութիւն Սեբիոս…, գլուխԱ, էջ 78:
[17] Симонян А.Е. 2004: «Царское» погребение эпохи средней бронзы из могильника Неркин Навер // Археология, этнология и фольклористика Кавказа. Тбилиси, с. 126-127; Հակոբ Սիմոնյան. 2010: Ներքին Նավերի N 4 դամբարանը, «Հուշարձան» տարեգիրք, հատոր Զ, Երևան, էջ 7-20;А. Симонян. 2010. Древнеарийские …, с. 621-638;Симонян А.Е.2011.Царские курганы эпохи средней бронзы в Армении (XXV-XX до н.э.) // Археология, этнология и фольклористика Кавказа. Тбилиси,с. 218-226.
[18] ՍիմոնյանՀակոբ, 2010: Ներքին Նավերի N 4 դամբարանը, «Հուշարձան» տարեգիրք, հատոր Զ, Երևան, էջ 7-20:
[19] Симонян А.2010. Древнеарийские традиции …, с. 621-622.
[20] Симонян А.Е. 2012. Армения и Элам в XV в. до Р.Х. Армавиа, Официальный бортовой журнал, Археологические сенсации Армении, Ереван, N4, 2012, с. 82-84, 86-87.
[21] Мартиросян А. 1964. Армения в эпоху бронзы и раннего железа. Ереван.
[22] Արչի Դեվի Դասի, 2005: Արիացիները և մենք, Երևան, էջ 309-310:
[23] Համեմատությանհամարնշենք, որհանրահայտ “Կալաշնիկով”ինքնաձիգիպահունակումկուտակվումէընդամենը 30, իսկգնդացիրիպահունակում` 45 փամփուշտ:
[24] ՍիմոնյանՀ. 2011. ՆԱՎ տերմինի ստուգաբանության շուրջ: «Ծովի մշակույթը մարդկության մշակույթն է քաղաքակրթությունների երկխոսությունում»: «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի 25-ամյակին նվիրված գիտաժողովի (2010 թ., մայիսի 14-16) նյութեր, Երևան, էջ 109-112:
[25]ՄովսեսԽորենացի1991, էջ 32:
[26] Տես` АВИИУ, NN 46, 49:
[27] Հայժողովրդիպատմություն, հատոր I, 1971:Հայաստանընախնադարյան-համայնականևստրկատիրականկարgերիժամանակաշրջանում, Երևան, էջ227-228:
[28] ՄովսեսԽորենացի,1991, էջ 35:
[29] Աստուածաշունչ, Ծննդոց, 14, Ս. Էջմիածին, 1994, էջ 17:
[30] Նույնտեղում, էջ 294:
[31] ՄովսեսԽորենացի1991, էջ 36:
[32] Պատմութիւն Սեբիոս եպիսկոպոսի, 1990, էջ
[33] Ավելորդչէնքհամարումհիշատակել ՄարաբայՄծուրնացիիմաստասերիմատյանիցքաղածՍեբեոսիայնվկայությունը,որՄծբինիարքայականպալատիառջևբացահայտվելէրարձանագիրմիքար,որտեղհիշատակվելէինհինգթագավորներիանուններնուտարիները, որոնք իշխել էին հայերինևպարթևներին ՝ Պատմութիւն Սեբիոս եպիսկոպոսի, 1990, գլուխԱ, էջ 75:

Հեղինակ՝ Հակոբ Սիմոնյան, պատմական գիտությունների թեկնածու

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic