Saturday, April 6, 2013

Նիցշեի կարծիքը խավարամիտների մասին


Նիցշեի գաղափարական էպիկենտրոններից մեկը մարդու մասին իր հստակ, անփոփոխ, բազում քննարկումների առիթ դարձած կարծիքն է: Նա ընթերցողի ուշադրությունը սեւեռում է մարդու՝ որպես անհատի, դերի վրա: Նա գտնում է, որ մարդու մեջ բարյացկամությունը, արդարատենչությունը, դիմացինին  օգնելու անվախճան ձգտումը պիտի միշտ պարուրված լինի համակ սառնասրտությամբ, մարդը պիտի գիտակցի, որ իրեն, իր քայլերին բոլորը չեն, որ ճշմարիտ են մոտենում եւ անաչառ գնահատական տալիս, ուստի նա իր համար ընդունելի է դարձնում միայն «սառնասիրտ բարությունը»
գաղափարախոսությունը: Նրա այդ գաղափարը արծարծվել է նաեւ «Այսպես խոսեց Զրադաշտը» հռչակավոր երկում: Ստորև ներկայացնում ենք հատված երկից:
«Վասն շուկայի ճանճերի». Ես քեզ հոգնած եմ տեսնում թունավոր ճանճերից, քեզ քրքրված և արյունլվիկ եմ տեսնում հազար ու մի տեղից: Եվ քո հպարտությունը անգամ զայրանալ չի ուզում: Նրանք քեզնից արյունդ կուզենային ամենայն չքմեղությամբ, արյուն են տենչում նրանց անարյուն հոգիները, և դրա համար էլ նրանք խայթում են ամենայն չքմեղությամբ: Սակայն դու, խորու՛նկ, դու չափազանց խորն ես տառապում անգամ ամենափոքր վերքից: Եվ մինչ դու դեռ բուժվում էիր, միևնույն թունավոր որդն էր արդեն սողում ձեռքիդ վրայով: Դու ինձ չափազանց հպարտ ես թվում այդ քաղցրակերներին սպանելու համար: Բայց զգուշացի՜ր, որ բախտդ չդառնա՝ նրանց ողջ թունավոր անիրավության կրողը լինել: Նրանք տզզում են շուրջդ նաև իրենց գովասանքով,- նրանք քեզնից պոկ չեն գալիս իրենց գովասանքով: Նրանք մոտիկությունն են ուզում քո մորթի և արյան: Նրանք շողոքորթում են քեզ, ինչպես մի աստծո կամ սատանայի: Նրանք նվում են քո դեմ, ինչպես մի աստծո կամ սատանայի: Ի՜նչ արած: Շողոքորթներ և նվնվաններ են դրանք և ո՛չ ավելին: Նրանք քեզ հետ հաճախ անգամ սիրալիր են ձևանում: Սակայն դա միշտ վախկոտի խելոքությունն է եղել: Այո, խելո՜ք են վախկոտները: Նրանք քո մասին շատ են մտածում իրենց նեղ հոգիներով,- դու միշտ կասկածելի՜ ես նրանց: Ամենը, ինչի մասին շատ են մտածում, դառնում է կասկածելի: Նրանք քեզ պատժում են քո բոլոր առաքինությունների համար: Նրանք քեզ սրտանց ներում են միայն քո սխալները: Քանզի դու մեղմ ես և արդարամիտ՝ այսպես ես ասում. «Անմեղ են նրանք իրենց փոքր գոյությամբ»: Նրանց նեղ հոգին, սակայն, մտածում է. «Մեղավոր է ամենայն մեծ գոյություն»: Անգամ երբ դու մեղմ ես նրանց հանդեպ, նրանք իրենց էլի արհամարհված են զգում քեզնից: Եվ նրանք քեզ են վերադարձնում բարերարությունդ թաքուն չարերարությամբ: Քո անբառ հպարտությունը մշտապես ներհակ է նրանց ճաշակին: Նրանք ցնծում են, երբ դու փառամոլ լինելու համար շատ համեստ ես լինում: Այն, ինչը մեկի մեջ մենք ընդունում ենք, նրա մեջ դա էլ բորբոքում ենք: Ուրեմն՝ զգու՜յշ փոքրերից: Քո առջև նրանք փոքր են զգում իրենց, և նրանց ստորությունը մարմանդ մարմրում և բոցավառվում է քո դեմ թաքուն վրեժով: Դու չե՞ս նկատել՝ ինչպես էին նրանք հաճախ սսկվում, երբ դու մոտենում էիր նրանց, և նրանց զորությունը ինչպես էր լքում նրանց, որպես թե ծուխը՝ հանգած կրակը: Այո, իմ բարեկամ, դու խղճի խայթ ես քո մերձավորների համար, զի նրանք անարժան են քեզ: Ուստի և ատում են քեզ և հաճույքով կուզենային արյունդ ծծել: Քո մերձավորները միշտ էլ թունավոր ճանճեր կլինեն: Այն, ինչը մեծ է քո մեջ, հենց դա էլ նրանց ավելի թունավոր կդարձնի և առավել ճանճանման: Դեպի մենությունդ փախիր, իմ բարեկամ, և այնտեղ, որտեղ խստաշունչ և թարմ օդն է փչում: Քո ճակատագիրը չէ ճանճաքշիկ լինել:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic