Friday, May 3, 2013

Գյուղացին ու հնձվորը

Առակ  

Մի գյուղացի նախքան աշխատանքի գնալը սովորություն ուներ եկեղեցի մտնել և Աստծուն գոհություն հայտնել, որ այդ օրն էլ կարողացավ Աստծո տաճարը գալ: Սատանան այս ամենը տեսնելով բարձրանում է դեպի երկինք ու հրեշատկների հետ վիճաբանում այս մարդու վերաբերյալ, թե ինչու եք մտածում, որ այս քրիստոնյան արժանի է երկնքի արքայությանը և շարունակելով ասում.

- Այս մարդը, որն իրեն բարեպաշտ քրիստոնյա է համարում, եթե այսօր ինձանից շուտ եկեղեցի մտնի, ապա ինքը դժոխք կվերադառնա, իսկ եթե գայթակղվի ու ուշանա կամ չգնա եկեղեցի, ապա այդ մարդուն դժոխք կտանի:
Այնուհետև մարդակային կերպարանք է առնում` իբրև մի հնձվոր ու դեպի եկեղեցի տանող ճանապարհին ընկերանում գյուղացու հետ ու հարցնում
-Չե՞ս վախենում, թե մի օր սատանան կարող է քեզ թշվառություն պատճառել, որ ամեն առավոտ այլևս եկեղեցի չգնաս:
Քրիստոնյան ծաղրում է.
- Սատանան նման է մի աղվեսի, երբ որսորդները գալիս են, աղվեսը դեպի իր բույնն է փախչում ու ինքն իրեն ասում, թե այսօր լավ եղանակ չէ որսի դուրս գալու համար:
Խավարի հրեշտակի աչքերը չարախնդորեն փայլում են և ասում է.
-Այսօր իրոք լավ եղանակ չէ, սակայն դժվար, թե դու ես որսի դուրս եկել աղվես բռնելու համար:
Ապա հանկարծակիորեն ճանապարհից շեղվում, կանգնում մի մեծ փոսի մոտ ու գոչում.
-Ոսկի եմ գտել, ոսկի:
Գյուղացին հետաքրքրությամբ արագորեն մոտենում է այդ փոսին ու հարցնում, թե ուր է ոսկին:
Հնձվորը նրան հրում ու գցում է փոսի մեջ: Այնուհետև գոհունակությամբ նայում դեպի երկինք ու շարունակում ճանապարհը դեպի եկեղեցի:
Որոշ ժամանակ անց շրջվում, նայում է ետ, տեսնում է քրիստոնյան փոսից դուրս է եկել ու գալիս է իր հետևից: Ճանապարհին մի գնդակ է տեսնում, վերցնում, պատռում, այն ամբողջությամբ քարով լցնում ու մոտենում գյուղացուն:
Մարդն ասում է.
-Ես հասկացա, որ չարք ես:
Սատանան պատասխանում է.
-Եթե այս գնդակով այնպես հարվածես, որ ինքս չկարողանամ այն բռնել, կհեռանամ քեզանից ու քեզ հանգիստ կթողնեմ:
Քրիստոնյան ասում է.
-Չէի կարծում, թե այդքան հեշտ բան կարող էիր առաջարկել: Ես իմ հավատքով այնպես կհարվածեմ գնդակին, որ չես կարողանա տեսնել, թե այն ուր է թռչում:
Սակայն ուժգին հարվածելով ոտքը վնասում է և ընկնում է գետնին, իսկ գնդակն անշարժ մնում է: Հնձվորը գոհունակությամբ նայում է դեպի երկինք, իսկ հրեշտակները հանդարտ հայացքով հետևում են այս ամենին: Հնձվորն արագացնում է իր քայլերը դեպի եկեղեցու կողմը: Որոշակի հեռանալով կասկածանքով ետ է նայում ու կատաղում, քանի որ տեսնում է, որ գյուղացին մի փայտ է գտել որպես հենակ և կաղալով արագորեն հետևում է իրեն: Քամի է բարձրանում, փոթորիկ: Գյուղացուն կլանում ու նետում է մի կողմ: Քիչ անց երեք այլ գյուղացիներ խոտ բարձած մի սայլով մոտենում են: Սատանան կրկին նայում է դեպի երկինք ու տեսնում, որ հրեշտակները հանդարտորեն հետևում են այս ամենին, ապա դժգոհությամբ ասում.
-Հրեշտակների հանգստությունն ինձ դուր չի գալիս: Ինչ-որ բան են մտածել, որպեսզի այդ մարդուն ինձանից շուտ եկեղեցի հասցնեն:
Գյւողացիները չարքին տեսնելով սայլը թողնում են ու փախչում : Սատանան նստում է սայլապանի փոխարեն ու մտրակելով ձիուն, մեծ արագությամբ սայլով սլանում դեպի եկեղեցի: Իջնում սայլից, հպարտությամբ պտտվում եկեղեցու շուրջը և մոտենում դռանը ու ներս նայում ու զարմանքից սարսափում. գյուղացին ծնկաչոք աղոթում ու Աստծուն գոհություն է հայտնում , որ այս անգամ էլ Աստված իրեն սովորեցրեց ծնկի գալ և խոհեմությամբ և խոնարհությամբ աղոթել ու այդ սայլով իրեն ժամանակին եկեղեցի հասցնել:

Ասում են չկա չարիք որից չբխի բարիք: Հոգևոր համառությամբ և խոհեմություն սովորելով մարդիկ կարող են հաղթահարել բազում փորձություններ: Իսկ սատանան ունի մի շատ խոցելի կողմ, որ նա հպարտ է և որի պատճառով միշտ պարտություն է կրում:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic