Սյուզի Թադևոսյան
Տպավորություններ ֆիլմը դիտելուց հետոԳիտե՞ս, ինձ թվում է՝ հաստատ կիմանաս, որ մարդիկ տարբեր են լինում, նույնիսկ ծայրահեղ տարբեր: Մտածելակերպը, վարքը, խառնվածքը, տեսքը, բնավորությունն ու վերջապես նրանց բնութագրող բառերը: Ամեն ինչ է տարբեր:
Կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե աշխարհում ամեն ինչ իդեալական լիներ` բնությունը միշտ ծաղկեր, կենդանիները չմահանային ու ի վերջո մարդն իսկապես մարդ լիներ: Չկարծեք, թե դրանց «չուզողն էլ» ես եմ: Պարզապես դա իրոք այդպես է: Ինչևէ, վերադառնամ մարդ էակին ու փորձեմ ներկայացնել նրա սառնասրտությունն ու հոգու մաքրությունը:
Գիտենք, որ մարդը կենդանուց տարբերվում է հենց նրանով, որ բանական է, որ կարողանում է մտածել, վերլուծել ու ճիշտ որոշումներ կայացնել, հաճախ նաև սխալ: Բայց դե մարդ է, սխալվելու իրավունք էլ ունի: Բայց շատ հաճախ այս խոսքն ուղղակի «մատի փաթաթան» են դարձնում ու սկսում են օգտագործել հանուն շահերի: Ընդունեցի: «Մարդ պետք է առաջինն իր ծառը ջրի, հետո անցնի մյուսներին»:
Հաճախ մարդիկ հանուն կարիերայի, հանուն իրենց ու իրենց երջանկության կարողանում են գիծ քաշել ավելի արժեքավոր բաների ու մարդկային կյանքի վրա: Դա էլ ընդունեցի: Հիմա նրանք էլ այդպիսին են` չգիտեն գնահատել, արժևորել, բարի, կամեցող լինել: Բայց, եթե ինձ նման շատերը հայտնվեն, որ կներեն, չեն քննադատի, կընդունեն ու կհասկանան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի շրջապատի մակարդակը, վիճակը, արտաքին ու շատ կարևոր ներքին տեսքը: Կարծում եմ բոլորը համամիտ կլինեն, որ այդ դեպքում ամեն ինչ կչքանա, հօդս կցնդի, այլևս մարդկային ոչ մի արժեք չի գնահատվի ու չի ընդունվի: Բայց թերևս ինձ համար մարդկային որակներն ամեն ինչից վեր են, որովհետև այդ որակներն են միանգամից աչքի ընկնում, դրանց շնորհիվ ես ընկերներ ձեռք բերում, սիրում ու սիրվում: Շատ կարևոր է դրանք ներսում ունենալը, կրել ու ինչ հաղթանակի էլ, որ հասնես, հասնես դրանց շնորհիվ ու իսկապես շարունակես մնալ այդպիսին, որ քեզ մարդ համարենք, լավ մարդ:
Բայց ի՞նչ կարող ենք անել:
Կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է խիղճը, բարությունը, լավատեսությունը, կամեցողությունը և, որ ամենակարևորն ու թանկն է աշխարհում, կյանքը, այն վառ գույներով կյանքը, որի մասին յորաքանչյուրն ունի իր գույնզգույն պատկերացումները:
Եվ որպես վերջաբան՝ կցանկանամ իմ սրտից մի երկու բան ասել:
Կյանքն, իրոք, որ հրաշալի է: Գիտեմ, որ շատ դաժան հարվածներ կարող է հասցնել, որ երբեք չես կարող մոռանալ: Բայց պետք է հասկանաս, որ դրանց դիմակայելով ու հաղթահարելով, դառնում ես ավելի ուժեղ ու նպատակասլաց: Ցավոտ հարվածներ են, բայց անցողիկ են, ոչ մնայուն: Ուղղակի միշտ հիշիր, որ կյանքը պայքար է, դրա հետ մեկտեղ նաև հիասքանչ, ու դու վստահ եղիր, որ պայքարելով, կարող ես հասնել այն գագաթին, որն անգամ չի էլ երևում: Պարզապես լավատես եղիր, նպատակասլաց ու միշտ մտածիր, որ մի փոքր մարդկությունը երբեք չի խանգարի:
0 comments:
Post a Comment