Tuesday, May 21, 2013

Ընդդիմությունը երկրորդ խորհրդարանում և նրանից դուրս

Ներկայացնում է Ռուզան Ամիրխանյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Հայաստանի երկրորդ խորհրդարանում տեղ էին գտել հետևյալ կուսակցությունները`

1. ՀՅ Դաշնակցություն` 72

2. Սոցիալիստ – հեղափոխական (Էսէռներ)` 4

3. Մահմեդական (թաթար)` 3

4. Արագածոտնի գյուղացիական միություն` 1 պատգամավոր:


Խորհրդարանում մի տեսակ ճահճի դեր էր կատարում մահմեդական խմբակցությունը: 3 թուրք-թաթար ներկայացուցիչները անտարբեր գտնվելով Հայաստանի ճակատագրի նկատմամբ և պատասխանատվությունից խուսափելու նպատակով, որպես կանոն գրավում էին չեզոք դիրք, երբեմն էլ աջակցում էին էսէռներին:

2-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցության հինմանական ընդդիմությունը Էսէռական էր` իր չորս պատգամավորներով: Իսկ ինչ վերաբերվում է անկուսակցական միակ պատգամավոր Արտաշես Մելքոնյանին, նա ավելի ու ավելի բացորոշ ձայնակցում էր էսէռներին: Բայց հասկանալի է, որ ՀՅԴ 72 պատգամավորանոց խմբակցության դեմ ընդամենը ութ պատգամավորներից բաղկացած ընդդիմությունը չէր կարող լուրջ մրցակցություն ունենալ: Սա նկատի ունենալով, ՀՅԴ հայտնի գործիչ, պատգամավոր Ռ. Տեր-Մինասյանը իր հուշերում գրել է, որ «երկրորդ խորհրդարանում փաստորեն ընդդիմություն չկար»: Այս խորհրդարանում, նախորդի հետ համեմատած, ընդդիմություն իրոք շատ ավելի թույլ էր: Այնուամենայնիվ խորհրդարանում թեև շատ թույլ, բայց կար ընդդիմություն:

Որպես ինտերնացիոնալիստներ և ժողովուրդների բարեկամության ջատագովներ, նրանք հանդես էին գալիս հանրապետության ազգային փոքրամասնությունների, ազգային համայնքային իրավունքների պաշտպանության պահանջով:

Ունենալով ընդգծված ռուսական կողմնորոշում, նրանք գտնում էին, որ Հայաստանը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ: Էսէռները գտնում էին, որ դրան հասնելու համար Հայաստանում պետք է հաստատվի խորհրդային իշխանություն:

Օգոստոսին երկրորդ տասնօրյակին` Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ էսէռների հայաստանյան կազմակերպության առաջին խորհրդաժողովը: Ալեքսանդրապոլում բավական ուժեղ էին «ձախ» ուժերի դիրքերը`սկսած մենշևիկ-անկախականներից ու էսէռներից, վերջացրած բոլշևիկներով: Պատահական չէր, որ մի քանի ամիս անց հենց Ալեքսանդրապոլը դարձավ Մայիսյան ապստամբության գլխավոր կենտրոնը: Խորհրդաժողովում Դավիթ Զուբյանը զեկուցեց Հայաստանում գործող կուսակցությունների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին: Նրանք իրենց համակրանքը ու գործակցությունն արտահայտեցին «ձախ» կուսակցություններին ու հոսանքներին, մասնավորապես` բոլշևիկներին:

Էսէռների կողմից բոլշևիկներին պաշտպանելը բացեիբաց դրսևորվեց 1920 թ. փետրվարի 20-ի խորհրդարանի թիվ 67 նիստում, երբ պատգամավոր Վ. Մինախորյանը հանդես եկավ հարցապնդումով `ՆԳ նախարարի հրահանգով հունվարի 31-ին Հայաստանում ձերբակալված մի քանի բոլշևիկների ազատ արձակման պահանջով: Դեռ 1919թ. դեկտեմբերի 31-ին ՆԳ նախարարը արել էր հետևյալ կարգադրությունը` «Ես` ՆԳ նախարար Գյուլխանդանյանս, նկատելով Գանձակի բնակիչ Ասքանազ Մռավյանի և Վլադիկավկազի բնակիչ Նիկոյալ Պանֆիլովի հակապետական ագիտացիան ու պրոպագանդան, որոշեցի նրանց բանտարկել երեք ամիս ժամկետով»: 

Ձերբակալված բոլշևիկնեևը մեղադրվում էին արգելված գրականություն տարածելու, թուրք փաշաների հետ գործակցելու, զորքի ու բանվորության մեջ հակապետական պրոպագանդա անելու, թռուցիկների տարածելու և այլնի մեջ: ՆԳ նախարարը խորհրդարանում հրապարակեց իր ձեռքի տակ եղած փաստերը: Այնուամենայնիվ` էսէռները պահանջեցին բանտարկյալներին ազատ արձակել: Էսէռներին պաշտպանեց նաև անկուսակցական Ա. Մելիքյանը:

Չնայած էսեռների այս հայցապնդումը մերժվում է, սակայն շուտով, դեռ երեք ամիսը չլրացած, բանտարկյալներին ազատ են արձակում` Հայաստանից հեռանալու պայմանով:

Ընդդիմությունն ավելի լայն շրջանակով հանդես էր գալիս խորհրդարանից դուրս: Դրանցից ամենաանհաշտ ու ամենավտանգավոր բոլշևիկներն էին: Մինչև 1919թ. կեսերը նրանք ՀՀ-ում շատ քիչ էին: Վրացյանն ասում է, որ նրանց կարելի էր մատների վրա հաշվել:

1919թ. Ապրիլից բոլշևիկների նախաձեռնությամբ Երևանում հիմնվել ու գաղտնի գործունեություն էր ծավալում կոմունիստական-երիտասարդական «Սպարտակ» միությունը`Ղ. Ղուկասյանի գլխավորությամբ, որն իր մասնաճյուղերն ուներ տարբեր գավառներում:

Արդեն սկսած 1919թ. երկրոդ կեսից` բոլշևիկների թիվը սկսեց աճել: Նրանք հալածվելով Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների կողմից, մի քանի հարյուրի չափ ապաստան էին գտնում Հայաստանում և չեզոք գոտիներում: 1919թ. հուլիսին ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեն Հայաստան ուղարկեց իր ներկայացուցիչներ`Ս. Կասյանին և Ա. Մռավյանին: Գալով Հայաստան՝ բոլշևիկները խոստացան գրավել չեզոք դիրք և չծավալել հակապետական գործունեություն: Նրանցից շատերը նույնիսկ պաշտոններ ստացան:

Հայաստանում ապաստանած բոլշևիկները, ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, 1919թ. սեպտեմբերին Երևանում գումարեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների խորհրդակցություն: Խորհրդակցությունում մշակվում է Հայաստանում բոլշևիկյան կուսակցության հիմնական մարտավարությունը և ստեղծվում է կենտրոնական ղեկավար մարմին` Հայաստանի կոմիտեն (Արմենկոմ):

Ըստ մարտավարության`Հայաստանում գործող բոլշևիկներին կարելի է բաժանել մի քանի թևերի: Հայաստանի բոլշևիկներից ամենաչափավոր թևին էր պատկանում Ա. Մելիքյանը: Վերջինս իր գործելակերպով ու հայացքներով չէր շտապում Հայաստանի խորհրդայնացման հարցում: Նա գտնում էր, որ Հայաստանում չկան բավարար նախադրյալներ` կոմունիստական վարչաձև հաստատելու համար: Բ. Ղարիբջանյանը նույնպես վաղաժամ էր համարում «ընդհանուր ապստամբությունը դաշնակցության դեմ»:

Ա. Մելիքյանի, Ղարիբջանյանի դրսևորած չափավոր թևին հակառակ, ձախ, ծայրահեղական գիծ էին պաշտպանում երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» միությունը, ինչպես նաև Ալեքսանդրապոլի և Երևանի կազմակերպություններից շատերը, որոնք ձգտում էին բանվորասակավ Հայաստանում դրսի օգնությամբ հաստատել պրոլետարիատի դիկտատուրա:

Արտախորհրդարանական ձախակողմյան հոսանքների թվին է պետք է դասել սոցիալ-դեմոկրատ մենշևիկներին, որոնք փոքրաքանակ ու թույլ կառույցներ ունեին ՀՀ առանձին շրջաններում: Եղածներից ամենաուժեղը ՌՍԴԲԿ Ալեքսանդրապոլի կազմակերպությունն էր: 1918թ. նոյեմբերին հայ մենշևիկների` վրաց մենշևիկներից անջատումից հետո առաջացավ այսպես կոչված «անկախ սոցիալիստների կուսակցությունը», որը պաշտպանում էր ինտերնացիոնալիստական գիծ:

Հայ անկախ սոցիալիստները կազմեցին և Ալեքսանդրապոլում հրատարակեցին իրենց ծրագիրը, որի քննադատությամբ հանդես եկավ ճանաչված բոլշևիկ Բ. Ղարիբջանյանը: Նա այդ ծրագիրը որակում էր որպես բուրժուա-դեմոկրատական բովանդակության ծրագիր, իսկ անկախ սոցիալիստներին` «սոցիալ կադետների կազմակերպություն»: Անկախ սոցիալիստները իրավամբ դեմ էին պայքարի հեղափոխական մեթոդին և կողմնակից էին արևմուտքի սոցիալիստերի մատնանշած հասարակական-քաղաքական և տնտեսական էվոլյուցիոն ուղուն: Անկախ սոցիալիստներից էր երբեմնի դաշնակցական Լևոն Սարգսյանը: 1920թ. սկզբին անկախ-սոցիալիստները միավորվեցին «սպեցիֆիկների» հետ և հիմնեցին Հայաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը (ՀՍԴԲԿ):

1918թ. Հայաստանի անկախության հռչակումից և Բաքվի սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը կամ, այսպես կոչված, «սպեցիֆիկները», իր գործունեության կենտրոնը փոխադրեց ՀՀ:

1920թ. հունվարի 18-ին «սպեցիֆիկները» հայտարարեցին Հայաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՀՍԴԲԿ) ստեղծման մասին:

ՀՍԴԲԿ-ի հիմնադիր անդամներն էին Դավիթ Անանունը, Պետրոս Զաքարյանը, Բախշի Իշխանյանը, Խաչիկ Սամվելյանը, Տրդատ Տրդատյանը և ուրիշներ:

Արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից ամենաազդեցիկը՝ «Հայ Ժողովրդականն կուսակցությունն էր»: 1919թ. Սեպտեմբերին Չնայած ՀԺԿ-ն խորհրդարանում պատգամավորներ չուներ, բայց երկու-երեք տարվա ընթացքում կուսակցության դիրքերը բավականին ամրապնդվել էին: Երևանում գումարվեց ՀԺԿ երկրորդ համագումարը: 71 պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած համագումարը նշանավորվեց նրանով, որ փոփոխություններ արվեցին 1917թ. Առաջին համագումարում ընդունված ծրագրում:

Կուսակցության նոր ծրագիրը համապատասխանեցվեց Հայաստանի քաղաքական նոր իրադրությանը:

Մյուսը Հայ ռամկավարներն էին:

1919թ. դեկտեմբերի 21-28-ին Երևանում կայացավ կուսակցության համագումարը: Համագումարին մասնակցում էին 36 պատգամավոր` 24-ը վճռական ձայնի իրավունքով, 12-ը` խորհրդակցական ձայնով: Օրակարգի հարցերից էին` կուս. Հայաստանի խորհրդի և տեղական ակումբների զեկուցումները, քաղաքական պահը, ռամկավար կուսակցությունների և հոսանքների միավորման խնդիրը, գաղթականության հարցը, և այլն: Համագումարն արտահայտեց ընդգծված արևմտյան դիրքորոշում:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները` տեսնելով, որ առանձին-առանձին չեն կարողանում ինչպես հարկն է հակազդել կառավարող կուսակցությանը, ժամանակ առ ժամանակ միավորվում էին` իշխանության դեմ պայքարելու համար:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները տեսնելով, որ առանձին-առանձին չեն կարողանում ինչպես հարկն է հակազդել կառավարող կուսակցությանը, իշխանությունների դեմ արդյունավետ պայքարելու համար ժամանակ առ ժամանակ միավորվում էին, հանդես էին գալիս համատեղ հայտարարություններով, բողոքներով ու համախոսականներով: Օրինակ համատեղ հայտարարություն է արձանագրվել ընդդիմադիր կուսակցությունների Ալեքսանդրապոլի կազմակերպություններում: Կառավարության սուր քննադատությամբ միասնաբար հանդես եկան ՀԺԿ կոմիտեն, սոցիալ-դեմոկրատ մենշևիկների Ալեքսանդրապոլի կազմակերպությունը, Հայ ռամկավարների կուսակցության Ալեքսանդրապոլի ակումբը` «D»-ն, Անկախ ընկերվար (սոցիալիստների) Ալեքսանդրապոլի կազմակերպությունը:

Ընդդիմությունը կառավարությանը, Դաշնակցությանը մեղադրում էր ամեն տեսակ մեղքերի մեջ: Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր կացության պատճառը մերկապարանոց ձևով վերագրվում էր կառավարությանը: Ընդդիմադիր մամուլը` «Ժողովուրդ», «Ժողովրդի ձայն», «Սոցիալիստ հեղափոխական», «Աշխատանքի դրոշակ», Հայաստանի ձայն», «Նոր կեանք», «Կայծ» և այլն, ազատորեն ու անխնա քննադատում էին կառավարությանը` նրա վարած քաղաքականությունը, պաշտոնյաների թերացումները, անիրազեկությունը, շահատակությունները:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic