Friday, May 3, 2013

Լևոն Շանթի հասարակական-քաղաքական գործունեությունը

Լևոն Շանթի ապրած ժամանակաշրջանը համընկավ քաղաքական ու պատմական շրջադարձային իրադարձությունների հետ՝ զուլումի տարիներ, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակում, Առաջին աշխարհամարտի սկիզբ ու ավարտ, Ռուսաստանում կայսերական վարչակարգի տապալում և Անդրկովկասյան տարածաշրջանում խորհրդային կարգերի հաստատում, Երկրորդ աշխարհամարտ, որի ավարտից ընդամենը մի քանի տարի անց «Հին աստվածներ» դրամայի հեղինակը կնքեց իր մահկանացուն:
Հայ գրող, դրամատուրգ, մանկավարժ, ՀՀԴ անդամ Լևոն Շանթը (Նահաշպետյան, ապա հոր անունով՝ Սեղբոսյան) ծնվել է Կ.Պոլսում (1869թ. ապրիլի 6), գորգավաճառի ընտանիքում: Սկզբում սովորել է տեղի Սկյուտարի, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում: Ավելի ուշ կրթությունը շարունակել է Գերմանիայի ու Շվեյցարիայի համալսարաններում՝ մասնագիտանալով մանկավարժության ու հոգեբանության մեջ:

Հասարակական-քաղաքական գործունեություն

1899թ. Հովհ. Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնվեց «Վերնատուն» գրական խմբակը, որի մշտական անդամներն էին հայ անվանի գրողներ Ղ. Աղայանը, Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ն. Աղբալյանը, ինչպես նաև Լևոն Շանթը: Նրանք ժամանակ առ ժամանակ կազմակերպում էին հավաքույթներ՝ իրար տեսնելու, զրուցելու, ընթերցելու հայ ու համաշխարհային գրականության նշանավոր գործեր: 1906-07թթ. անբարենպաստ քաղաքական պայմանների ու անդամների ցրվածության պատճառով «Վերնատունը» դադարեց գործելուց:
1918թ. մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակումով, երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունն իր ձեռքը վերցրեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի անդամներից էր նաև Լևոն Շանթը: Նույն թվականին նա զբաղեցրեց Հայաստանի խորհրդի (հետագայում՝ խորհրդարան) փոխնախագահի պաշտոնը, իսկ հաջորդ տարի դեկտեմբերի 26-ին ստորագրեց հայերենը պետական լեզու ճանաչելու մասին օրենքը:

1920թ. Ադրբեջանի խորհրդայնացումից հետո (ապրիլի 28), ՀՀ պատվիրակությունը մայիսին Լևոն Շանթի գլխավորությամբ մեկնեց Մոսկվա՝ վարելու հայ-ռուսական բանակցությունները: Դրա նպատակը Ռուսաստանի հետ բարեկամական պայմանագրի կնքումն ու Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախության ճանաչումն էր: Բանակցությունները, որոնք ընթացան հունիս-հուլիս ամիսներին, սպասված արդյունքի չհանգեցրին: Հայկական կողմին ավելի շատ ոգևորում էր Սևրի պայմանագիրը, իսկ ռուսները համաձայնեցին պայմանագիր ստորագրել միայն այն դեպքում, եթե հայերը տարածքային որոշ զիջումներ անեին Թուրքիային ու Ադրբեջանին և Ռուսաստանին քեմալականների հետ կապ հաստատելու ճանապարհ տային: Հայաստանը մերժեց ներկայացված պահանջներն, ու դրանով բանակցություններն ընդհատվեցին:

Կրթական-մանկավարժական գործունեություն

Եվրոպայում բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո (1899թ.) Շանթը աշխատել ու դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում, իսկ Կ. Պոլսում հաստատվելուց հետո (1911թ)՝ Կեդրոնական ու Էսայան վարժարաններում:
1930թ. Բեյրութում (Լիբանան) նա հիմնում է Համազգային ճեմարանը ու Ն. Աղբալյանի օժանդակությամբ մինչև իր մահը վարում տնօրենի պաշտոն: Դպրոցի նպատակը հայ երեխաներին ճիշտ դաստիարակելն ու կրթելն էր, որպեսզի նրանք դառնային սեփական լեզվի ու մշակույթի կրողներ՝ ընդունելով դա որպես ազգային ինքնության գլխավոր նախապայման: Ճեմարանում գտնվելու հենց առաջին տարիներից Շանթը ձեռնամուխ եղավ ոչ միայն տարրական, այլ նաև միջին դասարանների սովորողների համար նոր դասագրքեր ստեղծելուն ու հրատարակելուն՝ «Գրավոր դասեր», «Մանկական աշխարհներ», Հովհ. Թումանյանի ու Ստ. Լիսիցյանի հետ կազմեց «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը: Իր մահից հետո տնօրենի պաշտոնն անցավ Ս. Վրացյանին:
Գրական գործունեություն
Լևոն Շանթի գրական կյանքի առաջին տասնամյակը նշանավորվում է սիրավեպերով, իսկ հետագա երկու տասնամյակները՝ պատմական, հոգեբանական դրամաներով, որոնք ամենից առաջ կապվում են դրամատուրգիայի հետ: «Հին աստվածները» (հրատ. 1912թ.)՝ Շանթի ամենահայտնի գրական ստեղծագործությունը, բազմաթիվ անգամներ բեմադրվել է թատրոններում, բայց հեղինակը ներկայացումներին երբեք չի այցելել: Այդ առթիվ Ստ. Զորյանն իր հուշերում գրել է, որ «անգամ այն ժամանակ՝ 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնում, հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ»: Իսկ Շանթը պարզաբանել է. «Ես կգրեմ գեղարվեստական գործ` դրամա: Կուզեն բեմադրեն, կուզեն` ոչ: Իրենց գիտենալիք բանն է»:
Կատարել է նաև թարգմանություններ՝ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Է. Լ. Վոյնիչի «Բոռ» վեպը, նորվեգացի դրամատուրգ Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» դրաման:
Լևոն Շանթը մահացավ 1951թ. նոյեմբերի վերջին, Բեյրութում: Նրա անունն է կրում Երևանի թիվ 4 հիմնական դպրոցը: Թողարկվել է Շանթին նվիրված ՀՀ փոստային նամականիշ: Որպես վերջաբան՝ մեջբերում եմ նրա «Լուռ» բանաստեղծությունը.


Շուրջս խավար, հանդարտ ու քուն.
Շուք մը անգամ չի դողդղար.
Հոն դիմացս շշուկներուն
Մահացումն է լիակատար:
Միակ ձայնը իրարու քով
Ժամացույցս ու սիրտս է հոս,
Որ կհամրեն պինդ-պինդ զարկով
Կյանքիս քայլերն արագահոս:


Օգտագործված գրականության ու կայքերի ցանկ
1. Հայկական Սովետական հանրագիտարան, 1982, Հատոր 8, «Շանթ Լևոն»
2. Վերնատուն
3. Հայ-ռուսական բանակցությունները Մոսկվայում
4. Համազգային ճեմարան
5. Levon Shant (1869-1951)
6. Ստ. Զորյանը՝ Լևոն Շանթի մասին

Աիդա Գրիգորյան, 11-1 դաս.

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic