Friday, May 17, 2013
Քոչվորություն եւ նստակեցություն
Դընի Դոնիկյան (հատված գրքից)
Եվ փաստորեն կգա մի օր, որ նստակյացները չկենտրոնանալով այլեւս իրենց ազգային հավատի վրա, անխուսափելիորեն կճանաչեն եսի ամբողջ ինքնավարությունը:
(10) մենքը եւ եսը
Կոլեկտիվի դաստիարակության վրա հիմնված հասարակության ներսում, այդ իսկ դաստիարակությունը ինքնին կրկնապատկված է ժողովրդի փառաբանմամբ, ազգային պատմության դրսեւորման միջոցով եւ որը բարձրագույն արժեք է համարում անհատների նստակեցությունը, այսինքն, իրենց հողի հունի նստվածքի վրա ձեւավորումը, մենքը կարծես դառնում է մտավոր կաղապար, կրոնական բնույթի անհրաժեշտություն: Այս դեպքում ցանկացած արտաքին ագրեսիա կարող է առավել եւս քաջալերել եղբայրությունների խորքային սերտաճումը: Նստակյաց տերերը առիթից պիտի օգտվեն՝ առաջ բերելով շարունակության թեման, մարդկանց ավելի մոտեցնելով իրենց տեսադաշտին, այն ենթարկելով իրենց մշակութային տեսությունների նորմերին: Այլ կերպ ասած, ամեն ինչ կարվի, որ անհատները ներգրավվեն զոհաբերվող տնտեսության մեջ, հանուն համընդհանուր ենթադրյալ եւ վերացական լավի, որը հիմնված է փրկության հրատապության, քաղաքական զգուշավորության, անցյալի հանդեպ ունեցած հարգանքի, կանոններին հավատարիմ մնալու սկզբունքի վրա: Նշանակում է, մարդն այս դեպքում ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հիմքը պատմական հողին միացնելու միջոց, պատրաստ լինելով ենթարկել նրան զոհաբերելու այդ վտանգին, անտեսելով նրան որպես իրավական անձի:
Իրականում կենտրոնացած մշակութային համակարգում մենքի կողմից կառավարված, քոչվորները իրենց տեղը չեն ունենա: Բոլոր նրանք, ովքեր հատուկ վարքագիծ են պահանջում, համայնքի ճնշումը կզգան որպես լռելյայն դատապարտում: Եթե դուրս գան իրենց համակերպվածությունից, նոր ուղիներ նշեն, բացահայտորեն անջատվեն հիմնական իմաստից, եւ ահա՝ կզգան իրենց սպառնալիքի տակ: Հասարակության դատապարտումը կմերձենա պատվազրկությանը՝ այլոց աշխարհայացքի խստագույն նախազգուշացմամբ: Միասեռականները, խղճի դեմ գործողները, ամուսնալուծվածները, միայնակ մայրերը, այսպես ասած՝ "էմանսիպացված" կանայք, չխոսելով կնոջ մասին որպես լիիրավ անձի, կվկայեն այդ փաստի մասին: Եվ այդ պահից սկսած, երբ ազգային կրոնը կփորձի ամրապնդել այդ մենքը բոլոր հոգեւոր ընկալումները, որոնք սպառնալիք կդառնան նրա գերազանցության համար, աղանդների պես մի կողմ կնետվեն: Իսկ նստակյաց եկեղեցին կպահանջի նստակյաց պետությունից այս քոչվոր կրոնավորություններին օրենքից դուրս ճանաչել:
(11) դարձյալ մենքի եւ եսի մասին
Նստակյաց կառավարության ամեն տեսակի ջանքերը ուղղվելու են անհատների մասնավոր գաղափարները մենքի ընդհանուր գաղափարին համապատասխանեցնելուն: Բայց անհատները գերազանցապես քոչվոր են: Նրանք հեռանում են օրենքներից կամ շատ հաճախ ուղիներ են գտնում, որքան առիթը թույլ է տալիս: Նրանք ճանապարհից ավելի տիեզերքն են նախընտրում, խաբեությունը՝ օրենքից, անձնական շահը, եթե նույնիսկ պատահականություններով լի է, քաղաքացիական պարտքից, որը տհաճությունների աղբյուր է: Կարելի է ասել, կան ժողովուրդներ, որոնք ավելի քոչվոր են օրենքների հետ ունեցած իրենց հարաբերությունների մեջ, քան մյուսները, ովքեր ընդունում են դրանք հանուն նստակյացի բարորության: Հյուսիսային ժողովուրդների քաղաքակրթությանը հաղորդակից լինելու հանգամանքը նրանց կտեղադրի նշված երկրորդ դասի մեջ: Հարավցիներն ավելի շուտ առաջին դասին են համապատասխանում: Որքան կառավարությունը շատ մարդ հավաքագրի, օրինապահության այդ անհրաժեշտ սկզբունքը պահպանելու համար, այնքան ավելի առաջ կընթանա նստակեցության հաղթանակի համար իր պայքարում: Այս իմաստով, անհատները երջանիկ կլինեն տեղում մնալով, կառավարելով իրենց քոչվորական բնույթին հատուկ բռնկումները, իրենց պատմությանը եւ արմատների հողում ընդհանուր նստակեցության պահանջներին չվնասելու գնով:
(12) միշտ մենքի եւ եսի մասին
Երկրի ներքին պատմությանը հաճախ միախառնվում է նստակյացների եւ քոչվորների միջեւ եղած հակամարտությունների հաջորդականությունը© նկատի ունենք այդ երկու բառերի վերը նշված իմաստները: Բազմիցս նշել ենք, որ նստակեցությունը եւ քոչվորությունը համերաշխ չեն, այն իմաստով, որ նստակեցության կողմնակիցները եւ քոչվորների ներկայացուցիչները չեն խնայում իրենց ուժերը իրար շաղկապող հակամարտության մեջ: Փորձից ելնելով գիտենք, որ մենքի երկրները, այսինքն հարկադրված կոլեկտիվ երջանկության երկրները, ինչպես նաեւ առասպելի նույնքան կոլեկտիվ եւ նույնքան հարկադրված երկրները, ստեղծված չեն մարդու համար այնպես, ինչպես ինքն է ապրում, ինչպես ինքն է ուզում լինել, ինչպես ինքը իր երազներում է: Նշանակում է, անհատական երեւակայությունը միշտ էլ ճանաչված լինելու կարիքը կզգա: Լինի դա գաղափարական կարգի, թե վեր հանի նստակեցության հարցը, մենքը պարտադրում է վերահսկման սեփական միջոցներով (ոստիկանություն, սոցիալական վերահսկողություն, կրթություն, քաղաքական համակարգ, մշակույթ): Բայց այս տեսակետից, այնպես է սահմանափակում առանձնահատկության տարածքը, որ ի վերջո վտանգում է ինքն իրեն: Եվ փաստորեն կգա մի օր, որ նստակյացները չկենտրոնանալով այլեւս իրենց ազգային հավատի վրա, անխուսափելիորեն կճանաչեն եսի ամբողջ ինքնավարությունը: Լինի դա "վայրի", նորարար կամ սեփական ինքնության բացահայտում, եսը կցանկանա իր տեղն զբաղեցնել քաղաքակրթությանը հաղորդակից հասարարակության մեջ: Ուրեմն, տարածք տալ դեգերումների համար: Տարածք՝ հնարավորությունների համար: Ինչն էլ հավասարազոր է ասելու, թե կոլեկտիվ ինքնության հաստատումը կարելի է շահել միայն եւ միմիայն, հավասարապես հաստատելով բոլոր մասնավոր ինքնությունները:
(13) մենքը եւ եսը
"Մենք ենք, մեր սարերը": Հայերի դեպքն ամբողջությամբ արտահայտում է գրքի այս վերնագիրը, որը դարձել է կինոնկարի գլխագիր: "Մենք ենք, մեր սարերը": Ավելի ճշգրիտ բառեր չկան սահմանելու հայերի նստակյաց/նստվածքությունը, որ սերտաճել է նրանց արմատներում: Չորս բառեր, որոնք արտահայտում են պատկանելություն եւ ինքնություն: Մենք պատկանում ենք այս հողերին, այս հողերը մեզ են պատկանում, քանի որ ճիշտ այդպես ենք մենք, մեկը մյուսի հետ փոխադարձաբար: Ներկա ժամանակով օգտագործված այս բայն ունի հավերժության ուժայնություն: Պատմությունն ու գալիքը այդտեղ են բյուրեղանում: Եվ բոլորը չէ, որ կարող են արտաբերել այս բառերը: Այդպիսին պետք է լինել: Միանգամից հայտնվում ենք անպարտելի հսկաների դիցաբանական աշխարհում: Իրականում, հայկական ոգին ենթադրում է բնակություն հաստատել գագաթներին մոտիկ: Ով կորցնում է դրանց տեսադաշտից, խզում է կապերն իր ինքնության հետ: Սարերի տեսարանը սնում է հողի զգացողություն: Եվ հայից բացի ոչ ոք չի կարող ունենալ այդ զգացումը: Իսկ դա դարձյալ նշանակում է, որ մերն են այդ սարերը, նաեւ որ դրանք նման են մեզ եւ համախմբում են մեզ ոչ այն պատճառով, որ ունենք այդ սարերը, այլ՝ համակված ենք դրանցով: Եվ իրականում աշխարհում չկա մի էակ, որ ավելի համակված լինի հողի հզորությամբ եւ կրքով, քան հայը: Այդ սարերը նրան խենթացնում են, կատաղեցնում, ուժ հաղորդում:
(14) դարձյալ մենքի եւ եսի մասին
Մնում է այս մենքը, որ ինքնին նստակեցություն է ենթադրում: Այն ինչ ասացինք հողին նվիրված մարմինների մասին, ինչպես նաեւ իրենք իրենց հետ հաշտ ապրող մարմինների մասին, այդ մենքի մեջ է: "Մենք ենք, մեր սարերը": Այս չորս բառերը իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ միանգամից շառաչում են՝ հաստատման հիմնական շեշտը գլխատառով դնելուց հետո այդ մենքի վրա: Լսենք այդ ձայնը: Այն լսենք մեր մեջ: Եվ իսկույն կզգանք նրա հանքաբանական մագնիսական ձգողությունը: Պատճառն այն է, որ այս հողը մարդկանցով է միայն պայմանավորված: Մե՜նք: Չունկնդրենք այն պատմությունը, թե ինչպես է մեզնից հայատյալ պատրաստում, այլ՝ հայեր: Տեղադրենք շեշտը մեր վերնագրի երկրորդ բառի վրա, եւ պատկանելության այդ գաղափարն իսկույն սկսում է հնչել որպես հատկութություն, արտաքնապես` դոգմատիկ: Եվ իրոք, այդ մենքը հարատեւել է պատմության մեջ այնպիսի համառությամբ, որ անհատն զգում է նրան որպես էական հատկանիշ: Բազմաթիվ մարդկանց կրոն, ինչպես նաեւ մտավոր կառույց այդ մենքը չունի այն մերի խտությունն այնպես, ինչպես ընկալվում է արեւմուտքում: Այս մենքը նշանակում է, որ եսերի եւ գագաթների ամբողջության մեջ ենք մենք գտնվում՝ մեր իսկ գագաթին: Հարադրության ուժ հիշեցնելով յուրաքանչյուրին, որ մյուսները կազմում են հենց այն իրական միջավայրը, որտեղ ինքը պետք է ապրի:
(15) եսը եւ մենքը
Հայոց ազգը միասնական է եւ տրոհված է: Երկրի եւ սփյուռքի մարդիկ մեկ ամբողջություն են կազմում, որը հակված է տարածվելու: Ըստ էության, խոսքը, ավելի շուտ վերաբերում է բաժանվածությանը, որի մասերը ինքնին պատկերացում են ամբողջություն: Մենք արդեն տեսել ենք, ինչպես են մարմիններն ու հոգիները տեղաշարժվում կամ արմատակալում, ինչպես են ձգտում միմյանց կամ կապվում իրար, նստակյաց են դառնում կամ քոչվոր: Այսպիսին է կյանքը, եւ այսպիսին է պատմությունը: Եվ կարող ենք ասել, որ յուրաքանչյուրն ունի իր պատճառները՝ լինելու այնտեղ, որտեղ գտնվում է, ինպես նաեւ՝ հանգամանքներն ունեն իրենց պատճառները, որ նրան տեղադրել են այդտեղ եւ որոնց մասին պատկերացում անգամ չունի:
Անցյալ դարում, մշակութային առումով, հայ ազգի աշխարհագրական այդ տարածումը ճանաչել է երկու տարբեր պատմություններ: Երկրի պատմության վրա իշխել են հարկադրված նստակեցության գաղափարախոսությունը եւ մենքը: Ազգի մյուս հատվածն ապրել է որդեգրած ժողովուրդների հետ, մտովի քոչվորապես՝ մարտնչելով բոլոր ուղղություններով, որոնք ընթացել են եսի պաշտպանության եւ լուսաբանման համար: Այլ կերպ ասած, հայերն իրենց ընդհանրության մեջ կրում են երկու հակասական հասկացությունների հետեւանքներ՝ եսի ենթարկվածությունը մենքին եւ եսի գերակայությունը մենքի հանդեպ: Այսպիսով, այսօր թվում է, թե յուրաքանչյուր մասը տառապում է ինչ-որ բանի պակասի պատճառով, որը մյուսի մոտ չափից ավելի շատ է: Սփյուռքն անգտանելի մենքի որոնման մեջ է, այնինչ, Հայաստանում եսը կիրառողները արգելքի տակ են: Այստեղ մենքը պակասում է, այնտեղ եսը տառապում է: Այստեղ եզակի ինքնություններն ամեն օր տարրալուծվում են զանգվածայնության մեջ, այնտեղ յուրաքանչյուր ես մշտապես կարգի է հրավիրվում գերագույն մենքի կողմից: Սփյուռքում ամեն մեկն իր կյանքով ցույց է տալիս, որ ինքը վերջին հաշվով, իր անհատապաշտական, եթե չասենք՝ նավրցիսային կամ եսակենտրոն քոչվորությունը նախընտրում է մենքի հրամայական պահանջներից: Այսպիսով, ինչ էլ լինի, նա միտված է հուսահատության, որ չի կարող երկրում մի օր հաստատվել: Մինչդեռ, նստակյաց Հայաստանում ցանկացած քոչվորային մտածողություն կորցնում է ճանաչողության հանդեպ ունեցած հույսը՝ ստրկանալով հզոր եւ գերիշխող մենքի ընդհանուր անգիտակցության կողմից:
(16) դարձյալ եսի եւ մենքի մասին
Այսօր բնազդով գիտենք, որ առաջինների փրկությունն անհատականությունների նախնական եւ մարտունակ մենքի հետ ձուլվելն է, իսկ մյուսների փրկության ուղին անցնում է անհատի ներուժի զարգացմամբ, որը շատ երկար եւ շատ հաճախ խոչընդոտվում է խմբակային օրենքի կողմից:
Ժողովրդավարական առանձնաշնորհումը, որից օգտվում է սփյուռքը, սպառնում է նրան մշակությային տարանջատմամբ: Իրավական անձ դառնալով, յուրաքանչյուր ոք կարող է լավ կամ վատ, եւ որքան հնարավոր է, ստեղծել իր եսը: Բայց այդ առավելությունները առանց դիմակայության չեն լինում: Դրանք կապում, ստրկացնում, արմատավորում են արմատախիլությունը: Ժողովրդավարությունը ինքնիրեն որոնող սփյուռքի համար ճանապարհից շեղող միջոց է: Այն շեղում է յուրաքանչյուրին իր առաջնային ինքնությունից՝ հօգուտ դրական քաղաքական ինքնության: Առավել եւս, ակունքներին վերադառնալով՝ աստվածուհու հմայքը ավերելու ցանկության բազում փորձերը պատմական հողի վրա, անհաջողության են մատնվել, եթե չասենք՝ ողբերգության: Հայկական եսը խեղդվելուց փրկելու համար մնում է միայն մենքը: Ոմանք որոշել են աշխատել հանուն այդ էության, որն իրենց գերազանցում է© համոզմունքով, ճաշակով եւ նույնիկ անգործությամբ: Մյուսները վկայում են դա իրենց արվեստի միջոցով: Վերջապես կան այնպիսիները, ովքեր շարունակականության պակասի պատճառով պարբերաբար գնում, գալիս են երկիր եւ ապրում են հատվածային ինքնությամբ: Բայց բոլորին կթվա, թե պատմությունից այս կամ այն կերպ կառչելու այդ կամքը ակտիվորեն կամ հայեցողաբար պատասխանում է "հարատեւելու ծանր կացությանը", որը հենց մարդու մեջ է: Այսպիսով, այն պատրանքը, թե չենք մեռնելու, ապահովված է:
(17) դարձյալ ու դարձյալ եսի ու մենքի մասին
Քանի դեռ մենքը կիշխի Հայաստանում, ասինքն, այն բազմակի անձը պատմության մեջ, որը նրա կերպարն է, հույսը, որպեսզի հարատեւի ազգը, հուսախաբ չի լինի: Նստակյացները իրավացի կլինեին, եթե ամրապնդեին իրենց հիմքը նախնյաց հողում: Բայց նստակեցությունը, ինչպես տեսանք, պարզ՝ իր սկզբունքի մեջ, ցինիկ՝ իրականացման մեջ, կարիքի դեպքում արհամարհելով ժողովրդավարական նորմերը, միշտ ավելի հզոր ձեւով է բախվում ազատության պահանջներին, հետեւաբար՝ բարդությանը, որն ավելի ու ավելի է աճում յուրաքանչյուր անհատի քաղաքական գիտակցության առկայծմանը զուգընթաց:
Այնպես որ, եթե նստակեցության կողմնակիցները, որոնք իշխանության պատվերներն են կատարում, յուրաքանչյուր անհատի նախազգուշացնեն քոչվորային հորդացման մասին, նշանակում է, իրենց սկզբունքի համաձայն, նախընտրում են հողի գաղափարախոսությունը մարդու շուրջը կենտրոնացած բարոյախոսությունից: Հանուն այդ գաղափարախոսության թույլ կտան իրենց այն ամենը, ինչը կարող է դա գործի դնել: Ստոր արարքներ, խարդախություններ, խաբեբայություններ, զեղծարարություններ, գրաքննություններ, սպանություններ, քաղաքական խարդավանքների բոլոր տեսակները կծառայեն բարձրագույն Դատին, այսինքն՝ մենքին: Բայց օրենքներին լավ ծանոթ լինելով՝ սփյուռքը դժվարությամբ հանդիսատես կդառնա ծագող ժողովրդավարությանը, որը կրում է արխաիզմի, կլանային համակարգի եւ աղմկահարությունների դրոշմը: Եթե ճիշտ է, որ սփյուռքում նստակյաց գաղափարախոսության առաջատարները, որոնք առանց շիկնելու հարմարվում են իրենց հակասություններին, կարող են իրավունքի սկզբունքից էլ այն կողմ անցնել, միայն թե պահպանվի նստակեցությունը: Բայց, ընդհանուր առմամբ, ովքեր կնախընտրեն սահմանադիր արդարադատությունը բացարձակային մենքից, չեն կարողանա խուսափել եսի ի հայտ գալուն նպաստելուց կամ նույնիսկ պահանջելուց մի հասարակությանը, որն այն մերժում է: Այլ կերպ ասած, եթե սփյուռքի բնակիչները կարող են ինչ-որ դեր խաղալ, դա քաջալերելով եւ նույնիսկ պարտադրելով է մշտապես ավելի շատ իրավունք ձեռք բերել մի երկրի հաստատություններում, որի տնտեսական քաղաքացիներն են, քանի որ այնտեղ ապրել չեն կարողանա: Մի խոսքով, պետք է հուսալ, որ կգա մի օր, երբ գլխավոր երկրի եւ սփյուռքի գավառների միջեւ փոխադարձ ճանաչումն իրոք արդյունավետ կլինի, երբ նրանց միջեւ ստեղծվի փոխգործակցող պատասխանատվություն, որը շատ անհրաժեշտ է ազգի հավասարակշռված գործունեության համար:
Թարգմանությունը՝ Նվարդ Վարդանյանի
0 comments:
Post a Comment