Saturday, May 18, 2013

Առաջին հանրապետություն: Արևելահայերի համագումարը

Ներկայացնում է Հայկ Ղազարյանը, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Մինչ Հայաստանի խորհրդարանի մասին խոսելը՝ ցանկանում եմ անդրադառնալ նրա ձևավորման ակունքներին (Արևելահայերի ազգային համագումար և Հայոց կենտրոնական Ազգային խորհուրդ)։
1917թ. Ռուսաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղափոխությունը ազգային ինքնագիտակցությամբ լցրեց Այսրկովկասը, որտեղ սկսեց ծաղկում ապրել ազգային կյանքը։ Այս առումով մենշևիկ Գ. Ղարաջյանը գրում է. «Երկրամասում ազգային գործոնն ավելի ուժեղ թափով արտահայտվեց, քան սոցիալականը»։ Մի շարք կուսակցություններ, որոնք թուլացել էին պատերազմի տարիներին, սկսեցին ակտիվորեն գործել։ ՀՅԴ շատ գործիչներ զոհ էին գնացել Հայոց Ցեղասպանությանը, բայց այն մնում էր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի առաջատարը։ Ինչպես գրում է «Կովկաս» պարբերականը՝ «Այն ամենաազդեցիկ հայկական կուսակցությունն էր»։ 1917թ. Թիֆլիսում ստեղծվեց մի նոր կուսակցություն՝ Հայ ժողովրդավար կուսակցությունը, որը, կարելի է ասել,  փետրվարյան հեղափոխության ծնունդն է։
Բացի բոլշևիկյան կուսակցությունից՝ բոլոր մյուս կուսակցությունները պաշտպանում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ուղեգիծը։ Բոլշևիկները դեմ էին ժամանակավոր կառավարմանը։ Մտադրվել էին Փետրվարյան հեղափոխությունը վերածել սոցիալիստական հեղափոխության, այսպիսով, հասնել իրենց ծրագրերի, այն է՝ կումունիստական հասարակության կառուցման բաղձալի երազանքի իրագործմանը։ Հայաստանյան կուսակցություններից շատերը ձգտում էին օգնություն ստանալ Ռուսաստանից՝ Թուրքահայաստանի հարցը լուծելու և Այսրկովկասում պատմա-ազգագրական հատվածների վերաբաժանում կատարելու համար։
1917թ. արևելահայոց հասարակական-քաղաքական  գաղափարներ տարածող պարբերականներն էին՝«Հորիզոն» (ՀՅԴ), «Մշակ» (հայ կադետներ), «Գաղափար» (Ս Դ հնչակ), «Հովիտ» (եկեղեցի), «Պայքար» (Հայ դեմոկրատ) և «Վան-Տոսպա» (Հայ ռամկավար) ծրագրերը։
1917 թ. մարտի 7-ին Թիֆլիսի Հայոց առաջնորդարանում տեղի ունեցավ արևելահայոց հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու հոսանքների ժողով-խորհրդակցություն, որին մասնակցում էր շուրջ հիսուն մարդ։ Ժողովը գլխավորում էր Ստ. Մալխասյանը։ «Մշակ» թերթի խմբագիր Հ. Առաքելյանը նշում է. «Ժողովը հրավիրվել էր փետրվարյան հեղափոխության կապակցությամբ, և այդ պայմաններում անջատ գործունեությունը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ հայերի համար»։
Հանրապետությունում  առկա էր նաև միջկուսակցական համագործակցության խնդիրը: Կուսակցությունների գործողությունները կենտրոնացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև մի շարք սկզբունքային խնդիրների շուրջ համաձայնության գալու նպատակով ստեղծվեց Միջկուսակցական մարմին, որում ընդգրկված էին ՀՅԴ, ՀԺԿ, Սոցիալ- դեմոկրատ, էսեռ և ՍԴ Հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նախագահը Հ. Օհանջանյանն էր (ՀՅԴ):
Ասպիսով, մի հանրագումար էր պատրաստվում գումարվել, որը կլուծեր այդ բոլոր խնդիրները։ Մինչ խորհրդակցությունը՝ ազգային գործերի ղեկավարությունը դրվում է Ազգային բյուրոյի վրա՝ համալրվելով նոր անդամներով։ Ընտրվեց 11 հոգուց բաղկացած մի մասնաժողով, որը պետք է ժողովի ավարտից հետո լրացներ ու թարմացներ Ազգային բյուրոյի և նրա գործադիր մարմնի կազմը (23 անդամ)։ Ազգային բյուրոյի կազմը բազմակուսակցական էր՝ թվով տասնութ հոգի, իսկ նրան կից գործադիր մարմինը՝ հինգ մարդ (Հ. Աղբալյան, Ռոստոմ, Հ. Զահրիյան, Ա. Ջամազյան, Ս. Վրացյան)։ Ավելացվում են նաև յոթ անդամ Թիֆլիսից։ Այսպիսով, հեղափոխությունից հետո բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկներից, համագործակցում են իրար հետ։
1917թ. մայիսի 3-ի խորհրդակցությունում Ռուսական սոցիալիստ-դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ Ա. Խանդակյանը պարզաբանեց, որ ռուսական էսէռական կուսակցությունների մեջ գոյություն ուներ հայ էսէռների հոսանք, որը շուտով ստեղծելու էր այդ կուսակցության մասնաճյուղը։
1917թ. գարնանը՝ ապրիլին, թուրք-ադրբեջանցիներն արդեն հրավիրում էին իրենց ազգային մուսուլմանական համագումարը, և Հայաստանում որոշվում է ամրացնել ռուսահայերի համագումարի նախապատրաստումը և գումարումը։ Երևանում 1917թ. մայիսի սկզբներին գումարվեց արևմտահայերի առանձին համագումար։ Ապրիլի կեսերին որոշվեց գումարել արևելահայերի համագումարը՝ ոչ ուշ քան երկու ամսվա ընթացքում։ Մշակվեց ընտրակարգը, ընտրությունների ղեկավարումը, համագումարի օրակարգի մշակումը և այն հանձնարարվեց Թիֆլիսի Միջկուսակցական մարմնին։ Արևելահայոց համագումարի պատգամավորների ընտրություններին մասնակցելու էին միայն ռուսահայերը՝ քառանդամ համակարգով։ Յուրաքանչյուր բնակչին ընկնելու էր տասը պատգամավոր։
Կային խանգարիչ հանգամանքներ նույնպես. երկրի քաղաքական անկայունությունը, ընտրությունների անցկացման կազմակերպման, ազգային-տարածքային դժվարություններ, միջկուսակցական տարաձայնություններ։ Ուստի՝ այն հետաձգվեց մինչև աշուն։ Եվ 1917թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը կայացավ արևելահայերի համագումարը (համախորհրդակցություն) (Թիֆլիսում)։
Պաշտոնական բացումը՝ սեպտեմբերի 28-ին, կայացավ խորհրդակցական նիստ, որտեղ հիմնվել էին չորս սեկցիաներ (խմբակցություններ՝ ՀՅԴ, ՀԺԿ, էսէռ, սոցիալ. դեմոկրատներ)։
Կար 228 պատվիրակ, որոնց կուսակցական պատկանելությունը՝
ՀՅԴ-116
ՀԺԿ-40
Էսէռ-24
Սոցիալ. դեմոկրատ- 30
Անկուսակցական-14
Անհայտ-4
Համախորհրդակցության ժամանակ ճշտել ու հաստատել են կարողացել միայն 203 պատգամավորների մանդատները, իսկ 25 հոգունը տարբեր պատճառներով (չներկայանալ, հիվանդանալ, մահ) չեն հաստատվել։
Սոցիալ-դեմոկրատներ՝ հիմնականում մենշևիկներ, 5 ՍԴ հնչակյաններ։ Իսկ բոլշևիկները բոյկոտում են խորհրդարանը և են մասնակցում։ Նրանք բոյկոտեցին նաև 1917 թ. աշնանը հրավիրված համառուսական դեմոկրատական խորհրդակցությունը։
Ռուսաստանում եղած իշխանությունից հայերը մեծ ակնկալիքներ են ունեցել, բայց դա եղել է միայն ժամանակավոր կառավարություն, որի հետ ջերմ կապերի մեջ են եղել Հ. Զավրինյանը, Ս. Հարությունյանը, Հ. Սաղաթելյանը։
Սոցիալ-դեմոկրատներն ու էսէռ պատվիրակները մեղադրում էին հայ իրականությանը՝ հայ ժողովրդին համառուսական և համակովկասյան հեղափոխության պայքարից զրկելու համար։
Արևելահայոց համագումարը զբաղվել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության, Անդրկովկասի վարչական բաժանումների, զեմստվոներ մտցնելու, ազգային զորքի կազմակերպման, գաղթականության հարցերով։ Ինչպես ասում էր մի անանուն գործիչ, «Միայն արտաքին վտանգն էր ստիպում հայ հոսանքներին համախմբել մեկ դահլիճում և մեկ մարմնի մեջ»։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ համագումարի ընդունած որոշումներն են դրել ազգային պետականության գաղափարի նյութականացման հիմքը։ Հայ ժողովուրդը պետք է ձգտի իրականացնել  իր այդ իրավունքը պետականության հիմունքներով ու սահմանումներով։


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic