Թումանյանական օրերին ընդառաջ ներկայացնում է Վիկա Մարկոսյանը
Պատերազմը երկու ազգերի ունեցած կոնֆլիկտի լուծման միջոցներից ամենասարսափելին է, ամենաանմարդկայինը: Պատերազմը կռիվն է, սպանությունը, դաժանությունը, սևը, մահը, փամփուշտն ու լացող երեխեքը: Ու ամեն մի վատ բան, որը էս պահին մտքներովդ կանցնի, կարող ենք հավելել թվարկվածների շարքում ու սխալված չենք լինի: Պատերազմը նաև քաղաքացիական է լինում: Տվյալ դեպքում ոչինչ չի փոխվում, ուղղակի երկրի ներսում են հայրենակից ու արյունակից մարդիկ սպանում իրար:
Սառը պատերա՞զմ: Նույնն է, էլի:
Պատերազմ ստեղծողը երկրի իշխանությունն է, կռվողը, տուժողը՝ ժողովուրդը: Իշխանությունը պատերազմում, բնականաբար, հանդես է գալիս կառավարողի, կազմակերպողի դերում, բայց (գոնե Հայաստանում), իշխողների անձնական կյանքը պատերազմից հետո ավելի արագ է վերականգնվում, քան ժողովրդինը:
Չասենք՝ պատերազմում ժողովուրդը պարտադրաբար է կռվում, բայց չասենք նաև, որ առանց իշխանության հրահրման կկռվեին: Չենք մոռանում ներարկված հայրենասիրական ոգու չափաբաժնի ավելացման մասին, որը շատ էլ բնական է:
Ո՞վ է ժողովուրդը:
Ժողովուրդը գյուղացին ու քաղաքացին է, գիտնականն ու բանվորը, մեծերն ու մանուկները: Այս մարդիկ դառնում են մարդասպաններ, վիրավորվում, կամ սպանվում պատերազմում, ու արդյունքնում ողջ երկիրը սթրեսի մեջ է ու դեռ ուշքի չի գա գոնե մոտակա երկու տարիների ընթացքում:
Անդրադառնալով պատերազմի ծագման, ընթացի ու հետևանքների մեկնաբանմանը, տեղին կլինի հիշել Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»: Կարծում եմ բոլորն էլ կարդացած կլինեն, դրա համար էլ ավելորդ եմ համարում սյուժեն մեկ անգամ ևս պատմել:
Հիշո՞ւմ եք, թե ինչի՞ց սկսվեց պատերազմը: Իհարկե, մի կաթիլ մեղրից: Լավ, թող լինի մի շան, կատվի ու մի մարդու մահով, բայց դեպքը մասշտաբայինը, չէ՞: Հենց դա է պատճառը, որ մենք ծիծաղում ենք պատմվածքի հերոսների վրա: Անխե՞լք են: Չասեք՝ այո՛, որովհետև ադպիսի մի դեպք էլ մեզ մոտ եղավ: Իհարկե իմ կողմից մեծ վիրավորանք է Թումանյանի հերոս առևտրականին համեմատել նրա հետ Բայց, Ռամիլ Սաֆարովին, Գուրգեն Մարգարյանին հիշո՞ւմ եք: Գիտեմ, հիշեցիք: Այսինքն դեպք էր, որից կարող էր պատերազմ սկիզբ առնել: Բայց կարող էր չէ՞: Չգիտեմ՝ լավ է, թե վատ, որ չսկսվեց, բայց փաստ է՝ կարող էր սկսվել: Կարծեմ, իրականում էլ ադպիսի դեպքեր ունենք, երբ չնչին բանից է պատերազմ ծագում ու հանգեցնում Թումանյանի նշած հետևանքներին, որոնք հեչ էլ լավը չեն:
Այսպիսով, պատերազմը բնավ էլ դրական երևույթ չէ, ոչ մի ու ոչ ոքի տեսանկյունից: Այն, ըստ իս, ունի մի դրական կողմ, այն է՝ խաղաղության արժեքը լավ իմանալը: Կասեք առանց դրա էլ գիտե՞նք: Չեմ կարծում, բայց լավ, վերաարժևորելը: Այնուամենայնիվ, չեմ ուզում, որ պատերազմներ լինեն: Մի բանի արժեքն էլ վատ իմանանք:
0 comments:
Post a Comment