Tuesday, February 19, 2013

Մտորումներ Վիլյամ Սարոյանի «Գնացքները» պատմվածքի շուրջ


Միայնությունը լավ ընկեր է, բայց վատ խորհրդատու:              

Լ. Կրայնով-Ռիտով


Միայնություն, ամենադաժան բանն աշխարհում: Դրանից փախչելն անմտություն է: Այն պետք է հաղթահարել, փորձել դուրս գալ դրա միջից, բայց ոչ փախչել:
Կարդում եմ Վիլյամ Սարոյանի «Գնացքները» պատմվածքը: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ մտածեմ, կամ մտածե՞մ, թե ոչ:

«Տղան օտարությունից տուն էր վերադարձել և նորից երեխա էր դարձել, բացել էր սենյակի դուռն ու մեկնվել անկողնուն, քնել ու զարթնել էր, բայց դարձյալ անտուն էր»:
Ուրախանա՞մ, որ տուն է վերադարձել, թե՞ տխրեմ, որ սեփական տանն է գտնվում, բայց միևնույն ժամանակ անտուն է, օտար: Կարո՞ղ եք բացատրել, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Դուք երբևէ զգացե՞լ եք դա: Ճիշտն ասած ես էլ չեմ զգացել ու հուսով եմ, որ երբեք չեմ էլ զգա այդ դառնությունը, սառնությունն, անտարբերությունն ու վերջապես միայնությունը: Ու՞մ է պետք դա: Ոչ մեկին:
«Նա դժվարանում էր նույնիսկ քաղաքի բնակիչների հետ խոսել, որն ամենասովորական բանը պիտի լիներ աշխարհում, դժվարանում էր խոսել իր նկարների մասին, իսկ կտավները կորցրել էին իմաստային խորությունը, գծերի հստակությունն ու պարզությունը»:
Ասում են՝ նկարիչները բազմագույն ու հետաքրքիր ներաշխարհ են ունենում, կյանքի ամբողջ իմաստը փորձում են գտնել իրենց իսկ ստեղծած կտավների մեջ, ապրում են, վայելում են կյանքը և փորձում այն արտացոլել թղթի վրա: Եվ ամենալավը հենց իրենք են կարողանում ներկայացնել կյանքն ինչպես այն կա իրականում: Բոլոր նկարիչներն են այդպես անում և մտածում, սակայն  «նա լիովին տրվել էր դատարկությանը, չէ՞ որ ինքը լավ գիտե, որ աշխարհն ամենևին էլ հրաշք չէ»:
Իսկ միգուցե հենց ի՞նքն է կյանքը տեսնում միայն սև ակնոցներով, միգուցե կյանքի իմաստն ինչ-որ տեղ կորցրե՞լ է և դժվարանում է գտնել: Երևի թե հենց այդպես էլ կա:
Նա միշտ երկմտում էր` մնալ ու վայելել միայնությունը, թե գնալ, ավելի ճիշտ փախչել, բայց երբեք չէր մտածում փնտրել, գտնել, նպատակ դնել ու հասնել դրան: Մարդու էությունն է այդպիսին: Միշտ բռնում է հեշտ ուղին` փախչել խնդիրներից, միայնությունից, դավաճանությունից: Բայց շատ քչերն են, որ մնում ու փորձում են հաղթահարել, պայքարել և հասնել բարձունքների:
Նա գտավ մեկին, միգուցե հենց իր միակին, բայց չկարողացավ պահել նրան իր կողքին, ձեռքից մի հնարավորություն ևս բաց թողեց: Գուցե հենց վերջինը, միանգամից ոչինչ չենք կարող ասել: Որոշումը կայացավ: Այո, ճիշտ լսեցիք. կայացավ, ոչ թե կայացրեց: Այն կատարվեց ինքնըստինքյան, առանց մտածելու:
«Երբ աղջիկը հեռացել էր, նա վառեց լույսն ու սկսեց հավաքել նկարները, առավոտյան ժամանակ չէր լինի»:
Երևի թե ուրախությունն այդ մարդուն չէր սիրում և ամենևին էլ նրա համար չէր: Ի՞նչ կարող ենք անել:

Հեղինակ՝ Սյուզի Թադևոսյան, 10-3 դասարան:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic