Thursday, February 14, 2013

Նշաններ և սիմվոլներ (Վլաադիմիր Նաբուկով)


Այս էլ չորրորդ անգամ, ինչպես տարիներ շարունակ, կանգնում էին նույն խնդրի առջև՝ ի՞նչ նվիրել անբուժելի հոգեկան հիվանդությամբ տառապող մի երիտասարդի, որը ոչ մի ցանկություն չուներ։ Մարդկային առարկաները նրա համար կամ չարագույժ ազդակներ հաղորդող սատանայական որջեր էին, կամ էլ՝ հսկայական հարմարանքներ, որոնք իր վերացական աշխարհում որևէ կիրառություն չունեին։
Բացառելով մի շարք առարկաներ, որոնք կարող էին վախեցնել կամ վնասել նրան (օրինակ՝ գործիքների վրա տաբու կար), ծնողներն ընտրեցին անվնաս ու համեղ մի անհեթեթություն՝ տասը տարբեր մրգերի ջեմերով լի մի զամբյուղ։
Նրանք վաղուց էին ամուսնացել, տարիներ էին գլորել ու արդեն բավական ծեր էին։ Կինն իմիջիայլոց հավաքում էր իր անկյանք, ալեխառն մազերը և էժանագին, սև զգեստներ հագնում։ Ի տարբերություն հասակակից մյուս կանանց (օրինակ հարևանուհու՝ միսս Սոլի դեմքը շպարի հաստ շերտից ամբողջությամբ վարդագույն էր, իսկ գլխին արհեստական ծաղիկների մի ամբողջ զամբյուղ կար), նա չէր թաքցնում մազերը, գարնանային անողոք արևը մերկացնում էր դրանց ճերմակը։ Ամուսինը, որը հին երկրռւմ հաջողակ առևտրական էր, հիմա լիովին կախման մեջ էր եղբորից՝ Իսահակից, որը քառասուն տարեկանում արդեն կատարյալ ամերիկացի էր դարձել։ ՆրանԱրքայազն էին կոչում, և գրեթե չէին հանդիպում։
Այդ առավոտ ամեն ինչ թարս էր գնում։ Երկու կայարանների միջև գնացքը խափանվեց, և տասնհինգ րոպե շարունակ հարկադրված էին լսել միայն կողքինների սրտի կանոնավոր գարկերն ու թերթերի ճռճռոցը։ Ավտոբուսը, որ հետո պիտի նստեին, դարձյալ սպասեցնել տվեց, իսկ երբ եկավ, թխմված էր բարձր կչկչացող դպրոցականներով։
Երբ հասան հոգեբուժարան տանող մութ ճանապարհին, նրանց գլխավերևում ծանր անձրև սկսվեց։ Այնտեղ էլ պիտի սպասեին, և իրենց տղայի փոխարեն, որ միշտ քստքստացնելով էր սենյակ մտնում (խոժոռ ու այլայլված դեմքն ամբողջովին ծածկված էր բշտիկներով ու ածելիից մնացած վերքերով), վերջապես ընդառաջ եկավ ծանոթ հիվանդապահուհին ու պայծառ դեմքով հայտարարեց, որ նա կրկին ինքնասպանության փորձ է արել։ Հիմա լավ է, ասաց նա, բայց տեսակցությունը տակնուվրա կանի նրան։ Ընդունարանում այնպիսի խառնակություն էր, որ ցանկացած իր կարող էին կորցնել կամ շփոթել, և որոշեցին նվերը չթողնել. հաջորդ այցելությանը կբերեն։
Կինն սպասեց մինչև ամուսինը կբացեր անձրևանոցը և նոր միայն թևանցուկ արեց։ Ամուսինը մերթընդմերթ տարօրինակ հազով մաքրում էր կոկորդը, սովորաբար այդպես էր անում, երբ անտրամադիր էր լինում։ Մտան փողոցի մյուս կողմում գտնվող կանգառի ծածկի տակ, և նա փակեց անձրևանոցը։
Մի քանի քայլ այն կողմ՝ ճոճվող ու կաթկթացող ծառի տակ, ջրափոսի մեջ մի կիսամեռ, անօգնական ճնճղուկ էր թպրտում։
Մետրոյի կայարան տանող երկար ճանապարհին ոչ մի բառ չփոխանակեցին։ Ամեն անգամ, երբ հայացքն ընկնում էր անձրևանոցի բռնակից ամուր կառչած ամուսնու դուրս պրծած երակներով ու մուգ բծերով ձեռքերին, զգում էր կամաց-կամաց խտացող արցունքների ծանրությունը։ Փորձելով միտքը մի այլ բանի վրա շեղել, մեղմ ցնցվեց՝ բախվելով միաժամանակ կարեկցանք ու զարմանք առաջացնող այդ տեսարանին. շագանակագույն մազերով ու կարմիր անխնամ եղունգներով մի աղջիկ, գլուխը հակած մի տարեց կնոջ ուսի, արտասվում էր։
Ո՞ւմ էր նման այդ կինը։ Այո՛, Ռեբեկա Բորիսովնային, որի դուստրը տարիներ առաջ Մինսկում ամուսնացավ Սոլովեյչիկներից մեկի հետ։
Բժշկի կարծիքով տղայի ինքնասպանության վերջին փորձը հնարամտության գլուխգործոց էր, և այն հաջողությամբ կպսակվեր, եթե հիվանդներից մեկը, մտածելով, թե նա թռչել է սովորում, չնախանձեր ու չխափաներ նրա թռիչքը։ Իսկ իրականում նա ուզում էր իր աշխարհից անցք բացել ու փախչել։
Տղայի պատրանքների համակարգը հատուկ ուսումնասիրության նյութ էր դարձել և տպագրվել գիտական մի ամսագրում։ Բայց դրանից շատ առաջ էլ ինքն ու ամուսինը գլուխ էին կոտրում այդ երևույթի վրա, որին Հերման Բրինքը «Ռեֆերենցիալ մանիա» էր անվանում։ Խիստ հազվադեպ հանդիպող այս հիվանդների երևակայությամբ իրենց շուրջը կատարվող ամեն ինչ սեփական անձի և գոյության քողարկված վերարտադրությունն է։ Նրանք լավ մարդկանց բացահայտելու կարողություն ունեն, որովհետև իրենց կարծիքով շատ ավելի խելոք են, քան մյուսները։
Խորհրդավոր բնությունը ամենուր հետապնդում էր նրան։ Աստղազարդ երկնքում միմյանց մեջ լուծվող ամպերն իրենց հեզասահ պատկերների լեզվով մանրամասն տեղեկություններ էին հաղորդում։
Նրա ամենանվիրական մտքերը ծնվում էին գիշերամուտին, կապվում ծառերի մութ ստվերախաղի հետ ու դասավորվում այբբենական կարգով։ Գլաքարերը, բծերը կամ արևի ցոլքերը բովանդակալի նշաններ էին, որ միայն ինքը կարող էր ընկալեր։ Շրջապատի ամեն բան ծածկագիր էր, և ամեն ինչ իր հետ էր առնչվում։ Լրտեսներից ոմանք մեկուսի դիտորդներ էին. օրինակ՝ բաժակի մակերեսը կամ ջրամբարները, մյուսները՝ ասենք ցուցափեղկերի վերարկուները, կողմնակալ վկաներ էին, հոգով դահիճներ, մի մասն էլ (հոսող ջուրը, փոթորիկները) գրեթե խելագարներ էին, իր մասին թյուր կարծիք ունեին և աղավաղված էին մեկնաբանում իր գործողությունները։ Ինքն ամեն վայրկյան զգոն պետք է լիներ և իր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, քայլը նվիրեր առարկաների ու երևույթների բացահայտմանը։ Նույնիսկ իր արտաշնչած օդն էր ինդեքսավորվում ու դուրս գալիս։ Գոնե միայն անմիջական շրջապատի առարկաները գրգռեին իրեն, բայց ավաղ՝ ոչ։
Տարածության մեջ խնդրահարույց երևույթները տարափի պես թափվում էին ու ահագնանում։ Սեփական արյան գնդիկները միլիոնապատիկ մեծանում էին, հոսում լայնարձակ հարթավայրերով և հեռվում դառնում աներևակայելի բարձրության ու կարծրության հսկայական գրանիտե ժայռեր։ Իր գոյության բացարձակ ճշմարտությունը հառաչանքն էր։ Երբ ամուսինները հռնդացող ու գաղջաօդ մետրոյի կայարանից դուրս եկան, ցերեկվա վերջին ծվեններն արդեն լուծվել էին փողոցային լույսերի մեջ։ Կինը որոշեց ընթրիքի համար ձուկ գնել և ձեռքի ջեմերով լի զամբյուղը փոխանցեց ամուսնուն՝ ասելով, որ տուն գնա։ Ամուսինը բարձրացավ երկրորդ հարկ և նոր միայն հիշեց, որ կեսօրին բանալին կնոջն է տվել։
Լուռ նստեց աստիճաններին ու լուռ էլ ոտքի ելավ, երբ տասը րոպե անց ծանրաքայլ, սեփական լռությունը ցրելու համար նվաղ ժպտալով և գլուխը տարուբերելով աստիճաններին հայտնվեց կինը։
Մտան իրենց երկու սենյականոց բնակարանը, և ամուսինն անմիջապես ուղղվեց դեպի հայելին։ Բութ մատների օգնությամբ ու դեմքի սարսափելի ծամածռությամբ ձգեց բերանի անկյունները, հանեց իր նոր, բայց անհուսալիորեն ցավեցնող պրոթեզն ու սրբեց վրան կպած թուքը։ Մինչ կինը սեղան կպատրաստեր, ձեռքն առավ իր ռուսալեզու թերթը։
Կարդալով էլ շարունակեց ծամել փափուկ ուտելիքները, որոնք ատամ չէին պահանջում։ Կինը զգում էր նրա տրամադրությունը, և ինքն էլ էր լուռ։
Երբ ամուսինը գնաց ննջարան, վերցրեց ալբոմը, մաշված խաղաթղթերն ու մնաց հյուրասենյակում։
Մթի մեջ թափվող անձրևն իջնելով բակի մի անկյունում գտնվող ծռմռված աղբամաններին՝ սկսում էր կտկտացնել։ Նեղ բակի մյուս կողմի բնակարաններում խավար լույս կար, և նրանցից մեկի պատուհանից երևում էր սև տաբատով, մերկիրան մի մարդ, որ ձեռքը վեր պահած, մեջքի վրա պառկել էր մահճակալին։ Կինն իջեցրեց շերտավարագույրն ու սկսեց լուսանկարներն ուսումնասիրել։ Մանուկ հասակում տղայի դեմքի արտահայտությունն ավելի զարմացած էր, քան մյոսներինը։ Կողքի շրջանակի մեջ Լեյպցիգի իրենց սպասուհին է՝ իր լայնադեմ փեսայի հետ։ Մինսկ, հեղափոխություն, Լեյպցիգ, Բեռլին, Լեյպցիգ. ահա իրենց տունը, որ անհաջող ֆոկուսի պատճառով շեղ է դուրս եկել։ Զբոսայգում են, չորս տարեկան է, կնճռոտած ճակատով, խոժոռ ու ահաբեկված հայացքով այնպես է նայում սկյուռին, ասես դիմացինն անծանոթ օտարական լինի։ Մորաքույր Ռոզան՝ ոսկրոտ, անհանգիստ, վայրի աչքերով այդ տարեց կինն ապրում էր վատ լուրերով փոթորկվող աշխարհում. սնանկացումներ, երկաթուղային վթարներ, քաղցկեղի ուռուցքներ, մինչև որ գերմանացիները վերջ տվեցին թե՛ նրա, թե՛ այն բոլոր մարդկանց կյանքին, որոնց ճակատագրով այդքան մտահոգ էր։
Վեց տարեկան... այդ ժամանակ մարդկային ձեռքերով ու ոտքերով զարմանալի թռչուններ էր նկարում և մեծ մարդու նման անքնությամբ տառապում։ Ահա քեռին, որ հիմա հայտնի շախմատիստ է։ Նորից տղան՝ ութ տարեկանում, դժվար է հասկանալ միջանցքի պաստառից է վախեցած, թե բացված գրքի լուսանկարից, ուր մի լեռնային հովվերգական տեսարան է ուրվագծվում ու տերևաթափ ծառի ճյուղից կախված մի հին սայլանիվ։
Տասը տարեկան... այդ տարի նրանք հեռացան Եվրոպայից։ Ամոթ, կարեկցանք, խղճահարություն, հոգեմաշ դժվարություններ, չար, փնթի ու դաժան երեխաներ, որոնց հետ սովորում էր հատուկ դպրոցում։ Երկարատև թոքաբորբից ապաքինվելուց հետո եկավ մի շրջան, երբ տղայի փոքրիկ մոլորություններին ու կամակորություններին ծնողները համառորեն վերաբերվում էին որպես տաղանդավոր երեխայի տարօրինակությունների ու արտառոց երևակայական մտքի արտահայտության, որոնք հասու չեն սովորական մարդկանց։
Այս ամենն ու ավելին զգալուց հետո, կամաց-կամաց կորցրին իրենց հույսը, անգամ վիճակի բարելավման հնարավորությունը։ Նա մտածեց ցավի անվերջանալի հարվածների մասին, որ կամա թե ակամա ինքն ու ամուսինը կրել էին ու կրելու էին աներևույթ հսկաների մասին, որ աներևակայելիորեն տանջում էին որդուն, աշխարհի անսահման գութն ու այդ գթության ճակատագրի մասին, որը արհամարհվում, կորչում կամ փոխակերպվում է խելագարության, կեղտոտ անկյուններում իրենց պատիժը կրող չսիրված երեխաների մասին, գեղեցիկ սեզերի մասին, որ չեն վրիպում հողագործի աչքից և հրեշավոր մութն ընկնելուն պես պիտի թաքնվեն ծաղիկների առէջքների ստվերում։
Կեսգիշերն անց էր, երբ ականջին հասավ ամուսնու հեծկլտոցը։ Նույն պահին էլ ամուսինը ճոճվելով մտավ հյուրասենյակ։ Գիշերազգեստի վրա գցել էր իր հին, աստրախանյան օձիքով վերարկուն, որն ավելի էր հավանում քան իր պատվիրած գեղեցիկ խալաթը:
–Չեմ կարողանում քնել,– արտասվում էր նա։
–Ինչու՞,- հարցրեց կինը,– ինչու՞ չես կարողանում քնել, չէ՞ որ բավական հոգնած ես։
–Չեմ կարողանում քնել, որովհետև մեռնում եմ,– ասաց նա՝ պառկելով թախտին։
–Ստամո՞քսդ է։ Ուզու՞մ ես զանգեմ բժիշկ Սոլովին։
–Ոչ մի բժիշկ, ոչ մի բժիշկ,– տնքաց նա։ –Թող գրողի ծոցը գնան բժիշկները։ Մենք պիտի նրան այնտեղից շուտ դուրս բերենք։ Թե չէ, մեղավորը մենք ենք լինելու։ Մեղավոր։
–Մեղավոր,–կրկնեց նա. դժվարությամբ նստելով։ Ոտքերն ի– ջեցրեց գետնին ու պրկված բռունցքով հարվածեց ճակատին։
–Շատ լավ,– արագ պատասխանեց կինը,– վաղն առավոտյան նրան կբերենք։
-Թեյ չխմե՞նք,– ասաց ամուսինն ու ուղղվեց դեպի լոգասենյակ։
Դժվարությամբ կռանալով՝ կինը բարձրացրեց գետնին ընկած մի քանի խաղաթղթեր՝ սրտի տղան, ագռավի ինն ու ագռավի մեկը, նաև Էլզայի և նրա վավաշոտ սիրեկանի լուսանկարները։
Վերադարձավ բարձր տրամադրությամբ ու առողջ ձայնով ասաց.
–Ամեն ինչ մտածել եմ։ Ննջասենյակը նրան կտանք։ Մեզանից յուրաքանչյուրը գիշերվա մի կեսը նրա մոտ կանցկացնի, մյուս կեսը՝ իր սենյակում։ Հերթով։ Շաբաթական նվազագույնը երկու անգամ բժիշկը կայցելի։ Կարևոր չէ, թե Արքայազնը ինչ կասի։ Կարող ենք նույնիսկ չասել նրան, որովհետև այդպես ավելի էժան կնստի մեզ վրա։
Հեռախոսը զնգաց։ Իրենց հեռախոսի համար դա սովորական ժամ չէր։ Ձախ հողաթափը դուրս էր եկել ոտքից, ոտնաթաթով հրեց և անատամ բերանով, մանկական շվարած հայացքով կանգնեց սենյակի կենտրոնում ու սառած նայեց կնոջը։
Կնոջ անգլերենն ավելի լավ էր, քան իրենը, և միշտ զանգերին նա էր պատասխանում։
–Կարո՞ղ եմ խոսել Չարլիի հետ,– հարցրեց աղջկա բարակ ու նվաղ ձայնը։
- Ի՞նչ համարով եք զանգել։ Ոչ... սխալ համար եք հավաքել։
Լսափողը հանգիստ վայր դրեց և ձեռքը տարավ իր ծեր ու հոգնած սրտին։
- Այնպես վախեցա,– ասաց նա։
Ամուսինը ժպտաց կարճ ժպիտով ու անմիջապես եզրափակեց իր հուսահատ մենախոսությունը։ «Լույսը բացվելուն պես նրան պիտի հանենք այնտեղից։ Դանակները փակ պահարանում պիտի պահենք։ Փառք Աստծո, որ նույնիսկ ամենասրված վիճակում ուրիշների համար վտանգավոր չէ»։
Հեռախոսը զնգաց երկրորդ անգամ։ Նույն անկյանք ու մտահոգ երիտասարդ ձայնը դարձյալ Չարլիին էր ուզում։
–Սխալ համար եք հավաքել։ Հիմա կասեմ, թե ինչու, զրոյի փոխարեն Օ տառն եք հավաքում։
Նրանք նստեցին չնախատեսված կեսգիշերային տոնական թեյի։ Ծննդյան նվերը սեղանին էր։ Ամուսնու դեմքը պայծառացել էր։ Ֆռթացնում էր թեյն ու մերթընդմերթ այնպիսի ուժով պտտեցնում բարձր պահած բաժակը՝ ասես ուզենար մինչև վերջին բյուրեղը լուծել շաքարավազը։
Ճաղատ գլխի մի կողմում, ուր ի ծնե խալ ուներ, դուրս էր ցցվել զարկերակը, իսկ ծնոտին արծաթագույն մի մազափունջ էր երևում, թեև առավոտյան էր սափրվել։ Մինչ կինը երկրորդ բաժակ թեյն էր լցնում, նա հրճվանքով ուսումնասիրում էր ջեմի փոքր ու պսպղուն, դեղին, կանաչ ու կարմիր բանկաները։
Նրա անճարակ ու խոնավ շրթունքներն արտաբերում էին պիտակների գրությունները՝ ծիրան, խաղող, դեղձ, սալոր, սերկևիլ։ Հասել էր կանաչ խնձորին, երբ հեռախոսը նորից զնգաց։

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic