Friday, March 15, 2013

Մեր հասարակության թերությունները


Թերությունները մարդու համար են: Պետք չէ աչք փակել դրանց վրա, բայց պետք էլ չէ ուռճացնել դրանք կամ համարել անլուծելի:

«Դյուրին է լինել լավն այնտեղ, որտեղ մեզ ոչինչ չի խանգարում լինել այդպիսին»:
Օվիդիոս
Հայերն էլ, ինչպես բոլոր ժողովուրդները, ունեն առավելություններ և թերություններ: Հարգում եմ առավելություններն իմ ժողովրդի՝ հայրենասիրությունը, ընկերասիրությունը, միմյանց օգնելու ցանկությունը, նվիրվածությունը, հյուրասիրությունը:
Բայց կան շատ, արդեն արմատացած ու տարածված թերություններ: Մեր լրջագույն թերություններից մեկը միասնական չլինելն է: Յուրաքանչյուրը գործում է, աշխատում է, պայքարում է մենակ՝ առանց շուրջը նայելու: Մասնատված է հայրենիքում ու հայրենիքից դուրս: Կան դեպքեր, երբ հայրենիքից դուրս ավելորդ են համարում ազգանվան պատվավոր «յանը»: Այսինքն՝ իրենց բացարձակ առանձին են տեսնում հայից ու հայրենիքից:  

«Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես եղանակը, և դա այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի»:
Շենսթոն
Իսկ նախանձը իմ կողմից չարդարացված ու անկարևոր հատկանիշ է, որից կարող է օգտվել միայն ուժեղ կամքի տեր մարդը, ով կարող է օգուտ քաղել դրանից և շատացնել իր ներսում լավը՝  հասնելով ու հավասարվելով ձգտածին: Իսկ մեր ժողովրդի մեծամասնությունը, լավն ու հետաքրքիրը տեսնելով,  չի ձգտում հասնել ու հավասարվել, այլ դիմացինին վատություն անելով, իրեն իջեցնելով : Ասում են, իբրև բարի նախանձ էլ կա, բայց նախանձը մնում է նախանձ:    
Մի հատկանիշ էլ կա, որը ուշ է ի հայտ եկել, բայց արդեն արմատացել է՝ անտարբերություն: Ամեն տեղ, ամեն օր նկատում եմ վթարներ, արտակարգ պատահարներ, անժամանակ մահեր, ինքնասպանություններ, արատավոր երեխաների ծնունդներ: Լսում են, տեսնում են անտարբեր հայացքով, սոսկ որպես նորություն արձանագրելով:

«Թավուտի մեջ տերևներ չի տեսնում, չի տեսնում խոտը բացատում, իսկ ջրառատ գետում ջուր չի նկատում»:
 Օվիդիոս
Կարծում եմ, թերությունը նույնիսկ վարակիչ է, վարակը՝ վտանգավոր, վտանգը՝  ահազանգող, մտածելու տեղիք տվող:
Հաստատ ունեմ թերություններ, պատրաստ եմ լսել հարազատներիս, ընկերներիս կարծիքն ու խորհուրդը, հնարավորինս շտկել դրանք:
Չկառչենք մեր թերություններից` պատճառաբանելով, թե աշխարհը հեռու է կատարելությունից:

Վեներա Առաքելյան, 11-րդ դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic