Wednesday, March 27, 2013

Դոն Ռոմիրոն գնում է Եվրոպա


Ֆեռեյրա Գուլլար 


Այդ երեկո Էզեիզա օդանավակայանում գտնվող հարյուրավոր մարդկանցից ոչ ոք չէր կարող երևակայել, թե ինչ է քաշել բանալիով կողպած ճամպրուկները, անձնագիրն ու տոմսը ձեռքին դեպի հեռու ու առասպելական Եվրոպա թռչող ինքնաթիռը նստելու հրամանին սպասող պարոն Ռամիրո Գոնսալեսը մինչև այդտեղ հասնելը: Բայց կարևորն այն է, որ ամեն ինչ իր հունով էր ընթանում, նախատեսվածի համաձայն:
Ամեն բան սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ Ռամիրոն զիջեց՝ աղջկա ու կնոջ ճնշման ներքո:
«Պետք է Եվրոպան տեսնես, պապ: Հերիք է՝ աշխատես, աշխատես: Արդեն հիսուն տարեկան ես, իսկ կյանքն անցնում է»: Այս վերջին բառերը ցնցեցին Ռամիրոյի` իրեն միշտ հարմարավետ զգացող հոգին: Կյանքն անցնում է: Հաջորդ օրը գրասենյակում` երկու հաճախորդների արանքում, անընդհատ վանկարկում էր՝ «անցնում է… անցնում է…» բառերը: Տուն վերադառնալով` թերթը բացեց ու չկարողացավ ուշադրությամբ կարդալ լուրերը. Փարիզ, Լոնդոն, Հռոմ, Բեռլին, Միլան… Հայտնի քաղաքների այդ անունները հոգին լցնում էին երազանքների ու ցանկությունների հորձանքով: Նաև՝ սարսափով: Համեմատում էր իր խաղաղ փողոցը, իր տան հյուրասենյակը, ամենը՝ ծանոթ ու ապահով. ո՞ր փողոցներով ու պողոտաներով, հյուրանոցների ո՞ր համարների ու ռեստորանների մեջ պիտի թափառեր: Ի՞նչ կարող էր պատահել իր ու իր խեղճ կնոջ հետ մի անծանոթ աշխարհում: Բայց, միևնույն ժամանակ, հիշում էր, որ կյանքն անցնում է:
Մի գեղեցիկ օր վճռական տեսքով մտավ տուն: Կնոջը կանչեց ու հայտնեց նրա հետ Եվրոպա գնալու իր որոշման մասին:
- Բայց ո՞ւր… Փարի՞զ… Լոնդո՞ն:
- Դեռ չգիտեմ: Համբերությամբ պիտի ուսումնասիրենք ամեն ինչ:
Բայց հենց որոշումը կայացրեց, ամեն ինչ արագացավ: Հաջորդ օրը տուն եկավ` բեռնված տուրիստական բուկլետներով, ճամփորդական ուղեցույցներով, քաղաքների քարտեզներով: Ընթրիքից հետո ինքը, կինն ու աղջիկը սկսեցին ուսումնասիրել հնարավոր երթուղիները: Ողջ գիշերը դրա վրա ծախսեցին ու անտրամադիր գնացին քնելու: Հաջորդ օրը` մինչև նախաճաշելը, նա արդեն զննում էր քարտեզներն ու օդային ուղիները: Գնաց, Եվրոպայի մեծ քարտեզը գնեց: Մի քանի օր անց քարտեզի վրա գծում էր երթուղին և, կարելի է ասել, «ճանապարհորդության» մի նոր փուլ սկսվեց:
Հիմա, յուրաքանչյուր քաղաքում պիտի հյուրանոց ընտրեին:
- Արի՝ դա այնտեղ՝ տեղում ընտրենք, – անհամբեր առաջարկեց կինը:
- Տեղո՞ւմ: Ես տեղից շարժվելու եմ ամեն բան որոշելուց հետո, կամ էլ ոչ մի տեղ չեմ գնա:
Այցելեց տուրիստական գործակալություններ, դեսպանատներ, գները գրի առավ, հաշվեց տարադրամի տարբերությունը և մի շաբաթում ընտրեց այն հյուրանոցները, որտեղ պիտի ապրեին: «Հոյակապ է, բայց ի՞նչ ենք անելու այդ քաղաքներում: Ի՞նչ տեսարժան վայրեր ենք այցելելու»: Կինը ձանձրացած մարդու տեսք ընդունեց: Ինքը սկսեց որոնել յուրաքանչյուր քաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերը` թանգարաններ, եկեղեցիներ…
-Ես թանգարաններ չեմ սիրում,- հայտարարեց կինը,- ես այդքան երկար ճամփորդության չեմ գնում` հին նկարնելով լցված մի տան մեջ հայտնվելու համար:
- Հին նկարնե՞ր, ա՛յ անկիրթ, հռչակավոր գործե՜ր:
- Ես ուզում եմ զբոսնել, խանութներ, փողոցներ, սիրուն տեղեր տեսնել:
- Դա նույնպես,- ավելացրեց ամուսինը:
Ու գրիչով Փարիզի քարտեզի վրա նշում էր այն հյուրանոցի փողոցը, որտեղ պիտի իջևանեին ու տարբեր կետեր, ուր պիտի այցելեին:
- Առաջին առավոտը,- ասաց նա,- դուրս կգանք հյուրանոցից ու կքայլենք այս փողոցով, այստեղով, տեսնո՞ւմ ես:
- Ի՞նչ փողոց, սա դժոխային լաբիրինթոս է:
- Ըհը: Դե, մենք կքայլենք մինչև այս փողոցի անկյունը, կթեքվենք դեպի աջ, Լուվրը այդտեղից մի քանի քայլի վրա է…
- Եթե այդպես է, էլ ճամփորդելու կարիք չկա: Արդեն Փարիզում ես` փողոցներով շրջելիս… էլ ի՞նչ գրավչություն կա դրա մեջ:
- Չէ մի, գրավչությունը այսպիսի մի քաղաքում կորելո՜ւ մեջ է, երբ հազիվ մի քանի բառ ֆրանսերեն գիտենք:
- Էդ՝ դո՛ւ, որովհետև ես ազատ խոսում եմ ֆրանսերեն:
- Գիտե՛մ…
Վեճեր եղան, տրամադրության անկում, բանը նրան հասավ, որ քիչ էր մնում՝ հետաձգեին ճամփորդությունը: Բայց ամուսնու համար դա անհնարին էր, որովհետև մինչև կոկորդը խրվել էր դրա մեջ: Ու այդպիսով՝ սաստիկ բաբախող սրտով Ռամիրոն ու իր կինը հիմա այնտեղ էին` արգենտինյան ավիաուղիների սպասարկման ելքի դիմաց` պատրաստ թռչելու:
Ու թռան: Հաջողություն մաղթեցին աղջկան ու ծնողներին, և, փոշմանածի ու վախեցածի միջև ինչ-որ զգացողությամբ՝ նստեցին ինքնաթիռ, որը նրանց տանում էր Մադրիդ, ուր պիտի այն փոխեին`դեպի Աթենք թռչող ինքնաթիռով:
Պարզկա երեկո էր. նրանք ժպիտը դեմքին հատեցին Ատլանտյան օվկիանոսը: Երբ շատ ժամեր անց հասան Մադրիդ, Աթենք թռչող ինքնաթիռն առևանգել էին: Օդանավակայանում խառնաշփոթ էր տիրում, որի ընթացքում ճամպրուկներն անհետացան: Նրանց տարան մի հյուրանոց, որն իրենց ընտրածը չէր, և մի քաղաքում, որն իրենց գծած երթուղու մասը չէր կազմում, ու գիշերն անցկացրին վերնաշապիկ, վարտիք ու գուլպա լվանալով, որպեսզի հաջորդ օրը հագնելու բան ունենային…
Կինը քթի տակ երգում էր ու թարս-թարս նրան նայում:
- Քո պլաններն են, հ՞ը, Ռամիրո:
Ամուսինն իրեն չլսելու տվեց:


Պորտուգալերենից թարգմանությունը` Անի Վարդազարյանի

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic