Wednesday, March 6, 2013

Հատվածներ «Էսթետիզմի ողբերգությունը» գրքից

                                                                                                                            Պիամա Գայդենկո
Դոն Ժուանը եւ Ֆաուստը` դիվային էսթետիզմի երկու փուլեր

Երկրորդ գեղագետի կերպարը հայտնաբերելը, նրա, ով չի կարող կոչվել «անմիջական-բնական» մարդ, քանզի, ըստ էության, նա արդեն ընտրել է իրեն, ինչը թույլատրում է «Կամ-Կամ» աշխատության մյուս հոդվածների դիտարկումը, եւ ամենից առաջ դրանցից ամենահետաքրքրականը` «երաժշտա-էրոտիկականը», որ նվիրված է Մոցարտի «Դոն Ժուանի» վերլուծությանը: Այդ հոդվածն անմիջականորեն հետեւում է աֆորիզմներին, որոնցով սկսվում է երկը, եւ կարող է յուրատեսակ մուտք ծառայել Կիերկեգորի առավել կարեւոր եւ լուրջ ստեղծագործությունների համար` «Ահի հասկացությունը», «Առ մահ հիվանդությունը» եւ այլն: Դոն Ժուանի գաղափարը, ասում է Կիերկեգորը, ծնվել է քրիստոնեական աշխարհայացքից, այն աներեւակայելի է հեթանոսական մշակույթի ներսում: Հեթանոսությանը ծանոթ չէ այն մթնոլորտը, որում առաջին անգամ հնարավոր է դառնում Դոն Ժուանը, այդ նոր միֆը, որի շարունակությունն ու զարգացումն է, ըստ Կիերկեգորի,
Ֆաուստի առասպելաբանական կերպարը: Այնուհետեւ, 20-րդ դարի առաջին քառորդում, Օսվալդ Շպենգլերը հնարավոր համարեց դիտարկել Ֆաուստի միֆը՝ ոչ թե որպես եվրոպական հասարակության զարգացման որոշակի դարաշրջանի արտահայտություն, այլ՝ որպես միֆ, որն իր տարողունակությամբ բնորոշում է ողջ եվրոպական մշակույթի մթնոլորտը, որը Շպենգլերը կոչել էր ֆաուստյան, ի տարբերություն հռոմեական աշխարհի, որը նա բնորոշում էր՝ որպես ապոլոնյան մշակույթ:

Իսկ Կիերկեգորը հակված է դիտարկելու Դոն Ժուանի գաղափարը՝ որպես առավել նախնական, քան Ֆաուստի գաղափարը: Երկուսն էլ` եւ Դոն Ժուանը, եւ Ֆաուստը, ըստ Կիերկեգորի համոզման, քրիստոնեական կրոնից ծնված մշակույթի ոգու խորագույն արտահայտություններն են. «Հատկապես երբ է ծնվել Դոն Ժուանի գաղափարը, անհայտ է, արժանահավատ է լոկ այն, որ պատկանում է քրիստոնեությանը, եւ ընդմեջ քրիստոնեության` միջնադարին»:

Քրիստոնեական աշխարհայացքի տարբերությունը, որը հենց կյանքի է կոչել Դոն Ժուանին, հին հունականից (հեթանոսականից), ըստ Կիերկեգորի, այն է, որ քրիստոնեությունն իր հետ աշխարհ բերեց էրոտիկ զգայականությունը. «Որպես սկզբունք, որպես ուժ, որպես համակարգ ինքն իր ներսում զգայականությունն առաջին անգամ առաջադրեց քրիստոնեությունը, եւ այդքանով էլ քրիստոնեությունն առաջ բերեց զգայականությունը»:

Կիերկեգորի պնդումն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, չէ՞ որ քրիստոնեությունն, ընդհակառակը, մարտ է մղում զգայականության սկզբունքի դեմ, ինչն, ըստ եկեղեցու հայրերի տեսակետի, հենց հեթանոսական կրոնների առանձնահատկությունն է կազմում: Սակայն Կիերկեգորը բացարձակապես ճիշտ է` ժխտելով զգայականության իրավունքները, քրիստոնեական աշխարհայացքն առաջին անգամ ստեղծում է այն մի ձեւով, որն անհայտ էր հեթանոսությանը. «Քանի որ զգայականությունը ժխտվում է,- գրում է Կիերկեգորը,- ապա այն առաջին անգամ դրսեւորվում եւ ենթադրվում է այն գործողությամբ, որը բացառում է զգայականը»: Հունական աշխարհին ծանոթ չէր սուր զգայականությունը հենց այն պատճառով, որ այն չէր բացառվում նրա կրոնով, եւ ուրեմն, նրան անհայտ է լարված վերաբերմունքն առ զգայականությունը` այն դրսեւորվում է որպես բնութենական, բնական սկիզբ, որը ոչ մեկի խելքին չի փչում արտաքսել եւ արգելել. «Քրիստոնեությունը,- գրում է Կիերկեգորը,- ոգի է, եւ ոգին այն դրական սկզբունքն է, որ այն բերել է աշխարհ: Բայց քանի որ զգայականությունը դիտարկվում է որպես հոգեպես սահմանված, այդպես է նրա նշանակությունը գնահատվում, եւ որ այն, բայց հենց այդ պատճառով, պետք է բացառվի, այն սահմանված է որպես սկզբունք, որպես ուժգ Զգայականությունըգ նախկինում էլ է գոյություն ունեցել աշխարհում, բայց ոչ որպես հոգեպես սահմանված»:

Դոն Ժուանն, ըստ Կիերկեգորի` զգայականության մարմնավորումն է՝ որպես «հոգեպես սահմանված». «Եթե ես մտածում եմ զգայական-էրոտիկականը կենտրոնացված մի անձի մեջ, ապա ես պատկերացում ունեմ զգայական-էրոտիկական հանճարեղության մասին»:

Տարաձայնության մեջ մտնելով հոգեւոր սկզբունքի հետ, զգայականությունը դադարեց բնական լինելուց: Այն այժմ հակոտնյա է, ոգու թշնամի: Որպես հոգեւոր սկզբունքի ժխտում՝ զգայականությունը դիվային բնույթ է ձեռք բերում եւ հանդես է գալիս որպես գայթակղություն. «Դոն Ժուանը գայթակղիչ է հենց իր էությամբ: Նրա սերը հոգեւոր չէ, այլ զգայական, իսկ զգայական սերը հենց իր հասկացությամբ ճիշտ չէ, այն բացարձակապես ճիշտ չէ, այն սեր է ոչ թե առ մեկը, այլ առ ամենքը, այսինքն՝ գայթակղում է բոլորին: Այն գոյություն ունի միայն մի ակնթարթ, իսկ ակնթարթն, ըստ հասկացության, մտածվում է որպես պահերի հանրագումար»: Եվ, թեպետ հույն հերոսներն ու աստվածներն իրենց փոփոխականության մեջ շատ են հիշեցնում Դոն Ժուանին, սակայն գայթակղության գաղափարը խորթ է Հունաստանին, քանզի հույների մեջ էրոտիկ սկիզբը զուրկ է լարված դիվային բնույթից, որը նա ձեռք է բերում միջնադարում: Ընդհակառակը, «Դոն Ժուանը որպես զգայական սահմանված դիվայնության արտահայտությունն է»:

«Ուրվագծեր» ակնարկում Կիերկեգորն ավարտին է հասցնում Դոն Ժուանի կերպարը, ցուցադրելով նրա էրոտիկ հանճարեղության քայքայիչ ուժը: Մեր առջեւ Դոնա Էլվիրան է: «Էլվիրան,- գրում է Կիերկեգորը,- մեզ հետաքրքրում է սոսկ այնքանով, որքանով մեզ համար նշանակություն ունի նրա վերաբերմունքն առ Դոն Ժուանը»: Պատկանել Դոն Ժուանին` Էլվիրայի համար նշանակում է՝ «Երկնքի հետ կապը կտրել». «Նրա սերն ի սկզբանե հուսահատություն է, ոչինչ, բացի Դոն Ժուանից, նրա համար նշանակություն չունի` ոչ երկնքում, ոչ երկրի երեսին»:

Դոն Ժուանն ինքը չի գիտակցում իր անինքնաբերականությունը, որն առավել հմայք է պատճառում նրա կերպարին, նա այնքան առավել անխոցելի է դառնում, որքան անմիջական է խոսում նրա մեջ կիրքը: Հենց այդ պատճառով լեգենդար սիրեկանը բնավորության ոչ մի գիծ չունի, բացի մեկից` հենց այդ պատճառով Դոն Ժուանի կազմավորումը ցույց տալու ամեն մի փորձ` նրա կենսագրությունը նկարագրելը, նրա մանկությունը, ընտանիքը եւ այլն պատկերելը, ինչպես ճշմարտացիորեն նկատում է Կիերկեգորը, մեկեն հողակիպ է դարձնում նրան: Մասնավորապես, այդպիսի փորձ է արել Բայրոնը, եւ նրա Դոն Ժուանում, ըստ Կիերկեգորի, սպանված է գաղափարն իր բացարձակ մաքրության մեջ: Բայրոնը վճռել է ցույց տալ մեզ Դոն Ժուանի ծնունդը, պատմել մեզ նրա մանկության եւ պատանեկության մասին, հորինել նրան, ելնելով առօրյա հարաբերությունների վախճանական բնույթից: Դրա շնորհիվ Դոն Ժուանը դարձել է ինքնաբերական անձ՝ «կորցնելով իդեալականությունը, որը նա ուներ ավանդական պատկերացման մեջ»:


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic