Դոկտոր Կաթսմանն իր ամենամսյա այցելություններից մեկի ժամանակ
պարզեց, որ տատիկս փտախտ ունի։
Երբ պապիկը մահացավ, ես ընդամենը վեց տարեկան էի ու ինձ թույլ չտվեցին թաղմանը մասնակցել։
Տատիկիս երեխաները նորից հավաքվեցին՝ այս անգամ ա– ռանց մորս, և որոշեցին նրան տեղափոխել էսփլանեյդ վւալոցի վրա գտնվող հրեական ծերանոց։ Մինչ մայրս քնած էր, շաապօգնության մեքենան եկավ, ու նրան տեղափոխեցին։
- Մի ամիս էլ չի ձգի,– ասաց նա։
Նա երկրորդ, երրորդ և անգամ չորրորդ ամսին ասաց նույն բանը,
ու հիմա, ետևի ննջասենյակում, տոթի մեջ պառկած, տատիկը դեռ մահանում էր։
- Բարեգութ Աստված,– ասում էր մայրս,– ինչի՞ հաշվին է ապրում։
Այն ամառ, երբ տատիկս պիտի մահանար, մենք չգնացինք Լորենթիանս,
ուր մի տնակ էինք վարձում և Գրինբաումների ընտանիքի հետ թխմվում մեջը։ Տատիկին, որն
արդեն յոթ տարի գամված էր անկողնուն, չէինք կարող տեղից շարժել։ Շաբաթական երկու անգամ
բժիշկն էր այցելում։ Ոչինչ չէինք
կարող անել, պիտի մնայինք քաղաքում և սպասեինք նրա մեռնելուն
կամ ինչպես մայրս էր ասում՝ հանգչելուն։ Շոգ ամառ էր, նրա ննջարանը ճիշտ խոհանոցի ետևում
էր, ու երբ նստում էինք ճաշելու, զգում էինք նրա հոտը։ Տատիկի ձախ ոտքի լաթերը օրը
մի քանի անգամ պիտի փոխվեին, և ըստ դոկտոր Կաթսմանի յուրաքանչյուր օր կարող էր այս
աշխարհում նրա համար վերջինը լինել։
- Նրա կյանքն Ամենակարողի ձեռքում է,– ասում էր նա։
- Շատ չի մնացել,– շարունակում էր հայրս,– այդպես նրա համար
էլ լավ կլինի, կարծեմ հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։
Ամեն օր «Արքայական Վիկտորիական» միությունից մի հիվանդապահուհի
էր գալիս։ Նա ճշտապահ էր, գալիս էր ճիշտ կեսօրին, իսկ տասներկուսն անց հինգին ես դուրս
էի գալիս տնից, միանում մյուս տղաներին և աստիճանների տակից նայում, թե նա ինչպես է
բարձրանում երկրորդ հարկում գտնվող մեր բնակարանը։ Միսս Բեյփն բացարձակ նախապատվություն
էր տալիս ժանեկազարդ կիսավարտիքներին, ինչն անշուշտ ավելի լավ էր, քան օրինակ հորաքույր
Բեսիին նայելը, որը ամառ թե ձմեռ բամբակե լայնածավալ վարտիքներ էր հագնում։
Մայրս մտածում էր, որ մեռնող մարդ տեսնելը լավ բան չէ, և
ինձ հնարավորինս ուղարկում էին դուրս՝ խաղալու։ Սովորաբար ես պարզապես թափառում էի
խժդժացող փողոցներում։ Ինձ միանում էին Դադդին, երբեմն Գասը, Հերշին, Սթենը և Արթին։
- Մինչև ոտները տնկելը տատուդ աչքերը կուլ կգնան,– ասում
էր Դադդին,– հետո կխռխռա, իսկ հետո ինչպես ասում են՝ հոգին կփչի։
- Դե՛, դու ամե՜ն ինչ գիտես...
- Փերրի Մասոնում եմ կարդացել, լակոտ,– ասում էր Դադդին՝
մի հատ բամփելով գլխիս։
Տուն էի դառնում ու դարձյալ դեմս էր ելնում ուժասպառ ու ջղագրգիռ
մայրս։ Երբեմն նա անզորությունից լաց էլ էր փնում։
- Կաթիլ-կաթիլ է մեռնում,– լսում էի, թե ինչպես էր մի գաղջ
գիշեր գանգատվում հորս,– և ոչ մեկն այդպես էլ տեսակցության չեկավ։ Ես այդպիսի երեխաների...,–
ավելացրեց նա՝ շարունակելով թունդ հայհոյել եբրայերեն։
- Իրենց բոլորովին լավ չեն պահում, Աստծուն անշուշտ դուր
չի գա,– ասաց հայրս։
Դոկտոր Կաթսմանը շարունակում էր զարմանալ։
- Միայն կամքի ուժն է պահում նրան,– ասում էր նա,– և իհարկե
քո փայլուն խնամքը։
- Ննջարանում պառկածն այլևս մայրս չի, դոկտոր, դա հրեշ է,
ուզում եմ, որ մեռնի։
- Ի սեր Աստծո, վստահ եմ, որ իրականում այդպես չես մտածում,
պարզապես հոգնել ես։
Դոկտոր Կաթսմանը փորփրում էր իր սև պայուսակն ու ինչ-որ հաբ
էր տալիս նրան։
- Դուք հրաշալի կին ունեք,– ասում էր հորս։
- Էլ մի՜ ասեք,- ավելացնում էր շոյված հայրս։ -Բնածին հիվանդապահուհի
է։
Ես ու քույրս արթուն պառկում էինք ու տատիկի մասին խոսում։
- Երբ նա մեռնի,– ասում էի ես,– նրա մազերը դեռ քսանչորս
ժամ կշարունակեն աճել։
- Ի՞նչ գիտես։
- Դադդի Կրավիցն է ասել։ Ինչ ես կարծում՝ թաղմանը քեռի Լան
կգա՞ Նյու Յորքից։
- Կարծում եմ։
- Նշանակում է՝ մի հնգանոց կստանամ, իսկ դու երևի ավելին։
- Չի կարելի այդպիսի բաներ խոսել, նրա հոգին կգա ու կհալածի
քեզ։
- Լավ, ամեն դեպքում ինձ թաղմանը կթողնեն, արդեն այնքան էլ
փոքր չեմ։
Երբ պապիկը մահացավ, ես ընդամենը վեց տարեկան էի ու ինձ թույլ չտվեցին թաղմանը մասնակցել։
Մի անջնջելի հուշ է մնացել պապիկիցս։ Մի օր ինձ տարավ իր
աշխատասենյակը, նստեցրեց ծնկին ու մի ձի նկարեց ինձ համար։ Ձիու վրա հեծյալ կար։ Մինչ
ես նայում էի ու հրճվում, հեծյալի դեմքին մորուք հայտնվեց, իսկ գլխին ռաբբիի կաշվե
կորուկ թասակ՝ շտրայմել, ինչպիսին ինքն էր դնում։
Պապս Զադդիկ1 էր եղել, սրբազաններից մեկը, և ինձ ներշնչել
էին, որ Թալմուդը2 նրա հետ ուսումնասիրելը ճանաչողական մեծ նշանակություն ունի։
Նրա թաղմանն ինձ չթողեցին, բայց տարիներ անց ցույց տվեցին ցավակցական հեռագրերը, որ
եկել էին Էյրից, Լեհաստանից և նույնիսկ Ճապոնիայից։ Պապս շատ գրքեր էր գրել, ժամանակակից
եբրայերենի էր թարգմանել «Գիրք պայծառությանցը» (Զոհարը)3, քսան տարիների ընթացքում
գրել էր մի շարք բարալիկ հատորներ, դավանաբանական պատմություններ, ռաբբինական մեկնաբանություններ։
Այս գրքերը լույս էին տեսել Վարշավայում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։
- Թաղման ժամանակ,– ասում էր մայրս,– ամբոխը կառավարելու
համար վեց մոտոցիկլիստներ էին բերել։ Այնպիսի իրարանցում էր, որ տասներկու կին ուշագնաց
եղավ, չհաշված վերևի միսս Վաքսմանին։ Դե նա էլ շատ է սիրում տղամարդկանց վրա ընկնել,
անգամ՝ Պինսկու։ Քեզ ասե՞լ եմ, որ նույնիսկ մի ֆրանսախոս կանադացի եկեղեցական էր եկել։
– Ձե՞ռ ես առնում։
- Ոչ, այդ եկեղեցականն ինչ-որ կարևոր մեկն էր։ Կարծեմ եպիսկոպոս
էր։ Զեյդայի4 հետ էր սովորել։ Դու գիտես, թե զեյդան ինչ անուն ուներ՝ թե՛ իբրև
հոգևորական, թե՛ իբրև աշխարհիկ։ Այսպիսի անհատականություններ մեր օրերում չկան։ Հիմիկվա
ռաբբիններն մշկընկույզի քաշ էլ չունեն։
Բայց հորս կարծիքով զեյդան (իր աները) այնքան էլ փայլուն
միտք չուներ։
- Քեզ որոշ բաներ կպատմեմ նրա մասին,– ասում էր ինձ։ -Նրա
մասին ամեն ինչ չէ որ ասում են։
Պապիկս ժառանգական ռաբբինների գերդաստանից էր, նրա կրտսեր
որդին էլ էր ռաբբի, բայց թոռներից ոչ մեկն այդ ճանապարհով չէր գնալու։ Քեռի Ջերին արդեն
վաղուց մոլեռանդ սոցիալիստ էր։ Մի անգամ լսել եմ, թե ինչպես էր ասում.
- Երբ հացթուխները դուրս եկան գործադուլի, զեյդան փողոցներում
և շալսերում5 նրանց դեմ էր խոսում։ Պետքն էլ չէր, որ մարդկանց չէին վճարում իրենց
աշխատանքի դիմաց։ Իսկ իր դյուրահավատ հետևորդները հաց պիտի ուտեին, չէ՞։ Պապիկը կատարյալ
հետադիմական էր։
Պապիկի մահից մեկ շաբաթ անց տատիկը կաթված ստացավ։ Աջ կողմն
ամբողջովին թուլացել էր։ Չէր կարողանում խոսել։ ճիշտ է, սկզբում մեկ-երկու բառ ասում
էր և ձախ ձեռքով մի կերպ եբրայերեն իր անունն էր գրում՝ Մալկա, բայց վիճակը շուտով
վատացավ։
Տատիկս վեց հարազատ երեխա ուներ և յոթ խորթ, պապիկիս երկրորդ
կինն էր։ Նրա առաջին կինը հին երկրռւմ էր մահացել։ Երկու տարի անց ամուսնացել էր տատիկիս
հետ, որը շթեթլի6 ամենաազդեցիկ մարդկանցից մեկի դուստրն էր։ Նրանց ամուսնությունը
բացառիկ երջանիկներից էր։ Տատիկս գեղեցիկ աղջիկ է եղել։ Նա նաև խոհեմ էր, ճարպիկ ու
համբերատար՝ Զադդիկի հետ ապրելու անփոխարինելի հատկանիշներ էին սրանք։ Սինագոգը պապիկին
կայուն աշխատավարձ չէր տալիս, և այստեղից-այնտեղից պոկած փողը նա սովորաբար բաժանում
էր ռաբբինացու ուսանողներին, կարիքավոր ներգաղթածներին ու այրիներին։ Այս թերությունը,
որ պատուհաս էր ընտանիքի գլխին, նրան դարձրել էին անհուսալի հարբեցող։ Այս ամենի տակից
դուրս գալու համար տատիկը հաճախ էր վերցնում ոսկեղենն ու թաքուն ուղևորվում գրավատուն։
Ամեն ինչ չէր, որ ետ էր գալիս, բայց երեխաներն առանց խնամքի չպիտի մնային։ Կրտսերը՝
ամենասիրելին, ռաբբի էր Բոստոնում, ավագը Նյու Յորքի հրեական թատրոնում բեմադրիչ-դերասան
էր, մյուսը փաստաբան էր։ Աղջիկներից մեկը Մոնրեալում էր ապրում, երկուսը՝ Տորոնտոյում։
Մայրս կրտսերն էր, և երբ տատիկս կաթվածահար եղավ՝ ընտանեկան խորհուրդը որոշեց, որ մայրս
պիտի ստանձնի նրա խնամքը։ Մեղավորը հայրս էր։ Մյուսների ամուսինները խոսել էին, ջերմեռանդ
ընդվզել, որ իրենց կանայք շատ զբաղված են, ոչ մի կերպ չեն կարող հոգ տանել, իսկ հայրս,
որ տանել չի կարող վեճերը, լուռ էր մնացել։ Եվ տատիկիս տեղափոխեցին մեր տուն։
Նրա ննջասենյակը՝ ետևի ննջասենյակը, յոթերորդ տարեդարձիս
ինձ էին խոստացել, իսկ հիմա ստիպված էի քրոջս հետ նույն սենյակում քնել։ Այնպես էի
վրղովվում, երբ ամեն առավոտ, դպրոց գնալուց առաջ մայրս ստիպում էր մտնել տատիկի սենյակն
ու համբուրել նրան։ «Բայու-բայու»– սա միակ ձայնարկությունն էր, որ նա կարողանում էր
արտաբերել։ Սկզբի դեռևս հուսաշատ ամիսներին հայրս ասում էր.
– Քսան տարի առաջ ու՞մ մտքով կանցներ, որ մի օր շաքարախտը
կբուժվի։
«Որտեղ որ կյանքն է, այնտեղ էլ մահն է»– ժպտում էր տատիկս
ու փորձում լարվածությունից դուրս պրծնող աչքերով խոսել։ Իսկ ես մտածում էի՝ արդյոք
գիտի, որ սենյակի ազատվելուն եմ սպասում։ Բայց սրանից շատ հետո էլ երբեմն իր զարմանալիորեն
ուժեղ ձախ ձեռքով սեղմում էր ձեռքս ու տանում ծոցը։ Սակայն հիվանդության ծանրանալուն
զուգընթաց, երբ նա այս տանն այլևս հոգս էր, բեռ, հալչող սառցապարկի պես մի բան, այդ
համբույրներն ավելի շատ նման էին ծիսական արարողության, քան հարգանքի։ Նրա սենյակ մտնելիս
սահմռկում էի։ Շուրջը դեղերի, կպչուն սրվակների իրարանցում էր, մահճակալի կողքին՝ ճաքած
գիշերանոթ, իսկ նրա չռված, թախանձող աչքերում սառած ժպիտ կար։ Ու ամեն անգամ, երբ իր
ծռմռված շրթունքներով խոնավ համբույր էր թողնում այտիս, ես ցնցվում էի։ Երկու տարի
հետո ընդվզեցի։
– Ի՞նչ իմաստ ունի նրան զեկուցել՝ այստեղ եմ գնում, այնտեղ
եմ գնում։ Նա այլևս ինձ չի էլ ճանաչում,- ասացի մորս։
Քեռիս, որ Նյու Յորքի թատրոնում էր աշխատում, տատիկին օգնելու
համար կանոնավորապես փող էր ուղարկում։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում մյուս երեխաներն
էլ էին այդպես անում, բայց երբ սկզբնական տագնապն ու հուզմունքն անցավ, երեխաներն սկսեցին
այլևս քիչ գալ մեր տուն։
Ամենշաբաթյա կարեկցական անճարակ այցելությունները՝ «Խեղճ
գառ, այսօր ինչպե՞ս է», կամաց-կամաց փոխակերպվեցին ամսական պարտականության, իսկ հետո
առհասարակ չգիտես, թե ուր չքվեցին։
Երբ երեխաները գալիս էին, մայրս նրանց հետ խիստ էր խոսում.
– Երևի օրը երեք անգամ նրան գիշերանոթի վրա եմ նստեցնում։
Իսկ ինչ է, կարծում եք ամեն անգամ ճիշտ ժամանակին եմ հասցնում։ Երբեմն օրական երկու
անգամ սավան եմ փոխում։ Չէի ուզենա, որ կինդ իմ օրն ընկներ,– ասում էր նա քեռուս՝ ռաբբիին։
- Կարող ենք նրան ծերանոց տանել։
- Վատ միտք չէ,–ասում էր հայրս։
- Քանի ես ողջ եմ, այդ մասին խոսելն ավելորդ է,– պատասխանում
էր մայրս՝ ոչնչացնող հայացք ուղղելով հորս։– Մի բան ասա, Սեմ։
– Վիճաբանությունից օգուտ չկա, միայն վատ զգացումներ են արթնանում։
Դոկտոր Կաթսմանը սկսել էր ամիսը մեկ այցելել։
- Զարմանալի է, ամեն անգամ ասում էր նա,- Ձիու պես ուժեղ
է։
- Կյանքը մարդու համար է,- ասում էր հայրս,- բայց նա ոչ խոսում
է, ոչ մարդ ճանաչում, սա ինչ կյանք է։
Բժիշկը բազմակողմանի զարգացած մարդ էր. հաճախ էր ելույթ ունենում
կանանց ակումբներում՝ երբեմն հրեական գրականությունից էր խոսում, երբեմն էլ տագնապի
գիտակցումից շառագունած դեմքով ու ահեղ դատաստանի ահազանգ բարձրացնողի ձայնով քաղցկեղից
էր պատմում։ «Մենք ո՞վ ենք, որ դատենք»,– ասում էր նա։
Տատիկիս հիվանդության առաջին ամիսներին ամեն երեկո մայրս
նրան Շոլոմ Ալեյխեմից պատմվածքներ
էր կարդում։ «Այսօր նա ժպտաց,– ինքնագոհ զեկուցում էր մայրս։– Ուրեմն հավանում է»։
Երբ կեսօրին արև էր լինում, մայրս նրան տեղափոխում էր սայլակի
մեջ և դուրս հանում, շաբաթը մեկ էլ մանիկյուր էր քսում։ Տանը միշտ մեկը պիտի լիներ,
որ պատասխաներ տատիկի կանչերին։ Գիշերները հաճախ լաց էր լինում ու երկար ժամանակ չէր
հանգստանում, և մայրս արթնանում էր ու ժամերով օրորում մորը։ Տատիկի հիվանդության չորրորդ
տարում համբերության բաժակը լցվեց։ Նրան խնամելուց բացի, մայրս պիտի հոգար նաև իր ամուսնու
և երկու երեխաների կարիքները։ Նա սկսել էր քամահրանքով վերաբերվել հորս և շարունակ
առիթ էր փնտրում ինձ ու քրոջս մեղադրելու։ Հայրս սկսել էր երեկոները Տրանսկու «Սիգար
և սոդա» բարում թուղթ խաղալով անցկացնել։ Շաբաթվա վերջում իր քույրերին և եղբայրներին
էինք այցելում։ Ուր էլ որ լիներ հայրս, մարդիկ էին գտնվում, որ նրան փոքրիկ խորհուրդներ
էին տալիս։
– Սեմ, այսպես որ գնա՝ մի օր ամուրի կդառնաս։ Մի քիչ էլ մյուս
երեխաները պիտի պահեն։ Վերջապես մի անգամ դրանց տեղը պիտի դնես, թե՝ ոչ։
- Արի քեզ տեղը դնեմ։
Հորաքրոջս աղջիկը՝ Լիրբին, որը Մաք Ջիլում էր, ասում էր.
- Այս ամենը շատ վատ ազդեցություն կունենա երեխաներիդ զարգացման
վրա։ Նրանց ձևավորման շրջանն է, քեռի Սամուել, իսկ նրանք մահվան ամենօրյա ներկայությամբ
են ապրում։
– Քեզ տղամարդ է պետք,– պատասխանում էր հայրս։ –Բայց որտեղի՞ց...
Ընթրիքից հետո մայրս սովորաբար հենց աթոռի մեջ էլ քնում էր,
նույնիսկ «Լյուքս ռադիոյի» կեսից էր քնում։ Երկրորդ րոպեին իսկ, երբ ձեռքն էր առնում
ասեղը՝ կարկատելու կարճ շալվարս, կամ բինգո խաղալու հրավիրվող աղջիկների ցուցակն էր
կազմում, կամ էլ Թալմուդ Թորայի գիրքն էր թերթում, սկսում էր խռռացնել։ Մի առավոտ էլ
անկողնուց այլևս չկարողացավ վեր կենալ, և դոկտոր Կաթսմանը իր սովորական այցից մեկ շաբաթ
շուտ եկավ.
- Չէ, այսպես չի լինի, այսպես չի կարելի։
Նա հորս տարավ խոհանոց ու ասաց.
– Կնոջդ լեղապարկում քար կա։
Տատիկիս երեխաները նորից հավաքվեցին՝ այս անգամ ա– ռանց մորս, և որոշեցին նրան տեղափոխել էսփլանեյդ վւալոցի վրա գտնվող հրեական ծերանոց։ Մինչ մայրս քնած էր, շաապօգնության մեքենան եկավ, ու նրան տեղափոխեցին։
– Այսպես ամենաճիշտն էր,– ասաց դոկտոր Կաթսմանը։ Բայց հայրս,
որ կողքի սենյակում էր եղել, լսել էր, թե ինչպես էր տատիկը համառորեն կառչել մահճակալից,
երբ սպիտակ խալաթավոր երկու մարդ մոտեցել էին իրեն։
- Հանգստացիր տատիկ, - ասել էր նրանցից երիտասարդը։
Հետո հայրս չմտավ տատիկի սենյակ, դուրս եկավ զբոսնելու։
Երբ երկու շաբաթ անց մայրիկը վեր կացավ անկողնուց, նրա այտերին
դարձյալ վարդագույն էր հայտնվել։ Նա նույնիսկ կատակում էր հետս, մի բան, որ ամիսներ
շարունակ չէր արել։ Աննախադեպ հետաքրքրություն էր ցուցաբերում դասերիս նկատմամբ և շարունակ
հարցնում էր, թե ինչ հաճախականությամբ եմ մաքրում կոշիկներս։ Սկսել էր հայրիկի համար
նորից հատուկ ճաշաաեսակներ պատրաստել, հանդիպում էր կիրակնօրյա դպրոցի իր ընկերուհիներին։
Հայրիկի տրամադրությունը լավացավ, նա դադարեց ամեն գիշեր Տրանսկու բարը գնալ և աշխատանքից
հետո էլ շուտ տուն էր գալիս։ Տատիկի անունը գրեթե չէինք տալիս։ Բայց մի երեկո, երբ
քրոջս հետ կռվեցի, ասացի.
– Իսկ ինչու՞ հիմա չեմ կարող տեղափոխվել ետևի ննջասենյակ։
- Բերանդ մեծ-մեծ մի բացիր,– հայացքով սաստեց հայրս։
- Բերանս դատարկ է,– պատասխանեցի ես։
Հաջորդ օրը մայրիկն հագավ իր լավագույն զգեստը, վերարկուն,
դրեց գարնանային նոր գլխարկն ու դուրս եկավ տնից։
- Նորից փորձանքի մեջ մի գցիր քեզ,– ասաց հայրս։
- Արդեն մեկ ամիս կլինի, միգուցե ճիշտ չեն խնամում նրան։
- Նրանք մասնագետ են։
- Ի՞նչ է, քեզ թվում է, թե չպիտի այցելեմ նրան։ Ես մարդ եմ,
չէ՞։
- Լավ, գնա։
Նրա գնալուց հետո հայրս կանգնեց պատուհանի առջև և ասաց.
- Երջանիկ աստղի տակ եմ ծնվել, այդքան բան։
Նստել էի դրսի սանդղամուտքում և անցնող մեքենաներին էի նայում։
Հայրս պատշգամբում սպասում էր ու մշկընկույզ կոտրում։ Ժամը վեցը կլիներ կամ մի փոքր
անց, երբ շաապօգնության մեքենան դանդաղեցնելով ընթացքը և ճիշտ մեր դռան առջև ցնցվելով՝
արգելակեց։
- Ես այդպես էլ գիտեի,– ասաց հայրս,- երջանիկ աստղի տակ եմ,
չէ՞, ծնվել։
Առաջինը դուրս եկավ մայրս, աչքերը կարմրած էին ու այտուցված։
Նա շտապեց վեր՝ շտկելու տատիկի անկողինը։
- Դու նորից կհիվանդանաս,– ասաց հայրս։
– Ներիր Սեմ, բայց ես ի՞նչ կարող էի անել։ Ինձ տեսնելուն
պես սկսեց լացել, լացել։ Անտանելի էր։
– Բայց այնտեղ լավ մասնագետներ կան։ Նրանք քեզնից լավ գիտեն
խնամելու ձևը։
- Մասնագետնե՞ր։ երևի ուզում ես ասել մասնագետ դահիճներ:
Անշարժ պառկելուց ողջ մարմինը խոցերի մեջ է, Սեմ։ Այդ կեղտոտ իռլանդացի բուժքույրերն
անգամ սավանը չեն փոխել, նրանք ատում էին նրան։ Երևի քսան փաունդ նիհարել է։
– Մի ամսից նորից անկողին կընկնես։ Եթե ուզում ես, կարող
եմ հենց հիմա ստորագրել։
Հայրս նորից սկսեց կանոնավոր հաճախել Տրանսկու բարը, իսկ
ես նորից ամեն առավոտ պիտի մտնեի ննջասենյակ ու տատիկին համբուրեի։ Տարօրինակորեն նա
սկսել էր տղամարդու նմանվել։ Կզակին կարճ մազեր էին հայտնվել, մոխրագույն ծակող բեղեր
էին աճել, և գրեթե ճաղատացել էր։
Տատիկի ծախսերին մասնակցելու համար քեռիներս ու մորաքույրներս
կրկին սկսեցին հինգդոլարանոց հաշիվներ ուղարկել։ Պապիկիս նախկին հետևորդները, տարեց
մարդիկ, գալիս էին տատիկի առողջությունը հարցնելու։ Նստում էին նրա կողքին՝ ետևի ննջասենյակում,
իրենց աթոռների մեջ կուչ եկած խոսում էին իրենք իրենց ու ետուառաջ անում։ Հայրս նրանց
«Սուրբ դողդղացողներ» էր ասում։ Ես խուսափում էի այդ խրխմած ծերուկներից, որովհետև
միշտ ուզում էին այտս կսմթել կամ էլ քթախոտ խցկել քիթս ու ծիծաղում էին վրաս, երբ ես
սկսում էի փռշտալ։ Երբ տատիկի տեսակցությունը ավարտած էին համարում, մեկ ժամ էլ պարտադիր
խոհանոցում մորս հետ էին նստում ու հետևում, թե նա ինչպես է լոկշեն7 պատրաստում
ու թեյնիկից բլթբլթալով լիմոնով թեյ լցնում։ Հետո սկսում էին Զադդիկի ասույթներն ու
գրքերը, նրա բարի գործերը հիշել։ Իսկ մայրս երբեք չէր հոգնում կրկնելուց, որ «նրա թաղման
ժամանակ վեց մոտոցիկլետավոր ոստիկաններ էին ուղեկցում ամբոխին»։
Հաջորդ երկու տարիների ընթացքում տատիկի վիճակը գրեթե շարունակում
էր նույնը մնալ, իսկ մայրիկը գնալով հյուծվում էր, տկարանում ու ավելի ինքնամփոփ դառնում։
Նա հաճախ էր վիճում քույրերի և եղբայրների հետ։ Հերթական թեժ կռվից հետո, երբ գլուխը
ձեռքերի մեջ առած նստած էր, դիմեց ինձ.
- Եթե մի օր Աստված ինձ պատժի, ու կաթվածահար լինեմ, ինձ
ծերանոց կգցե՞ք։
- Իհարկե՝ ոչ։
- Աստված տա, որ կյանքում երբեք հույսս երեխաներիս վրա չդնեմ։
Տատիկի հիվանդության յոթերորդ ամառն էր, և նա պիտի մահանար,
բայց օրերն անցնում էին, և մենք չգիտեինք, թե դա երբ է լինելու։ Ինձ հաճախ էին ուղարկում
հորաքրոջս կամ մյուս տատիկիս տանը ճաշելու։ Գրեթե տանը չէի լինում։ Այդ օրերին երեխաներին
առանց տոմսի թողնում էին Դելոմիր Դաուն մարզադաշտ, ձախ տրիբունայում տեղ էինք զբաղեցնում
ու խաղին հետևում։ Դադդին, մեկ-մեկ Գասը, Հերշին, Սթենը, Արթին և ես երեկոներն այնտեղ
էինք անցկացնում։ Մոնրեալի «Ռեալն» այդ ժամանակի ամենալավ ակումբներից էր։ Այդտեղ էին
խաղում Ջեքի Ռոբինսոնը, Ռոյ Կամպանելան, Լու Օրթիզը, Րեդ Դարեթը, Ջոն Գաբարդը և Քերմիթ
Քիթմանը։ Քիթմանը մեր հերոսն էր։ Մերոնքականի՝ այդ փոքրամարմին ճարպիկ հրեայի խաղով
ոգևորվում էինք, երբ տեսնում էինք, թե ինչպես է խաբս տալիս բարձրահասակ ու բութ, հարավից
եկած սպիտակամորթներին։
- Հե՜յ, Քիթման,– բղավում էինք մենք,- հե՜յ, շմո գլուխ, ա՛յ
թե հերդ կիմանա, որ շաբասին8 գնդակ ես գլորում ...
Բայց, ավաղ, նա միայն լավ վազում էր, երբեք գոլ չէր խփում։
«Նորից Քերմիթ Քիրմանի մոտ է գնդակը»՝ բղավում էինք մենք, երբ նա խաբս տալով նավարկում
էր գնդակը։ «Միջազգային լիգայի առաջին հրեա առյուծ ռմբարկուն է»։
Մի ուրբաթ, երբ այսպիսի մի խաղից հետո տուն էի վերադառնում,
նկատեցի մուտքի առջև խմբված ամբոխին։
– Թոռնիկն է,– ասաց նրանցից մեկը։
Փողոցի երկայնքով տարեց մարդկանց շարք էր ձգվել։ Նրանց սառած
հայացքներն ուղղված էին մեր դռան կողմը։ Մի տաքսի արգելակեց, ու միջից՝ երեսը ձեռքերի
մեջ թաքցրած, դուրս պրծավ մորաքույրս։
– Քանի՜ տարի չէր եկել,– ասաց կանանցից մեկը։
- Երևի մյուս տարի բուժումը կգտնեն։ Միշտ այդպես է, չէ՞։
Բնակարանը լեփլեցուն էր։ Ամենուր հորաքույրներ ու մորաքույրներ
էին, երկու կողմի բարեկամներ, անծանոթներ։ Դոկտոր Կաթսմանը։ Նրանք ճեմում էին ու շշուկով
խոսում։ Հայրս խոհանոցում էր, ծիրանի օղի էր փնտրում։
– Տատիկդ մահացել է,– ասաց նա։
- Մաման ու՞ր է։
– Ննջասենյակում է... լավ կանես՝ չգնաս։
- Ուզում եմ տեսնել նրան։
Մայրս սև գլխաշոր էր գցել ու հայացքը հառել թաշկինակի ճոթին,
որ դուրս էր պրծել լվացքի փոշիներից ճաքճքած ձեռքի միջից։
– Ներս մի արի,- ասաց ինձ։
Մորուքավոր, կլորիկ ուսերով ու փայլուն սև անձրևանոցներով
մարդիկ էին շրջապատել մահճակալը։ Տատիկը չէր երևում։
– Տատիկդ մահացել է։
– Հայրիկն ասաց։
- Գնա լվացվիր ու մազերդ սանրիր։
- Լավ։
- Այսօր մենակ կընթրես։
- Իհարկե։
- Մի րոպե։ Սպասիր։ Բաբան9 ոսկեղեն է թողել։ Սի վզնոց
Ռիֆկայի համար ու մի մատանի՝ կնոջդ։
– Ո՞վ է ամուսնանում։
– Ավելի լավ է՝ գնա երեսդ լվա։ Ականջներիդ ետևը չմոռանաս։
Հեռագրեր ուղարկեցին, հեռավոր տեղեր զանգեցին, և արդեն երեկոյան
տունը լիքն էր բարեկամներով, հարևաններով, Զադդիկի ծեր հետևորդներով։ Վերջում թաղման
բյուրոյից եկան։
– Գյուղի միակ հրեա առևտրականը որոշում է մեռնել, գիտես ինչու՞,–
պատմում էր Սեգալը,– որովհետև բոլոր հաճախորդները գերմանացի էին։
- Կատակելու ժամանակը չէ։
- Լսիր, կյանքը շարունակվում է։
Զարմիկս՝ Ջերին, ձևացնում էր, թե ծխում է։
- Հիմա հոգևորականներն իրենց նեյնիմները կսկսեն,– դիմեց ինձ։
- Ի՞նչ։
- Հիմա բոլորը կձևացնեն, թե հուզված են։
Հաջորդ օրը շաբաթ էր և, ըստ կարգի, մինչև կիրակի տատիկին
չէին կարող թաղել։ Ամբողջ գիշեր նա պիտի գետնին պառկած մնար։ Տատիկին լողացնելու և
տեղավորելու համար սպիտակ շորերով երկու տարեց կանայք եկան ու մի ողբասաց, որը ողջ
գիշեր պիտի նստեր ու աղոթեր նրա համար։
–Սրա դեմքը հավատ չի ներշնչում, սա կքնի։
- Չի քնի։
- Դու կհետևե՞ս, Սեմ։
- Աղոթողների մի ամբողջ բանակ է լինելու։ Բայց լավ, հանգստացիր,
ես կհետևեմ։
Հայրս բարկացած էր Սեգալի վրա։
- Այնպես է դողում ծիրանի օղու համար, կարծես կյանքում շիշ
տեսած չլինի։
Ինձ ու Ռիֆկային քնելու ուղարկեցին, բայց մենք չէինք կարողանում
քնել։ Հյուրասենյակում, հանգուցյալի կողքին մորաքույրս էր ողբում, մի ծեր մարդ աղոթում
էր, հազում ու քայլելուն զուգահեռ քիթը մաքրում թաշկինակի մեջ, խոհանոցից, ուր նստած
էին հայրս ու մայրս, քչփչոց էր լսվում։ Ռիֆկան թողեց, որ իր ծխախոտից մի երկու հատ
քաշեմ։
–Դե ինչ, փիշերք10, սա մեր վերջին գիշերն է միասին։ Վաղվանից
ետևի ննջասենյակը քոնն է։
- Գժվե՞լ ես։
- Դու չէի՞ր ուզում այդ սենյակը։
- Բայց նա այդտեղ է մահացել։
- Հետո՞ ինչ։
- Ես չեմ կարող այլևս այնտեղ քնել։
- Լավ, բարի գիշեր, անուշ երազներ։
– Է՜յ, արի մի քիչ էլ խոսենք։
- Դու գիտե՞ս,- ասաց Ռիֆկան,– երբ մարդուն կախաղան են հանում,
վերջին զգացումը, որ ունենում է՝ օրգազմն է։
- Ի՞նչ։
- Լավ, ջնջիր, մոռացել էի, որ դու դեռ մանկապարտեզում ես։
- Կերել ես...
– Թաղման ժամանակ դագաղը բացելու են ու հող լցնեն դեմքին։
Ասում են՝ Ավետյաց երկրի հողն է։ Բացելու են, և դու պիտի նայես։
- Ո՞վ ասաց:
Լույսերն անջատելուց քիչ անց Ռիֆկան մոտեցավ մահճակալիս և,
գլուխը թղթով ծածկած, ձեռքերը վեր պահած ձայն տվեց. «Բայու-բայ, այս ո՞վ է պառկել մահճակալիս։
Ու՜– ու՜»։
Թաղմանը քեռիս էլ էր եկել, որ թատրոնում էր աշխատում, և Տորոնտոյի
մորաքույրս։ Քեռիս՝ ռաբբին էլ էր եկել։
– Քանի կենդանի էր,– ասաց մայրս,– ամսական հինգ դոլար էլ
չէր ուղարկում։ Չեմ ուզում, որ ոտքն այս տուն դնի։ Սեմ, նրա ներկայությունն անտանելի
է։
- Դուք հուզված եք՝ դրա համար եք այդպես խոսում,– ասաց դոկտոր
Կաթսմանը։
- Հանգստացնող մի բան տվեք նրան,– ասաց ռաբբին։
- Սեմ, խնդրում եմ, գոնե մի բան ասա։
Կարմրատակած, զայրույթով լի աչքերով հայրս մոտեցավ նրան.
– Ուղիղ երեսիդ պիաի ասեմ, Իսրայել,– դիմեց նրան,– որ աչքիցս
ընկել ես։
Ռաբբին մեղմ ժպտաց։
- Տարեց տարի, - շարունակեց արդեն ամբողջովին կարմրած դեմքով
հայրս,– ես լիովին դադարեցի քեզ հարգել։
Մայրս սկսեց լաց լինել, և նրան ստիպելով ննջարան տարան։ Մինչ
հայրս փորձում էր նրան հարմար տեղավորել ու մխիթարական խոսքեր էր փսփսում ականջին,
դոկտոր Կաթսմանը հասցրեց թևից սրսկել։ «Այ, այսպես»։ Դուրս եկա շքամուտքում Դադդիի
կողքը նստելու։ Քեռիս՝ ռաբբին և դոկտոր Կաթսմանը գնացին արևի տակ ծխելու։
– Գիտեմ, թե հիմա ինչ զգացում ունեք,– ասաց դոկտոր Կաթսմանը։
- Ընտանիքիդ անդամն է մահացել, իսկ աշխարհն այնքան անտարբեր է կորստիդ նկատմամբ։ Սիրտդ
փշրված է, իսկ շուրջդ հրաշալի ամառային օր է... իսկական սիրելու ու զվարճանալու օր...
և այդ ամենն անտանելի է թվում։
Ռաբբին համաձայնելով՝ գլխով արեց։
- Ըստ էության տարօրինակ է, որ նա այդքան երկար դիմացավ,–
ասաց դոկտոր Կաթսմանը։
– Տարօրինա՞կ է,– ասաց ռաբբին, - կարդացել եմ՝ երբ մարդ երկու
անգամ է ամուսնանում, դրախտում առաջին կնոջ հետ այնքան է լինում, որքան երկրի վրա ապրել
է հետը։ Հայրս, Աստված հոգին լուսավորի, առաջին կնոջ հետ յոթ տարի էր ապրել, և մայրս,
Աստված նրա հոգին էլ լուսավորի, յոթ տարի կարողացավ ձգել։ Այսօր դրախտում նրանք կրկին
կհանդիպեն, Աստված նրանց հոգին լուսավորի։
Դոկտոր Կաթսմանը տարուբերեց գլուխը։
- Ապշելու բան է,– ասաց նա։
Նա պատմում էր քեռուս, որ պատրաստվում է իր բժշկական փորձառության
վրա հիմնված գիրք գրել՝ «Մարդկային հոգու առեդծվածը» վերնագրով։
- Այո։
- Ապշեցուցիչ է։
Խուճապահար տնից դուրս եկավ հայրս։
- Դոկտոր Կաթսման, հասեք, խնդրում եմ, կինս վատ է, հավանաբար
ներարկումը չի ազդել։ Լացը չի դադարում, արցունքները ջրի պես հորդում են։ Խնդրում եմ,
ներս գնանք։
- Կներեք,– դիմեց քեռուս դոկտոր Կաթսմանը։
- Իհարկե։
Քեռիս շրջվեց իմ և Դադդիի կողմը.
- Դե, տղաներ, որ մեծանաք՝ ի՞նչ եք դառնալու։
1. Սրբազան (եբրայերեն)
2. Թալմուդը Թորահի՝ Ավետարանի,
առաջին հինգ գրքերի մեկնաբանությունների ժողովածուն է։
3. Հրեական միստիկ ավանդությունների
ժողովածու
4. Պապիկ (եբր.)
5. Սինագոգ (եբր.)
6. Գյուղ
7. Լապշա (եբրայերեն)
8. Շաբաթ (եբր.)
9. Տատիկ (ռուս.)
10. Լակոտ (եբր. ժարգոն)
Թարգմանիչ` Լիլիթ Գալստյան
Աղբյուրը` Մորդեքեյ Ռիչլեր
0 comments:
Post a Comment