Tuesday, March 19, 2013

Ուղղահայաց գիծ

Իրանական ժամանակակից պոեզիա                                                  Ռասուլ Յունան

Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
- Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:

Անձրև
Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:
Այրված Դաշտը
Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:
Հերթ
-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:
Անհնարին
- Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
- Հիմար, մենք մահացել ենք:
Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից
” Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ”:
Մի քանի հոգի
Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.
- Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:
Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.
- Տիկին, ինձ հետ էի՞ք:
Ճամփորդություն
Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
- Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:
Ուղղահայաց գիծ
Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի:
Մահվան դատապարտվածը
Երբ նրա ուղղությամբ կրակ բացեցին, վերփոխվեց թռչունի և առաջին կղկղանքը թափեց բանտի տանիքին:
Այս դեպքը միայն մի սիրահարված զինվոր տեսավ:
Նրանք չպետք է սիրահարվեն
Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
- Ես քեզ սիրում եմ:
- Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
- Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:
Ոչինչ
Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic