Tuesday, March 26, 2013

Քաղաքը

Վոլֆգանգ Բորխերթ

Մի ուշացած ճամփորդ քայլում էր գնացքի գծերով։ Լուսնի լույսի տակ դրանք արծաթի պես փայլում էին։ Բայց ի՛նչ սառն են դրանք՝ մտածում էր ճամփորդը, ի՛նչ սառն են։ Ձախից հեռվում փայլեց մի մենավոր կրակ` գյուղակ է։ Շուն էլ կար՝ մինչև ձայնը խռպոտելը հաչած։ Կրակն ու շուը գիշերը գիշեր էին դարձնում։ Հետո ճամփորդը նորից մենակ մնաց։ Լոկ քամին էր՝ իր երկար, թախծոտ հոգոցով սուրաց իր ականջի տակով։ Իսկ ռելսերը բծավոր էին դարձել. ամպերը սահեցին լուսնի վրա։

Տես՝ մարդ է գալիս՝ ձեռքին լապտեր։ Երկու դեմքերի միջև բարձրացված լապտերը ճոճվում է։ Լապտերով մարդը հարցնում է.
-
Ասենք թե՝ էս ո՞ւր,ա՛յ երիտասարդ։
Իսկ ճամփորդը ուսով նրան ցույց է տալիս հորիզոնում լուսավոր բիծը.
-
Երկինք։
-
Համբո՞ւրգ,- հարցնում է էն լապտերովը։
-Համբուրգ։
Հետո քարերը լուռ ճռճռում են նրաց ոտքերի տակ՝ իրար են քսվում։ Ու լապտերի լարը գնում-գալիս է, գնում-գալիս։ Նրանց առջև փռված են գծերը՝ լուսնի լույսով ողողուն։ Իրենց արծաթով գնացքի գծերը ձգվում են դեպի լուսավորը։ Իսկ լուսավորը երկնքում է այդ գիշեր։ Լույսը Համբուրգն է։
-Էնտեղ էնքան էլ լավ չի,- ասաց լապտերով մարդը,- քաղաքում էնքան էլ լավ չի։ Լույս կա, իհարկե, շատ լուսավոր է,բայց լուսավոր լապտերների տակ էլ մեկ-մեկ սոված մարդ է հանդիպում։ Դու սա ականջիդ օղ արա, լսեցի՞ր։
-Համբուրգ,- ծիծաղեց ճանապարհորդը,- և մնացած ամեն բան այլևս կարևոր չէ։ Դու մենակ էնտեղ, մենակ էնտեղ ես ձգտում, եթե էնտեղից ես եկել։ Միայն էնտեղ է հոգիդ տենչում։ Մեկ էլ, - սա նա այնպես ասաց, ասես Աստված գիտի` ինչ էր մտածում,- Համբուրգը կյանքն է։ Միայն այնտեղ կյանք կա։
Լապտերը գնում-գալիս է, գնում-գալիս։ Ու քամին միալար ոռնում է՝ սուրալով ականջներիդ տակ։ Փռված են ռելսերը՝ լուսնի պես փայլուն ու սառը։
Համաչափ ճոճվող լապտերով մարդն ասաց.
-Կյա՜նք, տե՛ր Աստված, ախր դա ի՞նչ է։ Հոտերը հիշելը, դռան բռնակը բռնելը։ Գիշերով մարդկանց կողքով անցնելը՝ մազերիդ զգալով անձրևի կաթիլները։ Սա ահագին բան է։
Նրանց հետևում մի հսկայական երեխայի նման հայրենիքի ողբն էր ոռնում շոգեքարշը։ Եվ այդ ոռնոցը գիշերը գիշեր էր դարձնում։ Հետո բեռնատար գնացքը բաբախեց նրանց կողքին։ Վտանգի պես որոտաց աստղահյուս երկնքում։ Նրանք երկուսն էլ՝ որպես ճշմարիտ տղամարդ, շունչները չպահեցին դրանից։ Իսկ պտտվող կարմիր անիվները թրխկում, աղմկում էին կարմիր, ժանգո՛տ կարմիր վագոնների տակ։ Բախում էին, շաղակրատում էին՝ տուն-տար-տուն-տար-տուն-տար։  Ու մի որոշ ժամանակ անց, շատ ավելի հեռու՝ նորից՝ տուն-տար-տուն-տար …
Ճամփորդն ասաց.
-Չէ, կյանքն ավելին է, քան անձրևի տակ թափառելն ու դռան բռնակը բռնելը։ Դա ավելին է, քան մարդկանց կողքով անցնելն ու հոտերը հիշելն է։ Կյանքը նաև վախն է։ Նաև ուրախությունն է։ Վախը՝ որ կընկնես գնացքի տակ։ Ուրախությունը, որ չընկար։ Ուրախություն, որ կարող ես շարունակել գնալ։
Երկաթուղու բնապատկերում մի խրճիթ կար։ Մարդը նվազեցրեց լապտերի լույսը և ձեռքը մեկնեց ճամփորդին։
-Ասում ես՝ Համբո՞ւրգ։
-Համբուրգ,- պատասխանեց սա ու շարունակեց ճանապարհը։
Լուսնի լույսի տակ ռելսերը փայլում էին։ Իսկ հորիզոնում մի լուսավոր կետ էր՝ քաղաքը։

Թարգմանությունը՝ ռուսերենից

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic