Friday, December 7, 2012

Ինչո՞ւ են մարդիկ ձգտում իշխանության

Իշխանություն… Երբ քեզ ենթարկվում են, երբ դու ես գլխավորը, կարևոր, վերջնական ու չքննարկվող որոշումը դու ես ընդունում, ենթականերդ քեզ հետ համաձայն են: Իհարկե, մարդիկ սիրում են իշխել մյուսներին: Ինչո՞ւ։ Քանի որ սիրում են կարևոր, նշանավոր մարդու տեղում լինել, իսկ իշխող մարդը ինքնըստինքյան նշանավոր ու կարևոր է:

«Իշխանությունը միշտ իր հետ մենություն է բերում»,- ասել է Ֆիլիպ Մակեդոնացին: Կարծում եմ՝ միշտ չէ, որ այդպես է լինում: Դա, միանշանակ, իշխողից է կախված: Եթե դու ինչ-որ կազմակերպության տնօրեն ես կամ նախագահ, ու համարում ես, որ բարձր ես քո ենթականերից, որ բոլորը տգետ են, իսկ դու՝ խելացի, իհարկե, մենակ կմնաս: Ավելին՝ մարդիկ չեն ցանկանա ենթարկվել քեզ, պահանջներդ էլ դժկամությամբ կկատարեն: Իսկ եթե ընդունես, որ բոլորը քեզ հավասար են, կարողանաս հարգել նրանց, նրանք էլ քեզ կհարգեն: Բացի այդ, դիրքի չարաշահումը վատ կարող է անդրադառնալ քո ենթակաների հոգեբանության ու քո դիրքի վրա: Չէ՞ որ քեզանից բարձր պաշտոնյաներ էլ կան, ովքեր կարող են քեզ զրկել պաշտոնից:

Վերադառնանք թեմային: Ինչո՞ւ են ձգտում իշխանության, չէ՞ որ առանց դրա էլ վատ չէ: Մի գուցե ինքնահաստատման խնդիր կա, կամ ինչ-որ մեկին, ինչ-որ բան ապացուցելու կարիք, որի մասին մարդ ինքն էլ մինչև վերջ չի գիտակցում: Բայց առանց իշխողների էլ հնարավոր չէ պատկերացնել: Փորձենք պատկերացնել: Առնվազն քաոս կլինի: Հասարակությունը կվերածվի ամբոխի, կանի այն, ինչ ցանկանում է, ու դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվել մեկը, ով կիշխի նրանց, կպարտադրի, «կդասավորի» ու բոլորին կդնի իրենց համար նախատեսված տեղերը ու էլի կլինի այնպես, ինչպես լինում է ու կա:

Մարդկանց դեպքում էլ: Նրանց ոչ թե պետք է հետևել, հետապնդել, այլ պետք է ուղղություն ցույց տալ, սովորեցնել: Ու դա էլ կլինի, որ իշխում ես նրանց , միայն թե այդ իշխանության ազդեցությունը միայն դրական կլինի, չի ունենա, կամ գրեթե չի ունենա բացասական հետևանքներ:

Մի խոսքով՝ իշխանությունը լավ է, երբ չարաշահված չէ, ու երբ չարաշահվում է,դառնում է վատը ու երբեմն էլ անտանելի:

Վիկա Մարկոսյան,10-2 դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic