Թաքուն նայեց ժամացույցին: Մտավախությունը զուր չէր` տասներկուսն անց հինգ: Եթե անմիջապես հրաժեշտ չտար, կուշանար վերջին metro-ից: Իր հետ միշտ նույն բան էր պատահում, երբ որևէ մեկը, սեփական կամ օտար կարոտից, կամ ալկոհոլից, կամ ինչ-որ vedette1)-ի հանդեպ ունեցած ներքին մղումից դրդված՝ ընկնում էր նիրվանայի գիրկը, կամ ներկա գտնվող կանանցից որևէ մեկը, հանկարծ սովորականից ավելի էր գեղեցկանում կամ ավելի մատչելի կամ հետաքրքիր էր դառնում, կամ ամենատարեց
զրուցակիցներից մեկը,- որպես կանոն՝ նախկին առաքինիներից մի անարխիստ,- սկսում էր պատմել իր անձնական և գունեղ տարբերակով քաղաքացիական պատերազմի օրոք՝ մադրիդյան փառապանծ սերնդի փոխարեն՝ անլիարժեք սերնդի մասին, այսինքն, երբ հավաքույթը անկառավարելի էր դառնում անճաշակ, տափակ կատակներից ու առօրյա բամբասանքներից, հենց այդ վճռական պահին, նա պետք է զսպեր իր հաճույքը, հեռացներ ափը կանացի` մի փափուկ և նախահարձակ ձեռքից ու ոտքի կանգնելով` կոտրված ժպիտով ասեր. «Դե լավ, եկավ իմ չարաբաստիկ ժամը», ու հրաժեշտ տար` համբուրելով կանանց ու ձեռք տալով տղամարդկանց, ընդամենը՝ վերջին metro-ն բաց չթողնելու համար: Մյուսները կարող էին մնալ, այն պարզ պատճառով, որ մոտ էին ապրում կամ (քչերը) մեքենա ունեին, սակայն Ռաուլը չէր կարող իրեն թույլ տալ ո՛չ տաքսիի շռայլությունը, ու ոչ էլ նրան դուր էր գալիս Corentin Celton-ից մինչև Bonne Nouvelle ոտքով քայլելու հեռանկարը, մի անիմաստ սխրագործություն, որ համարժեք էր Փարիզի կեսը կտրել-անցնելուն:
Այնպես, որ արդեն իր վճիռը կայացրած՝ նա մեկ առ մեկ վերցրեց Կլաուդիա Ֆրեյրեի նուրբ մատները, որոնք վերջին մի ժամվա ընթացքում իր աջ ծնկի վրա էին հանգրվանել և, նախքան աթոռի կանաչ կիսաթավշե թիկնակը թողնելը՝ համբուրեց վարձահատույց կեցվածքով: Հետո, ինչպես միշտ, ասաց. «Դե լավ, եկավ իմ չարաբաստիկ ժամը», հաստատակամորեն դիմակայեց հավանություն չտվող փսփսոցներին ու Ագուստինի մեկնաբանությանը, թե՝ «Մի րոպե լռությամբ հարգենք Մոխրոտիկի հիշատակը, քանզի նա պետք է ճամփա ընկնի իր հեռավոր օջախը. տե՛ս, չմոռանաս քառասուներկու համարի կոշիկդ»: Ռաուլն քրքիջների մեջ համբուրեց Մարիա Ինեսի, Նատալիի (միակ ֆրանսուհու) ու Կլաուդիայի ջերմ՝ և Ռաքելի անսպասելի սառն այտերը, հետո արտաբերեց՝ «հաջողություն բոլորին», հրավերի համար շնորհակալական խոսքեր ասաց ամենաբոլիվիացի տան տերերին ու հեռացավ:
Դրսում շատ ավելի ցուրտ էր, քան չորս ժամ առաջ. ստիպված բաձրացրեց բաճկոնի օձիքը: Համարյա վազեց Renan փողոցով՝ ոչ միայն վանելու ցուրտը, այլև, որովհետև ժամը տասներկուսն անց տասնհինգն էր: Որպես փոխհատուցում իր ջանքերի՝ հասավ դեպի Porte de la Chapelle շարժվող վերջին գնացքին, վերջին վագոնի միակ ուղևորը լինելու հազվադեպ զգացումն ապրեց, ու տեղավորվեց նստարանին`պատրաստվելով տեսնել տասնվեց կանգառների թափուր կառամատույցները, որոնք պետք է անցներ` Saint Lazare-ում correspondance2) անելու համար: Երբ անցնում էր Falgulière-ով, սկսեց մտածել այն դժվարությունների մասին, որ իր նման ոչ ֆրանսիացի մի գրող (տվյալ պահին, դա նրան ավելի տեղին կատեգորիա թվաց, քան՝ «ուրուգվայացի գրողը») ստիպված էր հաղթահարել, եթե ցանկանում էր գրել այս շրջապատի, այս քաղաքի, այս ժողովրդի, այս ստորգետնյա կյանքի մասին: Հատկապես անդրադարձավ, որ «վերջին metro» թեման իր տրամադրության տակ է: Ասենք, մեկը չնախատեսված հանգամանքներում, ամբողջ գիշեր մինչև հաջորդ առավոտ, փակված մնա (մենակ, կամ ավելի լավ կլիներ` որևէ մեկի ընկերակցությամբ, կամ ավելի ցանկալի` որևէ մեկի հաճելի ընկերակցությամբ) որևէ կանգառում: Պակասում էր միայն գտնել դրա հումորային շարժառիթը. ամեն դեպքում, ակնհայտ է, որ դա հետաքրքիր թեմա է ուրիշների համար, իր համար՝ երբեք: Պակասում էին այս շաբլոնի մանրամասնությունները, մանրուքներն ու մեխանիզմը: Գրել առանց այդ մանրուքների, առանց դրանց մասին իմանալու, իրեն ծիծաղելի դրության մեջ դնելու ամենահավաստի տարբերակն է: Ինչպիսի՞ն կլինի ընլացքն ու ավարտը: Լույսերը հանգա՞ծ կմնան: Գիշերային պահակ կլինի՞: Որևէ մեկը նախապես կզգուշացնի՞ կամ կճշտի, թե հարթակներին մա՞րդ մնացել է արդյոք: Համեմատեց այս կասկածներն այն համոզվածության հետ, որ կարող էր ունենալ, եթե հավանական պատմվածքը կապ ունենար, օրինակ, Մոտեվիդեոյում Անկախության Հրապարակից մինչև Իտալիա և Պենյոն պողոտաները գնացող համար 173 ավտոբուսի իր վերջին ճամփորդության հետ: Չի կարելի ասել, թե գիտեր բոլոր դետալները, բայց կարող էր ներկայացնել գլխավորը և ներմուծել լրացուցիչ մասերը:
Այդ մտորումների մեջ էր, երբ հասավ Saint Lazare ու ստիպված եղավ վազել` Porte de Lilas գնացող վերջին գնացքին հասնելու համար: Այս անգամ վազում էր յոթ հոգու հետ միասին, բայց հետո բոլորը ցրվեցին հինգ վագոնովներով մեկ: Հեռատեսորեն դարձյալ վերջին վագոնը նստեց` ենթադրելով, որ այդպիսով Bonne Nouvelle-ում ելքին ավելի մոտ կլինի: Բայց հիմա մենակ չէր: Հակառակ ծայրում տեղ գրավեց մի աղջիկ՝ ոտքի վրա, չնայած բոլոր նստատեղերն ազատ էին: Ռաուլը հանգամանալից նայեց նրան, բայց նա ասես հիպնոսացել էր վագոնի պատին փակցված մի հասարակ ծանուցագրով, որը խորհուրդ էր տալիս ֆրանսիացիներին անհրաժեշտ շտապողականությամբ կարգի բերել անձնական փաստաթղթերը, եթե պատրաստվում են արտասահման գնալ եկող vacances3)-ին: Նա, գույքագրողին հատուկ ազարտով կանանց նայելու սովորություն ուներ (հատկապես, եթե սրա նման հրապուրիչ էին): Այնպես, որ անմիջապես համոզվեց, որ աղջիկն իր պես մրսում է (չնայած իր հագի բաց, տարվա եղանակին չհամապատասխանող՝ չափազանց բաց գույնի վերարկուին ու բրդյա շարֆին), քունը տանում է և իր պես տուն հասնելու ցանկություն ունի: Իրար ներդաշնակ հոգիներ, մի խոսքով: Հաճախ ինքն իրեն խոստացել էր՝ որոշակիորեն հաստատուն կապ ստեղծել որևէ մի ֆրանսուհու հետ, որպես՝ լեզվի մեջ խորանալու մի անփոխարինելի միջոց, բայց հենց հարմար առիթ էր ընձեռվում, կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ իր ընկերությունը սահմանափակվում էր լատինաամերիկյան կլանով: Երբեմն դա ոչ թե առավելություն էր, այլ ձանձրույթ, բայց իրականությունն այն էր, որ Կուեռնավակայի, կամ Անտոֆագաստայի, կամ Պայսանդուի, կամ Բառանկիլյայի մասին զրուցելու ցանկությամբ, հաճախ նրանք իրար էին փնտրում ու գտնում`խոսակցության ընթացքում բողոքելու այն մասին, թե որքան դժվար է ներգրավվել ֆրանսիական կյանքի մեջ. ասես, բացի Le Monde-ի հրատարակչություններից self service4)-ի կերակրատեսակների անուններից, նրանք իրոք որևիցե ջանք էին թափել ավելի շատ բան յուրացնելու ուղղությամբ:
Վերջապես՝ Bonne Nouvelle-ը: Ինքն ու աղջիկը դուրս եկան վագոնից տարբեր դռներով: Մյուս տաս ուղևորները դուրս եկան գնացքից, բայց շարժվեցին դեպի Faubourg Poissonière փողոց տանող ելքը, իսկ ինքն ու աղջիկը` դեպի Mazagran փողոցը: Աղջկա կրունկները տարօրինակ արձագանք էին տալիս, իսկ իրենը, ընդհակառակը՝ ռետինե էին, որով նա աղջկան հետևում էր լուռ ու պահելով նույն հեռավորությունը: Նրանց վազքը ծիծաղելի դարձավ, երբ, հասնելով ելքի դռանը՝ տեսան, որ շարժական երկաթե ճաղերը կողպեքով փակ են: Ռաուլը լսեց, երբ աղջիկն ասաց. «Աստված իմ»,- այդպես՝ իսպաներենով, և սարսափած դեմքով շրջվեց դեպի նա: Դրսից, ճաղերի կողքին իր ճարպակալած confort5)-ի մեջ տեղավորված` մի clochard6)-ի խռմփոցի ուժեղ ձայնն էր գալիս: «Մի անհանգստացե՛ք,- ասաց Ռաուլը,- մյուս դուռը պիտի որ բաց լինի»: Աղջիկը իսպաներեն բառեր լսելով՝ ոչինչ չասաց, բայց աշխուժացավ: «Շտապենք», ասաց ու սկսեց վազել` հետ գնալով նույն ճանապարհով: Կրկին անցան հարթակը, որը հիմա կիսամութ ու ամայի էր: Դիմացի հարթակից overall հագած մի մարդ գոռաց, որ շտապեն, որովհետև մյուս դուռն էլ փակելու վրա էր: Վազելու պահին, Ռաուլը մտաբերեց իր մի քանի րոպե առաջվա անուրջները: «Հիմա կկարողանամ պատմվածքը գրել»,- մտածեց նա. արդեն բոլոր դետալները ուներ: Աղջիկն ուզում էր լաց լինել, բայց չէր կանգնում: Ռաուլը նախ մտածեց շտապել`ճշտելու, թե արդյոք դեպի Poissonière-տանող դուռը բա՞ց է, թե ոչ. սակայն ոչ սիրալիր համարեց՝ մենակ թողնել աղջկան այդ ամայի ու համարյա մութ միջանցքներում: Ուստի, միասին գնացին: Դուռը փակ էր: Աղջիկը երկու ձեռքով բռնեց ճաղերից ու բացականչեց. “Monsieur, monsieur7)“: Բայց այդտեղ նույնիսկ clochard չկար, ուր մնաց ՝ monsieur լիներ: Համատարած դատարկություն: «Ճար չկա», ասաց Ռաուլը: Ներքուստ նա դժգոհ չէր աղջկա հետ գիշերն այդտեղ անցկացնելու մտքից: Չափսոսաց, որ աղջիկը ֆրանսուհի չէ: Ինչքա՜ն երկար ու հաճելի բան կարող էր ստացվել…
«Իսկ այն մա՞րդը, որ դիմացի հարթակին էր»,- ասաց աղջիկը: «Ճիշտ եք, եկեք գտնենք նրան,- քիչ խանդավառությամբ պատասխանեց նա ու ավելացրեց,- ուզում եք դուք այստեղ սպասեք, մինչև ես փորձեմ գտնել նրան»: «Ոչ, խնդրում եմ, ձեզ հետ եմ գալիս», ասաց աղջիկը վախեցած: Կրկին միջանցքներ ու աստիճաններ. աղջիկն այլևս չէր վազում, թվում էր՝ համակերպվում է կատարվածի հետ: Իհարկե, դիմացի հարթակին ոչ ոք չկար. նորից գոռացին, բայց անգամ արձագանք չեղավ: «Պետք է հարմարվենք,- ասաց Ռաուլը, որը լրիվ համակերպված տեսք ուներ,- համակերպվենք, ինչքան կարող ենք: Ի վերջո, եթե clochard-ը կարող է դրսում քնել, մենք էլ կարող ենք ներսում քնել»: «Քնե՞լ», բացականչեց աղջիկն այնպես, կարծես թե Ռաուլը ինչ-որ ահավոր բան էր առաջարկել: «Իհարկե»: «Դուք քնեք, եթե ուզում եք. ես չեմ կարող»: «Դե, չէ, եթե դուք արթուն մնաք, ես էլ չեմ քնի: Մեծ բան չի, կզրուցենք»:
Հարթակի մյուս ծայրում մի փոքր լույս էր վառվում: Քայլեցին մինչև այնտեղ: Նա հանեց բաճկոնն ու առաջարկեց աղջկան: «Ո՛չ, ոչ մի դեպքում, իսկ դո՞ւք»: Նա խաբեց. «Ես մրսկան չեմ»: Բաճկոնը դրեց աղջկա կողքին, բայց վերջինս ոչ մի շարժում չարեց այն վերցնելու: Նստեցին փայտե երկար նստարանին: Ռաուլը նայեց աղջկան ու նրա դեմքին նշմարեց այնքան վախ ու միաժամանակ տարակուսանք, որ ուղղակի ժպտաց: «Այս իրավիճակը շա՞տ է բարդացնում ձեր կյանքը»,- հարցրեց նա: «Երևակայեք, այո»: Մի քանի րոպե նրանք լուռ մնացին: Ռաուլը գիտակցում էր, որ անհեթեթ վիճակ է ստեղծվել: Անհրաժեշտ էր կամաց-կամաց հարմարվեին: «Ի՞նչ կասեք, եթե ծանոթանանք»: «Միրտա Սիսներոս»,- ասաց աղջիկը, բայց ձեռքը չմեկնեց: «Ռաուլ Մորալես,- ասաց նա ու ավելացրեց,- ուրուգվայցի: Դուք արգենտինացի՞ եք»: «Այո, Մենդոսայից»: «Իսկ Փարիզում ի՞նչ եք անում»: «Սովորում եմ: Չէ, նկարում եմ: Ուզում եմ ասել` նկարում էի, բայց կրթաթոշակով այստեղ չեմ եկել»: «Այլևս չե՞ք նկարում»: «Շատ էի ձգտում, որպեսզի փող տնտեսեմ ու գամ, բայց այստեղ ստիպված եմ աշխատել, որ ապրուստս հոգամ, ուստի նկարչությունը թողեցի: Միանշանակ՝ անհաջողություն, որորվեհտև, բացի այդ, հետադարձ տոմսի փող էլ չունեմ: Դեռ չհաշված՝ վերադառնալուց հետո խայտառակ ձախորդության մասին խոստովանելը»: Ռաուլը միայն ասաց. «Ես գրում եմ», ու մինչ աղջիկը որևէ հարց կձևակերպեր՝ ավելացրցեց. «Պատմվածքներ: «Ա՜հ, իսկ հրատարակված գրքեր ունե՞ք»: «Ո՛չ, միայն ամսագրերում»: «Իսկ այստեղ կարողանո՞ւմ եք գրել»: «Այո, կարողանում եմ»: «Հոնորարո՞վ»: «Ո՛չ: Մի երկու տարի առաջ եմ եկել, որովհետև լրագրողական մի մրցույթում շահել էի: Ու մնացի: Թարգմանություններ եմ անում, կրկնօրինակներ, ամեն ինչ: Ես էլ վերադառնալու փող չունեմ: Ես էլ չեմ ուզում խոստովանել իմ անհաջողության մասին»: Նրա մարմնով սարսուռ անցավ, ու դա նրան թերևս ստիպեց ուսերին գցել բաճկոնը:
Ժամը երկուսին արդեն խոսել էին ֆինանսական խնդիրների, ուրիշ երկրում հարմարվելու դժվարությունների, Ֆրանսիացիների շինծու ժլատության, համապատասխան ու հեռավոր երկրների թերությունների ու առավելությունների մասին: Երկուսն անց տասնհինգին, Ռաուլը նրան առաջարկեց անցնել «դու»-ի: Նա մի պահ երկմտեց, հետո համաձայնեց: Նա ասաց. «Շախմատի, կարտերի և ծուռ մտադրությունների բացակայության պատճառով առաջարկում եմ, որ դու ինձ քո պատությունը պատմես, ես էլ քեզ իմը: Ի՞նչ ես կարծում»: «Իմը չափազանց ձանձրալի է»: «Իմը նույնպես: Զվարճալի պատմությունների ժամանակը վաղուց անցել է կամ դրանք հորինվել են վերջերս»: Միրտան ուզում էր ինչ-որ բան էլ ասել, բայց փռշտաց ու ոգեվորությունն իջավ: «Միրտա՛,- ասաց նա,- որպեսզի տեսնես, որ հասկացող եմ ու քիչ պահանջկոտ, հիմա ես կսկսեմ: Երբ ավարտեմ ու դու քնով անցած չլինես, դու կպատմես քո պատմությունը: Նախապես ասեմ, որ եթե քնես, չեմ վիրավորվի: Պայմանավորվեցի՞նք»: Նա գիտակցում էր, որ իր վերջին նախադասությունը համակրանք կորզելու խորամանկ քայլ է: «Պայմանավորվեցինք»,- անկեղծորեն ժպտալով ասաց աղջիկը` հիմա արդեն մեկնելով նրան իր ձեռքը:
«Տվյալ համար մեկ. ծնվել եմ դեկտեմբերի տասնհինգին, գիշերը: Իմ հոր պատմելով` խստաշունչ ձմեռային եղանակին: Այդուհանդերձ, ինչպես տեսնում ես, այդքան էլ փոթորկուն չեմ: Տարի՞ն. հազար ինն հարյուր երեսունհինգ: Տե՞ղը. չգիտեմ տեղյա՞կ ես, թե ոչ, բայց նախկին սերնդի համար անխախտելի օրենք է եղել` բոլոր մոնտեվիդեացիները ծնվել են երկրի խորքում: Հիմա՝ ոչ. տարօրինակ է, բոլորը ծնվում են Մոնտեվիդեոյում: Ես Սոլանո Գարսիա փողոցից եմ: Դու չես ճանաչի, իհարկե: Պունտա Կառետաս: Սա էլ ոչինչ չի ասում: Ծովափին, այսպես ասենք: Երեխա ժամանակ տեղով գլխացավանք եմ եղել: Ոչ միայն միակ զավակը լինելու պատճառով, այլ որորվհետև վտիտ էի: Մշտապես հիվանդ: Երեք անգամ կարմրուկով եմ հիվանդացել, դա քեզ ամեն ինչ ասում է, և քութեշով: Ու ջղացնցումներ: Հետո՝ խոզուկ: Երբ հիվանդ չէի, կազդուրվում էի: Նույնիսկ երբ մարդիկ ասում էին, թե կազդուրվել եմ, ես հա քիթս էի մաքրում»:
Մի քիչ էլ պատմեց մանկությունից (դպրոց, գրավիչ ուսուցչուհի, առաջին ծանակողներ, մեղմ մորաքույր, բենզինի հոտով մերենգայից8) թունավորում, հասուն կյանքի անընկալում, և այլն), բայց երբ ցանկացավ անցնել վերջին էպիզոդների հերթականությանը, առաջին անգամ և պարզ հիշեցրեց, որ իր կյանքի հետաքրքիր երևույթները պատահել են մանկության տարիներին. որոշեց բաց կարտերով խաղալ և դրա համար էլ՝ այդ խոստովանությունն արեց:
Միրտան նրան օգնեց. «Չես հավատա՛, բայց իրականությունն այն է, որ ես պատմելու ոչ մի զվարճալի դեպք չունեմ: Նույնիսկ կասեի, որ հիշողություններ չունեմ: Որովհետև չեմ կարող այդ կատեգորիայի մեջ տեղավորել ուսուցչուհուս սովորական ծեծերը (խոստովանում եմ, որ շատ դաժան չէին), ոչ էլ ամենօրյա դասերը, որոնցում երբեք չկարողացա (չցանկացա) աչքի ընկնել, ոչ էլ թաղամասի հազվադեպ ընկերներիս, ոչ էլ Բուենոս Այրեսում` Կոռիենտես փողոցի վրա գտնվող առևտրի կետում, որպես՝ գրիչներ ու մատիտներ վաճառող՝ ցուցափեղկի հետևում անցկացրած իմ ժամանակահատվածը: Հետևաբար, ուզում եմ ասել, որ Փարիզում անցկացրած այս ժամանակաշրջանը իր պակասներով, անհաջողության ու միայնության զգացումով, որ երբեմն պատում է ինձ, այնուամենայնիվ, իմ կյանքի ամենափայլուն հատվածն է:
Խոսելիս՝ նայում էր դիմացի հարթակին: Չնայած քիչ լուսավորությանը՝ Ռաուլը նկատեց, որ աղջկա աչքերը արցունքակալած են: Այդ պահին, նա մի ակամա շարժում արեց, այնքան ակամա, որ երբ ցանկացավ հրաժարվել, արդեն ուշ էր. ձեռքը երկարեց դեպի նա ու շոյեց աղջկա այտը: Անսպասելին այն էր, որ աղջիկը զարմացած չերևաց, ավելին, Ռաուլը գրեթե աղոտ մի զգացողություն ունեցավ, որ աղջիկը այտը հենեց իր ափին: Կարծես ստեղծված տարօրինակ իրավիճակը օժանդակում էր հարաբեությունների խորացմանը: Հետո նա հետ քաշեց ձեռքն ու մի որոշ ժամանակ անշարժ ու լուռ մնացին: Նրանց գլխավերևում մերթ ընդ մերթ լսվում էր ինչ-որ աղմուկ, ինչ-որ ձայն, ինչ-որ հարված, որ հիշեցնում էր փողոցի անառարկայական ու հեռավոր ներկայությունը, որն այնտեղ՝ վերևում, շարունակում էր գոյություն ունենալ:
Հանկարծ Ռաուլն ասաց. «Մոնտեվիդեոյում հարսնացու ունեմ: Այսինքն, սիրած աղջիկ: Բայց արդեն երկու տարի է, ինչ նրան չեմ տեսնել, ու, ասեմ քեզ, պատկերը գնալով աղոտանում է, դառնում ավելի անհեթեթ, պակաս կոնկրետ, եթե քեզ ասեմ, որ հիշում եմ նրա աչքերը, բայց՝ ոչ ականջները ու ոչ էլ շրթունքները: Երբ կենտրոնացնում եմ հիշողությունս, գալիս եմ այն եզրակացության, որ նրա շրթունքները բարակ են, թեև՝ երբ ապավինում եմ առարկայական հիշողությանս, այնպիսի տպավորություն եմ ունենում, թե դրանք հաստ են. խառնաշփոթություն է, չէ՞»: Միրտան ոչինչ չասաց: Ռաուլը շարունակեց. «Դու փեսացու, կամ ամուսին, կամ ընկեր ունե՞ս»: «Ոչ», ասաց նա: «Ոչ այստեղ, ոչ Մենդոսայում ու ոչ էլ Բուենոս Այրեսո՞ւմ»: «Ոչ մի տեղ»:
Ռաուլը գլուխը կախեց: Գետնին մի ֆրանկանոց մետաղադրամ էր ընկած: Կռացավ, վերցրեց այն ու մեկնեց Միրտային: «Պահիր սա որպես հուշ այս Stille Nacht-ից»: Միրտան մետաղադրամը գցեց բաճկոնի գրպանը` չանդրադառնալով, որ այն իրենը չէ: Ռաուլը ձեռքը տարավ դեմքի վրայով: «Իրականում, ինչի՞ քեզ խաբեմ, հարսնացուս չէ, այլ կինս: Մնացածը ճիշտ է, իհարկե: Հոգնել եմ այս իրավիճակից, բայց ուժ չեմ գտնում վերջակետ դնելու: Երբ նամակում պնդում եմ այդ մասին, ինձ երկար ու ներվայնացած պատասխան է գրում, որ եթե նրան թողնեմ, ինքնասպան կլինի. ինչ խոսք, ես հասկանում եմ, որ դա շանտաժ է, բայց, իսկ եթե իրոք ինքնասպա՞ն լինի: Ավելի շատ վախկոտ եմ, քան թվում է. վախկո՞տ եմ թվում»: «Ոչ,- ասաց նա,- բավականին քաջ ես թվում, հատկապես այստեղ` գետնի տակ և հատկապես, եթե ինձ հետ համեմատելու լինենք, ես վախից դողում եմ»:
Երբ մյուս անգամ նայեց ժամացույցին, ժամը՝ չորսն անց քսանն էր: Վերջին կես ժամվա ընթացքում բացարձակ չէին խոսել, բայց Ռաուլը պառկել էր երկար նստարանին՝ գլուխը հենելով Միրտայի սև պայուսակին: Միրտան երբեմն ձեռքն անց էր կացնում նրա մազերի մեջ. «Ի՜նչ խառնաշփոթություն»,- վերջապես ասաց նա: Ուրիշ ոչինչ: Ռաուլն իրեն զգաց մի քաղցր խենթության սեմին: Գիտեր, որ դա լավ է, բայց նաև գիտեր, որ եթե ցանկանա առաջ գնալ ու փորձի օգտվել այս անսպասելի, բացառիկ գիշերից` անլուրջ մի արկած ունենալու համար, ամեն ինչ անմիջապես կփչանա: Հինգից տասնհինգ պակաս, վեր կացավ ու ընդարմացած ոտքերը շարժելու նպատակով՝ մի քիչ քայլեց: Հանկարծ նայեց Միրտային ու կանխազգացողության պես մի բան ունեցավ. եթե իր գեղեցիկ ու մերկապարանոց պատմվածքներից մեկը գրելիս լիներ, չէր հիշատակի այդ աղջկան՝ որպես իր ճակատագիրը: Բայց, տվյալ պահին, բարեբախտաբար, չէր գրում, այլ մտածում էր, ուստի չզլացավ ինքն իրեն հուշել, որ այս աղջիկն իր ճակատագիրն է: Դրանից հետո հառաչեց (որպես՝ նոր հառաչանքների սկիզբ): Դրան հետևող զգացումը տրամադիր լինելուց ավելի վեր էր. Իրականում, դա օրգանական հուզավառություն էր, որ պարուրեց նրա ականջները, կոկորդը, թոքերը, սիրտը, ստամոքսը, սեռական օրգանը, ծնկները:
Խանդավառությունն ու գորովանքը ստիպեցին նրան խախտել լռությունը. «Գիտես ի՞նչ: Կյանքիցս հինգ տարի կտայի, որ ամեն ինչ այստեղ սկսվեր: Ուզում եմ ասել` որ ես արդեն բաժանված լինեի, ու կինս ընդունած լիներ այդ փաստը և ինքնասպան չլիներ, և որ ես լավ աշխատանք ունենայի Փարիզում, և որ դռները բացվելուց հետո`այստեղից դուրս գայինք այնպես, ինչպես կանք` որպես զույգ»: Միրտան ձեռքով մի շարժում արեց, կարծես ցանկանում էր մի ստվեր քշել, և ասաց. «Ես էլ հինգ տարի կտայի», ու հետո ավելացրեց, «Կարևոր չի, ելք կգտնենք»:
Առաջին նշանը այն բանի, որ կայարանը վերսկսում էր իր առօրյան, միջանցուկ քամին էր: Երկուսն էլ դողացին: Հետո վառվեցին բոլոր լույսերը: Ռաուլը պահում էր փոքրիկ հայելին, մինչ Միրտան իրեն կարգի էր բերում: Ինքն էլ մի թեթև սանրվեց: Երբ դանդաղ բարձրանում էին աստիճաններով, հանդիպեցին վաղ արթնացող մարդկանց առաջին խմբին: Նա գնում էր` մտածելով, որ նույնիսկ չհամբուրեց Միրտային, ու ինքն իրեն հարցնում էր, արդյոք դա ողջամիտ կլինե՞ր: Դրսում այնքան ցուրտ չէր, ինչքան նախօրեին:
Առանց նախնական պայմանավորվածության՝ սկսեցին քայլել Bonne Nouvelle boulevard-ով` դեպի փոստ: «Հիմա ի՞նչ», ասաց Միրտան: Ռաուլը զգաց, որ հարցը դուրս պրծավ նրա շրթունքների արանքից, բայց պատասխանելու հնարավորություն չունեցավ, որովհետև դիմացի մայթից մի ուրիշ աղջիկ՝ սև տաբատով և կանաչ բլուզով, նրանց ակնարկում էր, որ սպասեն իրեն: Ռաուլը կարծեց, թե նա Միրտայի ընկերուհիներից է: Միրտան կարծեց, թե՝ Ռաուլի ծանոթներից է: Վերջապես աղջիկը կարողացավ անցնել փողոցն ու արագ տեմբով մոտենալով նրանց` մեքսիկական առոգանությամբ ասաց. «Վերջապես ձեզ գտա, սրիկանե՛ր: Ամբողջ գիշեր զանգել եմ տուն ու ոչ մի ձայն: Ո՞ւր էիք: Ինձ պետք է, որ Ռաուլն պարտքով տա իր Appleton-ը: Կարո՞ղ ես, թե՞ դա Միրտայինն է»:
Մնացին լուռ և անշարժ, բայց նա տեղի չէր տալիս. «Գնացինք, վատը մի եղե՛ք, իսկապես այն ինձ պետք է: Ինձ մի թարգմանություն են հանձնարարել, ի՞նչ եք կարծում: Դե, երկու արձանների` էլ չեմ ասում հիմարների պես մի ցցվեք, գնո՞ւմ եք տուն: Ես ձեզ հետ եմ գալիս»: Ու շարժվեց Mazagran-ով մինչև la rue de l’Echiquier` իր շտապողականությանն ուղեկցելով հետույքի չափավոր շարժումը: Ռաուլն ու Միրտան քայլեցին նրա հետևից` առանց իրար հետ խոսելու ու դիպչելու, յուրաքանչյուրն իր սեփական սպասումի մեջ: Նոր հայտնված աղջիկը անկյունում թեքվեց, ու կանգնեց համար 8 տան առջև: Երեքն էլ աստիճաններով վեր բարձրացան (վերելակ չկար) չորրորդ հարկ: Համար 7 բնակարանի առջև աղջիկն ասաց. «Դե, բացե՛ք»: Ընդգծված զգուշությամբ Ռաուլը հանեց իր հին բանալու օղակը որի վրա, ինչպես միշտ, երեք բանալի կար: Փորձեց առաջինը` անհաջող: Երկրորդը բացեց դուռը: Աղջիկը նետվեց դեպի գրապահարանը, որ պատուհանի կողքին էր, գրեթե ճանկեց Appleton-ը, Ռաուլի, հետո Միրտայի երկու այտերը համբուրեց ու ասաց. «Հուսով եմ, երբ այս երեկո գամ, վերագտած կլինեք ձեր խոսելու ունակությունը: Հիշում ե՞ք, որ այսօր պայմանավորվել ենք գնալ Էմիլիայի մոտ. սկավառակներ վերցրեք ձեզ հետ, please»: Ու շտապ դուրս եկավ` շրխկացնելով դուռը:
Միրտան իրեն գցեց բազկաթոռին: Ռաուլը, անխոս, ունքերը կիտած ու չռված աչքերով, սկսեց զննել բնակարանը: Գրապահարանում իր գրքերն էին` ստորագրված ու մակագրված իր իսկ գրությամբ. բայց կային նաև նորերը` կիսաբաց էջերով: Խորքի պատին, իր սիրելի Միրոյի բնօրինակն էր էր, բայց նաև կար Կլեեից մի բնօրինակ, որը միշտ փափագել էր ունենալ: Սեղանի վրա երեք նկար կար. մեկը` իր ծնողներինը, մյուսը` Միրտային կասկածելիորեն նման մի տղամարդու, երրորդում ինքն ու Միրտան էին` գրկախառնված ձյան վրա, շատ ուրախ, ինչպես թվաց:
Մինչ Appleton պահանջող աղջկա հայտնվելը, նա ռիսկ չէր անում նայել Միրտայի դեմքին: Հիմա նայեց: Միրտան իր վճիտ, թերևս քչով հոգնած, բայց անվրդով հայացքն ուղղեց դեպի Ռաուլը: Դա այդքան էլ չօգնեց, որովհետև Ռաուլը համոզվեց, որ ոչ միայն սխալվել էր՝ բաժանվելով մոնտեվիդեոյի կնոջից, հիստերիկ, բայց խելացի, միշտ դժգոհ, բայց լավ կնոջից, այլ նաև որ սկսվում էր փչանալ իր երկրորդ ամուսնությունը: Բանն այն չէր, որ ինքն այլևս չէր տենչում այդ բարեկազմ, մրսկան, համարյա անպաշտպան կնոջը, որը բազկաթոռից իրեն էր նայում, այլ իր համար պարզ էր, որ Միրտայի հանդեպ ունեցած իր ներկա զգացմունքների մեջ շատ քիչ բան է մնացել հինգ տարի առաջվա մաքուր, հանկարծահաս, արտասովոր, գերող սիրահարվածությունից, երբ նրա հետ ծանոթացավ՝ հետզհետե ավելի հեռավոր դարձած, հետզհետե ավելի ջնջված, անհավանական մի գիշեր, երբ պատահականության թակարդն ընկնելով` միասին փակված մնացին Bonne Nouvelle կայարանում:
____________________
1) Արտասովոր երևույթ, անձ կամ դեպք (Ֆրանս.)
2)տեղափոխվել մի տրանսպորտից մյուսը (ֆրանս.)
3)արձակուրդ (ֆրանս.)
4)ինքնասպասարկում (անգլ.)
5)հարմարավետություն (ֆրանս.)
6)մուրացկան (ֆրանս.)
7)հռչակավոր, նշանավոր դեմք, մեծանուն մարդ (ֆրանս.)
8)Ձվակարկանդակ (իսպ.)
Իսպաներենից թարգմանեց՝ Անի Վարդազարյանը
Աղբյուրը՝ Մարիո Բենեդետտի
0 comments:
Post a Comment