Thursday, April 4, 2013

Ֆրիդրիխ Նիցշե

«Ընկե՛ր, այն ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը դու կոչում ես «սեր ճշմարտության հանդեպ», միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը, այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։
Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) – դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։

Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս հանել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը, նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափար և սեր արարյալի հանդեպ։
Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեզ, ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ սեր առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ համոզվել, որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։
Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է արժանի սիրո բացակայությամբ։
Անպայմանական սերը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
Սիրելու ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված լինելու ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնասիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
Սերը հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին, բայց բնավ՝ «տևականության»։
Քո գրգիռին անուն տալն՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
Սկզբում մի փոքրիկ նախանձ, և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան սիրում ենք։
Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի շատ սիրով։
Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
«Ես զայրանում եմ. որովհետև դու անարդար ես» – այսպես է մտածում սիրողը։
Փոխադարձ սիրո պահանջը սնափառություն է և զգայականություն։
Զարմանալի է՝ ինչ հիմարության ասես, որ զգայականությունը սիրո միջոցով չի կարող տանել, այն հանկարծակի ամբողջովին զրկվում է ողջ լավ ճաշակից և այլանդակը անվանում է գեղեցիկ, հենց որ սերը համոզում է դրան։
Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
Միշտ ետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև պարգև և նշան, որ մենք դրանցով ճանաչում ենք իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք մեր սիրով։
Գործառույթ դառնալու կամեցում. սիրո կանացի իդեալը։ Տղամարդկային իդեալը ձուլումն է և տիրացումը կամ կարեկցանքը (տառապող Աստծո պաշտամունք)։
Կինը չի ուզում իրեն խոստովանել, թե նա իր սիրեցյալի մեջ որքան է սիրում տղամարդուն (հենց տղամարդուն), այդ պատճառով նա նրա մեջ աստվածացնում է «մարդուն»` իր առջև և ուրիշների։

Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic