Thursday, February 28, 2013

Ավելորդ հորդորներ


Դինո Բուցատի
Կուզենայի, որ դու գայիր ձմեռային մի իրիկուն, ու երկուսով, ապակիների ետևում իրար սեղմված, նայելով մութ ու ցուրտ փողոցների միայնությանը, հիշեինք հեքիաթների ձմեռները, ուր ապրում էինք միասին առանց դա իմանալու: Արդարև, նույն կախարդված ծառուղիներով մենք անցանք, ես ու դու, երկչոտ քայլերով, միասին գնացինք գայլերով լի անտառների միջով, ու նույն ոգիներն էին մեզ լրտեսում`մամռակալած աշտարակների վրայից, ուր ագռավներն էին թևածում: Այդտեղից երկուսս էլ նայեցինք
խորհրդավոր կյանքին, որը մեզ էր սպասում: Այնտեղ, մեր մեջ առաջին անգամ բաբախեցին խենթ ու քնքուշ ցանկություններ:
«Հիշու՞մ ես», կասենք մեկմեկու` քնքշորեն իրար սեղմվելով տաք սենյակում, ու դու ինձ կժպտաս վստահությամբ, մինչդեռ դրսում, քամուց չարագույժ կճռռան թիթեղները: Բայց դու, հիմա հիշում եմ, չգիտես հին հեքիաթներ անանուն թագավորների, մարդակերների և կախարդական պարտեզների մասին: Երբեք առևանգված չես լինի ու չես անցնի կախարդական ծառերի տակով, որոնք խոսում են մարդկային լեզվով, երբեք չես թակի անմարդաբնակ դղյակի դուռը, ոչ էլ կքայլես գիշերվա մեջ` դեպի հեռավոր լույսը, ոչ էլ քնի մեջ կընկնես Արևելքի աստղի ներքո, տարուբերվելով սուրբ նավակի մեջ: Ապակիների ետևում՝ գիշերային ձմեռվա մեջ, հավանաբար մենք լուռ կմնանք, ես` կորսվելով մեռած հեքիաթներում, դու` ինձ անծանոթ ուրիշ սփոփանքներում: Ես կհարցեմ. «Հիշու՞մ ես», բայց դու չես հիշի ամենևին:
Կուզենայի քեզ հետ զբոսնել գարնանային մի օր, գորշագույն երկնքով ու նախորդ տարվա մի քանի հին տերևներով, որ քշվում են քամուց ճանապարհների վրա, ծայրամասի թաղերում, և օրը լիներ կիրակի: Այդպիսի վայրերում հաճախ են ծնվում մելամաղձոտ ու վեհ մտածմունքներ: Այդ պահերին օդը լցվում է բանաստեղծականությամբ, որն իրար է միացնում սիրող սրտերը: Նաև ծնվում են հույսեր, որոնք հնարավոր չէ արտահայտել, երբ նայում ես տներից անդին անծայր հորիզոններին, սուրացող գնացքներին, հյուսիսի ամպերին: Պարզապես իրարու ձեռք կբռնենք ու կգնանք թեթև քայլերով, ասելով անիմաստ, անհեթեթ ու թանկագին բաներ:
Մինչև որ կվառվեն լապտերներն ու տգեղ շենքերից կելնեն դուրս քաղաքի սոսկալի պատմությունները, արկածները, հոգեպարար սիրավեպերը: Ու այդժամ մենք կլռենք` դարձյալ իրարու ձեռք բռնած, քանզի հոգիները կխոսեն առանց բառերի: Բայց դու,- հիմա հիշում եմ,- երբեք ինձ չես ասի անիմաստ բաներ, անհեթեթ ու թանկագին: Եվ ուրեմն, չես կարողանա սիրել այդ կիրակիները, որոնց մասին ասում եմ, ոչ էլ հոգիդ կարող է խոսել իմի հետ լռության մեջ, ու չես տեսնի ճիշտ ժամանակին քաղաքի կախարդանքը, ոչ էլ հույսերը, որոնք իջնում են հյուսիսից: Դու նախընտրում ես լույսեր, ամբոխ, մարդկանց, որոնք քեզ են նայում, փողոցներ, ուր, ասում են, կարող է բախտդ բերել: Դու տարբեր ես ինձնից ու եթե այդ օրը գայիր զբոսնելու ինձ հետ, պիտի գանգատվեիր, որ հոգնում ես, միայն դա և ուրիշ ոչինչ:
Կուզենայի նաև ամառային մի օր գնալ քեզ հետ մենակյաց մի հովիտ, անընդհատ ծիծաղել ամենահասարակ բաների վրա, հետազոտել անտառների, սպիտակ ճանապարհների, լքված տների գաղտնիքները: Կանգ առնել փայտե կամրջի վրա` նայելու անցնող ջրին, լսելու հեռագրասյուների այդ երկար պատմությունը, որը գալիս է աշխարհ մի ծայրից և գնում ով գիտե թե ուր: Ու պոկել մարգագետնի ծաղիկները և այնտեղ, խոտի վրա պառկած, արևի լռության մեջ, նայել երկնքի վիհերին, անցնող ճերմակ ամպերին և լեռների գագաթներին: Դու պիտի ասեիր. «Ի՜նչ գեղեցիկ է»: Ուրիշ ոչ մի բան չէիր ասի, քանզի մենք երջանիկ կլինեինք, քանզի մեր մարմինները դեն կնետեին տարիների բեռը, ու մեր հոգիները կդալարեին վերստին:
Բայց դու, հիմա, երբ մտածում եմ այդ մասին, պիտի նայեիր քո շուրջը, վախենամ` առանց հասկանալու, ու պիտի կանգ առնեիր մտահոգ` տնտղելու գուլպադ, ինձնից մի սիգարետ պիտի խնդրեիր` անհամբեր ետ դառնալու: Ու չպիտի ասեիր.«Ի՜նչ գեղեցիկ է», այլ ուրիշ խղճուկ բաներ կասեիր, որոնք կարևորություն չունեն ինձ համար: Քանզի, ցավոք, դու այդպես ես ստեղծված: Ու ոչ էլ երջանիկ կլինեինք, թեկուզ մի վայրկյանով:
Նաև կուզենայի,- թող ասեմ դա,- կուզենայի, որ իրար թևանցուկ` կտրեինք-անցնեինք քաղաքի մեծ ճանապարհները` նոյեմբերյան մի մթնշաղով, երբ երկինքը մաքուր բյուրեղի է նմանվում, երբ կյանքի տեսիլները սլանում են գմբեթների վերևով ու իջնելով` դիպչում սևավուն մարդկանց` փողոցների փոսերի մեջ, որ արդեն լցված են անհանգստությամբ: Երբ երանելի ժամանակների հիշողություններն ու նոր նախանշանները անցնում են երկրի վրայով` իրենց ետևից թողնելով ինչ-որ երաժշտություն: Մանուկների մաքրամաքուր գոռոզությամբ մենք կնայենք ուրիշ մարդկանց դեմքերին, որ հազարներով կանցնեն մեր կողքով, գետի պես: Առանց դա իմանալու` մենք ուրախության լույսեր կճառագենք, և բոլորը ստիպված կլինեն նայել մեզ, ոչ թե նախանձով կամ անբարյացակամությամբ, այլ մի փոքր ժպտալով, բարության զգացումով, երեկոյի շնորհիվ, որը չեզոքացնում է մարդու թուլությունները:
Բայց դու,- ես լավ հասկանում եմ դա,- նայելու փոխարեն բյուրեղյա երկնքին ու երևութական սյունաշարին, որն առաջացել է մայր մտնող արևի շողերից, կուզենայիր կանգ առնել` նայելու ցուցափեղկերը, ոսկիները, հաստությունները, մետաքսները, այդ բոլոր սին բաները: Եվ ուրեմն, չես նկատի տեսիլները, ոչ էլ նախազգացումները, որ անցնում են, ոչ էլ պիտի զգաս, ինձ նման, որ քեզ եզակի մի բախտ է վիճակված: Չես լսի այդ երաժշտությունը, ոչ էլ կհասկանաս, թե ինչու են մարդիկ մեզ նայում բարի աչքերով: Դու կմտածես քո թշվառ վաղվա մասին, ու չես նկատի ոսկե արձանները սայրաձողերի վրա, որ անօգուտ վեր կհանեն իրենց սրերը արևի վերջին շողերի ներքո: Ու ես կմնամ մենակ:
Անօգուտ է: Գուցե այս բոլորը հիմարություններ են, և դու ավելի լավն ես ինձնից, որ կյանքից այդքան շատ բաներ չես սպասում: Գուցե իրավացի ես դու, և անիմաստ կլիներ փորձելը: Բայց գոնե, այո, գոնե կտեսնեի քեզ: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, որևէ կերպ կլինենք միասին ու կգտնենք ուրախություն: Կարևոր չէ` ցերեկով, թե գիշերով, ամռանը թե աշնանը, անծանոթ մի երկրում, անշուք մի տան մեջ, մի անհրապույր պանդոկում: Ինձ բավական կլինի, որ լինես կողքիս: Ես ուշադրություն չեմ դարձնի,- խոստանում եմ քեզ,-տանիքի առեղծվածային ճռռոցներին, ոչ էլ կնայեմ ամպերին, ականջ չեմ դնի երաժշտություններին ու քամուն: Կհրաժարվեմ այդ անօգուտ բաներից, որոնք սիրում եմ սակայն: Համբերություն կդրսևորեմ, եթե չհասկանաս, թե ինչ եմ քեզ ասում, եթե խոսես ինձ համար օտար բաների մասին, եթե գանգատվես, թե զգեստդ հնացել է, թե էլի փող չկա:
Չեն լինի այդ, այսպես կոչված, բանաստեղծականությունը, հույսերը, որ երկուսինս են, ու թախիծը, որը սիրո մշտական ուղեկիցն է: Բայց հո կլինես կողքիս: Ու մեզ կհաջողվի, այ կտեսնես, լինել բավական երջանիկ, գոհանալով շատ պարզ բաներով, լինելով լոկ տղամարդ ու կին միասին, ինչպես որ է աշխարհի ամեն մի անկյունում:
Բայց դու, մտածում եմ, հիմա չափազանց հեռու ես, հարյուրավոր կիլոմետրերով, որոնք դժվար է հաղթահարելը: Դու մի քաղաքում ես, որն ինձ անծանոթ է, և ուրիշ տղամարդիկ են քո կողքին, որոնց հավանաբար ժպտում ես, ինչպես որ ինձ էիր ժպտում մի ժամանակ: Ու քիչ ժամանակ պետք եղավ, որպեսզի մոռանայիր ինձ: Հավանաբար, այլևս քեզ չի հաջողվում հիշել իմ անունը: Այսուհետև ես գտնվում եմ քեզնից դուրս, անտարբերակելի` անթիվ ստվերների միջև: Եվ սակայն, կարողանում եմ մտածել միայն քո մասին, և ինձ դուր է գալիս ասել քեզ այս բաները:

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Աղբյուրը՝  Ավելորդ հորդորներ

1 comments:

  1. Ահմետ Էֆենտի փողոցը

    Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
    Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
    Մութին համբուրվող զույգեր կան

    Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
    Իր առանձնությունը միտքը կ'իյնայ։

    Զահրատ

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic