Wednesday, February 20, 2013

Մեծն Պաբլոն


Ալեխո Կարպենտիեր

«...եթե ինձ խնդրեին նկարել նոր տիեզերքի նախագիծը, ես, երեւի թե, այդ գործն անելու անզգուշությունը ունենայի»:

Ջովանի Բատիստա Պիրանեզի

Մի առավոտ Պաբլո Ռուիս Պիկասոյի արվեստանոց հասցրին Գերմանիայում տպված մի ծանրակշիռ ալբոմ: Նկարիչը սկսեց դանդաղ այն թերթել: Դա ազդեցիկ տեսքով ակնոցավոր ոմն հերր դոկտորի բավական մշուշոտ մի ուսումնասիրություն էր, ով ջանում էր ապացուցել, որ «նոր ընկալման» բոլոր նկարիչներն անհավասարակշիռ մարդիկ են՝ շիզոֆրենիայի կամ այդ կարգի մի այլ բանի ակնհայտ նշաններով: Պիկասոն անշտապ զննում էր էջածալքերը, որոնցում միտումնավոր ընտրված արտատպությունները նպատակ ունեին համեմատելու Գրիսի, Շագալի, Բրակի, Միրոյի, Էռնստի կտավները խելագարների նկարների հետ: Ալբոմը փակելիս՝ Պիկասոն մի հիանալի նախադասություն արտաբերեց:

- Դե ահա: Պարզվում է, մենք բուժել ենք խելագարներին:

Եվ դարձյալ վերադարձավ իր զարմանալի էսքիզներին, որոնք հետո մետաղով մարմնավորեց Խուլիո Գոնսալեսը, որոնք էլ հենց դարձան Գիյոմ Ապոլիների հուշարձանը:

2

Հին արվեստաբան-քննադատ Կամիլ Մոկլերը, ով մինչեւ այժմ հետազոտում է «բնորոշ գծերը» եւ «նշանակությունները», հրաժարվում է Պիկասոյին «նկարիչ» կոչել: Մենք, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր անսահման սիրում են մեր հոգիների ամենաթաքուն լարերին կպչող նրա գեղանկարչությունը, նույնպես չենք համարձակվում նրան «նկարիչ» համարել... Պաբլո Պիկասոն պատկերանում է մեզ որպես ճարտարագյուտ, որ հավասարը չունի, երբեւէ ծնված գեղանկարչության արարիչներից ամենակատարյալը: Նրա պլաստիկ հավասարումներում առկա է ինչ-որ բան, որ արվեստի սահմաններից անդին է, եւ այդ բանով դրանք հոգեհարազատ են Պիրանեզիի «Զնդաններին» կամ Բրեյգելի «Մահվան հաղթանակին»...

Ծնունդով մի քաղաքից, ուր տրամվայները շարժվում են «մալագեայի» (իսպանական ժողովրդական երգ)՛ ռիթմով: Պիկասոն իր զարգացման մեջ հաղթահարել է ուղիներ, որ ապշեցնում են հակադրություններով: Ճանապարհը, որ բերել է նրան «խելագարների բուժմանը», նա անցել է կրկեսորդների` խունացած հանդերձներ հագած քաղցող ակրոբատների եւ մռայլ ծաղրածուների շրջապատում: Ստեղծարար շրջանին եկավ փոխարինելու ֆորմաների քայքայման հայտնի շրջանը... Հետո նրա կյանք ներխուժեց Փարիզի երկինքը` Ռավինյան փողոցի վրայի արվեստանոցը, հենց այն կիսաքանդ տանը, ուր Մաքս Ժակոբը զառերի համար նախատեսված եղջերափողից դուրս էր բերում բանաստեղծություններ:

«Ավինյոնի աղջիկները» վիթխարի կտավից, որն առաջինը Անդրե Սալմոնին բախտ վիճակվեց տեսնել, սկսվեց այն արտասովոր ստեղծագործական կյանքը, որ լուսավորեց նկարչի կյանքի հաջորդ քսան տարիները: Այդ ժամանակ էլ հենց ծնվեցին կոմպոզիցիաների շարքերը, որոնք հեղինակն ինքը ոչ մի անգամ «կուբիստական» չանվանեց, եւ որոնցում կիթառը, կլարնետները, շշերը, խաղաթղթերը եւ թերթերի կտորտանքներն անկաշկանդ ընկալված աշխարհի հիմքն են կազմում: Այնուհետեւ Պիկասոյի կտավներում հայտնվեցին պարող առլեկինների նոր իտալական կատակերգության դիմակները...

Հասունացման, գեղարվեստական սկզբունքների վերանայման շրջանը դարձավ այն ժամանակը, երբ մեծն Պաբլոյի վրձնի տակից հայտնվեցին պանտագրյուելյան ֆորմայով եւ կովի հայացքով մադրիդյան աղջիկների դեմքերը, կամ էլ անտեսանելի հեծյալներով վարվող պնդակազմ ձիերը: Այնուհետեւ, հուժկու ցատկ կատարելով առ անիմանալին, Պիկասոն յուրովի ձեւափոխեց տիեզերքը, բնակեցնելով այն եռանկյունաձեւ թաթերով հեքիաթային կենդանիներով, եւ էակներով, որ տեղավորվում են կտավի մեջ քանդակների ինքնավստահությամբ, կոկորդիլոսի ատամներ, պտուտակաձեւ աչքեր եւ մատներ, աղոթքի շարժմունքով խաչաձեւված անամպ երկնքի կապույտ ֆոնի վրա:

«Կարծում եմ, եթե ինձ խնդրեին նկարել նոր տիեզերքի նախագիծը, ես, երեւի թե, այդ գործը ձեռնարկելու անզգուշությունը ունենայի»,- ասում էր Պիրանեզին այն բանից առաջ, երբ ձեռք զարկեց ֆանտաստիկ եւ անընդօրինակելիորեն աբսուրդիստական «Զնդանների թեմայով ֆանտազիաներին»:

3

Զգացողությունը, որ ծնվում է Պիկասոյի այս կամ այն ստեղծագործությանը հաղորդակցվելիս, ինչ-որ դժվար բացատրելի տագնապի տարր է բովանդակում: Կարելի է նրա նկարների համարյա թե հարյուր տարբեր մեկնություններ հորինել, եւ դրանցից յուրաքանչյուրն իր եզրահանգումն ունի: Երբ վերջերս մի նորաստեղծ փարիզյան ամսագիր դիմեց իր հեղինակներին մեծ ճարտարագյուտի մասին հոդվածներ գրելու խնդրանքով, հեղինակների մեծամասնությունը դիմեց մեկ արժանի պատասխանի` ստեղծեցին բանաստեղծություններ, որոնցում խոսվում էր ձուկ-սրի (Դեսնոս), Ֆանտոմասի (Պրեւեր) կամ Հայր-Աստծո (Ժուանդո) մասին: Եվ իրոք, Պիկասոյի վերջին կտավը երգում է, սպառնում, պարում, ծամածռվում, ապրում, բայց նրա կյանքն անառարկելի է, դե, թեկուզ շնորհիվ այն բանի, որ նկարչի զգացմունքների ուղեկիցն է, եւ որեւէ տրամաբանական բացատրության սահմաններից դուրս է: Եվ այն անհանգստությունը, որ տանջում է մեզ նրա կտավների առաջ, համանման է այն անհանգստությանը, երբ ինչ-որ խորհրդավոր հանգամանքներ ներխուժում են ընտել, սովորական, առտնին գործերի հոսքի մեջ: Պիկասոն այնքան վճռականորեն է խորանում անիմանալիի եւ անտեսանելիի մեջ, որ մեր մեջ հարց է ծագում, արդյո՞ք կախարդանքը չի իշխում նրա վրձնին:

Պերեգրուլյոյի ասույթն այն մասին, որ որոշ բաներ «զգացվում են, բայց չեն բացատրվում», իր հաստատումը գտավ մեծն Պաբլոյի ստեղծագործության մեջ:

Մի ժամանակ Էրիկ Սատիի «Ընդմիջում» բալետի լսման ժամանակ Դարիուս Միյոն նկատեց. «Եթե Սատիի երաժշտությունը դիտարկես ընտել, ավանդական դիտանկյունից, այն անհավատալիորեն պրիմիտիվ կթվա: Սակայն այն ամեն անգամ այնքան պայծառ զգացմունքներ է ծնում, որ ես սկսում եմ մտածել, թե արդյո՞ք այն մոգական հմայքներ ունի, որոնք ներգործում են ոչինչ չկասկածող ունկնդրի վրա:

4

Ահը, որ մարդուն ներշնչում են իր իսկ ֆանտազիաները, անկասկած, հենց ամենամեծ թշնամին է: Մարդն իրեն զգում է տերն այն ուժի, որն ունակ է բանալու նրա առջեւ հրաշքով լի աշխարհները տանող արահետները, եւ, այդուհանդերձ, ոչինչ նրան այդպես չի վախեցնում, որքան այդ արտասովոր աշխարհով հրապուրվելը: Մեղրամոմով ականջները գոցած Ոդիսեւսը, որպեսզի Սիրենների երգը չլսի, կերպար, որին վերջերս հարություն պարգեւեց Խարիեսը, ահա մշտառկա, ինքն իր հանդեպ մարդկային անվստահության խորհրդանիշը, որը երբեմն հասնում է այն վիճակի, որը Ֆրեյդի ֆրանսիացի հետնորդները կոչում են un refoulement (ճնշում, արգելակում) անթարգմանելի եզրով: Երբ հետազոտելով տարբեր դարաշրջանների գեղարվեստական ստեղծագործությունը, մենք հանդիպում ենք այնպիսի ստեղծագործությունների, ինչպես Լեգլենդի «Տեսիլքը», «Գարգանտյուան եւ Պանտագրյուելը», հնում տարածված ներկայացումները «Տարտարոսի» մասին, կամ թե գնոստիկների բնազանցական համակարգերը, կամ էլ Մալդորորի մոլեգին կոչերը, մենք զգում ենք, որ կարծես բյուրավոր անտեսանելի շղթաներ են պոկվում, եւ հայտնվում ենք մտքի այդ խաղի անբացատրելի հմայքի ներքո, որում երեւակայությանը դեռեւս չի տրված երկու ոստիկանների ուղեկցությամբ տարվող չարագործի տրտմալի դերը:

Այսօր ոմանք պնդում են, թե արվեստը պետք է լինի ինտելեկտուալ եւ հավասարակշռված: Սակայն չի կարելի մոռանալ, որ կան երեւույթներ, որոնք իրենց հուզական ուժով գերազանցում են այն, ինչ ընդունված է համարել Գեղեցիկի չափանիշ: Կարտոնի կտորի, թերթի պատառիկի եւ մի քանի գծերի օգնությամբ Պիկասոն կարողանում է այնպիսի ուժի հուր առաջացնել, որն ունակ չէ բորբոքելու Դավթի «Էդիտաները»: Բուրգի վրա աճաճ սունկը, սովորաբար ավելի առեղծվածային է, քան հենց ինքը՝ բուրգը: Որպես ինտելեկտուալի ու հավասարակշռվածի չափանիշ՝ կարելի է ընտրել Ռասինին, ում բանաստեղծությունները, կլասիցիստական նորմայի նմուշօրինակ, նմանվում են «Ժիլետ» ածելու սայրի անդեմ ու պաղ կատարելությանը: Եվ ինչպե՞ս այստեղ չգերադասես հեքիաթային կուզիկներին, որոնց Ռաբլեն կոչում էր «մոնտիֆերներ» եւ «լեռնակիրներ», «Աթալիայի» քոսոտ «որկրամոլ շներից»:

Ոչ, ճշմարիտ բանաստեղծները միշտ կարողացել են հասնել անբացատրելի ներդաշնության, ամենապարզ ճանապարհով: Թշնամիների հետ հանդիպման համար նրանք միշտ ընտրել են լայն ճանապարհները եւ ճշմարիտ ճարտարվեստ են ցուցադրել կախվածի տանը պարանի մասին հիշատակելու արվեստում: Նրանք կռահում էին, որ բոլոր իրավունքները պատկանում են «գինով նավի» ուղեւորներին, նույնիսկ Սատուրնի օղակաշերտը բաց թողնելը, կամ որսի ելնելը հարպիաների ետքից Լուսնի խառնարաններից մեկում: Եվ ինչն առավել կարեւոր է` նրանք սովորել են ոտուձեռքով չկապել իրենց երեւակայությունը, ելք տալով ցասմանը, դաժանությանը, անընդգրկելին գրկելու ծարավին:

Այնպիսի քաղաքում, ինչպիսին Փարիզն է, ուր արտիստական «շուկան» նետում է արվեստագետին ամենաիսկական տրտմալի ստրկության մեջ, ստիպելով հարյուր անգամ՝ հարյուր օրինակով վերարտադրել միեւնույն բնանկարը կամ նատյուրմորտը, միայն թե բավարարես գնորդների քարացած ճաշակը: Պիկասոն ինքն իրենով մարմնավորում է ազատությունը: Բանաստեղծ` բառիս ամենավսեմ իմաստով: Մեծն Պաբլոն մտքեր է հղանում իր՝ ալքիմիկոսի լաբորատորիայում, Լյա Բոյասի փողոցի վրա, ամենազարմանալի, պլաստիկ ֆանտազիաները, որոնք միայն կարող են հայտնվել արդի դարաշրջանում:

5

... Մի անգամ գեղանկարչական ստեղծագործությունների ոմն անտեղյակ առեւտրական, կամենալով գովել Պիկասոյի կտավը, համեստորեն քրթմնջաց, որ այն «պարզապես հիասքանչ է»: Նկարիչը բացականչեց.

- Հիասքա՞նչ է: Եվ դա բոլոր ջանքերից հետո, որոնք ես ծախսել եմ այն բանի վրա, որպեսզի այն այդպիսին չլինի:

Մի՞թե մեկընդմիշտ պարզ չէ, որ Պիկասոյի ձգտումները միանգամայն ԱՅԼ ԿԱՐԳԻ ԵՆ:


Աղբյուրը` Մեծն Պաբլոն

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic