Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։
Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։
Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։
Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան։
Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած։
Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու—
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով...
Անպատում վըշտով վերըստին նայեց
Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ,—
Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր
Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր...
Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով...
0 comments:
Post a Comment