Հավատարմությունը չդավաճանելն է: Իսկ դավաճանում են կամ հավատարիմ են լինում միայն մեկին: Ու այդ մեկը հենց մեր սեփական «Ես»-ն է, որի հետ են կապվում մեր աշխարհայացքն ու աշխարընկալումը, ձևավորվում բնավորությունը: Եթե մարդ հավատարիմ է ինքն իրեն, իր սկզբունքներին, որոնց միջոցով, կարծում եմ, սահմանափակում է հենց իր ազատությունը, կամ այն սկզբունքին, որ սկզբունքներ չունի , ուրեմն հավատարիմ է նաև իր շրջապատին: Ստացվում է, որ եթե մենք ունենք սկզբունքներ ու չենք դավաճանում դրանց, հետևաբար՝ նաև ինքներս մեզ, ապա ունենք մի լավ հատկանիշ, որն է հավատարմությունը: Իսկ հիշո՞ւմ եք, որ ամեն ինչ փոխադարձ էր: Դե եթե հիշում եք, ուրեմն հասկանալի ու պարզ է՝ եթե դու հավատարիմ ես, քեզ էլ են հավատարիմ:
Բայց եթե ստացվում է այնպես,որ Հավատարմությունը հավաքում է իրերն ու գնում, ուրեմն հաջորդ չվերթով ժամանում է մեծն Դավաճանությունը: Այս դեպքում փոխադարձության մասին խոսք լինել չի կարող: Փոխադարձ դավաճանելս ո՞րն է: Փոխարենը մի ուրիշ չվերթով անմիջապես տեղ կհասնի Հիասթափությունը ու կզբաղեցնի երկու կողմերին: Դավաճանողը կհիասթափվի իր սեփական «Ես»-ից, մյուս դավաճանվողն էլ կհիասթափվի, ու էլի դավաճանողի սեփական «Ես»ից: Հիասթափությունն էլ հետևանքներ ունի, բայց ծավալվել պետք չէ, երևակայեք ինքներդ: Իսկ ես անդրադառնամ Թումանյանին, ավելի ճիշտ՝ «Թմկաբերդի առումին», որը հենց դավաճանության մասին է: Կարդացե՞լ եք: Այսպիսով՝ հասկանանք, թե ում դավաճանեց Թմկա տիրուհին: Թաթուլի՞ն, Շահի՞ն… Չէ, կարծում եմ հենց ինքն իրեն: Ի՞նչ արեց նա: Դավեր նյութեց Թաթուլի դեմ, որը համարում եմ դավաճանություն: Թաթուլին սպանելուց հետո Նադիրին ասաց, որ Թաթուլը նրանից ավելի սիրուն ու լավն էր ու այս խոսքերով էլ դավաճանեց Շահին, մինչդեռ ողջ ընթացքում չէր դադարում դավաճանել ինքն իրեն: Իսկ ինքն իրեն դավաճանելը, վերաձևակերպեմ՝ սեփական սկզբունքների խախտումն է, վատություն անելն է այն մարդկանց, ովքեր քեզ սիրում են ու հավատարիմ են քեզ, թեկուզ և այդ վատությունը դավաճանվողի համար ընկալվում է որպես լավություն:
Ստեղծագործությունում ներկայացվող դավաճանության օրինակը ևս մեկ անգամ փաստում է քիչ առաջ ասածս Հավատարմություն-Դավաճանություն-Հիասթափություն- հետևանք կապը: Այս դեպքում հետևանքը բավականին զգալի էր ու ծանր, բայց կարծում եմ՝ եթե ավելի «թեթև» ներկայացվեր, չէինք տեսնի ո՛չ այս կապը, ո՛չ էլ դավաճանության զզվելի լինելը:
Ուրեմն չդավաճանե՞նք: Չդավաճանենք։ Չէ՞ որ դա ընդամենը ժամանակի վատնում է: Ու անցանկալի, բայց քեզ «հավատարիմ» մարդկանցից ազատվելու հաստատ ուրիշ միջոց կա, որը հեչ էլ դավաճանելը չէ:
Վիկա Մարկոսյան
Աղբյուրը՝ http://vikamarkosyan.wordpress.com
0 comments:
Post a Comment