ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ
Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը.
- Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը
եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով,
այլ գործով պետք է խրատող լինել։
ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ
Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր
է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:
Ջայլամն ասաց.
- Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր
ձվեր եմ ածում։
Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ
ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։
Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները,
որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց
տկարության մասին։
ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ
Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով
հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի,
մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն
իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում
գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը
բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով,
դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։
Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին
արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և
հաղթում հզորներին։
0 comments:
Post a Comment