Thursday, February 14, 2013

Մանուշակագույն օրագրի մասին



Օրագրեր էի պահում…
Ու բառի ամենաուղիղ իմաստով պահում էի: Պահում էի, որ չտեսնեն, չվերցնեն, չկարդան: Անտեղ գրում էի ամեն ինչի մասին: Ասենք՝ վախերի, կարոտի, սիրո, ուրախության ու մնացածի մասին: Դա իմ փոքր բլոգն էր, որտեղ միայն ես մուտք ունեի: Դա իմ անձնականն էր: Չնայած հիմա մի քիչ դժվար եմ պատկերացնում հինգերորդ դասարանցու անձնական կյանք ասվածը, բայց եթե գրում էի, ուրեմն կար: Իննը տարեկան էի երբ որոշեցի անշնորհակալ գործերից մեկով զբաղվել, դե օրագիր լրացնելով էլի: Ունեի, բայց բանալիովն էր պետք, դա էլ գնեցին ու սկսվե՜ց…
Մի մտեք իմ սենյակ, գրում եմ: Գրում էի գետնին նստած, վատ ձեռագրով: Գրում էի ու վատացնում ձեռագիրս: Մեկ-մեկ էլ նկարում էի: Մանուշակագույն նոթատետրին պատմում էի, որ ինձ ատամնաբուժարան են տարել, որ սիրահարվել եմ, որ վախենում եմ: Մնացածը չեմ պատմի: Կարծում եմ պարզ է, թե ինչեր էի գրում: Մի քանի ամիս գրեցի, վերջացավ հետո որոշեցի էլ օրագրեր չպահել, բայց դա դեն չնետեցի ու պահեցի մոտս, որ հիշեմ:
Հետո հասկացա, որ անիմաստ գործ է, որ, միևնույն է, ոչ ոքի չեմ թողնելու մոտենալ դրան, որ ոչ ոքին չի հետաքրքրելու դա և վերջապես, որ ես էնտեղ գրվածները գրեթե անգիր եմ արել ու անգամ ինձ պետք չի գալու: Արդյունքը աղբարկղն էր: Անցած տարի գարնանը մանուշակագույն, ծաղկավոր ու բանալիով փակված նոթատետրն աղբարկղում էր (իսկ բանալին ինձ մոտ պահեցի): Աղբարկղում էր իմ մի քանի ամսվա աշխատանքը, հույզերը, զգացմունքները, վերաբերմունքը: Բայց դեն նետեցի, որովհետև ես էլի հույզեր, զգացմունքներ ունեի, որոնք աղբարկղում չէին ու մանուշակագույն էլ չէին, ոչ էլ բանալիով էին փակվում: Ես աշխարհ ունեի ու դրա արտացոլմանը գցեցի աղբարկղը մտածելով, որ «կարողա աղբի մարդուն հետաքրքրի ու գոնե ինքը կարդա» (չնայած՝ բանալին ինձ մոտ էր): Ու ի՞նչ գիտեմ՝ մի գուցե կարդացած լինի մանուշակագույն օրերի ու վախերի մասին նոթատետրը, կամ բահով հանած լինի շենքի աղբարկղից ու աղբատար մեքենան գցած լինի: Ի՞նչ իմանամ՝ ուր են մանուշակագույն օրերի հիշողությունները, ուր է մանուշակագույն նոթատետրն ու ուր է էն կարդացող աղբի մարդը:
Կարևորը՝ լավ գիտեմ, թե ուր են էն մանուշակագույն օրերը: Դրանք էլ կորան օրագրի հետ ու մի գուցե հենց դրանց էլ աղբարկղը գցեցի մանուշակագույն օրագրիս հետ, անցած տարի իններորդ դասարանի ավարտական քննություններին պատրաստվելիս: Երկուսն էլ ինձ խանգարում էին… Էլ օրագրեր չեմ դժբախտացնելու:

Աղբյուրը՝ vikamarkosyan.wordpress.com

Վիկա Մարկոսյան, 10-րդ դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic