Wednesday, February 13, 2013

Սյորեն Օբյու Կիերկեգոր



XIX դարի դանիացի փիլիսոփա, աստվածաբան եւ գրող Սյորեն Կիերկեգորը մեծ ազդեցություն է գործել XX դարի փիլիսոփայության եւ գրականության վրա: Ռայներ Մարիա Ռիլկեն, Միգել դը Ունամունոն եւ Ջեյմս Ջոյսը դանիերեն են սովորել Սյորեն Կիերկեգորի երկերը բնագրով կարդալու հատուկ նպատակով: 

Նա մեծ ազդեցություն է գործել նաեւ էքզիստենցիալիզմի ներկայացուցիչների վրա:

ԱՌԱԿՆԵՐ

ԶԲԱՂՎԱԾ ՓԻԼԻՍՈՓԱՆ
Ի՞նչ է մնում անելու փիլիսոփային, երբ հասարակությունը պատերազմի է պատրաստվում:
Երբ Փիլիպոսը սպառնում էր Կորնթոսի մայրաքաղաքի պաշարմամբ, եւ նրա բոլոր բնակիչները ներքաշվել էին պաշտպանության մեջ՝ ով զենքը կոկելով, ով քար հավաքելով եւ ով էլ պատերը վերանորոգելով, Դիոգենեսը, տեսնելով այդ փութկոտ նախապատրաստությունները, փաթաթվեց իր թիկնոցով եւ սկսեց փողոցով մեկ այս ու այն կողմ գլորել իր տակառը: Երբ նրան հարցրին, թե ինչու է նա այդ անում, նա պատասխանեց, որ ուզում է ամենքի նման զբաղված լինել եւ գլորում է իր տակառը, որպեսզի միակ անբանը չլինի այդչափ աշխատասեր հերոսների մեջ:

ԵՐՋԱՆԻԿ ՀՐԴԵՀԱՎԱՅՐ
Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր փորձում են կանխել իրենց դարը

Պատահեց, որ հրդեհը բռնեց թատրոնի ետնամասը: Ծաղրածուն ելավ հանդիսատեսներին զգուշացնելու: Նրանք որոշեցին, որ դա ընդամենը կատակ է, եւ ծափահարեցին: Նա կրկնեց իր նախազգուշացումը, նրանք ավելի բարձր ծափահարեցին: Այդպես, ես կարծում եմ, աշխարհը կործանվում է խելոքներից բխող աղմկոտ ծափահարությունների ներքո, ովքեր հուսով են, թե դա կատակ է:

ԹԶՈՒԿԻ ՅՈԹՄՂՈՆԱՆՈՑ ԿՈՇԻԿՆԵՐԸ
Ինչո՞ւ է երջանկությունն այդչափ անորսալի

Մարդկանց մեծամասնությունը հաճույքներ է փնտրում այնպիսի շնչակտուր հապճեպությամբ, որ աճապարանքի մեջ կորցնում է այն: Նրանց հետ տեղի է ունենում այն, ինչը պատահեց թզուկին, ով ամրոցում հսկում էր գերեվարված արքայադստերը: Մի անգամ նրան համակեց միջօրյա նինջը: Երբ նա մի ժամից զարթնեց, արքայադուստրը փախել էր: Նա ակնթարթորեն վրա քաշեց իր յոթ մղոնանոց կոշիկները` մեկ քայլ անելով նա հայտնվեց արքայադստրից շատ ու շատ առաջ:

ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ
Ինչպիսի՞ն է հավերժության եւ ակնթարթի հարաբերակցությունը:

Պողոս առաքյալը պնդում է, որ աշխարհը կդադարի իր գոյությունն «ակնթարթաբար` մի ակնթարթում»: Սակայն դրանով նա նաեւ արտահայտում է այն միտքը, որ կործանման ակնթարթն արտահայտում է միաժամանակ եւ հավերժությունը: Թույլ տվեք ցույց տալ, թե ես ինչ նկատի ունեմ դրա տակ, եւ ներողամիտ եղեք, եթե ինչ-որ վիրավորական բան գտնվի իմ առաջարկած այլաբանության մեջ: Այստեղ, Կոպենհագենում, որոշ ժամանակ գտնվում էին երկու դերասաններ, ովքեր, հավանաբար, դժվարությամբ կհավատային, որ իրենց ներկայացման մեջ կարելի է առավել խորունկ իմաստ գտնել: Նրանք բեմ են ելնում, կանգնում դեմ դիմաց եւ այնուհետեւ սկսում էին ներկայացումը ինչ-որ դրամատիկ ընդհարումների մնջախաղով: Երբ մնջախաղային գործողությունը ամենաթունդ վիճակում էր, եւ հանդիսատեսը մեծագույն ուշադրությամբ հետեւում էր դրան, սպասելով, թե ինչ է լինելու, դերասանները հանկարծ քարանում էին ու անշարժ կենում, քարացած ակնթարթի մնջախաղային արտահայտման մեջ, որը պատահաբար հարաբերակցվում էր հավերժությանը: Քանդակագործային տպավորությունը պայմանավորված էր այն բանով, որ անփոփոխ արտահայտությունը քարանում էր, իսկ մյուս կողմից, զավեշտական տպավորությունը ծնվում էր այն բանից, որ հավերժացվում էր պատահական արտահայտությունը:

ՍԱԿԱՎԱԽՈՍ ՀԱՆՐԱԳԻՐ

Հինավուրց հեթանոսը, ով ներշնչված էր իր հավատով եւ աղոթքով իր համար իմաստություն էր ձեռք բերել, լողում էր նավով մի մեղավոր մարդու հետ: Երբ նավը պատուհասի մեջ ընկավ, մեղավորը աղոթկեր շուրթերով ձայնեց, սակայն իմաստունը նրան ասաց` «Կամաց, բարեկամս, եթե երկնքում իմանան, որ դու նավի վրա ես, նավը կխորտակվի»:

ՆԱՄԱԿ
Արդյո՞ք գոյություն ունի վերապահություն սուրբ գրերը որպես պատմագրական օբյեկտ դիտարկելու դեպքում

Պատկերացրեք իր սիրուհուց նամակ ստացած մի սիրահարի: Այնպես, ինչպես ձեզ համար թանկ է, ես կարծում եմ, Աստծո խոսքը, այնպես էլ թանկ է սիրահարի համար այդ նամակը, այնպես, ինչպես սիրահարը կարդում է այդ նամակը, դուք կարդում եք Աստծո խոսքը եւ համոզված եք, որ Աստծո խոսքը արժանի է դրան:

Հնարավոր է դուք ասեք` «Այո, բայց Սուրբ Գիրքը գրված է օտար լեզվով»:

Այն, իրոք որ, առավել հանգամանալից է ուսումնասիրում նա, ով պարտավոր է կարդալ Սուրբ Գիրքը բնագրով, բայց եթե դուք պնդում եք, եթե դուք հանգում եք այն մտքին, որ պիտի կարդաք Սուրբ Գիրքը բնագրով` հիանալի է, մենք հիանալիորեն կարող ենք վերարտադրել նույն պատկերը սիրահարի հետ, միայն թե այն հավելելով համառոտ ծանոթագրությամբ:

Այդ ժամանակ ես պատկերացնում եմ, որ այդ նամակը սիրեցյալից գրված էր մի լեզվով, որը սիրահարը չի հասկանում, եւ չկա ոչ ոք կողքին, որ կարողանար թարգմանել այդ նամակը, իսկ հնարավոր է, նա չի էլ ցանկանում որեւէ մեկից այդ կարգի օգնություն, որը երրորդ մեկին իրազեկ կդարձներ իր գաղտնիքներին: Ի՞նչ է նա անում: Նա վերցնում է բառարանն ու նստում այդ նամակը վանկերով կարդալու, ամեն մի բառը բառարանով ստուգելով: Պատկերացնենք, որ երբ նա նստած է այդ գործով զբաղված, գալիս է իր ծանոթը: Ծանոթը գիտի, որ իր ընկերը նամակ է ստացել, ու նայելով սեղանին եւ տեսնելով այնտեղ դրված նամակը, բացականչում է` «Օհո, դու նստել ու կարդում ես սիրեցյալիդ նամա՞կը»: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նա նրան պատասխանում: Նա ասում է` «Խելքդ թռցրե՞լ ես: Մի՞թե սա կարելի է կոչել սիրեցյալի նամակի ընթերցում: Ո՛չ, իմ բարեկամ: Ես նստած եմ այստեղ ու քրտինքի մեջ կորած նամակի թարգմանության հետ կապված ծանր աշխատանք եմ կատարում` բառարանի օգնությամբ` երբեմն ինձ համակում է անհամբերության պոռթկումը, արյունը քունքերումս այնպես է խփում, որ ես պատրաստ եմ բառարանը գետնով տալու, եւ դու դա ընթերցանությո՞ւն ես կոչում: Դու ծիծաղո՞ւմ ես ինձ վրա: Ո՛չ, փառք Աստծո, շուտով ես կավարտեմ թարգմանությունը եւ այդժամ, ախ այդժամ, ես կանցնեմ իմ սիրեցյալի նամակի ընթերցմանը` դա միանգամայն այլ բան է: Սակայն ո՞ւմ եմ դա ասում... Հիմար մարդ, աչքիցս հեռու գնա, ես չեմ ուզում քեզ տեսնել: Օ՜հ, դու ուզում ես նեղացնել իմ սիրեցյալին եւ ինձ, խոսելով այդ մասին, որպես նրա նամակի ընթերցանություն: Դե ոչ, կաց, կաց, դա ընդամենը կատակ է, ես իրականում շատ ուրախ կլինեի քո ներկայության համար, բայց, անկեղծ ասած, ես ժամանակ չունեմ: Մնացել է փոքր-ինչ էլ թարգմանել, փոքր ինչ, ես այնպես եմ ուզում կարդալ, եւ ուրեմն մի բարկացիր, այլ գնա, որպեսզի ես կարողանամ ավարտել»:

Այսպիսով, սիրահարը տեսնում է տարբերությունը կարդալու եւ ընթերցանության միջեւ, բառարանով կարդալու եւ սիրեցյալի նամակը կարդալու միջեւ: Անհամբերությունից արյունը խփում է քունքերում, այն ժամանակ, երբ նա նստել ու բառարանով գուշակում է իմաստը, նա խիստ է իր ընկերոջ հետ, այդ իմաստուն ընթերցանության մասին, որպես սիրեցյալի նամակից խոսելիս: Նա դիտարկում է ողջ այդ (եթե կարելի է այդպես կոչել) գիտական նախապատրաստությունը, որպես անհրաժեշտ չարիք, որպեսզի այնուհետեւ նա կարողանա անցնել իր սիրեցյալի նամակի ընթերցանությանը:

Եկեք չշտապենք շեղվել այդ պատկերից: Ենթադրենք, որ սիրեցյալի նամակը բովանդակում է ոչ միայն նրա զգացմունքների արտահայտությունը, ինչպես սովորաբար լինում է համանման նամակներում, այլ ցանկությունը, մի այնպիսի բան, ինչը նա կկամենար, որ սիրեցյալն աներ իր համար: Ենթադրենք, թե այնտեղ իրեն ուղղված մի մեծ խնդրանք կար, այնքան ծանրակշիռ, որ ուզածդ երրորդ դեմք բազում պատճառներ կգտներ, որպեսզի այն չկատարի, բայց չէ՞ որ սիրահարն ամենամոտ մարդն է, ում նա պետք է վստահի իր ցանկությունները: Ենթադրենք, թե ժամանակ անց սիրահարները հանդիպում են, եւ աղջիկն ասում է` «Թանկագինս, ես չէի էլ մտածում ձեզանից դա պահանջել, դուք, երեւի թե, սխալվել եք, կամ բառն եք սխալ թարգմանել»: Դուք կարծում եք, թե այժմ սիրահարը ավաղում է, որ փոխանակ շտապեր կատարելու իր սիրեցյալի ցանկությունը, չանսաց իր վախերին. ուշք դնելով իր կասկածանքներին, նա, հավանաբար, ավելի շատ բառարաններ է ձեռք բերում, որոնք կօգնեն նրան դուրս գալու ծանր կացությունից, ճիշտ թարգմանել բառը, եւ այդպիսով ազատվել այդ խնդրից, դուք կարծում եք, սիրահարն ափսոսո՞ւմ է իր սխալի համար, դուք կարծում եք, թե նա ավելի քի՞չ է սիրված:

Դիմենք երեխայի դեպքին, ում մենք կարող ենք կոչել խելոք եւ լուրջ աշակերտ: Երբ ուսուցիչը դաս էր հանձնարարում, ապա ասաց. «Վաղը ինձ ցույց տվեք, որ դուք դասը լավ գիտեք»: Դա խորը տպավորություն գործեց աշակերտի վրա: Նա դպրոցից տուն եկավ ու միանգամից անցավ գործի: Բայց նա լավ չէր լսել, թե ինչքան նյութ էր հանձնարարված անելու: Ի՞նչ է նա անում: Ուսուցչի հորդորն ազդել էր նրա վրա, եւ նա սովորում էր, ինչպես հետո է պարզվում, երկու անգամ ավելին, քան իրենից պահանջվում էր: Դուք կարծո՞ւմ եք, որ ուսուցիչը պակաս գոհ կլինի այն բանից, որ աշակերտն արտասանում է երկու անգամ ավելի երկար դասը: Պատկերացրեք մի այլ աշակերտի. նա էլ էր լսել ուսուցչի հորդորը եւ նույնպես չէր լսել, թե որքան է հանձնարարված սովորելու: Գալով տուն, նա ասում է. «Առաջին հերթին, ես պետք է պարզեմ, թե ինչքան պետք է սովորեմ»: Նա գնում է դասընկերներից մեկի մոտ, հետո մյուսի, եւ ընդհանրապես տանը չի նստում, ընդհակառակը, գնում է իր ավագ եղբոր հետ զրուցելու, իսկ այնուհետեւ, երբ արդեն տուն է գալիս, սովորելու ժամանակն արդեն անցել է, եւ ոչինչ չի սովորում:

Այժմ պատկերացրեք Աստծո խոսքը: Երբ կարդում ենք Աստծո խոսքը գիտականորեն` մենք հեռու ենք այն բանից, որ թերագնահատենք գիտականությունը, եւ ապա հիշեք, որ երբ դուք կարդում եք Աստծո խոսքը գիտականորեն` բառարաններով եւ այլն, դուք կարդում եք ոչ թե Աստծո խոսքը` հիշեք սիրահարին, ով ասում էր` «Դա սիրեցյալի նամակի ընթերցում չէ»: Եթե դուք գիտուն մարդ եք, ապա հետեւեք, որպեսզի ձեր ողջ գիտական ընթերցման ետեւում (որը Աստծո խոսքի ընթերցումը չէ) դուք պատահաբար չմոռանաք ընթերցել Աստծո խոսքը: Եթե դուք գիտնական չեք, ախ, մի նախանձեք այլ մարդկանց, ուրախացեք, որ դուք կարող եք միանգամից սկսել կարդալ Աստծո խոսքը: Եվ եթե այնտեղ կա ձեզ ուղղված հույս, պատվիրան, կանոն, այդ ժամանակ (հիշեք սիրահարին), այդ ժամանակ պատրաստ եղեք համապատասխանաբար գործելու: Բայց դուք կարող եք ասել` «Սուրբ Գրքում այնքան անհասկանալի տեղեր կան: Նրա բոլոր գրքերը համարյա թե հանելուկներ են»: Դրան ես կպատասխանեի. «Ես կարիք չեմ զգում կենտրոնանալու այդ հակաճառության վրա, եթե դա չի սերում այն բանից, ում կյանքը ճշգրտորեն արտահայտում է այն ամենի իրականացումը Սուրբ Գրքում, ինչը որ հեշտությամբ կարելի է հասկանալ»: Դա ձեզ հետ կապ ունի՞: Սիրահարն այդպես կվերաբերվի նամակին` եթե դրանում անպարզ տեղեր են պատահում, սակայն որոնք փոխարենը որոշակիորեն արտահայտում են ցանկությունները, նա կասի` «Ես պետք է սկզբում իրագործեմ ցանկությունը, իսկ հետո կնայեմ, թե ինչ կարելի է անել անպարզ տեղերի հետ: Օ՜հ, ուրեմն ինչպես ես կարող եմ կենալ անպարզ տեղի մեկնության վրա եւ թողնել ցանկությունն անիրագործելի: Ցանկությունը, որ ես լավ հասկացե՞լ եմ»: Այլ կերպ ասած, երբ դուք կարդում եք Աստծո խոսքը, ոչ թե անպարզ տեղերն են ձեզ վրա պարտավորություններ դնում, այլ նրանք, որոնք դուք հասկացել եք եւ որոնք պետք է անմիջապես կատարեք: Եթե նույնիսկ մի պարբերություն դուք հասկացել եք Սուրբ Գրքից, դե ինչ, առաջինը` անելն է այն, ինչը պահանջվում է, այլ ոչ թե նստել ու անպարզ տեղերը մեկնել: Աստծո խոսքը տրված է այն բանի համար, որպեսզի դուք սկսեք գործել նրան համապատասխան, այլ ոչ թե այն բանի համար, որպեսզի դուք գործադրեք անպարզ տեղերը մեկնելու ձեր վարպետությունը:

...Օ՜հ, իմ բարեկամ, արդյո՞ք սիրեցյալն իմ դժգոհ է այն բանից, որ սիրահարը չափազանց շատ բան է արել: Եվ ի՞նչ պիտի նա ասի նմանատիպ անհանգստության առկայության մասին: Նա կասի` «Ով վախ է ապրում այն բանից, որ շատ բան է արել, իրականում չի կարդացել իր սիրեցյալի նամակը: Իսկ ես դեռ կհավելեմ` «Նա չի կարդացել Աստծո խոսքը»:

Եկեք, ուրեմն, չմոռանանք սիրահարի նամակի դրվագը: Չնայած այն բանին, որ նա կենտրոնացած տարված էր բառարանի օգնությամբ թարգմանությամբ, նա ընկերոջը թույլատրեց անհանգստացնել իրեն, նա անհամբեր էր դարձել... «Բայց այդպես էր պատահել սոսկ այն պատճառով, որ ես հապաղել էի իմ աշխատանքում,- կարող էր ասել նա,- այլապես դա նշանակություն չէր ունենա: Ես այն ժամանակ նամակը չէի կարդացել: Իհարկե, եթե ինչ-որ մեկը գար ինձ մոտ, երբ ես կարդում էի նամակը, դա միանգամայն այլ բան կլիներ` այ դա անհանգստություն կլիներ: Այդպիսի վտանգի դեմ ես ինձ կպաշտպանեմ նախքան համանման բան ձեռնարկելը. ես մանրամասնորեն փակում եմ դուռը, եւ ես տանը չեմ: Քանզի այդ ժամանակ ես նամակի հետ առանձին կլինեմ եւ հանգստության մեջ, եթե ես մենակ չեմ, ես չեմ կարդում սիրեցյալիս նամակը...»։

Այդպես է նաեւ Աստծո խոսքի դեպքում, ով Աստծո խոսքի հետ առանձին չէ, նա չի կարդում այն:

ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՁԱՆՁՐՈՒՅԹԸ
Արդյո՞ք ձանձրույթը մարդկության մշտնջենական վիճակն է

Աստվածները ձանձրանում էին, եւ այդ էր պատճառը, որ նրանք արարեցին մարդուն: Ադամը ձանձրանում էր, քանզի միայնակ էր, եւ այդժամ արարվեց Եվան: Այդ պահից ձանձրույթը մուտք գործեց աշխարհ եւ ահագնացավ բնակչության քանակին համապատասխան: Ադամը միայնակ էր ձանձրանում, հետո Ադամն ու Եվան ձանձրանում էին միասին, հետո Ադամը, Եվան, Կայենն ու Աբելը ձանձրանում էին ընտանյոք հանդերձ, այնուհետ` աշխարհի բնակչությունը բազմացավ, եւ մարդիկ ամենքը ձանձրանում էին: Որպեսզի զվարճացնեն իրենք իրենց, նրանք միտք հղացան կառուցելու մի այնպիսի մեծ աշտարակ, որը երկինք հասնի: Այդ գաղափարը նույնքան ձանձրալի էր, որքան աշտարակը` բարձր, եւ այն բանի ապացույցն եղավ, թե ինչպես ձանձրույթն ի հայտ եկավ երկինք կարկառած ձեռքով...

Ես չեմ տենչում հետեւորդներ ունենալ, սակայն, եթե որեւէ մեկը ներկա գտնվի մահվան մահճիս մոտ, եւ ես համոզված լինեմ, որ վերջս մոտ է, կարող եմ մարդասիրական բանդագուշանքի մոլուցքի մեջ շշնջալ նրա ականջին իմ կռահումը` կասկածելով, թե նրան լավ ծառայություն կմատուցեմ:

ԹԱՔՆՎԱԾ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս կարող է մի մարդու հուսահատությունը աննկատ փոխանցվել մյուսին

Երբ Սվիֆթը ծերացավ, նրան տեղավորեցին այն գժանոցում, որը հենց ինքն էր հիմնադրել երիտասարդ տարիքում: Պատմում են, որ նա հաճախ էր կանգնում հայելու առջեւ` սնամեջ ու թեթեւսոլիկ կնոջ մշտատեւությամբ, թեեւ հասկանալի է` ոչ նրա մտքերով: Նայում էր ինքն իրեն եւ ասում.«Խեղճ ծերուկ»:

Այնժամ այնտեղ էին նաեւ հայր ու որդի: Որդին հոր հայելային արտացոլանքն էր, իսկ հայրը` հայելային արտացոլանքն էր որդու` ով այդպիսին կլինի ժամանակ անց: Ինչեւէ, նրանք չափազանց հազվադեպ էին ուշք դարձնում դրան, քանզի նրանց ամենօրյա շփումն առանձնանում էր զվարթությամբ եւ անվերջանալի խոսակցություններով: Միայն մի քանի անգամ պատահել էր, երբ հայրը կանգ էր առել որդու առջեւ, թախծալի արտահայտությամբ նայել ուղիղ նրան եւ ասել. «Խեղճ երեխա, դու թաքնված հուսահատության մեջ ես»:

Հանուն ճշմարտության հարկ է նկատել, որ այլեւս այդ կարգի ոչինչ չէր ասվել, որպեսզի կռահեինք, թե ինչպես է պետք այդ հասկանալ: Հայրը կարծում էր, թե ինքն է որդու թախծի հանցավորը, իսկ որդին կարծում էր, թե ինքն է հոր տրտմության պատճառը, սակայն նրանք այդ առթիվ ոչ մի խոսք չփոխանակեցին:

Հետո հայրը մահացավ, իսկ որդին շատ բան տեսավ, եւ ամենատարաբնույթ գայթակղություններ ապրեց, սակայն իր կրքոտ կապվածության մեջ մշտատեւ էր, ինչպես սերը եւ կորստյան զգացողությունը, ինչը, թեպետ, չսովորեցրեց նրան հարաբերվել հավերժության անդորրին, բայց սովորեցրեց այնպես կրկնօրինակել հոր ձայնը եւ այնքան ճշգրիտ, որ նա գոհ էր նմանակումից: Սակայն որդին, ծերացած Սվիֆթի նման չէր կանգնում հայելու առջեւ, քանզի հայելի այնտեղ չկար այլեւս, բայց մենության մեջ մխիթարվում էր այն բանով, որ լսում էր հոր ձայնը. «Խեղճ երեխա, քո արվեստը տարրալուծվում է թաքնված հուսահատության մեջ»:

Զի հայրը միակն էր, ով հասկանում էր նրան, իսկ որդին ճշտորեն չգիտեր անգամ, արդյո՞ք հասկանում է հորը, սակայն վստահությունն առ հայրն այնչափ ուժգին էր, որ պահպանվում էր նրա մեջ, անկախ այն բանից` ողջ է հայրը, թե մահացած:

ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ 
Ի՞նչ է նշանակում սիրել մերձավորին

Սիրել մերձավորին նշանակում է՝ ինքնեկ մնալով, ըստ էության, ձգտել հավասարապես նվիրաբերվել ամենքին անխտիր...

Խոնարհեք մի պահ ձեր հայացքն աշխարհին, որը ծավալվում է ձեր առջեւ իր ողջ բազմազանությամբ: Նա նման է բեմադրության, այն տարբերությամբ, որ սյուժեն անհամեմատ բարդ է: Ամեն մարդ այս անպարագրելի ամբոխում, շնորհիվ իր զանազանության մնացյալից, ինչ-որ առանձնահատուկ բան է դառնում, ինչ-որ յուրօրինակություն է ներկայացնում, սակայն, ըստ էության, նա միանգամայն այլ է, քան թվում է, բայց մենք չենք կարող տեսնել դա` կենաց օրոք: Այստեղ մենք տեսնում ենք, թե մարդն ինչ դեր է խաղում, եւ թե ինչպես է այդ բանն անում: Դա նման է բեմադրության: Սակայն, երբ վարագույրն իջնում է, նա` ով արքա է խաղում, եւ նա` ով մուրացիկ է, եւ բոլոր մնացյալները, նրանք ամենքը բացարձակ հավասար են, բոլորն էլ մեկի պես` դերասաններ: Իսկ երբ մահվան շեմին վարագույրն է իջնում կենաց բեմի վրա, քանզի սխալ կլինի ասել, որ մահվան շեմին վարագույրն իջնում է հավերժության բեմի վրա, զի հավերժությունը բեմ չէ, այն ճշմարտություն է. նրանք եւս` ամենքը մեկի պես մարդ արարածներ են: Եվ այն ամենը, ինչ նրանք ըստ էության եղել են` մի բան է, ինչը մենք չենք կարող տեսնել, քանզի մենք տեսնում ենք զանազանությունը, իսկ նրանք` արարածներ են: Արվեստի բեմահարթակը նման է հմայված աշխարհի: Սակայն, ենթադրենք, որ մեկ անգամ, երեկոյան, համատարած խեւությունը բոլոր դերասաններին շեղել է այն աստիճան, որ նրանք մտածել են, թե իրականությունը հենց այն է, ինչ խաղում են: Արդյո՞ք դա արվեստին հակընդդեմ չար ոգու դյութանքը եւ մոգությունը չէ: Եվ եկեք նաեւ ենթադրենք, թե իրականության կախարդանքի մեջ (զի մենք բոլորս, ըստ էության, կախարդված ենք, ամեն ոք` իր զանազանությամբ մնացյալից) մեր գլխավոր գաղափարները դառնում են խառնափնթոր, այնքան տարօրինակ, որ մենք պատկերացնում ենք ինքներս մեզ նրանց դերում` ում խաղում ենք: Ավաղ, դա փաստ չէ՞ արդյոք: Ըստ երեւույթին, մոռացված է, որ մեր երկրային գոյության զանազանություններն ընդամենը նման են դերասանի հանդերձանքի, կամ թե` հարափոփոխ դիմակի, եւ, որ ամեն մարդ պետք է աչալրջորեն եւ զգուշորեն պահի այդ արտահանդերձի պրկված կապիչները, երբեք ըստ քմահաճույքի չխճճի դրանք, որպեսզի հագուստները փոխելու պահին հեշտ լինի դրանցից ազատվելը, առավել եւս, երբ գիտենք, թե ինչ աստիճանի է պարսավվում արվեստը, երբ դերասանը մտադրվելով հանդերձները փոխել, վազում է անդին` հանգույցներն արձակելու: Բայց ավաղ, իրական կյանքում զանազանության արտահանդերձն ագուցում են այնպես ամուր, որ ամբողջովին կոծկում են այդ հագուստի զանազանության արտաքին բնավորությունը, իսկ հասարակության ներքին շողարձակումը երբեք կամ չափազանց հազվադեպ է լուսանշուլվում նրա միջից, իսկ դա, համենայն դեպս, պետք է, եւ մշտապես:

«Վեց ֆանտազիա մենության մասին Կենաց ճանապարհի փուլերում» շարքից
ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԱԶԸ

Սողոմոնի դատը լավ հայտնի է, նրա միջոցով են զատում ճիշտը ստից, իսկ նրան, ով դատավճիռ է արձակում, փառաբանում են որպես իմաստուն տիրակալի: Պակաս հայտնի է Սողոմոնի երազը:

Եթե գոյություն ունի համակրանքի տառապանք, ապա դա այն է, որ ստիպված ես լինում ամաչել քո հորից` նրանից, ում ամենից շատ ես սիրում, ում դու ամենից շատ ես պարտական, բայց ում, այդ ամենով հանդերձ, ստիպված ես մոտենալ թիկունքից կամ՝ երեսդ կողմ դարձնելով, որպեսզի ոչ ոք չնկատի քո շփոթմունքը: Դրա հետ համեմատած ինչ հաճույք է հնարավորություն ունենալ սիրել այնպես, ինչին որ լիովին ծարավի է որդիական պահանջը, եւ երբ դեռ այդ երջանկությանը հավելվում է հորով հպարտանալու հնարավորությունը, քանզի նա պատկանում է ընտրյալներին, քանզի նա դեռեւս կենաց օրոք երեւելի եւ զորեղ մարդ է ճանաչված, ճանաչված է երկրի հպարտությունը: Աստծո բարեկամ, գալիքի ավետիս: Նա` փառավորված կենաց օրոք իր մասին հուշերով: Երջանիկ Սողոմոն, դա քո ճակատագիրն է: Ընտրյալ ժողովրդի մեջ (ինչ հրաշալի է արդեն միայն այն, որ դու պատկանում ես նրան), նա թագավորի տղա էր (նախանձելի բախտ), հենց այն արքայի որդին, ով ամենաընտրյալն էր բոլոր արքաների մեջ:

Այսպիսով, բացարձակ երջանիկ, ապրում էր Սողոմոնը Նաթան մարգարեի օրոք, հոր զորությունն ու հերոսական մեծությունը չէին ոգեւորում նրան գործերի, քանզի դրա առիթը չէր լինում, սակայն դրանք նրան ոգեւորում էին առ զարմանքը, իսկ զարմանքը օգնեց նրան բանաստեղծ դառնալ: Բայց եթե բանաստեղծը նախանձում էր իր հերոսներին, ապա որդին կենում էր իր հոր առջեւ հիացական հավատարմության վիճակով:

Բայց մի անգամ այնպես պատահեց, որ պատանին անակնկալ վրա հասավ իր թագավորող հորը: Գիշերներից մեկում նա զարթնեց, ինչ-որ շարժում լսեց այնտեղ, ուր քնում էր հայրը: Սարսափը կալեց նրան մտքից ինչ-որ նախանձորդի մասին, ով ուզում է սպանել Դավթին: Նա գաղտագողի մոտենում եւ տեսնում է Դավթին խորագույն հոգեկան ընկճվածության մեջ, նա լսում է ապաշխարող հոգու հուսահատության ճիչերը:

Իրեն ուժահատ զգալով, Սողոմոնը գտնում է իր մահիճը, վերջապես քնասույզ նիրհում է, բայց անդորրը չի գալիս, նա երազում տեսնում է, որ Դավիթն անաստված է, Աստծուց մերժված, որ Դավթի արքայական մեծությունը` Աստծո զայրույթն է նրա վրա, որ ծիրանագույն հագուստները նա ստիպված է կրել՝ որպես պատիժ, որ նա անիծյալ է իր իշխանության համար, անիծյալ է ընդունելու ժողովրդի երկրպագությունը, այնժամ, երբ Աստծո արդարությունը գաղտուկ եւ թաքուն իր դատն է անում մեղավորի վրա: Եվ այդ երազում Սողոմոնն աղոտ կանխազգում է, ասես գլխի է ընկնում, որ այս Աստված՝ աստվածավախերի Աստված չէ, այլ անաստվածների, եւ հենց անաստվածը պիտի դառնար Աստծո ընտրյալը, եւ երազի ողջ սարսափը` այդ հակասության մեջ է:

Եվ քանի դեռ Դավիթը տխրամած սրտով պառկած էր հատակին, Սողոմոնը ելավ անկողնուց, սակայն անշուշտ արդեն տխրամած էր: Սարսափն էր կալում նրան ամեն անգամ, երբ նա մտածում էր, թե ինչ է նշանակում լինել Աստծո ընտրյալը: Նա կասկածում էր, որ սրբերի մտերմությունն առ Աստված, մաքուր մարդկանց սրտաբացությունն Աստծո հետ` բացատրություն չէ, այլ նրանց թաքուն հանցանքն է` ահա գաղտնիքը, որն ամեն ինչ բացատրում է:

Եվ Սողոմոնը իմաստուն էր, բայց հերոս չէր, եւ նա մտածող էր, բայց աղոթարար չէր, եւ նա քարոզիչ էր, բայց հավատացյալ չէր, եւ նա կարողանում էր շատերին օգնել, բայց ինքն իրեն օգնել չէր կարողանում, եւ նա վավաշոտ էր, բայց չէր ապաշխարում, եւ նա տրտում մարդ էր, բայց եւ հոգով ամուր չէր, քանզի նրա կամքի ուժը մի անգամ խախտվել էր այն բանից, որ գերազանցում էր նրա պատանեկան ուժերը: Եվ պտտվում էր նա կենաց մեջ, նրանով պտտվելով` ուժեղ, գերբնականորեն ուժեղ (եւ, ուրեմն` կանացիորեն թույլ) փոթորկոտ ինքնավայելքներում, բավական սրամիտ եւ խոհուն տարատեսակ մեկնություններում: Սակայն իր էության հենց միջուկում երկպառակություն էր մտել, եւ Սողոմոնը հիշեցնում էր այն անկարներին, որ դժվարությամբ են կրում սեփական մարմինը: Իր հարեմում նա նստում էր անուժ ծերունու հանգույն, մինչեւ որ հետզհետե նրանում արթնանում էր ցանկությունը, եւ այդժամ նա գոչում էր` «Հեյ, աղջիկներ, դափ զարկեք ու պարեք իմ առջեւ»: Բայց այդ ժամանակ, նրա իմաստությամբ հրապուրված, իր մոտ ժամանեց արեւելյան թագուհին, եւ նրա հոգին լիառատ դարձավ, եւ իմաստության խոսքերը հորդեցին նրա շուրթերից՝ ասես արաբական ծառերի բներից հորդող թանկագին զմուռս:

1 comments:

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic