Wednesday, February 27, 2013

Սիրո դեմ

Դինո Բուցատի

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:

Ահա և վերջ: Այնքան էլ սարսափելի չէր, որքան ինքն էր կարծում, ու պակաս երկարատև: Չորս ամիս էլ չի անցել, և ահա ինքը լրիվ ազատ է: Մի քիչ նիհարել է, ավելի գունատվել, ավելի թափանցիկ է դարձել, սակայն ավելի թեթև է զգում իրեն, ապաքինման քաղցր թուլություն է վրան իջել, որի մեջ արդեն բաբախում են նոր, աղոտ պատրանքնրը: Ո՜հ, ինքը կեցցե, հերոսուհի է, կարողացավ ինքն իր հանդեպ անողոք լինել, վճռականորեն վանեց հուշերի բոլոր շողոքորթանքները, որոնց տրվելն այնքա՜ն գայթակղիչ էր:
Ոչնչացնել այն ամենը, ինչ մնում էր նրանից իր մոտ, անգամ մի քորոց, այրել բոլոր նամակներն ու լուսանկարները, դուրս նետել իր հագած բոլոր շորերը, երբ նա իր կողքին էր, որոնց վրա գուցե նրա նետած հայացքները թողել էին մի անշոշափելի հետք, ձերբազատվել այն գրքերից, որ նա էլ էր կարդացել, և որոնց մասին իրենց երկուսի իմացությունը նման էր գաղտնի հանցակցության, վաճառել շանը, որն ամիջապես ճանաչում էր նրան ու վազում նրան ընդառաջ, երբ բացում էր պարտեզի դուռը. խզել կապերը բոլոր այն ընկերների հետ, որոնք ընդհանուր էին իրենց երկուսի համար էլ, մինչև անգամ փոխել տունը, քանզի այս բուխարու գոգին մի երեկո նա արմունկով հենվել էր, քանզի մի առավոտ այդ դուռը բացվեց ու հայտնվեց նա, քանզի դռան զանգը շարունակում է նույն կերպ հնչել, ինչպես այն ժամանակ,երբ նա էր զանգը տալիս, ու բոլոր սենյակների մեջ իրեն թվում էր, թե նրա խորհրդավոր հետքերն էին:
Ու նաև վարժվել մտածելու այլ բաների մասին, նետվել մի կլանող գործի մեջ, որից հետո, երեկոյան, երբ վտանգը վերստին արթնանար գաղտագողի, անհաղթահարելի քունը իրեն զգետներ. ճանաչել նոր մարդկանց, հաճախել նոր միջավայրեր, փոխել նաև մազերի գույնը:
Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ, չթողնելով ոչ մի բաց անկյուն, ոչ մի ճեղք, որոնցից հիշողությունը կարողանար սպրդել: Ինքն արել էր դա: Եվ… ապաքինվել:
Հիմա առավոտ է, մի գեղեցիկ կապույտ զգեստով, որ իր դերձակը քիչ առաջ էր ուղարկել, Իրենեն պատրաստվում է դուրս գալ տնից: Դրսում արև է: Նա իրեն զգում է առողջ, երիտասարդ, ներսում՝ լրիվ լվացված, թարմ, ինչպես տասնվեց տարեկան հասակում: Երջանի՞կ: Գրեթե:
Բայց ահա, հարևան տնից երաժշտության ելևէջներ են լսվում: Ինչ-որ մեկը միացրել էր ռադիոն, կամ էլ գրամոֆոնը, ու բաց թողել լուսամուտը: Բաց թողել ու փակել անմիջապես:
Դա բավական եղավ: Վեց-յոթ նոտա, ոչ ավել, մի հին մեղեդու, իր սիրած երգը: Դե՜հ, վե՛րջ տուր Իրենե, էդ ստից բանի համար չկորցնե՛ս քեզ, վազի՛ր աշխատավայրդ, կանգ մի՛ առ, ծիծաղի՛ր:
Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իր ներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը` այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել` մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:
Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են,- ոչ ոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված, որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին:
Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ:


Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը


1 comments:

  1. Ես ատում եմ քո անունը,
    Ինչպես որ դու քեզ փայփայած
    Իմ ձեռքերն ես ատում, գուցե։
    Ես ատում եմ քո անունը,
    Որ խրվել է լեզվիս վրա
    Փշատենու փշի նման։
    Իսկ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
    Թե քո անունն ինչ գույն ունի.
    Ես ատում եմ և այդ գույնը։
    Եթե աղջիկ ես ունենամ,
    Նա կկոչվի քո անունով.
    Ես ատում եմ քո անունը...
    Պարույր Սևակ

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic