Լճափին մի ուրիշ նավակ էլ կար։ Երկու հնդկացիները կանգնել,
սպասում էին։ Նիքն ու հայրը տեղավորվեցին նավակի ետնամասում, և հնդկացիները հրեցին
այն։ Նրանցից մեկը ցատկեց նավակ։ Քեռի Ջորջը նստեց մյուսի ետնամասում։
Երիտասարդ հնդկացին հրեց նավակն ու տեղավորվեց քեռի Ջորջի կողքին՝
թիավարելու։
Երկու նավակները իրարից բավական հեռու լողում էին մշուշի ու մթության
մեջ։ Նիքը լսում էր մյուս նավակի թիերի ճողփյունը։ Հնդկացիները թիավարում էին արագ
ու կտրուկ շարժումներով։ Նիքը հենվել էր հորը, որը մի ձեռքով գրկել էր նրան։ Ցուրտ
էր։ Հնդկացին, որն իրենց նավակն էր թիավարում, արագ էր աշխատում, բայց մյուսն ամբողջ
ժամանակ առջևում էր, մշուշի մեջ։
- Ո՞ւր ենք գնում, հայրիկ,– հարցրեց Նիքը։
- Հնդկացիների գյուղակը։ Այնտեղ մի հիվանդ կին կա։
- Ա՜,– ասաց Նիքը։
Տեղ հասնելով տեսան, որ մյուս նավակն արդեն ափին է։ Քեռի Ջորջը
մթության մեջ սիգար էր ծխում։ Երիտասարդ հնդկացին նավակն էր ափ քաշում։ Քեռի Ջորջը
երկու հնդկացիներին էլ սիգար տվեց։
Նրանք քայլեցին ցողից խոնավացած մարգագետնով՝ հետևելով երիտասարդ
հնդկացուն, որը լապտերիկն էր տանում։ Հետո անտառ մտան ու բռնեցին դեպի բլուրները ձգվող
գերանակապ ճանապարհը տանող մի արահետ։
Ճանապարհն ավելի լուսավոր էր. երկու կողմերից անտառը հատված էր։
Երիտասարդ հնդկացին կանգնեց ու հանգցրեց լապտերը, բոլորը շարունակեցին քայլել։
Շրջադարձին մի շուն դուրս պրծավ հաչոցով։ Առջևում հյուղակների
լույսերն էին, ուր փայտահատներն էին ապրում։ Շներն արդեն ավելի հաճախ էին երևում, իսկ
երկու հնդկացիները նրանց ետ էին քշում դեպի հյուղակները։ Ճանապարհին ամենամոտ հյուղակի
պատուհանում լույս կար։ Լապտերը բռնած մի պառավ կանգնել էր շեմքին։ Ներսում, փայտե
մահճակալին մի երիտասարդ հնդկուհի էր պառկած։ Երկու օր էր նա փորձում էր ծննդաբերել։
Գյուղի բոլոր պառավները եկել էին նրան օգնելու։ Տղամարդիկ դրսում էին, ծննդկանի ճիչերից
հեռու, ծխում էին մթության մեջ։
Նա ճչում է, երբ երկու հնդկացիների ուղեկցությամբ Նիքը, հայրն
ու քեռի Ջորջը մտան հյուղակ։ Կինը պառկած էր ներքևի մահճակալին և շատ մեծ էր թվում
վերմակի տակ։ Գլուխը մի կողմ էր թեքած։ Վերևի մահճակալին ամուսինն էր։
Երեք օր առաջ նա կացնով շատ խոր կտրել էր ոտքը։ Ծխամորճ էր ծխում։
Սենյակում օդը շատ ծանր էր։ Նիքի հայրը կարգադրեց, որ ջուր դնեն օջախին, և մինչ կտաքանար,
խոսում էր որդու հետ։
– Այս կինը պատրաստվում է երեխա ունենալ, Նիք,– ասաց նա։
– Գիտեմ,– ժպտաց Նիքը։
– Ոչինչ էլ չգիտես,– ասաց հայրը,– ի՛նձ լսիր։
– Սրանք ծննդաբերության ցավեր են կոչվում։ Երեխան ուզում է ծնվել,
նա էլ է ուզում ծնել։ Բոլոր մկաններն աշխատում են, որ երեխան ծնվի։ Ահա թե ինչու է
նա ճչում։
- Հասկացա,– ասաց Նիքը։
Այդ պահին կինը դարձյալ ճչաց:
– Հայրի՛կ, չե՞ս կարող նրան հանգստացնող մի բան տալ,– հարցրեց
Նիքը։
–Ոչ մի ցավազրկիչ չունեմ,– պատասխանեց հայրը։– Նրա գոռոցները
կարևոր չեն, ես չեմ լսում, որովհետև կարևոր չեն։
Վերևում պառկած ամուսինը շրջվեց դեպի պատը։ Կանանցից մեկը խոհանոցից
բժշկին նշան արեց, որ ջուրը տաքացել է։ Նիքի հայրը գնաց խոհանոց և մեծ կաթսայից ջրի
կեսը դատարկեց տաշտի մեջ։ Մնացած ջրի մեջ նա անձեռոցիկից հանած ինչ-որ իրեր դրեց։
– Սրանք պիտի եռան,– ասաց նա և իր հետ բերած օճառով սկսեց տաք
ջրով լվացվել։ Նիքը նայում էր, թե ինչպես է հայրը լվացվում։ Հայրը խնամքով և հանգամանորեն
լվանում էր ձեռքերն ու խոսում։
– Դե լսիր, Նիք։ Ընդհանրապես երեխաները գլխի կողմից են ծնվում,
բայց երբեմն այդպես չի լինում։ Նման դեպքերը բոլորին գլխացավանքի մեջ են գցում։ Քիչ
հետո կերևա։
Երբ արդեն գոհ էր ձեռքերի մաքրությունից՝ գնաց ներս աշխատելու։
– Վերմակը ետ չե՞ս տանի, Ջորջ,– ասաց նա,– լավ կլինի չդիպչեմ
դրան։
Ավելի ուշ, երբ նա սկսեց վիրահատել, քեռի Ջորջն ու երեք հնդկացիները
բռնեցին կնոջը։ Նա կծեց քեռի Ջորջի բազուկը։ «Անիծված հնդկացի քած»՝ ասաց Ջորջը, և
հնդկացին, որ բերել էր քեռի Ջորջին, ծիծաղեց։ Նիքը տաշտն էր պահում։ Այս ամենը շատ
երկար տևեց։ Հայրը վերցրեց երեխային, կսմթեց, որ շունչ առնի, և մեկնեց պառավին.
– Տե՛ս, տղա է, Նիք,– ասաց նա,–ի՞նչ կասես, դուր եկա՞վ օգնական
լինելը։
– Ամեն ինչ կարգին է,– ասաց Նիքը։
Նա մի կողմ էր նայում, որ չտեսնի, թե հայրն ինչ է անում։
– Այնտեղ, այնտեղ դրեք,– ասաց հայրն ու ինչ-որ բան գցեց տաշտի
մեջ։
Նիքը չէր նայում։
– Հիմա,–ասաց հայրը,– մի քանի կար պիտի տանք։ Կարող ես նայել
կամ ինչպես ուզում ես, Նիք։ Հիմա պիտի կարեմ։
Նիքը չէր նայում։ Նրա հետաքրքրությունը կորել էր երկար ժամանակով։
Հայրը վերջացրեց և ուղղվեց։ Քեռի Ջորջն ու երեք հնդկացիներն էլ
ուղղվեցին։ Քեռի Ջորջը նայում էր ձեռքերին։ Երիտասարդ հնդկացին ժպտում էր՝ ինչ-որ բան
հիշելով։
– Մի քիչ երկօքսիդ պիտի քսեմ, Ջորջ,– ասաց բժիշկը։
Նա թեքվեց հնդկուհու կողմը։ Այժմ կինը լուռ էր, և աչքերը փակ
էին։ Չափազանց գունատ էր։ Չգիտեր՝ ծնվե՞լ էր երեխան, թե՝ ոչ:
- Առավոտյան կայցելեմ,– ուղղվելով՝ ասաց բժիշկը։
– Մինչ կեսօր սուրբ Իգնատիոսից բուժքույր կգա և անհրաժեշտ ամեն
ինչ կբերի։
Նա գոհ էր իրենից ու խաղից հետո հանդերձարան մտած ֆուտբոլիստի
պես շատախոսում էր։
- Ճիշտ բժշկական ամսագրում գրելու նյութ է, Ջորջ,–ասաց նա. «Կեսարյան
հատում գրպանի դանակով և ինը ֆութանոց ձկան թելով»։
Քեռի Ջորջը հենվել էր պատին ու նայում էր ձեռքերին։
– Այո, դու իհարկե մեծ մարդ ես,– ասաց նա։
– Այդ ինքնահավան հորն էլ պետք է նայել։ Ընդհանրաւդես նման դեպքերում
ավելի շատ են տանջվում,–ասաց բժիշկը,– բայց պետք է ասել, որ նա բավական հանգիստ տարավ
ամեն ինչ։
Հնդկացու վրայից մի կողմ քաշեց ծածկոցը։ Ձեռքը ինչ-որ թաց բանի
կպավ։ Բարձրացավ մահճակալի վրա, լուսավորեց ու նայեց, հնդկացին պառկած էր դեմքով դեպի
պատը։ Նրա կոկորդը կտրված էր մի ականջից մյուսը։ Ծանրության տակ կքված մահճակալի վրա
արյունը լիճ էր կապել։ Գլուխը հանգչում էր ձախ բազկի վրա։ Ծածկոցների մեջ բացված ածելի
էր ընկած։
- Նիքին դուրս տար հյուղակից, Ջորջ,– ասաց բժիշկը։
Դրա կարիքը չկար։ Խոհանոցի դռների միջև կանգնած Նիքը լավ տեսել
էր վերի մահճակալը, երբ հայրը լապտերը ձեռքին զգուշորեն ետ էր տարել հնդկացու գլուխը։
Արդեն սկսել էր լուսանալ, երբ գերանակապ ճանապարհով դեպի լիճն էր քայլում։
– Իզուր քեզ այստեղ բերի, Նիք,– իր ետվիրահատական ոգևորությունը
մոռացած ասաց հայրը,– սարսափեփ տհաճ իրավիճակ էր քեզ համար։
– Մի՞շտ են կանայք այսպես դժվար երեխա ունենում,– հարցրեց Նիքը։
– Ոչ, այսպես հազվադեպ է լինում։
– Հայրիկ, ինչո՞ւ էր նա սպանել իրեն։
- Չգիտեմ, Նիք, երևի չէր դիմացել այդ ամենին։
–Հաճա՞խ են տղամարդիկ ինքնասպան փնում, հայրիկ։
– Այնքան էլ չէ, Նիք։
– Իսկ կանա՞յք։
– Շատ հազվադեպ։
- Երբե՞ք։
– Դե, երբեմն պատահում է։
– Հայրի՞կ։
– Այո։
- Ո՞ւր գնաց քեռի Ջորջը։
- Շուտով կվերադառնա։
– Հայրիկ, դժվար է՞ մեռնելը։
- Չէ, կարծում եմ, բավական հեշտ է, Նիք, նայած հանգամանքներին։
Նրանք նստեցին նավակ, Նիքը ետնամասում էր, հայրը թիավարում էր։
Բլուրների ետևից բարձրանում էր արևը։ Մի կարմրախայտ ցատկեց՝ ջրի վրա օղակներ թողնելով։
Նիքը ձեռքը ջրի մեջ իջեցրեց։
Լուսաբացի կծող ցրտի մեջ ջուրը տաք էր թվում։
Այդ վաղ առավոտյան, նստած նավակի ետնամասում, որը հայրն էր թիավարում,
Նիքը լիովին համոզված էր, որ ինքը երբեք չի մեռնելու։
Աղբյուրը՝ Հնդկացիների գյուղը (Էռնեստ Հեմինգուեյ)
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete