Պատանի Ջորջ Վիլարդն արթնացավ առավոտյան չորսին։ Ապրիլ ամիսն էր, տերևները նոր-նոր էին սկսել դուրս գալ բողբոջներից: Վինսբուրգում մայթեզրերին թխկիներ են աճում, և երբ քամի է բարձրանում, նրանց սերմերը ցիրուցան են լինում՝ բռնելով երկինքն ու թափվելով անցորդների ոտքերի տակ։
Ուսից
մի շագանակագույն կաշվե պայուսակ գցած՝ Ջորջն իջավ հյուրանոցի սպասասրահ։ Նրա ճամպրուկն
արդեն պատրաստ էր մեկնումի։ Մինչև երկուսը արթուն էր եղել, փորձել էր պարզել, թե ինչ
կտա իրեն այդ ճամփորդությունը։
Հյուրանոցի
մուտքի մոտ, թախտի վրա քնած էր սպասավորը։ Տղայի բերանը բաց էր, և նա խռմփացնում էր։
Ջորջը զգուշորեն շրջանցեց նրան և դուրս եկավ լուռ ու ամայի կենտրոնական փողոցը։
Արևելքն
արդեն շառագունել էր. արևի բոսորագույն ճառագայթները սկսել էին հատել երկինքը, ուր
դեռևս մի քանի փոքրիկ աստղեր էին ծեպծեպում։ Վինսբուրգում, Թրունիոն Փայքի վերջին տնից
հետո, մարգագետինների մի հսկայական տեսարան է բացվում։ Դրանք պատկանում են Վինսբուրգում
ապրող գյուղացիներին, որոնք ամեն երեկո աշխատանքն ավարտելուց հետո թեթև վագոններով
վերադառնում են քաղաք։ Այդ դաշտերում գյուղացիները մրգեր ու հատապտուղներ են աճեցնում։
Ամռան շոգ օրերին, կեսօրից հետո, երբ Վինսբուրգի վտղոցներն ու դաշտերը փոշով են ծածկվում,
թվում է թե ամբողջ տարածքի վրա մի ծխե մշուշ է իջել, և երբ նայում ես շուրջդ, կարծես
թե համատարած ծով լինի։ Իսկ գարնանը, երբ նոր են սկսում կանաչել մարգագետինները, տպավորությունն
այլ է։ Հարթավայրը նմանվում է կանաչ հսկայական բիլիարդի դաշտի, որի վրա մարդկային աննշան
կերպարանքներ են վերուվար անում։
Ե՛վ
մանկության, և՛ պատանեկության տարիներին Ջորջ Վիլարդը սիրում էր լինել Թրաւնիոն Փայքում։
Եղել էր այնտեղ ձմռանը, երբ շուրջբոլորը ձյուն էր, իսկ գլխավերևում՝ լուսին։ Եղել էր
աշնանը, երբ սառը քամիներն էին խաղում, եղել էր նաև ամռանը, երբ հազարավոր միջատների
բզզոցից թրթռում էր օդը։
Այդ
ապրիլյան լուսաբացին նա կրկին ցանկացավ լինել այնտեղ, շրջել լռության մեջ։ Քայլեց դեպի
գետակը ձգվող ճանապարհով, որը երկու մղոն էր հեռու քաղաքից, հետո շրջվեց ու լուռ ետ
դարձավ։ Երբ հասավ կենտրոնական փողոց, հավաքարարներն արդեն խանութների առջևի մայթերն
էին ավլում։
–Հը՞,
Ջորջ, ինչպե՞ս ես ճանապարհից առաջ,– ձայն տվին նրանք։
Արևմուտք
մեկնող գնացքը Վինսբուրգից առավոտյան յոթն անց քառասունհինգին էր շարժվում։ Տոմսավաճառը
Փոքր Թոմն էր։ Նրա գնացքը դուրս էր գալիս Քլիվլենդից և ձգվում մինչև գլխավոր մայրուղի,
որի վերջնակետերը Չիկագոն ու Նյու Յորքն էին։
Թոմի
երթուղին, ինչպես այդ շրջանակներում ընդունված էր ասել, «թեթևներից» էր, ամեն երեկո
նա տուն էր վերադառնում։ Ամռանը և աշնանը, կիրակի օրերին, Թոմը Էրի լճում ձուկ էր որսում։
Նա կլոր ու արևախանձ դեմք ուներ և երկնագույն աչքեր։ Իր երթուղու վրա ձգվող քաղաքների
բնակիչներին Թոմն ավելի լավ գիտեր, քան մեծ քաղաքում ապրող որևէ մեկն իր դիմացի շենքում
ապրողներին։
Յոթն
էր։ Ջորջն իջնում էր Նյու Վիլարդ Հաուզի փոքր բլրակից։ Ճամպրուկը Թոմ Վիլարդն էր տանում։
Տղան արդեն հասակով անցել էր հորը։ Կառամատույցում բոլորը սեղմում էին պատանու ձեռքը։
Շատերն էին եկել ճանապարհելու նրան, բայց բոլորն էլ իրենց գործերից էին խոսում։ Նույնիսկ
Հիդերսոնն էր այնտեղ, այն ծույլ Վիլը, որ երբեմն մինչև ինն անկողնում էր լինում։ Կառամատույցով
անցավ Գերթրուդ Վիլմոթը, բարձրահասակ ու նիհար, մոտ հիսուն տարեկան մի կին, որ Վինսբուրգի
հեռագրատանն էր աշխատում։ Նա, որ նախկինում երբեք ուշադրություն չէր դարձրել Ջորջին,
կանգնեց, սեղմեց ձեռքն ու երկու բառով ասաց այն ամենը, ինչ բոլորն էին ցանկանում ասել.
–֊Հաջողություն
քեզ,– կտրուկ ասաց նա, շրջվեց ու շարունակեց ճանապարհը։
Երբ
գնացքը կայարան հասավ, Ջորջը թեթև շունչ քաշեց ու անմիջապես իրեն գցեց վագոն։ Շնչակտուր
դեպի կայարան էր վազում Հելեն Վայթը, նա գալիս էր հրաժեշտ տալու Ջորջին, բայց Ջորջն
արդեն տեղավորվել էր և չնկատեց նրան։
Երբ
գնացքը շարժվեց, Փոքր Թոմը դակեց նրա տոմսը, քմծիծաղ տվեց, բայց ոչինչ չասաց, թեև լավ
գիտեր, թե ինչ ճանապարհ է ընկել։ Թոմը մեծ քաղաքի ճանապարհը բռնած հազարավոր Ջորջ Վիլարդների
էր տեսել։ Դա սովորական բան էր նրա համար։ Հենց նոր ծխողների վագոնից մի մարդ Սանդաքսի
Բեյ՝ ձուկ որսալու էր հրավիրել իրեն, և նա շտապում էր ընդունել հրավերն ու խոսել մանրամասներից։
Ջորջը
մի հայացքով տնտղեց վագոնը և համոզվելով, որ ոչ ոք չի նայում, հանեց դրամապանակն ու
սկսեց փողերը հաշվել։ Ինչպես անեմ, որ «դեղնակտուց» չերևամ, մտածում էր նա։ Հոր վերջին
խոսքերն այն մասին էին, թե ինչպես քաղաքում պահեր իրեն։
–Զգոն
կլինես,– ասել էր Թոմ Վիլարդը։ - Աչքդ փողի վրա կպահես։ Հիշիր խոսքերս, երբեք թույլ
չտաս, որ կարծեն, թե դեղնակտուց ես։
Փողը
հաշվելուց հետո Ջորջը պատուհանից դուրս նայեց ու զարմացավ, գնացքը դեռ դուրս չէր եկել
Վինսբուրգից։
Պատանին,
որ հեռանում էր ծննդավայրից մեծ կյանք մտնելու, մտքերի մեջ էր ընկել, բայց նրա մտքերը
ոչ մեծ էին, ոչ էլ՝ դրամատիկ։ Ոչ մոր մահվան, ոչ Վինսբուրգից հեռանալու, ոչ քաղաքում
իր ապագա կյանքի անորոշության և ոչ էլ ուրիշ, ավելի կարևոր ու լուրջ մտքեր չէին հուզում
նրան։ Նրա միտքը մանրուքներով էր լցված, հիշում էր Թարք Սմոլեթին, որ առավոտները կենտրոնական
փողոցով տախտակներ էր քարշ տափս, բարձրահասակ ու գեղեցկատես մի կնոջ էր հիշում, որ
գիշերել էր հոր հյուրանոցում, հիշում էր լապտերավառ Բաթլ Վիլրին, որ ամռանը կերոնը
ձեռքին մի փողոցից մյուսն էր շտապում, հիշում էր նաև Վինսբուրգի հեռագրատան պատուհանի
առջև կանգնած Հելեն Վայթին՝ ծրարների վրա նամականիշներ փակցնելիս։
Պատանու
միտքը գնալով ընկղմվում էր երազների մեջ, թեև նա ընդհանրապես խելոքի տպավորություն
չէր թողնում։
Հավաքելով իր մանր-մունր մտքերը՝
Ջորջը փակեց աչքերը։ Այդպես երկար մնաց, իսկ հետո, երբ առաջ եկավ ու նայեց պատուհանից,
Վինսբուրգն այլևս չէր երևում, և նրա վինսբուրգյան կյանքն արդեն մի պաստառ էր, որի վրա
նոր երազներ պիտի հյուսվեին։
Թարգմանությունը` Լիլիթ Գալստյանի
Հեղինակ ` Շերվուդ Անդերսեն
Աղբյուրը` Մեկնում
0 comments:
Post a Comment