Monday, April 15, 2013

Առակ ուրախության և դժբախտության մասին


Ռուսերենից թարգմանեց Մարինա Աբրահամյանը
10-րդ դասարան

Այս պատմությունը եղել է Չինաստանում՝ Լաո-Ցզիի ժամանակներում: Մի գյուղում ապրում էր մի աղքատ ծերուկ, բայց նույնիսկ միապետներն էին նախանձում նրան, որովհետև ծերունին մի գեղեցիկ սպիտակ ձի ուներ: Թագավորներն այդ ձիու համար գումար էին առաջարկում, բայց ծերունին միշտ հրաժարվում էր վաճառել:
Մի առավոտ պարզվեց՝ ձին ախոռում չէ: Հավաքվեց ամբողջ գյուղն ու սկսեց ցավակցել:

-Հիմա՛ր ծերուկ, մենք այդպես էլ գիտեինք, որ մի օր ձին կգողանան: Լավ կլիներ՝ վաճառեիր: Ինչպիսի՛ անհաջողություն:
Ծերունին ծիծաղելով պատասխանեց.
-Մի՛ շտապեք հետևություներ անել, ուղղակի ասեք, որ ձին ախոռում չէ, դա փաստ է: Չգիտեմ՝ դա հաջողություն է, թե անհաջողություն, և ով գիտի, թե ինչ կլինի հետո:
 Մի քանի շաբաթ անց ձին վերադարձավ. նրան չէին գողացել, ուղղակի փախել էր դեպի ազատություն: Հիմա ոչ միայն վերադարձել էր, այլ նաև անտառից իր հետ բերել էր մի խումբ վայրի ձիեր:
Վրա հասած հարևաններն ասացին.
-Դու ճիշտ էիր, ներիր մեզ, անքննելի են աստծո ճանապարհները, բայց դու ավելի խորաթափանց դուրս եկար: Սա ոչ թե դժբախտություն է, այլ օրհնություն:
Ծերուկը ծիծաղեց.
-Նորից դուք շատ հեռուն եք գնում. ուղղակի ասեք, որ ձին վերադարձել է: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը:
Այս անգամ մարդիկ շատ չէին խոսում, բայց հոգու խորքում ամեն մեկը համարում էր, որ ծերուկը սխալվում է: Ի վերջո, ուղիղ տասներկու ձի է բերել հետը: Ծերունու որդին սկսեց շրջել վայրի ձիերի միջով, և պատահեց այնպես, որ մեկը նրան վայր գցեց: Երիտասարդը կոտրեց երկու ոտքը: Կրկին հավաքվեցին մարդիկ և սկսեցին դատել.
-Դու էլի ճիշտ դուրս եկար: Դա դժբախտություն էր: Քո միակ որդին կոտրեց ոտքերը: Ախր նա քո միակ ապավենն էր օր ծերության։ Հիմա դու ավելի աղքատ ես, քան առաջ էիր։
Ծերունին պատասխանեց.
-Էլի դուք դատողություններով տարվեցիք։ Շատ մի՛ խորացեք։ Մենակ ասեք՝ տղաս կոտրել է ոտքերը։ Ոչ ոք չգիտի՝ դա փորձանք է, թե հաջողություն: Կյանքը իրադարձությունների հաջորդականություն է, իսկ ապագան՝ անկախատեսելի: Պատահեց այնպես, որ դրանից մի քանի օր հետո երկիրը մտավ պատերազմի մեջ, և երիտասարդները զորակոչվեցին, մնաց միայն ծերունու որդին, որովհետև հաշմանդամ էր: Բոլորը հառաչում էին՝ կատաղի ճակարտամարտ կանխատեսելով, և գիտեին, որ շատ երիտասարդներ երբեք չեն վերադառնա տուն: Մարդիկ եկան ծերունու մոտ տրտնջալու:
-Դու նորից իրավացի ես, ծերունի՛, դա կրկին շնորհ էր: Չնայած որ քո որդին հաշմանդամ է,բայց նա քեզ հետ է: Իսկ մեր տղերքը գնացին ընդմիշտ:
Ծերունին նորից ասաց.
-Դուք նորից դատում եք: Ոչ ոք ոչինչ չգիտի: Ասեք միայն, որ ձեր  տղաներին բանակ են տարել, իսկ իմ որդին մնացել է տանը:
Մի՛ մեկնաբանեք ձեր կյանքի իրադարձությունները, և մի օր դուք կգիտակցեք, որ ամեն ինչ հրաշալի է:

1 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic