Friday, April 12, 2013

Առաջնորդը պետք է լինի մեկը


Հայ առաջին քաղաքական կուսակցությունները ձեւավորվեցին արդեն 19-րդ երկրորդ կեսին՝ խիստ գաղտնիության պայմաններում ու հայրենիքի սահմաններից դուրս: Այդ ժամանակ չունեինք պետականություն, բայց ունեինք նպատակ, մի մեծ խնդիր, որի լուծման ջատագովը լինել վիճակված էր դաշնակցական գործիչներին: Արամ Մանուկյանի, Քաջազնունու ու մյուս անդամների ստեղծած պետությունը գոյատեւեց երկու տարուց մի փոքր ավել:
2013թ. կուսակցությունների ստեղծմանը ոչ ոք չի խոչընդոտում, ազատ երկիր ենք, անկախ, բայց՝ ոչ ժողովրդավարական, ու երեւի դա է պատճառը, որ ազատությունն էլ իր սահմանափակումներն ունի: 125
տարի առաջ կար երեք կուսակցություն, հիմա դրանք 6-ն են /եթե հաշվում ենք ԱԺ-ում տեղ ունեցողներին/: Ուղղակի սիրում ենք ինքնագործունեությամբ զբաղվել, իրարից տեղյակ չլինել ու հետո ուրիշներին մեղադրել մեր սխալների համար, բայց ոչ երբեք քաղել այն դասերը, որ սովորեցնում են ժամանակն ու պատմությունը: Առաջնորդ պետք է լինի մե´կը եւ այնքան հզոր ու կարող, նվիրված ու խելացի, որ համադրի իր ու պետության շահերը, բավարարի բոլորի պահանջները, թույլ չտա՝ երկիրը ներսից քանդեն եւ ամենակարեւորը՝ լինի ժողովրդի կողմից սիրված, հեղինակություն վայելող մարդ: Բայց քանի որ մեզ նման «ճոխություն» թույլ տալ չենք կարող, ստիպված ենք համակերպվել քաղաքական կեղտոտ խաղերին, որոնց մեջ ակամա ներքաշվել ենք՝ իմանալով մեր ձայնի անարժեքության, կուսակցությունների միջեւ կնքվող կեղծ դաշինքների մասին, որոնք մոռացնել են տալիս ամեն տեսակ խոստում, հավաստիացում կամ սկզբունք: Առաջնորդին բավական է միայն մեկ ընդդիմադիր կուսակցություն, որ նա ավելի զգույշ ու հավասարակշրված գործի, սխալներ թույլ չտա: Ասում ենք՝ շատ կուսակցությունների առկայության դեպքում ժողովուրդը ընտրության ազատ իրավունք ունի: Ժողովրդին կուսակցությունների քանակը չէ, որ պետք է, այլ բարեկեցության հասնելու հնարավորություններ են նրան հարկավոր: Իսկ երբ ժողովուրդը կոտրված է ու ինչպես 98 տարի առաջ էր՝ բարոյալքված, նրան կղեկավարեն այնպես, ինչպես ուզում են, մինչեւ իրական առաջնորդը նրան կսթափեցի:

Աիդա Գրիգորյան, 11-րդ դասարան:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic