Thursday, April 11, 2013

Էնրիկե Վիլա Մատաս

Իսպանացի ժամանակակից արձակագիր Էնրիկե Վիլա Մատասն իր հայտնի «Բարթլբին եւ շրջապատը» վեպում, որտեղ ուսումնասիրվում է գրականության ռոբինզոնների ու լռակյացների կյանքը, այլեւս չգրելու նրանց որոշման պատմությունը, կարեւոր տեղ է հատկացրել անցյալ դարի ֆրանսիական գրականության տաղանդավոր արձակագիրներից մեկին` Ժուլիեն Գրակին:

Նրա «Սիրտայի գետափին» վեպը 1950-ին արժանացել է «Գոնկուր» մրցանակի: Գրակը հրաժարվում է մրցանակից, եւ, ընդհանրապես, Գրակի կյանքում մեծ տեղ է գրավում մերժումը՝ որպես փիլիսոփայական երկի նախասկիզբ, որին հետեւում է դրա էսթետիկական մեկնաբանությունը: Ժուլիեն Գրակը խստորեն պահպանում էր իր անձնական կյանքը` արգելելով նրա տարածք ձգտող որեւէ փորձ: Առանձնացված կյանք վարելով Լուարա գետի ափին ընկած Սեն Ֆլորիան Վեյ պրովանսում՝ նա գրում է մի քանի վեպ, իսկ ավելի ուշ դադարեցնում է վիպասանությունը` անցնելով էսսեի, հուշագրության եւ օրագրային ժանրերի: Նա նախընտրում էր դրվագային արձակ, որտեղ աբսուրդն ու սյուրռեալիզմն առաջ էին մղում բովանդակությանը: Գրակի «Պատշգամբ անտառում» վեպը նրա լավագույն գործերից է:
Հրաշքներով լեցուն անտառը վեպի ամբողջական մետաֆորն է. անտառ, որ ռիթմի եւ «ոգու գործողության» շունչն է:

Լեյտենանտ Գրանժը զինվորական ծառայության է նշանակվում անտառում գտնվող պահակատանը եւ հետզհետե սկսում ապրել անտառի` ամենօրյա աներեւույթ եւ երեւելի կանոններով. անտառն ասես նրա սկիզբն է, չափազանց զգայուն ներաշխարհը, որ մերթ կենդանություն է առնում արեւածագի շողերի հետ, մերթ թախծում ծառերի կատարներից փչող քամու սառնությամբ: Գրակն անտառի ապշեցուցիչ նկարագրությամբ փորձարկում է ընթերցողի երեւակայությունը` աշխատելով միֆականացնել բնագիրը, նույնացնել անտառի հետ եւ համարյա անելանելի դարձնել ընթերցման առաջխաղացումը:

Անտառն ունի իր փերին: Լեյտենանտ Գրանժը հանդիպում է աղջկան հորդառատ անձրեւի պահին, մշուշի մեջ տեսնում է նրա նրբին սիլուետը եւ հենց նույն օրը քնում Մոնայի գրկում:
Պատերազմի սպասման տագնապը կարծես մահվան տագնապը լինի, Գրանժը գրեթե վստահ է, որ անտառը կկլանի պատերազմի ողջ մեղքը` անձեռնմխելի կդարձնի մարդկային փխրուն կյանքը, եւ այն տունը, որի դուռը, չգիտես ինչու, միշտ բաց է, եւ որտեղ ապրում է իր սիրելի Մոնան, միշտ անխոցելի կլինի: Գրանժն անընդհատ վերհիշում է առաջին աշխարհամարտի սկիզբը, երբ ծնողները, լսելով պատերազմի լուրը, մոռացել էին իր ներկայության մասին եւ չէին պառկեցրել քնելու: Այս նուրբ եւ խորը դրվագը լիովին արտահայտում է պատերազմի ողջ սարսափը եւ նրա ներսում մարդկային կյանքի դրաման: Հիշողությունը սպասման ցավի է վերածվում, կրկին գալիս է արհավիրքի պատմությունն ու ժամանակը, եւ միայն անտառն է ապրում անժամանակ` ֆանտասմագորիկ մռայլությամբ եւ զվարթ մենակությամբ.
 
«Անտառը,- մտածեց նա,- ես անտառում եմ: Հիմա միայն մի ցանկություն ուներ՝ քայլել առանց կանգ առնելու»:

Անտառում չի լինում ավելորդ ծառ, եւ չի լինում կյանքում ավելորդ շունչ: Անտառը մենակ է իր ամբողջականության մեջ, եւ մարդկությունը մենակ է պատերազմի առջեւ: «Ես վերադառնում եմ տուն»: Գրանժը քայլում է խավարի միջով՝ հույսը դնելով անտառի մեծահոգության վրա: Նա վերադառնում է, երբ պատերազմը հենց նոր է սկսվել: Նա վերադառնում է՝ ափի մեջ սեղմելով Մոնայի տան բանալին:

Հեղինակ՝ Արամ Պաչյան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic