Ֆիլմեր չեմ սիրում: Մտածում եմ՝ նույն ժամանակը կծախսեմ իրական կյանքը «կինո» դարձնելու վրա: Բայց հիմա արի մի ֆիլմ նայենք: Միակ պատճառով, որ սա իմ ու քո կյանքից կխլի հինգ րոպե ու քսանհինգ վայրկյան (չնայած՝ 4:26-ից էլ կարող ես չնայել): Բայց բաց աչքերով ու ականջներով ֆիլմը նայելու դեպքում, դեպի քեզ եկող ինֆորմացիայից խուսափել չես կարողանա, հետևաբար՝ մի քիչ կմտածես, կսովորես, կհասկանաս: Հիմա դու ֆիլմը նայիր, իսկ ես վերլուծեմ այն (հա, մեզ դպրոցում էսպիսի տնայիններ էլ են տալիս):
Վերլուծությունը կարդալ ֆիլմը դիտելուց հետո միայն:
Ուրեմն ֆիլմը լուսանկարչի ու նրա մարդկային կերպարի բախման մասին էր: Ինչպես տեսակով ֆիլմ կոչվողներից ցանկացածը (բացառությամբ հայկական սերիալների) սա էլ ունի իր «մեսիջը», որը փոխանցում է դիտողին հենց առաջացրած հույզերի, զգացումների միջոցով: Էստեղ օգտագործված են մի շարք միջոցներ ֆիլմն ավելի ազդեցիկ դարձնելու համար: Հիմնականում օգտագործված է հակադրություն: Օրինակ՝ հիշողությունների ոչ վառ գույներով ընդգծված լինելը, իրականության գունավոր ու վառ գույները (այս «հնարքը» կտեսնենք ցանկացած ֆիլմում), աչքերը ներկելու համար հատկացված երկար ժամանակն ու կյանքից մահ անցման ակնթարթները, մարդկանց ժպիտները մահացած երեխայի լուսանկարներին նայելիս: Մի խոսքով՝ ամեն ինչ արել են, որ կարճ ժամանակում տպավորեն, հուզեն, մտածելու տեղիք տան մարդկանց:
Հիմա տեսնենք՝ ինչ է ուզում սովորեցնել մեզ այս ֆիլմը: Երևի ուզում է «ասել», որ անկախ իրավիճակից ու մեր ընտրության հնարավորություններից, պիտի պահպանենք մեր մարդկային որակները, լինենք մարդասեր:
Նման գաղափարախոսություն ունեցող ֆիլմեր հիմա հաճախ են նկարահանվում (ավելի երկար տևողությամբ) ու դա բավականին բնական է: Դե իհարկե: Ավելի հեշտ է ապրել այն մոլորակում, որտեղ բոլորն իրար սիրում ու հանդուրժում են:
Վիկա Մարկոսյան
Աղբյուրը՝ Վիկայի բլոգ
0 comments:
Post a Comment