Thursday, April 18, 2013

Քամյուն արվեստի մասին

Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից: Նիցշեն կարող էր մերժել տրանսցենդենտալիզմը` բարոյական կամ աստվածային, հայտարարելով, թե այդ տրանսցենդենտալիզմը մղում է զրպարտության այս աշխարհի և այս կյանքի դեմ: Բայց գուցե կա մի կենդանի տրանսցենդենտալիզմ, որի գեղեցկությունը խոստումնալից է, որը ի զորու է մեզ ստիպել սիրել և ամեն ինչից վեր դասել այս մահկանացու և սահմանափակ աշխարհը: Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձև տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը և ուզում է հափշտակել պատմությունից:

Ստեղծագործությունը աշխարհի ամբողջականության պահանջն է և միաժամանակ նրա մերժումը: Սակայն ստեղծագործությունը մերժում է աշխարհը իր չունեցածի պատճառով և հանուն այն բանի, որ երբեմն հենց ինքն է այն: Ընդվզումն այստեղ դիտարկվում է պատմությունից դուրս, մաքուր վիճակում, իր նախասկզբնական կնճռոտությամբ: Արվեստն ուրեմն մեզ պետք է տա վերջնական հայեցակետ ընդվզումի էության վերաբերյալ:

Սակայն արվեստագետի ընդվզումն իրականի դեմ, որը և կասկածելի է դառնում ամբողջատիրական հեղափոխության համար, նույն հաստատումն է, ինչ որ ճնշվածի ընդվզումը: Համընդհանուր բացասումից ծնված հեղափոխական ոգին բնազդաբար զգում է, որ արվեստում բացի հրաժարումից կա նաև համաձայնություն, որ հայեցողությունը համարձակվում է կշռադատել գործողությունը, գեղեցկությունը, անարդարությունը, և որ որոշ դեպքերում ինքը` գեղեցկությունը, կարող է դառնալ անբողոքարկելի անարդարություն:

Բայց և ոչ մի արվեստ չի կարող ապրել համընդհանուր մերժումով: Այնպես, ինչպես յուրաքանչյուր միտք, որը սկզբում աննշանակություն է, նշանակություն ունի, այդպես էլ անիմաստ արվեստը իմաստ ունի: Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ և այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic