Խուլիո Կորտասար
Երեկ լրացավ նրա ութ տարին, մենք գեղեցիկ տոն կազմակերպեցինք նրա համար, և Բոբին գոհ մնաց լարովի գնացքից, ֆուտբոլի գնդակից և մոմերով տորթից: Քույրս վախենում էր, թե նա հենց այդ օրերին դպրոցից տուն կգա վատ գնահատականներով, բայց հակառակը եղավ՝ լավացրեց թվաբանությունը ու ընթերցանությունը, և պատճառ չկար նրան զրկելու խաղալիքներից, ընդհակառակը: Ասացինք, որ հրավիրի ընկերներին, և նա Բետոյին ու Խուանիտային բերեց հետը, եկավ նաև Մարիո Պանսանին, բայց նա քիչ մնաց, որովհետև հայրը հիվանդ էր: Քույրս թույլ տվեց բակում խաղալ մինչև մութն ընկնելը, և Բոբին գնդակի բացումն արեց, թեև մենք երկուսս էլ վախենում էինք, թե նրանք եռանդով ջարդուխուրդ կանեն մեր բույսերը: Երբ նարնջահյութի ու տորթի ժամը եկավ, բոլորս միասին նրա համար երգեցինք «Կանաչ հրանունկ» երգը և շատ ծիծաղեցինք, որովհետև բոլորս էլ գոհ էինք, հատկապես Բոբին և քույրս: Ես, իհարկե, չդադարեցի հետևել Բոբիին, բայց դա ինձ ժամանակի վատնում էր թվում. ի՞նչ հսկել, եթե հսկելու բան չկար, բայց միևնույն է, հսկե՛լ Բոբիին, երբ նա ցրված է, որոնելով այն հայացքը, որը քույրս կարծես չի նկատում, իսկ ինձ այնքա՜ն ցավ է պատճառում:Այդ օրը Բոբին քրոջս մի անգամ այդպես նայեց, ճիշտ այն պահին, երբ նա վառում էր մոմերը, հազիվ մի վայրկյան, մինչև աչքերը ցած իջեցնելն ու իբրև լավ դաստիարակված երեխա «Տորթը շատ սիրուն է, մայրիկ» ասելը: Խուանիտան էլ հավանություն տվեց, Մարիո Պանսանին ևս: Ես երկար դանակն էի դրել, որ Բոբին տորթը կտրեր, և հատկապես այդ պահին սեղանի մյուս ծայրից հետևեցի նրան, բայց Բոբին այնքան գոհ էր տորթից, որ միայն մի պահ այդպես նայեց քրոջս և կենտրոնացավ շատ հավասար կտորներ կտրելու և դրանք բաժանելու գործի վրա: «Առաջինը՝ քեզ, մայրիկ»,- ասաց Բոբին՝ նրան տալով իր կտորը, այնուհետև Խուանիտային և ինձ, որովհետև առաջին հերթին կանայք են: Դրանից հետո բոլորը բակ գնացին՝ խաղը շարունակելու, բացի Մարիո Պանսանիից, որի հայրը հիվանդ էր, բայց մինչ գնալը Բոբին մեկ անգամ ևս քրոջս ասաց, որ տորթը շատ համեղ էր, և վազելով ինձ մոտ եկավ, կախվեց վզիցս, որ իր խոնավ համբույրներից մեկը տար: «Ի՜նչ սիրունիկ է գնացքը, մորաքույր», իսկ գիշերը բարձրացավ ծնկներիս, որպեսզի մի մեծ գաղտնիք խոստովանի ինձ. «Գիտե՞ս, մորաքույր, ես արդեն ութ տարեկան եմ»:
Բավականին ուշ պառկեցինք, բայց շաբաթ օր էր, և Բոբին առավոտյան երկար կարող էր թավալվել անկողնում, ինչպես և մենք: Ես վերջինը գնացի պառկելու, դրանից առաջ զբաղվեցի ճաշասենյակը կարգի բերելով և աթոռներն իրենց տեղը դնելով. երեխաները խորտակված նավ և այլ խաղեր էին խաղացել, որոնցից հետո տունը միշտ տակնուվրա է լինում: Պահեցի երկար դանակը և նախքան պառկելս տեսա, որ քույրս արդեն մուշ-մուշ քնած է: Գնացի Բոբիի սենյակը և նայեցի նրան. պառկած էր փորի վրա, ինչպես սիրում էր քնել շատ փոքր հասակից, արդեն հատակին էր նետել սավանները և մի ոտքը հանել մահճակալից, բայց խորը քնած էր՝ դեմքը բարձի մեջ թաղած: Եթե ես որդի ունենայի, ես էլ կթողնեի, որ նա այդպես քներ, սակայն ի՞նչ իմաստ ունի այդպիսի բաների մասին մտածել: Պառկեցի և չուզեցի կարդալ, հասկանալով, որ լավ չարեցի, որովհետև քունս չէր տանում, և ինձ հետ կատարվեց այն, ինչ միշտ կատարվում է այդ ժամին, երբ զրկվում ես կամքից, և մտքերը ցատկոտում են բոլոր կողմերից և ճշմարիտ են թվում, ինչ միտքդ է գալիս հանկարծակի, ճշմարիտ է և գրեթե միշտ սարսափելի, և ոչ մի միջոց չկա դրանցից ազատվելու՝ անգամ աղոթելով: Շաքարաջուր խմեցի և սպասեցի՝ երեք հարյուրից սկսած ետևից առաջ հաշվելով, որ ավելի դժվար է և քուն է բերում և հենց այն պահին, երբ արդեն քուն մտնելու վրա էի, կասկած մտավ մեջս, թե արդյոք պահե՞լ էի դանակը, թե՞ դեռ սեղանի վրա էր: Հիմար էի, որովհետև ամեն ինչ հավաքել էի և հիշում էի, որ դանակը դրել եմ պատի պահարանի ներքևի դարակում, բայց միևնույն է, կասկածում էի: Վեր կացա, և իհարկե, դարակում էր՝ կտրատող այլ պարագաների հետ խառնված: Չգիտեմ, թե ինչու ցանկություն ունեցա դանակը պահել իմ ննջասենյակում, նույնիսկ մի պահ հանեցի այն, բայց դա արդեն չափազանց էր: Հայելու մեջ ինձ նայեցի և ծամածռություն արեցի: Դա էլ շատ սրտովս չէր այդ ժամին, և ես մի բաժակ անիսօղի լցրի, թեև դա անզգուշություն էր իմ այս լյարդով, և կում-կում խմեցի անկողնում, որ վերջապես քունս գտնեմ: Մերթընդմերթ լսում էի քրոջս խռռոցը, իսկ Բոբին խոսում էր կամ տնքտնքում, ինչպես միշտ:
Եվ հենց այն ժամանակ, երբ արդեն քուն էի մտել, ամեն բան մի հարվածով ետ եկավ. առաջին դեպքը, երբ Բոբին քրոջս հարցրեց, թե ինչու՞ էր նա իր հետ վատ, իսկ քույրս, որ ուղղակի սուրբ է,- բոլորն են դա ասում,- այնպես էր նայում նրան, կարծես դա կատակ լիներ, և նույնիսկ ծիծաղեց, իսկ ես, որ մատե էի պատրաստում այդտեղ, հիշում եմ, որ Բոբին չծիծաղեց, ընդհակառակը, նեղված էր թվում և ուզում էր իմանալ: Այդ ժամանակ նա արդեն մոտ յոթ տարեկան էր և միշտ տարօրինակ հարցեր էր տալիս, ինչպես բոլոր փոքրիկները: Հիշում եմ այն օրը, երբ ինձ հարցրեց, թե ինչո՞վ են ծառերը մեզնից տարբերվում, իսկ ես իմ հերթին հարցրի, թե ինչո՞վ, և Բոբին ասաց. «Մորաքույր, ախր նրանք հագնվում են ամռանը և մերկանում ձմռանը»: Եվ ես բերանս բաց մնացի, որովհետև իրոք այդպես է: Ախ, այդ փոքրի՜կը, բայց ի վերջո բոլորն են այդպիսին: Եվ հիմա քույրս էր զարմանքով նրան նայում, ասաց, որ երբեք վատ չի եղել նրա հետ, միայն խիստ երբեմն, երբ նա վատ է պահել իրեն, կամ հիվանդ է եղել, և հարկ է եղել այնպիսի բաներ անել, որ նրան դուր չէին գալիս, Խուանիտայի և Մարիո Պանսանիի մայրիկներն էլ են խիստ լինում իրենց երեխաների հետ, երբ հարկ է լինում, բայց Բոբին շարունակում էր տխուր նայել նրան, և վերջում բացատրեց, որ ցերեկը չէ, այլ գիշերն է նա վատ եղել իր հետ, երբ ինքը քնած է եղել, և մենք երկուսս էլ ապշած մնացինք: Կարծեմ ես սկսեցի բացատրել նրան, որ ոչ ոք մեղք չունի երազներում կատարվող բաներում, որ վատ երազ է եղել և վերջ, պետք չէ մտահոգվել: Այդ օրը Բոբին չպնդեց, նա միշտ էլ ընդունում էր մեր բացատրությունները, և բարդ երեխա չէր, բայց մի քանի օր հետո լուսաբացին արթնացավ ճչալով լաց լինելով, և երբ ես գնացի նրա մոտ, գրկեց ինձ և չուզեց խոսել, միայն լալիս էր ու լալիս,- հաստատ մեկ այլ վատ երազ,- մինչև որ կեսօրին սեղանի շուրջ հանկարծ հիշեց և նորից հարցրեց քրոջս, թե ինչու՞ էր նա այդքան վատ իր հետ, երբ ինքը քնած էր: Այս անգամ քույրս սրտին մոտ ընդունեց, Բոբիին ասաց, թե նա արդեն բավականին մեծ է, որ երազն իրականությունից տարբերի և, եթե շարունակի նույն բանը պնդել, կխոսի բժիշկ Կապլանի հետ, որովհետև հավանաբար նա ճիճու կամ կույր աղիքի բորբոքում ունի, և պետք է մի բան անել: Ես զգացի, որ Բոբին հիմա կսկսի լաց լինել և շտապեցի նորից բացատրել, թե ինչ բան են մղձավանջային երազները, և որ նա պետք է հասկանա, որ ոչ ոք իրեն այնքան չի սիրում, որքան մայրիկը, անգամ ես, որ այդքան շատ եմ սիրում իրեն, իսկ նա լսում էր շատ լուրջ, արցունքի կաթիլը սրբելով, և ասաց, որ անշուշտ, ինքը դա գիտի, աթոռից իջավ, որ գնա քրոջս համբուրի, որը չգիտեր, թե ինչ աներ, իսկ հետո մտախոհ երկար նայում էր օդի մեջ: Ցերեկը ես բակ գնացի նրա ետևից և խնդրեցի, որ ինձ պատմի, որովհետև ես իր մորաքույրն եմ, և ինձ կարող է ամեն բան վստահել, ինչպես մայրիկին և եթե չի ուզում նրան ասել, թող ինձ ասի: Երևում էր, որ չի ուզում խոսել, շատ ծանր էր նրա համար, բայց ի վերջո ինչ-որ բան ասաց, որ իբր գիշերն ամեն բան ուրիշ էր, խոսեց ինչ-որ սև շորերի մասին, որոնցից չէր կարողանում ազատել թե՛ ձեռքերը, թե՛ ոտքերը. բոլորն էլ տեսնում են այդպիսի մղձավանջային երազներ, բայց շատ ցավալի էր, որ Բոբին հենց քրոջս էր տեսնում այդ երազներում, ով այնքան բան է զոհաբերել հանուն նրա,- ես դա ասացի նրան, կրկնեցի, իսկ նա՝ այո՛, իհարկե, համամիտ էր:
Հենց դրանից հետո քույրս պլևրիտով հիվանդացավ, և ի՛նձ վիճակվեց զբաղվել բոլոր գործերով: Բոբին հոգս չէր պատճառում, որովհետև որքան էլ փոքրիկ էր, գրեթե մենակ էր գլուխ հանում իրավիճակից. հիշում եմ, որ մտնում էր քրոջս տեսնելու և անխոս նստում անկողնու մոտ՝ սպասելով, որ քույրս ժպտա իրեն և շոյի վարսերը, իսկ հետո գնում էր բակ՝ լուռումունջ խաղալու, կամ հյուրասրահ՝ կարդալու, նույնիսկ հարկ չեղավ ասելու, որ դաշնամուր չնվագի այդ օրերին, որքան էլ շատ էր սիրում նվագել: Առաջին անգամ, երբ նրան տխրած տեսա, ասացի, որ մայրիկն արդեն լավ է և վաղը վեր կկենա մի քիչ արևի տակ նստելու: Բոբին տարօրինակ մի ժեստ արեց և խեթ նայեց ինձ. չգիտեմ, մտքովս մի բան անցավ հանկարծ, և հարցրի, թե դարձյա՞լ մղձավանջներ է տեսնում: Նա սկսեց լուռ լաց լինել՝ դեմքը թաքցնելով, հետո ասաց, որ այո և թե ինչու՞ էր իր մայրիկն այդպես իր հետ: Այդ անգամ հասկացա, որ վախենում է, երբ ձեռքերն իջեցրի, որպեսզի դեմքը սրբեմ, տեսա այդ երկյուղը, և մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց անտարբեր ձևանալ և նորից բացատրել, որ դրանք լոկ երազներ են: «Ոչինչ չասե՛ս մայրիկին,- խնդրեցի նրան,- տես, դեռ տկար է և շատ կազդվի»: Բոբին լուռ համաձայնեց, շատ էր վստահում ինձ, բայց ավելի ուշ մտածեցի, որ բառ առ բառ ընդունել էր ասածս, որովհետև անգամ երբ քույրս ապաքինվել էր, դարձյալ այդ մասին չխոսեց նրա հետ, ես դա գլխի էի ընկնում, երբ երբեմն առավոտյան տեսնում էի նրան՝ դեմքի մոլոր արտահայտությամբ իր սենյակից դուրս գալիս, նաև նրանից, որ ամբողջ ժամանակ իմ կողքին էր մնում՝ խոհանոցում շուրջս պտտվելով: Մի երկու անգամ չդիմացա և բակում կամ լողացնելիս խոսեցի հետը. միշտ նույն բանը՝ լացը զսպելու ճիգեր և բառերը կուլ տալով, թե՝ ինչու՞ է մայրիկը գիշերն իր հետ այդպես, բայց դրանից այն կողմ չէր կարողանում անցնել, հեծկլտում էր շարունակ: Ես չէի ուզում, որ քույրս իմանա, որովհետև տակավին ցավեր էին մնացել թոքաբորբից հետո ու սաստիկ նեղում էին նրան,- ես դա նորից բացատրեցի Բոբիին, որը շատ հասկացող էր,- իսկ ինձ, ընդհակառակը, ցանկացած բան կարող էր պատմել, ա՛յ, կտեսնի, մի քիչ էլ որ մեծանա, կդադարի տեսնել այդ մղձավանջները, լավ կլինի, քնելուց առաջ այդքան շատ հաց չուտի, ես բժիշկ Կապլանին կհարցնեմ, թե լավ չի՞ լինի որևէ լուծողական խմի, որ առանց վատ երազների քնի: Ոչինչ էլ չհարցրի, իհարկե, դժվար էր այդպիսի մի հարցի շուրջ խոսել բժիշկ Կապլանի հետ, որն այնքան շատ այցելուներ ուներ և տրամադրված չէր ժամանակ վատնելու: Չգիտեմ, լավ արեցի թե ոչ, բայց Բոբին կամաց-կամաց դադարեց այդքան շատ մտահոգել ինձ. երբեմն առավոտները տեսնում էի նրան նույն փոքր-ինչ շփոթված տեսքով և ինքս ինձ ասում՝ երևի նորից, և սպասում էի, որ ինքը գար խոստովանելու, բայց Բոբին նստում էր նկարելու, կամ դպրոց էր գնում՝ առանց որևէ բան ասելու և վերադառնում գոհ, օր-օրի ավելի պինդ ու առողջ և գերազանց գնահատականներով:
Վերջին անգամը եղավ այն ժամանակ, երբ փետրվարյան տաք եղանակ էր, քույրս արդեն բուժվել էր, և մենք կյանքի սովորական հունի մեջ էինք մտել: Չգիտեմ, թե արդյո՞ք նա գլխի էր ընկնում, բայց ես ոչինչ չէի ուզում ասել, որովհետև ճանաչում եմ նրան և գիտեմ, թե որքան զգայուն է, հատկապես երբ մի բան Բոբիին է վերաբերում, թեև հիշում եմ, որ երբ Բոբին շատ փոքր էր, և քույրս ամուսնալուծության ու էդ տեսակ բաների հարվածների տակ էր, ինչ ծանր էր տանում, երբ Բոբին լաց էր լինում, կամ որևէ չարություն անում, և ես ստիպված էի լինում հետս բակ տանել նրան և սպասել, որ ամեն բան խաղաղվի. դրա համար ենք մենք՝ մորաքույրներս: Ավելի շուտ ես մտածում եմ, որ քույրս գլխի չէր ընկնում, որ երբեմն Բոբին այնպես էր վեր կենում քնից, կարծես երկար ճամփորդությունից վերադառնալիս լիներ՝ մոլորված դեմքով, որը տևում էր մինչև կաթով սուրճ խմելը, և երբ մենք մենակ էինք մնում, ես միշտ սպասում էի, որ նա մի բան ասի, բայց ոչ, իսկ ինձ լավ բան չէր թվում հիշեցնել նրան մի բան, որից նա պետք է տանջվեր: Ավելի շուտ պատկերացնում էի, որ մի օր Բոբին նորից է հարցնելու նրան, թե ինչու՞ է նա իր հետ վատ, բայց Բոբին նույնպես պարտավոր էր մտածել, որ իրավունք չունի այդպիսի բան անելու, հնարավոր է, որ հիշում էր իմ խնդրանքը և կարծում, որ այլևս երբեք քրոջս հետ չպետք է խոսի այդ մասին: Ժամանակ առ ժամանակ մտքովս անցնում էր, թե ես եմ հորինում, հաստատ Բոբին արդեն մորը վատ չի տեսնում երազում, թեթևանալու համար անմիջապես կասեր ինձ, բայց հետո երբեմն առավոտները տեսնում էի այն դեմքը և վերստին անհանգստանում: Փառք Աստծո, որ քույրս ոչինչ գլխի չէր ընկնում, նույնիսկ առաջին անգամ, երբ Բոբին այդպես նայեց նրան, ես արդուկ էի անում, իսկ նա խոհանոցի դռան մոտից նայեց քրոջս, չգիտեմ, թե ինչպես կարելի է բացատրել նման բանը, միայն թե, երբ արդուկը համարյա ծակծկելու էր կապույտ շապիկս, ճիշտ ժամանակին ետ քաշեցի այն, իսկ Բոբին դեռ այդպես նայում էր քրոջս, որը թխվածքի խմոր էր պատրաստում: Երբ նրան մի բան ասած լինելու համար հարցրի, թե ի՞նչ է փնտրում, նա ցնցվեց և պատասխանեց, թե ոչինչ չի փնտրում, ուղղակի դրսում շատ շոգ է, որ գնդակ խաղա: Չգիտեմ, թե ինչ տոնով էի հարցը տվել, բայց նա կրկնեց բացատրությունը, կարծես համոզեր ինձ, և հյուրասրահ գնաց՝ նկարելու: Քույրս ասաց, թե Բոբին շատ կեղտոտ է և հենց այդ երեկո լողացնելու է նրան, թե՝ որքան էլ որ մեծ է, միշտ մոռանում է ականջներն ու ոտքերը լվանալ: Բայց ի վերջո ես լողացրի նրան, որովհետև քույրս հոգնում էր երեկոյան կողմ, և երբ օճառում էի նրան, իսկ նա խաղում էր պլատմասսայե բադիկով, որին երբեք չէր կամեցել լքել, համարձակվեցի հարցնել, թե վերջերս լա՞վ է քնում:
- Քիչ թե շատ, – պատասխանեց նա՝ մի պահ բադիկին լողացնելով տարվելուց հետո:
- Ինչպե՞ս թե՝ քիչ թե շատ: Վատ երազներ տեսնու՞մ ես, թե՞ ոչ:
- Անցյալ գիշեր տեսել եմ,- ասաց Բոբին՝ բադիկին սուզելով և ջրի տակ պահելով:
- Մայրիկին պատմե՞լ ես:
- Ո՛չ: Նրան՝ ոչ: Նրան …
Ինձ ժամանակ չտվեց որևէ բան անելու, այդպես օճառոտ նետվեց վրաս և ինձ նեղը գցելով՝ գրկեց լալով ու դողդողալով, մինչդեռ ես աշխատում էի ետ հրել նրան, իսկ նրա մարմինը սպրդում էր մատներիս արանքից, մինչև ինքը ցած սահեց ու նստեց լոգարանի մեջ և հեծկլտաց՝ ձեռքերով դեմքը ծածկելով: Վազեվազ եկավ քույրս՝ մտածելով, թե Բոբին սայթաքել է և մի տեղը ցավում է, բայց նա գլխով ո՛չ ասաց, մեծ ճիգով հեկեկոցը կտրեց, որից դեմքն այլայլվեց, և կանգնեց լոգարանի մեջ, որ տեսնենք, թե ոչինչ էլ չի եղել՝ հրաժարվելով խոսել, մերկ ու օճառոտ և այնքա՜ն միայնակ իր զսպված ողբի մեջ, որ ես ու քույրս չէինք կարողանում հանգստացնել նրան, թեև վրա էինք հասել սրբիչներով, գուրգուրանքներով ու խոստումներով:
Այդ դեպքից հետո ես միշտ առիթ էի փնտրում Բոբիին վստահություն ներշնչել այնպես, որ նա գլխի չընկնի, թե ուզում եմ խոսեցնել իրեն, բայց շաբաթներ անցան, և նա ոչ մի անգամ ցանկություն չունեցավ ինձ որևէ բան ասել. այժմ, երբ նրա դեմքի արտահայտության մեջ որևէ բան էի նկատում, անմիջապես կա՛մ հեռանում էր, կա՛մ գրկում ինձ, որ կոնֆետ խնդրեր կամ թույլտվություն՝ փողոցի անկյունում Խուանիտայի ու Մարիո Պանսանիի հետ խաղալու: Քրոջս ոչինչ չէր խնդրում, շատ ուշադիր էր նրա նկատմամբ, իսկ նրա առողջությունը դեռևս բավականին թույլ էր, և ինքն իրեն շատ նեղություն չէր տալիս Բոբիի մասին հոգ տանելու, որովհետև առաջինը միշտ ես էի հասնում, իսկ նա ինձ ընդունում էր ցանկացած, անգամ անմենատհաճ հարցում, երբ դրա կարիքը լինում էր, այնպես որ` քույրս չէր նկատում այն, ինչը ես միանգամից էի տեսել՝ ժամանակ առ ժամանակ իրեն այդ ձևով նայելը, դռան արանքում մնալը՝ նախքան կնայեր իրեն, մինչև ես նկատում էի, և նա արագ իջեցնում էր հայացքը և սկսում վազվզել, կամ որևէ հնարամիտ բան անել: Դանակի դեպքը պատահականություն էր. ես փոխում էի խոհանոցի պահարանի դարակի թուղթը և հանել էի ամբողջ սպասքը, չէի նկատել, որ Բոբին ներս է մտել, մինչև շրջվեցի նոր թուղթ կտրելու և տեսա, թե ինչպես է նա նայում երկար դանակին: Անմիջապես շեղեց ուշադրությունը, կամ ցանկացավ, որ ես չնկատեմ, բայց ինձ ծանոթ էր նրա նայելու այդ ձևը և, չգիտեմ, գուցե անմտություն էր ինչ-որ բան մտածելը, բայց այն սարսուռ առաջացրեց իմ մեջ՝ որպես սառնաշունչ մի հողմ այս տաքուկ խոհանոցում: Ի վիճակի չեղա որևէ բան ասել նրան, սակայն գիշերը մտածեցի, որ Բոբին դադարել է քրոջս հարցնել, թե ինչու՞ է նա իր հետ վատ, միայն երբեմն նայում էր նրան այնպես, ինչպես երկար դանակին էր նայել՝ այն օտարոտի հայացքով: Պատահականություն կլիներ, իհա՛րկե, սակայն ինձ դուր չեկավ, երբ մեկ շաբաթ անց դարձյալ նույն դեմքը տեսա, երբ հաց էի կտրատում երկար դանակով, իսկ քույրս բացատրում էր Բոբիին, որ արդեն ժամանակն է, որ սովորի ինքնուրույն փայլեցնել կոշիկները: «Այո՛, մայրիկ»,- ասաց Բոբին, միայն թե ուշադիր էր, թե ես ինչ եմ անում հացի հետ՝ աչքերով հետևելով դանակի յուրաքանչյուր շարժմանը, թեթևակի տարուբերվելով աթոռի վրա, կարծես ինքը կտրատելիս լիներ հացը: Երևի կոշիկների մասին է մտածում և շարժվում է, իբր փայլեցնում է,- հաստատ քույրս այդպես էր ենթադրում, որովհետև Բոբին շա՜տ լսող էր ու շա՜տ բարի:
Գիշերը մտքովս անցավ, թե արդյոք չպե՞տք է խոսեմ քրոջս հետ, բայց ի՞նչ էի ասելու նրան, եթե ոչինչ էլ տեղի չէր ունենում, և Բոբին դասարանում ամենաբարձր գնահատականներն էր ստանում, միայն թե քունս չէր տանում, որովհետև հանկարծ ամեն բան նորից իրար էր խառնվում, իբրև մի զանգված, որն աստիճանաբար խտանում է և այդժամ գալիս է վախը, չգիտեմ, թե ինչից, որովհետև Բոբին ու քույրս քնած էին, և ես ժամանակ առ ժամանակ լսում էի, թե ինչպես են նրանք շարժվում կամ հոգոց հանում. այնքան լավ էին քնած, շատ ավելի լավ, քան ես՝ ողջ գիշերը մտածմունքների մեջ անցկացնելով: Դե իհարկե, ի վերջո ես այգի գնացի Բոբիի ետևից, երբ նորից տեսա քրոջս այդպես նայելիս, խնդրեցի նրան օգնել ինձ մի մաստիկենի տնկել, և մենք շատ բաների մասին խոսեցինք, և նա խոստովանեց, որ Խուանիտայի քույրն ընկեր ունի:
- Բնական է, արդեն մեծ է,- ասացի:- Գնա խոհանոցի մեծ դանակը բեր, հա՞, որ այս արմավենիները կտրեմ:
Թռնելով գնաց, ինչպես միշտ. ոչ ոք նրան չէր գերազանցում իմ նկատմամբ հաճոյակատար լինելիս: Իսկ ես տան կողմն էի նայում, որ տեսնեմ, թե երբ է վերադառնում՝ մտածելով, թե իրականում դանակը խնդրելուց առաջ նախ երազների մասին պետք է հարցնեի, որպեսզի վստահ լինեի: Երբ վերադարձավ դանդաղաքայլ, ասես միջօրեի օդին քսվելով, որպեսզի ուշանար, տեսա, որ կարճ դանակներից մեկն է ընտրել, չնայած որ ես երկար դանակն աչքի ընկնող տեղում էի թողել, որովհետև ուզում էի վստահ լինել, թե հենց պահարանի դարակը բացի, երկար դանակը կտեսնի:
- Սա՛ չէ ինձ պետք,- ասացի: Դժվարանում էի խոսել. դա անհեթեթ էր Բոբիի նման փոքր ու անմեղ էակի դեպքում, բայց ես չէի համարձակվում անգամ նրա աչքերին նայել: Ես միայն զգացի, թե ինչպես եմ ետ հրվում, երբ նա, դանակը մի կողմ շպրտելով, գիրկս նետվեց և սեղմվեց կրծքիս, հեկեկալով այնպե՜ս սեղմվեց: Կարծում եմ, որ այդ պահին տեսա մի բան, որը պիտի նրա վերջին մղձավանջը լիներ, չէի կարողանալու հարցնել նրան այդ մասին, բայց մտածում եմ, որ տեսա այն, ինչը նա վերջին անգամ էր տեսել երազում՝ մղձավանջներ տեսնելուն և փոխարենը քրոջս այդպես նայելուն, երկար դանակին այդպես նայելուն վերջ տալուց առաջ:
Իսպաներենից թարգմանեց` Կարինե Չոբանյանը
0 comments:
Post a Comment