Միլան Կունդերա
(հատված, 5-րդ մաս.թեթեւություն եւ ծանրություն)
Մի՞թե գահին բազմած հիմարը ազատագրված է ամենայն պատասխանատվությունից սոսկ այն բանի համար, որ նա հիմար է:
Էդիպը պատմությանը լավ հայտնի է. հովիվը, գտնելով դուրս նետված մանկանը, տարավ նրան իր արքա Պոլիբոսի մոտ, եւ նա դաստիարակեց նրան: Արդեն չափահաս պատանի, Էդիպը լեռնային արահետում հանդիպեց մի սայլակառքի, որով ընթանում էր մի անծանոթ մեծատոհմիկ: Նրանց միջեւ վեճ բռնկվեց, եւ Էդիպը սպանեց մեծատոհմիկին: Ժամանակ անց նա դարձավ Իոկաստե թագուհու ամուսինը եւ Թեբեի տիրակալը: Նա չէր էլ կարող ենթադրել, որ մարդն, ում նա սպանել էր մի ժամանակ սարերում, իր հայրն է եղել, եւ կինը, ում հետ նա կենակցում է` իր մայրն է: Ճակատագիրը ծանրացավ իր հպատակների վրա եւ սկսեց մահացու ախտերով խոշտանգել նրանց: Իսկ երբ Էդիպը հասկացավ, որ հենց ինքն է նրանց տառապանքների հանցավորը, նա ճարմանդով հանեց իր աչքերն ու կույր հեռացավ Թեբեից:
Կենտրոնական Եվրոպայի կոմունիստական ռեժիմները բացառապես հանցագործների ձեռքի գործը համարողներից խույս է տալիս հիմնական ճշմարտությունը. հանցավոր ռեժիմները ստեղծել են ոչ թե հանցագործները, այլ էնտուզիաստները, համոզված, որ բացել են միակ ճանապարհն առ դրախտ: Եվ այդ ճանապարհը նրանք այնքան արիաբար էին պաշտպանում, որ մահվան դատապարտեցին շատ ու շատ մարդկանց: Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ որևէ դրախտի մասին խոսք անգամ չկա, եւ այսպես էնտուզիաստները մարդասպաններ դուրս եկան:
Այդժամ բոլորը ճչոցով նետվեցին կոմունիստների վրա.
-Դուք պատասխանատու եք երկրի դժբախտությունների (այն աղքատացել է եւ դատարկվել), նրա ինքնուրույնության կորստի (այն ընկել է Ռուսաստանի իշխանության տակ), անմեղների մահապատիժների համար:
Իսկ նրանք, մեղադրյակները, պատասխանում էին.
-Մենք չգիտենք: Մենք խաբված էինք: Մենք հավատում էինք: Բայց հոգու խորքում մենք անմեղ ենք:
Այսպիսով, վեճն ի վերջո հանգեց միակ հարցին` նրանք իրոք որ չգիտեին, թե ընդամենը ձեւեր են թափում, թե չգիտեին:
Տոմաշը խորամուխ էր լինում այդ վեճին (ինչպես, ի դեպ, եւ ողջ տասմիլիոնանոց չեխ ժողովուրդը) եւ գալիս էր այն մտքին, որ, անշուշտ, կային ոչ այնքան էլ անտեղյակ մարդիկ (հո չէի՞ն կարող նրանք չիմանալ այն սարսափների մասին, որոնք տեղի էին ունենում եւ շարունակվում են կատարվել հետհեղափոխական Ռուսաստանում): Սակայն միանգամայն հավանական է եւ այն, որ կոմունիստների մեծամասնությունը լիակատար անգիտության մեջ էր:
Եվ նա ինքն իրեն ասաց.` ըստ էության կարեւոր չէ, գիտեին նրանք թե չգիտեին. հիմնական հարցն այլ կերպ է տրվում` կարելի է արդյոք մարդուն անմեղ համարել սոսկ այն բանի հիման վրա, որ նա չգիտի: Մի՞թե գահին բազմած հիմարը ազատագրված է ամենայն պատասխանատվությունից սոսկ այն բանի համար, որ նա հիմար է:
Փորձենք ենթադրել, որ հիսունական թվերի սկզբներին անմեղի համար մահ պահանջող չեխ դատախազին խաբել էին ռուսական գաղտնի ծառայությունները: Բայց այսօր, երբ մենք արդեն գիտենք, թե որքան անհեթեթ էին մեղադրանքները եւ որքան անմեղ` մահապատժի ենթարկվածները, իրավասու է արդյոք հենց այդ դատախազը պահպանելու իր ոգու անմեղությունը եւ կուրծք ծեծելու, բացականչելով."Իմ խիղճը մաքուր է, ես չգիտեի: Ես հավատում էի": Մի՞թե նրա "Ես չգիտեի: Ես հավատում էի" բառերում թաքնված չէ անուղղելի մի մեղք:
Եվ այդ ժամանակ Տոմաշը կրկին հիշեց Էդիպի պատմությունը. Էդիպը չգիտեր, որ ինքը կենակցում է սեփական մոր հետ, եւ այդուհանդերձ, ճշմարտությունը իմանալով, իրեն անմեղ չզգաց: Նա չկարողացավ տանել իր անգիտությունից ծնված դժբախտության երեւույթը, հանեց իր աչքերն ու կույր հեռացավ Թեբեից:
Լսելով, թե ինչպես են կոմունիստներն ի լուր ամենքի պաշտպանում իրենց ներքին մաքրությունը, Տոմաշը խորհրդածում էր. ձեր անգիտության մեղքի պատճառով այս երկիրը, հնարավոր է, դարեդար կորցրել է իր ազատությունը, իսկ դուք գոչում եք, թե ձեզ մեղավոր չեք զգում: Ուրեմն դուք ինչպես կարող եք նայել ձեր ձեռաց գործերին: Ինչպե՞ս դա ձեզ չի սարսափեցնում: Արդյո՞ք դուք ունեք աչքեր, որպեսզի տեսնեք: Եթե դուք տեսունակ լինեիք, հարկ էր, որ կուրացնեիք ձեզ եւ հեռանայիք Թեբեից:
Աղբյուրը՝ Արտերիա
0 comments:
Post a Comment